Ֆրունզիկ Մկրտչյան. ՀՍՍՀ ժողվրդական արտիստ: հեղինակ՝ Հակոբյան Հակոբ
խմբագիր՝ Մ. Ներսիսյան 
«Ֆրունզիկ Մկրտչյան : ՀՍՍՀ ժողվրդական արտիստ:» 
Երևան, 1980
«Արմինֆորմկինո»
տպաքանակը՝ 10000 օրինակ

Հանդիսականն այս արտիստին ծափահարում է նրա հայտնվելու առաջին իսկ պահից՝ լինի դա բեմի վրա, թե էկրանի, և նրա մասնակցությամբ ներկայացում կամ կինոնկար դիտելուց հեաո դահլիճն անպայ­ման թողնում է զվարթ տրամադրությամբ: Բնությունը Ֆրունզիկ Մկրտչյանին օժտել է ծիծաղ պարգևելու նախանձելի շնորհով:
Նրա արվեսևի հմայքը անսպառ. հումորն է՝ անկեղծ ու վարակիչ: Եթե մտովի վերհիշենք քառորդ դար թատրոնում ու կինոյում անձնավորած նրա բոլոր հերոսներին, որոնք հիմնականում կատակերգական են, հավանաբար, նրանց պարգևած ծիծաղը կհնչի փոթորկի ուժգնությամբ...
Ո՞րն Է նրա արվեստի ուժը, մարդկանցից այդքան հեշտորեն ծիծաղ «կորզելու» գաղտնիքը: Ամենից աոաջ՝ կյանքի ծիծաղելին բնական ու անսեթևեթ խաղով, կերպավորման անճիգ ձիրքով մատուցելու վարպետությունր: Նրա հումորը դերասանական տեխնիկայի խաղ չէ, այլ իրական կյանքի զգացողությամբ ծնված անմիջական զրույց, որն առատորեն հորդում է դահլին: Եվ հանդիսականը գիտենալով, որ չի խափվում, լիա­թոք արձագանքում է դերասանի ամեն մի ռեպլիկին, աշխուժանում նրա յուրաքանչյուր շարժումից: Ւբրև հավաստում, հիշենք առաջին լուրջ դերակատարումներից մեկը՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում «Սրտի արատի» Գվիդոնին: Ու թեև տարիներ են անցել, սակայն այսօր էլ հանելի է մտաբերել հումորի ու զավեշտի շաղախով հունցված այդ կերպա­րին: Մի դերակատարում, որն այն տարիներին համարվում էր արտիստի բեմական ընդհանուր կերպարի, նրա ժողովրդայնության չափանիշը: Չնա­յած այդ հերոսի բարոյական նկարագրի մերժելիությանը, արտիստը նրան տպավորիչ գունախաղով էր ներկայացնում, որ մեր աչքում դառնում էր համակրելի: Դա, իհարկե, դերապատկերի խաղային գրավչռւթյունն էր, որն էլ պայմանավորեց նրա երկարակեցությունը:
Հետաքրքրականն այն է, որ Ֆ. Մկրտչյանն իր բեմական (գործունեության առաջին շրջանում (սկղբում Լենինականի, ապա՝ Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում) նշանակաւլի հաջողության է հասել հիմնականում բացասական կերպարներ մարմնավորելիս: Ահա դրանց ոչ լռիվ ցանկը. Կոն («Թշնամիներ»), Սաղաթել («Պատվի համար»), Խուլ («Երկու գույն») և այլն: Դերասանի այդ տարիների թատերական հունձքից աոանձնանում են երկու կերպար՝ հայրապետն ու Մերկուցիոն Վ.Անեմյանի հեղինակած «Նամուս» և «Ռոմեո ու Ջուլիետ» բեմադրություններում: Դրամաաիկական ընդգծված երանգներով ստեղծված կերպարներ, մեկր՝ ազգային կերտվածքով, մյուսր՝ շեքսպիրյան: Եվ կատակերգակ արտիստն իր համար անսովոր դրամայի ու ողբերգության ժանրերում հրաշալի ներկայացրեց այդ հերոսներին. առաջինը՝ ողբերգական շեշտով, երկրորդր՝ քնա­րական ու սրտագրավ:
