ՙՄեր Ֆրունզն ուրիշ էր՚

Геворг ГеворгянԱսում են, մարդն ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ նրան հիշում են: Ասացվածքի տրամաբանությամբ առաջնորդվելիս, հաստատակամ կարելի է պնդել. Մհեր Մկրտչյանն այսօր էլ մեզ հետ է ու մեր կողքին՝ նրա մասին օրեցօր ավելացող հուշերի, պատմություն դարձող հիշողությունների ու անընդհատ պատմվող պատմությունների համապատկերում: Դերասանին ու նրա արվեստը գնահատող, նրա մասին հիշողությունները մասունքի նման պահպանող նվիրյալները շատ են, շատ են նաև մինչև այժմ հանրությանն անհայտ, բայց Մհեր Մկրտչյանին մի նոր հորիզոնից ներկայացնող բացահայտումները:

Ծնունդով Գյումրեցի, կենսաբան, ՙԷրեբունի՚ բժշկական ինստիտուտի դասախոս, Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտի ախտաբանական կենսաքիմիայի և ռադիոտոպների բաժնի ղեկավար, մի շարք միջազգային գիտական ընկերությունների անդամ,  Ռուսաստանում բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գևորգ Գևորգյանի հիշողություներում Մհեր Մկրտչյան արտիստն ուրվագծվել է դեռ մանկության տարիներից: Օրեցօր ավելացող ֆրունզյան հուշապատումին նա ևս իր ավելացնելիք չափաբաժինն ունի: Դրանք հիշողություններ են, որոնք սկիզբ առնելով մանկության տարիներից, ձգվել ու հասել են մինչև երիտասարդություն ու ամբողջացել հորեղբոր՝ դերասան Տելեմաք Գևորգյանի՝ թատերական կյանքի ու Մհեր Մկրտչյանի մասին պատումներով: Այս ամենին զուգակցվել է նաև ընտանեկան հիշողություններն ու տարիներ անց՝ դերասանի հետ ունեցած անձնական ծանոթությունն ու շփումները:
Դեպքերի ժամանակագրական հաջորդականությունը Գևորգ Գևորգյանին տանում է մանկության տարիներ: Հորեղբայրը՝ Տելեմաք Գևորգյանը, Գյումրիում հայտնի դերասան Արմեն Արմենյանի փոխարինողը (դուբլյորը) պատմում էր, թե ինչպես պատերազմի ու սովի տարիներին Վահրամ Փափազյանը Գյումրիում բեմադրել է Շեքսպիրի ՙԼիր արքան՚: Ներկայացման դերասանական կազմում է եղել նաև Մհեր Մկրտչյանը: Ներկայացումից առաջ, հյուրասեր ու թատերասեր գյումրեցիները որոշում են դերասաններին պատվել Գյումրիում ամենահարկի ուտեստով՝ խաշով: Երիտասարդ Մհեր Մկրտչյանը խաշի սեղանին չի հրաժարվում մի երկու բաժակ օղուց, որը, սակայն, անհետևանք չի մնում.
- Ներկայացման ժամանակ կա մի դրվագ, երբ Լիր արքային մարմնավորած Վահրամ Փափազյանը պառկած է ծառի տակ: Մհեր Մկրտչյանը պետք է գար ու, զանգերի ղողանջի տակ, ասեր. ՙԱրքա՜, դղյակի զանգերն են ղողանջում (այդ պահին նշելով շոտլանդական դղյակի անունը)՚, բայց Ֆրունզը դղյակի անունը չի հիշում, ու փոխարենն ասում է. ՙՎարպե՜տ, վարպե՜տ, Փրկչի զանգերը քաշեցին՚: Վահրամ Փափազյանը մռնչալով վեր է կենում տեղից, բռնում Մհեր Մկրտչյանի ականջից, մոտեցնում բեմի եզրին ու ասում է. ՙՏղաք, նայեք, այս ջահելը, դերասան չդարձած, ներկայացումից առաջ խաշ կուտե ու րախի կխմե՚, ու Ֆրունզին հրելով դեպի կուլիսներ, ավելացնում է. ՙԿրկնի՜ր մուտքդ՚:
Խստապահանջ գյումրեցին բեմին սխալված դերասանին երբեք չէր ների, սակայն Մհեր Մկրտչյանի դեպքում այլ էր: Նրան ներելի էր ամեն սխալ, անգամ բեմական, մանավանդ, երբ Փափազյանի այդօրինակ պահվածքին հաջորդելու էր մեկ այլ՝ ավելի անսպասելի քայլ:
Մկրտչյանի երկրորդ մուտքին քարացած դահլիճը սպասում էր անհամբեր. նորից սխալվելն աններելի էր, ու, բարեբախտաբար, Մկրտչյանին հաջողվում է մտաբերել դղյակի անունը: Այդ պահին, մոտենալով Ֆրունզին, Վահրամ Փափազյանն ասում է. ՙԱպրես տղաս, նստի՜ր, ապա, դառնալով հանդիսատեսին, ավելացնում. ՙԺողովուրդ, նայեք, ապագան սրա պայծառ է, նա հանճարեղ դերասան կդառնա՚, ապա նորից շրջվում է դեպի Ֆրունզը. ՙԲայց այսօրվանը երբեք չմոռանաս. ՙԼիր արքա՚ խաղալուց առաջ ո՜չ օղի կխմես, ո՜չ խաշ կուտես՚:
