Ֆրունզի մասին պետք է լռել
Rdolf Ghevondyan
Հարգելով որպես մեծություն պետք է ասեմ Մհեր Մուշեղիչ։ Հարգելով իբրև ժոդովրդայնություն վայելող անձնավորություն և իբրև մեծ արտիստ՝ պետք է ասեմ Ֆրունզ։ Իսկ որպես կոլեգա, որպես հարազատ՝ պետք է ասեմ մեծ եղբայր, ավագ ընկեր։ Նա՝ որպես մարդ, գիտեր տրվել, գիտեր սիրել անվերապահորեն։ Կարողանում էր խորհուրդ տալ բոլոր օրենքներից դուրս և շատ դիպուկ։ Ինձ ասում էր. 
«Բեմում աչքերդ փակ են, բաց պահիր։ Քո աչքերը մեծ են, դու պետք է հարմարվես դահլիճի վերջին շաբքում նստած հանդիսատեսին։ Եթե դու բաց պահես, ին­քը հեռվում քեզ կտեսնի, կնկատի»։
Պարզվում է, որ հանդիսատեսը անպայման ուզում է աչքերդ տեսնել, ինչպես ինքն էր ասում.
«Աչքիցդ է մտնում հոգուդ մեջ, ձայնը ինչքան էլ ճիշտ լինի, տեխնիկական բան է»։
Ինքը բացատրում էր, թե բեմի կենտրոնից ինչ չափով, մարմնիդ որ մասերը պինդ պահես, ինչ մկանային լարվածություն ունենաս, որ կարողանաս ձայնդ հղել մինչև դահլիճի վերջին անկյունը։ Նույնն էլ, երբ մեջքով կանգնած ես հանդիսատեսին, ինչ ուժ պետք է գործադ­րես՝ նույնիսկ 2-3 անգամ ավելի, որ ձայնդ հասնի նույն հանդիսատեսին։ Ֆրունզը դա կարողանում էր մատչելի բացատրել այն մարդուն, այն արվեստագետին, որին ինքը ընդունում էր։ Որպես մարդ ինքը ընդունում էր բոլորին, բայց որպես դերա­սան՝ շատ քչերին։
Կարողանում էր ամեն օրվա ներկայացումը նորովի ու յուրովի բերել բեմ, վիճել, ու երբեք մինչև վերջ չէիր հասկանում՝ լո՞ւրջ է ասում, թե՞ կատակում է։ Առհասարակ, երբ Ֆրունզի մասին ինձ հարց են տալիս, միշտ ցանկություն եմ ունենամ ասելու հետևյալը. Ֆրունզի մասին պետք է լռել։ Ֆրունզի մասին պատմել անհնար է։ Ես՝ հասա­րակ մահկանացուս, չունեմ այդքան բառապաշար, որ կարողանամ Ֆրունզին բնութագրել, որովհետև «անսահման» էր ինքը։ Իսկ նման մարդու, նման արտիստի մասին ինչպես էլ խոսես, հեշտ կստացվի։ Իսկ ես չեմ ուզում իր մասին հեշտ խոսել։ Այնքա՜ն շատ բան կա ասելու։ Հենց ուզում եմ մի բան հիշել, անմիջապես մյուսն եմ հիշում, խառնվում է իրար ու... Ուր եղել ենք, որտեղ եղել ենք, Ֆրունզը միշտ ուշադրության կենտրոնում է եղել։ Խաղացել է թե էպիզոդիկ, թե՝ գլխավոր դերեր, միշտ եղել է ամենա, ամենա, ամենաառաջինը։ Ու իր այդ կենտրոնում լինելը, այդ ուշադրությունը իրեն կարծես միշտ պարտավորեցրել է։ Տարօրինակ ձևով իրեն գեղեցիկ պահել գիտեր։ Երբ նայում էիր իր այդ քթին, սևությանը, կարծում էիր, թե նա իրավունք ունի ճպճպալով, ձեռքով ու­տել, բայց ինքը պատառաքաղը, դանակը, գդալը այնպես գեղեցիկ օգտագործել գիտեր, որ ապշում էիր։ Ինտելիգենտ էր, ինտելիգենտ։ Ու իր այդ ինտելիգենտ լինելը ասես ցողի պես նստում էր մեզ վրա։ Անհնար էր, որ Ֆրունզի հետ մի տեղ գնայիր ու քեզ ուրիշ կերպ պահեիր։