Թեև թատրոնում արտիստն արդեն ինքնահասաատման լուրջ փորձություններով էր անցնում, կինոն դեռևս չէր «վստահում» նրան: Նկարահանվում էր բացառապես էպիզոդներում, այն էլ՝ գրեթե անխոս դերերում. «Պատվի համար», «Ինչու է աղմկում գետը», «Հասցեատիրոջ որոնումները» և այլն: 1959-ին ոեժիսոր Հ. Մարտիրոսյանր նրան հրավիրեց «01—99» խորագիրր կրող կարճամետրաժ ժապավենում նկարահանվելու: Գրեթե անեկդոտային ֆաբուլա ունեցող այս ֆիլմում արտիստն ստեղծեց կինեմատոգրաֆիական հյութեղ կերպար: Գարսևանր մեծ էկրան տանող հանապարհի առաջին լուրջ փորձությունն էր, որից և հաջողությամբ սկսվեց դերասանի երթը կինոյի բարդ ու դժվարին արվեստում: Ի դեպ, հարկ է նշել, որ արտիստր հետագայում ևս մի քանի կարհամետրաժներում ստեղծեց կերպարներ. Սիմոն («Տերն ու ծառա») , Ավագ («Լուսանկար») և ալյն: Սակայն Մկրտչյանի կինեմատոգրաֆիական ամենալուրջ քայլերը կապվում են հայկինոյի այսօրվա ինքնատիպ ռեժիսորներից մեկի՝ Հենրիկ Մալյանի անվան հետ: Բարձր պրոֆեսիոնալիզմ, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողություն, էկրանի ճշմարիտ գգացողություն՝ հատկանիշներ, որոնք հնարավորություն տվեցին նրան դասվելու հայրենական կինոյի ինքնատիպ անունների շարքում: Այդ ամենը հիանալի դրսևորվեցին հիշյալ ռեժիսորի բեմադրած ժապավեններում. Արսենից («Նվագախմբի տղաներր», համահեղինակ՝ Լ. Մարգարյան) մինչև Գասպար («Եռանկյունին») , Իշխան («Մենք ենք, մեր սարերը») , հայրիկ («Հայրիկ») և  Ափրո («Նահապետը»)՝ շուրջ քսան տարով չափվող այս ճանապարհը ներկայացնում է դերասանի ստեղծագործական աճը: Կերպարներ, որոնց միավորում է մի շատ արժեքավոր հատկանիշ. բոլորն էլ ստեղծված են ագգային վառ գույներով. հայ մարդուն բնորոշ նկարագիր ունեն, հակատագիր. նրանք սրամիտ են, աշխատասեր, թախծոտ են ու երազող:   Այդ շղթայի բարձրակետը, անշուշտ, Գասպարն է՝ վիպական մի կերպար, որը շատ բանով հիշեցնում է մեր հեքիաթի հերոսներին:
Դերակատարը շռայլ գույներ չի օգտագործել՝  ցուցադրելու իր մարմնավորած անհատի մարդկային նկարագիրը. նրա կյանքն ինքն արդեն շատ բան է հուշում այդ մասին: Ծննդավայրը կորցրած, նա հրաշքով ընկել է գավառական փոքրիկ քաղաքը՝ հոգում իր կյանքի ու գերդաստանի տխուր պատմությունը,որ հնչում է նրա աչքերի անափ տխրության, թախծոտ երգերի մեջ: Բայց նա մի առասպել ունի, որը կապվամ է միմիայն իր անձի հետ և ամբողջ քաղաքը գիտի այդ մասին: Պատմում է, որ ինքը իր ծննդավայր երկրից ծովով լողացել, եկել-հասել է այստեղ:
