Մհեր ՄկրտչյանՄեծն Խորենացին տագնապներ ուներ. «Ո՞ւր է մեր աչքերի բարի նայվածքը ուղիղներին»: Ովքե՞ր են մեր միջի ուղիղները: Գուցե Խորենացին առաջին հերթին նկատի ուներ ազգին նվիրյալ անհատների՞ն, ովքեր պահպանում, հարստացնում են ազգային արժեքները, ովքեր այդ արժեքները լավագույնս ներկայացնում են սերունդներին' շարունակական պահելով ազգի գոյատևման կարևոր պայման' արվեստի ու մշակույթի զարգացումը: Այդ գործին նվիրյալների կենդանի ներկայությունը վայելելով' մենք երբեմն մոռանում ենք, որ համընդհանուր ճանաչումի ու սիրո մեջ այդ նվիրյալները մեծամասամբ հաճախ զարմանալի անօգնական են և սրտակցության ու գուրգուրանքի կարիք շատ ունեն: Անօգնական են երբեմն շատ հասարակ թվացող ապրելակերպի եղանակների ընտրության, իրենց բուն անելիքից դուրս սովորական մի հարց կարգավորելու և շատ ու շատ այլ հարցերում:
Այդպիսին էր նաև Մհեր Մկրտչյան Արտիստը' չափազանց անօգնական իր մենությամբ, Աստծուց շռայլորեն տրված շնորհները դրսևորելու մեջ հաճախ շփոթվելով, երբեմն իր հախուռն բնույթին հատուկ անփութություն ցուցաբերելով: Դա նկատել էր Վահրամ Փափազյանը. «Այս մանչուն հետ մեկը պետք է»: Դա նկատել էր Հենրիկ Մալյանը, ում հանդեպ Մհերն առանձնակի համակրանք էր տածում. «Հենրիկ Մալյանը կինոյում դարձավ իմ «կնքահայրը». առաջինը նա ինձ նկատեց և վստահեց նկարահանվելու իր ստեղծած կինոնկարներում»: Դա նկատում էր կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, ով առանց Մհերի համարյա թե որևէ ֆիլմ չէր նկարահանում:
Դա, անշուշտ, նկատել էր Վարդան Աճեմյանը, ով ուսանող դերասանին պահեց քնքշությամբ, նեցուկ եղավ նրան ու տիրական պահվածքի տեր դարձրեց մայր թատրոնի հեղինակավոր բեմում: Պահեց տասնամյակներով, պահեց այնքան ժամանակ, քանի դեռ ինքը կար: Միայն հետո Մհերը ցավով բարձրաձայնեց իր տագնապը. «Հաճախ մտածում եմ, թե Աճեմյանը չկա, հիմա ես ի՞նչ պիտի անեմ»:
Մհեր ՄկրտչյանՏագնապելու հիմքեր ունե՞ր: Ուներ: Ահավասիկ.«...ինձ հետ ապշելու բաներ են կատարվել. շուրջս լիքը չուզողներ եմ ունեցել: Մի անգամ երբ «Եզովպոս»-ում խաղում էի Վաղարշյանի հետ, մարդիկ եմ տեսել, որ բեմի հետևից ասում էին. «Չի՛ ստացվի, չի՛ ստացվի, չի՛ ստացվի»: Էս իմ լեգենդն է, ոչ մեկի հետ դա չի եղել: Եվ նույնիսկ կարող եմ եզրակացնել, թե ինչո՞ւմն է բանը: Ինչո՞ւմն է բանը, որ իմ համբերությունը չի հատնում, ինչումն է բանը, որ իմ հումորը չի կորչում: Չի կորչում' դա ինձ միշտ փրկել է...»:
Մհեր Մկրտչյանի նման մեծ դերասանը, համայն ճանաչումի արժանացած Արտիստն ինչո՞ւ պիտի մտահոգություն ունենար ու լսեր կուլիսներից եկող չարափառ շշուկներ. «Չի՛ ստացվի, չի՛ ստացվի, չի՛ ստացվի»: Ինչո՞ւ պիտի մի քանի անգամ մայր թատրոնից հեռացվելու անհասկանալի փաստին առնչվեր: Գուցե նա այդ ազդեցությունի՞ց գրեց իր մի բանաստեղծությունը, որում այս տողերը կան. «Երբ իմ սրտի խորքը մութ է, / Ո՞ւմ համար ես վառվում, լույս...»:
Ի՜նչ հրաշափառ նորություններ կունենայինք թատերական և կինոարվեստում, եթե չլինեին դերասանի' սիրտը կրծող ու ստեղծագործելուն ինչ-որ տեղ արգելակող նման երևույթները:
Մհեր ՄկրտչյանՍա' Մկրտչյանի միջավայրի, անմիջական իր հետ շփվողների առումով: Իսկ մե՞նք' հանդիսատես ասենք, նրա արվեստի երկրպագու ասենք, Արտիստին սիրող ու նրա դերակատարումներով հմայված մարդ ասենք, թե՞ պարզապես ընկեր, ինչքանո՞վ նեցուկ եղանք, ինչքանո՞վ կարողացանք մեր սերն ու ջերմությունը պահել մեծ Արտիստի, արվեստի աշխարհի այդ կենդանի լեգենդի հանդեպ: Մհեր Մկրտչյանի հրաշալի դերակատարմամբ ֆիլմերը կան, այո՛, դրանք դեռ երկար, շա՜տ երկար կդիտեն սերունդները: Իսկ բեմադրություննե՞րը: Դրանցից քանի՞սը նկարահանվեցին ու պահվեցին: Ալբերտ Մկրտչյանը շատ յուրօրինակ եղանակով Մհեր Մկրտչյանի կարապի երգի' «Հացթուխի կինը», նորովի ներկայացմանը համադրեց Արտիստի կենդանի խաղից տեսագրած հատվածներ' մի տեսակ շարունակական պահելով Մհեր Մկրտչյանի կենդանի ներկայությունը նրա իսկ հիմնադրած թատրոնում:
