Մհեր ՄկրտչյանԱրտիստի մեծությունը ճիշտ գնահատելու համար փորձեք նրա այս կամ այն դերում պատկերացնել մեկ այլ դերասանի, այսինքնՙ նրան փոխարինեք ուրիշ դերասանով: Օրինակՙ մի պահ պատկերացնենք, թե «Կտոր մը երկինք» ֆիլմում Գրիգոր աղայի դերում Մհեր Մկրտչյանը չի խաղում: Օրինակՙ ո՞վ կարող է Ֆրունզի նման ասել. «Կդրա՜վ, թելը կդրա՜վ...», կամ Թորիկին այնպիսի հայացքով նայել, որ էկրանից այս կողմ ամբողջ մարմնով փշաքաղվես ու մի բուռ դառնաս: Կամ ո՞ր դերասանը կարող է նրա նման հարցնել. «Դու կրնա՞ս սեւ թուղթ ուտել»:
Եթե մտաբերենք հայ կինոյի «թեւավոր» խոսքերը, ապա կտեսնենք, որ դրանց մեծ մասը պատկանում է Մհեր Մկրտչյանի կերտած կերպարներին: Ու ամենազարմանալին այն է, որ մեր հիշողության մեջ մեխված այդ արտահայտությունները նրա իմպրովիզացիաներն են. դրանք արտիստը հենց նկարահանման ժամանակ է ասել, սցենարում դրանք չեն եղել: Պահի, իրադրության, կերպարի զարգացման, ներքին դրամայի այնպիսի զգացողություն, որպիսին Ֆրունզն ուներ, ուղղակի ֆենոմենալ հատկանիշ էՙ անկրկնելի ու բնատուր:
Դեռ պատանի Մհեր Մկրտչյանը հրապուրվել է բեմարվեստով` տեսնելով Վահրամ Փափազյանի խաղը: Մի անգամ Ֆրունզը նույնիսկ «Օթելլո» է խաղացել: Փափազյանն ասել է. «Ամեն սեւ բան Օթելլո չէ, մանչս»:
Դերասան Լեւոն Թուխիկյանը պատմում էր, որ Գյումրու տեքստիլի գործարանի թատերախմբում Ֆրունզն իր խաղով ուրախացնում էր բանվորներին: «Սեւ, պուճուր-մուճուր, մեծ քթով, վատ հագնված տղա էր, մեկ էլ հայտնվում էր բեմում, ու բոլորը ծիծաղից ուշաթափվում էին. դեռ բերանը չբացած, մի խոսք չասածՙ հենց միայն նրա տեսքից ամբողջ դահլիճը հռհռում էր: Ո՜վ կպատկերացներ, որ լենինականցի Ֆրունզիկը մեծ, հանճարեղ արտիստ է դառնալու: Բայց ես, որ դեռ մանկությունից նրա կողքին եմ եղել, զգում էիՙ Ֆրունզի մեջ մի բան կա, որ հետո է բացահայտվելու, հետո ուղղակի հիպնոսացնելու է բոլորին: Սկզբում ոչ ոք նրան լուրջ չէր վերաբերվում. տարեցները ոտքով խփում էին նրա քամակին ու ասում. «Ծո, հելի բեմ, սարսաղ, տեսնինքՙ հմի ի՞նչ օյինբազություն բդի էնես»:
Իսկ հետո Ֆրունզն արենց աներեւակայելին. տարիների հետ հասունացավ, կենսափորձը, կյանքի դառն ու քաղցրը նրան կոփեցինՙ որպես մարդ: Ֆրունզն արեց այն, ինչ մինչ այդ ոչ ոք չէր արել. նա չխաղաց: Հենց դա է ամբողջ գաղտնիքը, ամբողջ հմայքը, ֆենոմենը: Ֆրունզը ոչ մի տեղ չի խաղում: Այդ պատճառով էլ այն արտահայտություններն ու գործողությունները, որ սցենարում չկային, բայց նկարահանման ժամանակ սեփական նախաձեռնությամբ ինքն արել է, ներդաշնակ, համահունչ, շատ տեղին են: «Նվագախմբի տղաները» ֆիլմում, երբ կռվի ժամանակ ես բռունցքով հարվածում եմ Դմբուզ Արսեն-Ֆրունզին, նա ցավից կծկվելովՙ հարցնում է. «Էս ինչո՞վ խփեցիր»: Ես պատասխանում եմՙ ձեռքով: Նա հարցնում է Ճուտոյինՙ ճի՞շտ է ասում: Ճուտոն հաստատում է: Ֆրունզն ասում է. «Չէ, սա ձեռքի բան չէր»:
Այս ամբողջը սցենարում չկար: Իրականում կռվի ժամանակ իմ հարվածը մի քանի դուբլով փորձել ենք. չէր ստացվում: Ես գիտեի, որ Ֆրունզի լյարդը ցավում է, ու խիղճս թույլ չէր տալիս նրան ուժեղ հարվածել: Իսկ ֆիլմին պետք էր, որ հարվածն ուժգին լիներ: Տեսա, որ ճար չկա, ուզեմ-չուզեմ պիտի պինդ խփեմ Ֆրունզին: Հարվածն իսկապես ուժեղ ստացվեց, ու նա ցավից այդ հարցը տվեց. «Էս ինչո՞վ խփեցիր»:
Մենքՙ դերասաններսՙ Խորիկ, Սոս, Շերենց, ես, ինչքան էլ ուզենք, ինչ էլ անենք Ֆրունզի նման ժողովրդական սիրո չենք արժանանա: Նրա նմանները հազար տարին մեկ են ծնվում», - պատմում էր Լեւոն Թուխիկյանը:
Երբ Մհեր Մկրտչյանի մասին խոսք էր բացվում, Խորեն Աբրահամյանը երկար լռում էր, հոգու եւ հիշողության անտակ խորքերը ողողում ծխախոտի թանձր ծխով ու խռպոտ, ցածր ձայնով խոսում. «Ֆրունզը... Մենք պիտի Աստծուն մինչեւ երկինք շնորհակալ լինենք, որ Ֆրունզ ենք տեսել: Ֆրունզը... Ախր իրականում նրան քչերն են մինչեւ վերջ ճանաչել: Նա արտիստ չէր, դերասան չէր, փիլիսոփա չէր, չգիտեմ ով էր նա: Նրա տեսակից էլ չկա, չի էլ եղել, որ համեմատենք, իմանանք, եզրակացնենք, թե ով էր Ֆրունզը: Ա՜յ էն տակառը տեսնո՞ւմ եք. նա կկանգներ էդ տակառի կողքին ու մի էնպիսի հանճարեղ բան կհորիներ, կպատմեր, կխոսեր, կծիծաղեր, լաց կլիներՙ առանց սցենարի, հանպատրաստից: Կշշմեիր, կկարկամեիր. որտեղի՞ց էր գալիս էդ ուժը, միտքը, անբացատրելի էր: Այ հենց դա է ֆենոմենը, հանճարեղությունը, երբ բառերով չես կարողանում բացատրել տեսածդ ու զգացածդ:
Ֆրունզն իր կյանքում ոչ մի գիրք չի կարդացել, գիտե՞ք. բայց հենց որ սկսեիր խոսել, ասենք, Դոստոեւսկուց, Ֆլոբերից, Եսենինից, Սեւակից, Սենեկայից, նա այնպես կվերլուծեր, այնպես կպատմեր, այնպես կներկայացներ, որ կթվարՙ գրականագետ է, փիլիսոփա ու արվեստաբան է: Նա ի ծնե իմաստուն էր, գիտակ, չգիտեմՙ դեռ չծնվածՙ ով էր նրան այդ ամենը պատմել, բայց նա ամեն ինչ գիտեր: Եվ դու, որ Դոստոեւսկուն ծայրից ծայր ես կարդացել, գետինը կմտնեիր, որ Ֆրունզի իմացածի տասը տոկոսն էլ չես ճանաչում Դոստոեւսկուն: Այ էսպիսին էր Ֆրունզը», – ծխախոտի մշուշի մեջ ավարտում էր Խորեն Աբրահամյանը:
Սոս Սարգսյանը կյանքի վերջին ամիսներին անընդհատ Խորենի ու Ֆրունզի անունն էր տալիս, իսկ ավելի հաճախՙ Ֆրունզի: «Ինձ մենակ թողեցին, մանավանդ Ֆրունզը. շատ անխիղճ ընկեր դուրս եկավ, շուտ գնաց, պրծավ էս աշխարհից, ինձ անտեր թողեց: Բայց ամեն գիշեր լսում եմ նրա ձայնը, կանչում է ինձ: ...Երեխա էր, մեծ երեխա: Բայց կարելի՞ է մի երեխայի գլխին էդքան անձնական դժբախտություններ թափել», – դառնացած ասում էր վարպետը:
Այդպես էլ երբեք Մհեր Մկրտչյանը կյանքն ու խաղացած դերերը չտարանջատեց. Գրիգոր աղան լինի, թե դարբին Գասպարը, փոստատար Նիկոլը, թե Սիրանուշի Ռուբենը, նրա կերպարները միով բանիվ մեկն ենՙ Մհեր Մկրտչյան: Նրանք բոլորը Ֆրունզի էությունն են, նրա կյանքըՙ էկրանին, բեմում:

Նաիրի Սարգսյան
"Нахичевань на Дону"
http://nnao.ru/
08.2015

Печать

Мы в ОДНОКЛАССНИКАХ

Мы на ФЕЙСБУКЕ