Միշտ պատմում էր, որ գնացել են Շերենցի մոր թաղմանը, Շերենցն ասել է. 
«Ֆրունզ, արի գնանք։ Չեմ սիրում, էլի, որ մերս մեռնում ա»։
Շատ ազնիվ էր։ Հայհոյել չգիտեր։ Ամենաբարկացած պահին ասում էր՝ «Թո՚ւ», ու այդքանով բավարարվում։ Շատ էր սիրում երիտասարդներին, շատ էլ տեղ էր տալիս։ Հիշում եմ, երբ ինքը Սունդուկյանի թատրոնում վերաբեմադրում էր Գորկու «Հատակում» պիեսը, ուզում էր երիտա­սարդ կազմ հավաքել։ Ու մի օր էլ ես ականատես եղա մի այսպիսի զրույցի։ Մեկն ասաց.
— Ֆրունզ, այս ի՞նչ ես անում, բա որ լա՞վ խա­ղան։ Ասաց.
— Բա պիտի խաղան։
— Քո տեղն ես տալիս։
— Իմ տեղը... Պիտի կռվով գան, հասնեն իմ տեղին։ Ո՞վ պիտի գա ու նստի, թող գա։ Թող լավ խաղան, ես դրանից միայն ուրախ կլինեմ։
Ինքը այնպես էր կարողանում թարսը շիտակ անել։ Օրինակ՝ «Ղազարը գնում է պատերազմ»-ում մի տեսարան ուներ, որ պետք է ձախ ոտքի հետ աջ ձեռքը տաներ, աջի հետ՝ ձախը։ Այնքան ճշմարտացի էր դա ներկայացնում, որ մենք նայում էինք, երջանկանում էինք, սովորում էինք։
Ֆրունզի համար ինչ-որ նշանակություն չուներ պաշտոն ունեցող մարդ կամ... Ավտոտեսչության պետ լիներ, նախարար, պահեստապետ թե կենտկոմի քարտուղար, բոլորը ձգտում էին Ֆրունզին։ Ինձ թվում է՝ դրա համար էլ ինքը վեր էր այդ ամեն ինչից։
Մի անգամ պատմում էր, որ Լենինականում խաղում էր «Ալվան ծաղիկ»-ը, ինքը դևն էր՝ այդ կախարդված տղան։ Բերում են, գրիմ են անում, դիմակ են դնում, որ վերջում պետք է Ֆրունզը դի­մակը հանի ու մնա այդ սիրուն տղան՝ իր դեմքով։ Բայց որ դիմակը հանում է, ինքն ավելի տգեղ է։ Չի ստացվում, վերջն ինքը առաջարկում է.
«Գիտե՞ք, եկեք ինչ անենք։ Թողեք ես իմ դեմքով խաղամ ամ­բողջ ներկայացումը, մի սիրուն դիմակ պատրաստեք, վերջին 2 վայրկյանին դնեմ, դուրս գամ»։
Անուշ երգում էր, շատ էր սիրում Շերամ երգել։ Իր մեջ կար շերամական ինչ-որ տխրություն, իսահակյանական ինչ-որ ազնվություն։
Խելագարության աստիճանի սիրում էր մորը, միշտ հիշում էր։ Մոր մահվանից հետո չէր համակերպվում, որ նա չկա։
Աշխարհիս մեծագույն ու լավագույն դերասա­նը, իմ կարծիքով, համոզված եմ, նաև ազգիս կար­ծիքով, Մհեր Մկրտչյանն է։

Ռուդոլֆ Ղևոնդյան 
Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան,
Վարդան Աճեմյանի հիմնադրամի նախագահ

 

 

Печать