Հիմա դառնանք Մհեր Մկրտչյանի բանավոր խոսքի պահպանության խնդրին:
Քանի՞սն ունեցան Արտիստի' տարբեր տարիներին, տարբեր առիթներով արված ձայնագրությունները լսելու վայելքը, քանի՞սը հասկացան, ըմբռնեցին, որ այդ փառահեղ Արտիստի մեջ երկրորդ Մհերը կար' մտածող, դատող, վերլուծող, համադրող, հրաշալի մեկնաբանող մարդը: Մեղքը ո՞ւմ վրա բարդես, թե ինչու դերասանի մտածումները, նրա ազնիվ տագնապները բացահայտող, նրա անցած ճանապարհը նկարագրող, ընդհանրապես նրա մասին մի խոր, մի վերլուծական ֆիլմ չնկարահանվեց կամ գիրք չգրվեց: «Ուրախ, տխուր մարդը» ֆիլմն ինչ-որ չափով այդ բացը լրացնում է' գրագետ սցենարով, հատուկ այդ ֆիլմի համար Մհերին նկարահանած կադրերով ու դրանց տեղը տեղին մեկնաբանություններով: Բայց սա եզակի դեպք է:
Մհեր Մկրտչյան և Վախթանգ ԿիկաբիձեՄհեր Մկրտչյանի ֆիլմերը կան, այո, նրա թատերական կերպավորումներից որոշ կտորներ, այո, կան, բայց արդյո՞ք դրանք բավարար են' լիովին պատկերացնելու այն Մկրտչյան Արտիստին, ում երկրորդ, այսպես ասենք, երեսը փակ մնաց սերունդների համար:
Ժամանա՜կ ունենար Մհեր Մկրտչյանը' գրելու իր կյանքի գիրքը, նկարագրելու իր անցած ճանապարհը: Նա դրա մասին շարունակ խորհեց, բայց չհասցրեց գրել: Չգտավ այդ ժամանակը, և դրանից տուժեց ոչ այնքան ինքը, որքան մենք, որ չունեցանք նրա մտորումների, նրա մեկնությունների, նրա խորհրդածությունների գիրքը: Բայց իր մտքից դա դուրս չէր գալիս ու ինչ-որ բան կարծես թե ձեռնարկել էր, երբ այցելում էր աղջկա' Նունեի տուն ու ինքն էր առաջարկում միացնել ձայնագրիչը, որ զրուցեն:
Մհերի զրուցե՜լը... հրաշալի մենախոսություն էր' ուսանելի՜, սերտելի՜:
...Մենք հավատով սպասում ենք այն կինոգետին, այն արվեստաբանին, այն գրողին, այն լրագրողին... ով փորձելու է ներկայացնել Արտիստի ամբողջական դիմանկարը' այն խորությամբ, այն պարզությամբ, այն հմայիչ հայացքով, ինչը բնորոշ էր հայի լավագույն տեսակի բոլոր շնորհներով օժտված մեծ դերասանին: Նաև, ու ավելի շատ, Նունեի սղագրությունների գրքի հրատարակությունն ենք փայփայում, որը հոր ու աղջկա ամենաջերմ, ամենաազատ խոսակցության արդյունք' ճշմարիտ խոսք է, դերասանի այն մտորումների վերծանումը, որ հայրը միայն իր աղջկան կարող էր վստահել: Եվ հույսեր ենք կապում նաև Գյումրիի տուն-թանգարանի աշխատակիցների հետ, ովքեր թանգարանում պահպանվող հարուստ նյութերից պիտի որ ջանան դերասանին արժանի հուշալբոմ հրատարակել, մանավանդ' Գյումրիի քաղաքապետը խոստացել է թանգարանն ապահովել համակարգչով և պատճենահանող սարքով:
Մհեր ՄկրտչյանՆաև մեր այս մի մտահոգությունը բարձրաձայնենք. մեր միջավայրի, մեր կողքի Մեծերին չգնահատելու բացասական այն ո՞ր գիծն է, որ այդպես էլ շարունակում է կրծել մեզ, և որին, զարմանալիորեն, կամովին տրվել ենք ու որից ոչ մի կերպ չենք կարողանում ձերբազատվել: Դա շատ է պատահում հատկապես արվեստի աշխարհի Մեծերի հետ: Գոհար Գասպարյանի նման երևույթը, մեծ անհատը, ազգի պարծանքը կյանքի վերջին տարիներին ապրեց խոր դեպրեսիայի, մենության, համընդհանուր անուշադրության մեջ: Արվեստագետ Լուիզա Սամվելյանը, ում խելոք խոսքով ու հմայքով արվեստասեր մի ամբողջ սերունդ տարված մնաց, ահավոր կարիքի ու դարձյալ մենության և անուշադրության պայմաններում հեռացավ կյանքից: Նար Հովհաննիսյանն էր հուսալքված փակվել իր տան մեջ. ոչ մեկը չէր նկատում նրա բացակայությունն այնքան ժամանակ, մինչև որ հարևանների համար տարօրինակ թվաց նրա տանը տիրող լռությունը, և... դուռը ջարդելուց հետո նրան գտան մահացած:
Մեղա Աստծո, ինչո՞ւ են այսպես ցավալիորեն նման մեր ազգային մեծերի ճակատագրերը:

hayatsqՀեղինակ' ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ
''Հայացք''
5.11.2010

Печать