Vahe Shahverdyan1974—75 թվականներն էին։ Ես այն ժամանակ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրո­նի գլխավոր ռեժիսորն էի։ Մհերին հրավիրել էինք խաղալու Պաղտասար Աղբար։ Փաստորեն, ինձ բախտ վիճակվեց նրա խաղընկերը լինել։ Աննկա­րագրելի է պատմել այն ոգևորությունը, ընդունելությունը, որը ժողովուրդը տածում էր նրա հանդեպ։ Ես չգիտեմ մեկ ուրիշ հայ ժամանակակից արտիստ, որին ժողովուրդը այդպես սիրի։ Երբ խումբը ավտոբուսով գնում էր Շամշադինի շրջանի այս կամ այն գյուղը, ճանապարհին արդեն ժողովուրդը հոծ բագմությամբ սպասում էր։ Ավտոբուսը կանգնեցնում էին, Մհերն իջնում էր, և ժողովուրդը ձեռքերի վրա մինչև թատրոն տանում էր նրան։ ժողո­վուրդը իր սերն ու գնահատանքը այնպիսի արտա­ռոց ձևով էր արտահայտում, որ անսպասելի էր։ Բոլոր ներկայացումներից հետո մեծ բանկետներ էին լինում։ Եվ դա ոչ թե գյուղի նախագահը կամ շր­ջանի ղեկավարությունն էր անում, այլ ժողովուրդը ինքն էր անում. ոչխար էին մորթում, կովեր էին մոր­թում, կռիվ էին անում, թե Մհերը ում տուն պետք է գնա։ Նա իրոք ժողովրդական էր, որովհետև նրան գնահատում էին բոլորը՝ և՛ մեծերը, և՛ փոքրերը։ Ներկայացումներից մեկի ժամանակ նրա ձայնը կտրվեց։ Մի կերպ խաղաց ներկայացումը, եկանք հյուրանոց։ Նա այդ գիշեր գրեթե չքնեց։
— Գիտե՞ս ամենից շատ հիմա ինչ եմ ուզում խաղալ,– հարցրեց։
Ես մի քանի դերերի անուն տվեցի՝ մտածելով, որ դրանք իրոք իր դերերն են։
— Ոչ, ոչ, ոչ,— և շատ զարմանալի ինձ համար՜ ասաց,— երազում եմ Օթելլո խաղալ։ Դու ռեժիսոր ես, չէիր տա, չէ՞, ինձ Օթելլո։ Հիմա կապացուցեմ, որ ես Օթելլո եմ։
Եվ մոտավորապես երկու ժամ այդ կտրված ձայնով նա անգիր «Օթելլո» կարդաց։ Այնքա՜ն էմոցիոնալ, այնքա՜ն ճիշտ և այնքա՜ն հետաքրքիր, որ ես ապշել էի։ «Մհերն իրոք մեծ արտիստ է»,— մտածում էի ես։ Չնայած որ ես նրան տեսել էի և՛ «Սրտի արատ»-ում, և «Ղազարը գնում է պատե­րազմ»֊-ում, բայց այդ օրը Շամշադինի այդ հյու– րանոցում հասկացա, թե ինչքան խորն է նրա հոգին։
Ասում են՝ Մհերը կոմեդիայի ժանրի մեծ դերա­սան էր։ Ո՛չ, դա այդպես չէ։ Մհերր նաև մեծ ողբեր­գակ էր։
Այդպես մենք լուսացրինք։ Բայց մեզ սպասում էր մեկ այլ անակնկալ։ ժամը տասնմեկին դուռը թակեցին, հերթապահն էր, ինձ մոտեցրեց պատու­հանին։ Երկրորդ հարկից նայեցի ու ի՞նչ տեսնեմ, կանանց մի մեծ խումբ, բոլորի ձեռքին՝ կաթ։ Իմա­նալով, որ Մհերի ձայնը կտրվել է, եռացրած կաթ էին բերել, որ ձայնը վերականգնվի։ Դա հուզիչ էր և շատ զարմանալի։ Մեկ անգամ ես ես ականատես եղա, թե ժողովուրդն ինչպես է պաշտում Մհերին։

Վահե Շահվերդյան
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեդսւրվեստական ղեկավար, 
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Խաչատուր Ավագյանի «Ժողովրդական արտիստը. Մհեր Մկրտչյանը ժամանակիցների հուշերում» գրքից

 

Печать