Մհեր ՄկրտչյանԽնկո-Ապոր անվան մանկական գրադարանը հանդի­պում էր կազմակերպել երեխաների եւ Մհեր Մկրտչյանի մտերիմների՝ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի, դերասաններ Ռաֆայել Քոթանջյանի, Ժենյա Ավետիսյանի, Ազատ Գասպարյանի հետ՝ նշելու սիրելի դերասանի ծննդյան 75-ամյակը:
«Ես Գասպարին ճանապարհելու պահն եմ հիշում «Եռանկյունուց», մեկ էլ «Միմինոյից» իր պարի հատվածը», - ասում է Անուշ Նարիմանյանը. նա քիչ հետո Սանամի՝ Մհեր եւ Ալբերտ Մկրտչյանների մոր դերն է տանելու մի իրական դեպքի փոքրիկ բեմադրության մեջ, որ նրանց հետ է պատահել մանկության տարիքում եւ ստիպելու է, որ ռեժիսորը թաքուն սրբի արցունքները...
Մհեր-Ֆրունզին սիրողների ազգությունը պետք չէ նշել, որովհետեւ արվեստն էլ ազգություն չունի, ծննդյան առթիվ եղ­բայրը նամակներ է ստանում Ուկրաինայից, Բելառուսից եւ մինչեւ իսկ Ադրբեջանից. գրողները սովորական մարդիկ են, որոնց շատ էր սիրում Մհերը եւ նրանց ուղղում իր գլխավոր ասելիքը՝ սիրեք մեկդ մյուսիդ...
«Արագածի գյուղերից մեկում հրավիրել էին խաշի: Նստած հաց էինք ուտում, ժողովուրդը պատուհանի մոտ կանգնած Ֆրունզին Էր նայում: Տանտերը բարկացավ, թե ամոթ է, գնա­ցեք: Մհերն էլ, թե' այ մարդ, ինչի՞ ես վռնդում, թող գան պտտվեն, նայեն գնան, էլի... Ու էդպես գյուղացիները հերթով շարքով գալիս էին, պտտվում սեղանի շուրջ ու գնում», - պատմում է Ալբերտ Մկրտչյանը:

Նա բոլորին մի գաղտնիք է բացում. «Մենք ենք, մեր սարերի» հայտնի էյ հե՜յ֊ի պատմությունն է անում: Հայրը ոստիկանությունից է թաքնվել, տանը փոս են փորել, մշեցի Մուշեղին պահել այնտեղ ու վրան քարածուխ լցրել: Երկու եղբայր վազել-հասել են մի օր այն պահին, երբ ոստիկանը ատրճանակը վերևից ներքեւ պահել է իրենց հոր վրա: Այդ պահին, թեկուզ Գյումրիի որբատանը մեծացած, բայց մշեցու հպարտությունը արյան մեջ, Մուշեղը էյ հէ՜յ է ասել... Մոտ 50 տարի անց Հրանտ Մաթեւոսյանի վիպակից 3 էջ դիալոգ է հանվել, որ Մհերը կրկնի արդեն թեւավոր դարձած շարժումն ու խոսքը:
- էդ ժեստը իմ հոր ժեստն էր, - Ալբերտ Մուշեղիչը խոր հոգոց Է հանում:

ԿԱՐԻՆ ԳՐիԳՌՐՅԱՆ
«Հայաստանի Հանրապետություն»
10.10.2004

Печать