Фрунзик Мкртчян с сыном ВаагномՀորեղբոր նման, տարիներ անց Գևորգ Գևորգյանն հիշում է ու պատմում դերասանի մասին՝ արդեն անձնական ծանոթության ու տպավորությունների ապրումներով: Երկու՝ արդեն երևանաբնակ գյումրեցիների երեխաներն են սկիզբ դնում նրանց ծանոթությանը. ՙՄհեր Մկրտչյանը կնոջ՝ Դոնարայի հետ Կոմիտասում էր ապրում, նրա որդին՝ Վահագը, և իմ տղան նույն մանկապարտեզն էին հաճախում: Առավոտյան, երբ երեխաներին տանում էինք մանկապարտեզ, միշտ հանդիպում էինք ու, որպես համաքաղաքացիներ, զրույցի բռնվում: Վահագը՝ Ֆրունզի տղան, սարսափելի չար երեխա էր ու Ֆրունզը, ամեն անգամ դաստիարակչուհուն կատակով ասում էր. ՙԽնդրում եմ, կապեք մահճակալից, որ ձեզ չանհանգստացնի՚: Ու մի օր Վահագը մանկապարտեզի պահարանից վերցնում է իմ որդու նախաճաշն ու ուտում: Տղաս սկսում է վիճել Վահագի հետ, ծեծում են իրար, ու դաստիարակներին մի կերպ հաջողվում է նրանց բաժանել: Մի քանի օր անց, երբ հանդիպեցինք, Ֆրունզն ասում է. ՙՄայլի տղա (մենք իրար այդպես էինք դիմում), էդ տղուդ բեր շաբաթըմ մեր տունը պահենք, տղես քիչըմ խելոքնա: Իրեք օր է՝ ձենը չենք լսում, էդ ինչղ է դաստիրակել՚:
Իսկ թե ինչպես ստացվեց, որ նույն թաղից չլինելով, Գևորգ Գևորգյանը դարձավ Ֆրունզի ՙմայլի տղան՚, զրուցակիցս լավ է հիշում. ՙՀին օրերի երգը՚ մեր թաղում էին նկարում՝ Սլաբոդկայում: Ու Ֆրունզը, միշտ որ տեսնում էր, ասում էր. ՙՄենք նույն մայլից ենք, մայլի տղա ենք՚:
Ապա հաջորդում են պարբերաբար դարձած երեկոյան հանդիպումները Երևանում՝ արվեստագետների հետ կամ նրանց մասնակցությամբ: Հետո մի քանի հանդիպում Մոսկվայում, որը, թերևս, ամենից շատն է տպավորվել: Հանդիպման պատրվակը, ոչ ավել, ոչ պակաս՝ լավաշն է եղել, խաշի համար ուղարկված հայկական լավաշը: ՙՖրունզը հյուրախաղերի էր գնում Ամերիկա: Նրանց հետ Ամերիկա էր գնում նաև Վանուշ Խանամիրյանի պարի անսամբլը: Ու նրանք ինձ Մոսկվա լավաշ էին բերելու. փետրվարի 23-ի տոնի առթիվ ուսանողներով խաշ էինք դրել ու կինս տղաների հետ լավաշ էր ուղարկել: Մինչ Ամերիկա հասնելը՝ ինքնաթիռը վայրէջք կատարեց Մոսկվայում, ու նրանք բոլորը 3-4 ժամ օդանավակայանում մնացին: Այդ մի քանի ժամը կարողացանք բավական արդյունավետ օգտագործել: Այդ օրվա հիշողություններն ամբողջ կյանքի համար էին՚:
Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված երեկոյի պատվավոր հյուրը Ֆրունզիկ Մկրտչյանն էր: Հյուրին ակադեմիա բերելու պարտավորությունը ստանձնում է ակադեմիայի երկարամյա աշխատակիցը՝ Գ.Գևրոգյանը. ՙԳնացի Ֆրունզի հետևից: Պարզվեց, նա Սունդուկյանի թատրոնի դիմաց գտնվող խինկալանոցում էր: Մտա խինկալանոց՝ տեսնեմ այնտեղ է նաև հորաքրոջս տղան՝ Լենինականում շատ հայտնի Փեշտմանջյաններից էր: Փոքրիկ խնջույքին մասնակցում էր նաև  հանրահայտ կոշկակար ու հայտնի գյումրեցի, պարող Աշիկը: Տրամադրություններն արդեն լավ էր: Ես էլ միացա նրանց, ու մոռացանք ինստիտուտի հանդիպման մասին: Այն այդպես էլ չկայացավ՚: Հանդիպումը չկայացավ, բայց կայացած օրվա պայծառ, լուսվոր ու պատմություն դարձած հիշողություններն առ այսօր չեն մոռացվել ու չեն մոռացվելու դեռ երկար ժամանակ. ՙՖրունզն իր դերակատարություններից տարբեր դրվագներ էր կատարում, իմպրովիզացիաներ անում,- հիշում է զրուցակիցս, ապա կարճ դադարից հետո, եզրափակելով իր ասելիքը, վերստին գնահատում գյումրեցի մեծ արտիստին,- ամբողջն իր մոտ իմպրովիզ էր, նա դերասան էր ի ծնե, և հնարավոր չէր, որ Ֆրունզին դեր վստահվեր, ու ինքը վատ կատարեր: Մեր Ֆրունզն ուրիշ էր՚:

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

http://shrjapatweekly.am N32 от 14.08.2012
http://shrjapatweekly.am/comment/reply/213#comment-form

Печать

Качество сайта согласно www.cys.ru

качество сайта frunzik.com

Мы на Контакте

Мы на ФЕЙСБУКЕ