Ֆրունզ

1993 թ. օգոստոսյան մի օր Մհեր Մկրտչյանը իր «Արտիստական» թատրոնի աշխատասենյակում երեք ժամից ավելի պատմում էր թատրոնի, աշխարհի ու նաև իր մասին: Այդ ան­մոռանալի օրվանից մնաց նրա հարցազրույցը «Գարուն» ամսագրի 10-րդ համարում և երկու ձայներիզ՝ Մեծ արտիստի պատմությամբ, որը պահում եմ որպես մասունք... Լրանամ է նրա մահվան 8-րդ տարին և այս երկու փոքրիկ պատմությունները հիշատակի տուրք են Մհեր Մկրտչյանին՝ իմ ճանաչած ամենատխուր և ուրախ Ար­տիտը:

Ինչպես Մհեր Մկրտչյանը Հայաստանից չգնաց:
Հայաստանից գնա՞լ...
35 տարեկան էի, հյուրախաղերի էի մեկնել Բեյրութ: Տեղի հայերը տարան կաբարե, ուր պորտապար էր պարում Նադի Գամալը: Կաբարե է, Նադին պարում է, չորս կողմն ուրախանում են, իսկ սեղանի շուրջ նստածները խոսում են ու խոսում, թե ինչպես ազա­տագրեն Մասիսը, Մուշը, Սասունը... Դաշնակցական տղաներ են՝ Դավիթը, Տիգրանը... Խոսեցին, առաջարկեցին, վերջը դարձան ինձ՝ դու ի՞նչ ես մտա­ծում: Ասացի՝ ճիշտը ամեն ինչ թողնել, Հնդկաստան գնալն է. այնտեղ և տաք է, և բանան կա, իսկ թողածներս ի՞նչ է Մասիսը՝ քարերի կույտ, Արարատյան դաշտը՝ մի բուռ հող... Գնանք Հնդկաստան, տարածքներ վերցնենք ու հանգիստ ապրենք: Մեկն ասաց. «Բա էջմիածի՞նը»: Ասի՝ քարերը կհամարակալենք ու կտեղափոխենք: «Բա Գեղա՞րդը»: Ոչինչ, դա կթողնենք, որ մարդիկ իմանան՝ այստեղ հայեր են ապրել: «Բա մեր գերեզմաննե՞րը»: Դա էլ կտեղափոխենք: Բա ունեցած միլիոններն ինչի՞ համար են: Կատակս հասկացան-չհասկացան, խոսակցությունն այլ ընթացք ստացավ: Միայն Դավիթը գլուխը բռնած մտքերի մեջ է: Շուրջս մարդիկ պարում են, Նադիի վրա շամպայն լցնում, հունական հանգով հայերեն «Ջեյրանի պես սարերով» երգում...
Բայց աչքիս տակով հետևում եմ Դավթին՝ տառապում է: Մի ժամ հետո տո չգոռա՜ց. «Բա թո՞ւրքը»: Այսինքն՝ վրեժ ունի, չէ՞, ո՞ւր գնա:
Ես միշտ փնտրել եմ մեր ազգի կենսասիրության, մնայնության առեղծվածը և պատասխանը այդ կաբարեում գտա՝ նրա գոյատևումը թուրքով է պայմանավորված:
Հաջորդ օրը այդ նույն տղաների հետ զբոսնում էինք: Անցանք ամերիկյան դեսպանատան կողքով: Նրանք թե՝ ներս մտիր, ամբողջ աշխարհը կբացվի քո դեմ, քո տաղանդով, քո խաղով միլիոն կվաստակես: Ամբողջ եկամուտը քոնը կլինի, մտի՜ր: Ասացի՝ բա երեկ Մասիսի փրկության մասին էիք խոսում: Ես որ գնամ Հայաստանից, ո՞ր լեռան տակ խաղամ: Վճիռս ճիշտ էր թե սխալ, ո՞վ գիտե...

Ինչպես Մհեր Մկրտչյանը... հեղափոխություն արեց:
Մինչև վերջերս կարծում էի, թե ամենամեծ մասնագիտությունը հեղափոխական լինելն է, ասենք՝ Շահումյանի պես պրոֆեսիոնալ հեղափոխական լինելը... Չէ, լուրջ, չեմ կատակում: Իմիջիայլոց, Հնդկաստանում փորձեցի գոնե մի մարդու հեղափոխել: 12 տա­րեկան հնդիկ տղային նստեցրի փափուկ նստոցին ու ես՝ փողկապով, կոստյումով (այնտեղ եթե փողկապ ես կապել՝ միլիոնատեր ես) քշեցի նրա ռիկշան. ողջ փողոցը քարացել-մնացել էր, ամեն օր այնտեղ նման բանի ականատես չէին լինում: Իսկ այդ տղան սկզբում ծնկաչոք աղաչում էր, որ նման բան չանեմ: Ճամփան, բնականաբար, չգիտեի, նրան ստիպեցի նստել ռիկշայի մեջ ու ցույց տալ հայ­կական եկեղեցու ճանապարհը: Սկզբում վախեցած, բայց կամաց-կամաց մտավ նոր դերի մեջ ու շատ շու­տով սկսեց հրամայել՝ առա՜ջ, ձախ: Վերադառնալուց հետո հաճախ եմ հիշել այդ փոքրիկ տղային ու մտածել, որ խեղճը երեւի այդ դեպքի մասին պատմում է իր ընկերներին, ու ոչ մեկը նրան չի հավատում, որ միլիոնատերը նրա ռիկշան է քշել: Բայց նրա համար արածս հեղափոխության պես բան էր, չէ՞...

ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ
«Գարուն» 
№ 10.1993

Печать