Այս փոքրիկ մանրամասնի շուրջը հյուսվւսծ պատմության հիմքի վրա դերակատարն իր հերոսին օժտել է հումորի նրբին երանգներով և ֆիլմը դիտելիս մենք ծիծաղում ենք տխուր հիացումով: Կերպարի հոգեբանական ընթացքը մինչև ավարտը՝ կուլմինացիան, մեզ չի տանում ծիծաղի ճանապարհավ, փլվում է լողի առասպելը և տխրում՝ Գասպարը, դառնում  քչախոս: Այդ պահից խոր թախիծը համակում է նաև դիտողին, քանզի նա սիրում է տառապած, բարի այդ մարդուն: Կերպարի հոզեբանական ներգործության այդ ուժը պայմանավորված է դերակատարի խաղի հավաստիությամբ, ներքին թափանցումի շնորհով: 
Եթե «Հայֆիլմի» հիշյալ ժապավեններում անձնավորած հերոսները արտիսաի ստեղծագործական դիմանկարին ավելացրին դրամատիկ երանգ­ներ, ապա երկրի մյուս կինոստուդիաներից նրան հրավիրում էին բացառապես կատակերգական ղերերի համար: Կոմեդիական ժանրի սահմաններում նրա տաղանդը բացահայտվեց իր բոլոր շերտերով՝ կրկին հավաստելով ի վերուստ արտիստին տրված կատակերգական անուրանալի շնոր­հը: 1966-ին նա նկարահանվեց Լ. Գայդայի «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» և Ռ. Բիկովի «Այբոլիտ-66» ժապավեններում: «Մոսֆիլմ» կինոստուդիայում բեմադրված այս ֆիլմերը հաջողությամբ ցուցադրվեցին երկրի էկրաններին և լայն հանաչում բերեցին հայ դերա­սանին: Արկածային, անսովոր սյուժետային պատում ունեցող այս կինոերկերում խտացված էին ժանրին բնորոշ հնարքները, լիուլի տեղ էին գտել գավեշտն ու եգիծանքը, հանգամանք,որ թելադրվում էր ոչ միայն հիշյալ երկերի գաղափարական միտումով, այլև նրանց դերակատարների ինքնատիպությամբ: Ահա Ֆ.Մկրտչյանի խաղընկերները՝ Յու.Նիկուլին, Ե.Մորգունով, Գ.Վիցին, Վ.էտուշ, Ն.Վարյեյ, Ռ.Բիկով, 0.Եֆրեմով, Ա. Սմիռնով, արտիստներ, որոնց արվեստով է բնորոշվում սովետական կինոկոմեդիայի հաջողությունը: Առաջինում նա պատկերեց շահի դիտավորությամբ մեքենայությունների մղվող կովկասցի մանր պաշտոնյայի կերպարը, երկրորդում՝ հեքիաթի խեղճ ու կրակ մի ծառայի, որը միամտորեն դառնալով ավազակների հանցակիցը, անընդհատ ընկնում է ծիծաղաշարժ իրադրությունների մեջ: Արտիստը սրանց ներկայացրեց կինետիկ արտահայտչամիջոցների հարստությամբ, իսկ վերջինն անթերի էր հատկապես երաժշտությամբ ու պլաստիկ կատարումով:
1978 թվականը Ֆ. Մկրտչյանի համար կարելի է համարել ստեղծագործական առատ հունձքի տարի: Թատրոնում նրան տրվեց երջանիկ հնարավորություն՝ հանդես գալու Զամբախովի բարդ հոգեբանական դերում: Եվ նա արտիստական ինքնատիպ մեկնաբանությամբ ներկայացրեց բեմական հարուստ ավանդներ ունեցող սունդուկյանական այդ հերոսին: Իսկ «Մոսֆիլմ» կինոստուդիայում ստեղծված «Միմինո» և հայկական «Զինվորն ու փիղը» (ռեժիսոր' Դ. Կեսայանց) ժապավեններում ունեցած դերակատարումները գնահատվեցին բարձր պարգևներով՝ առաջինն արժանացավ ԽՍՀՄ պետական, երկրորդը՝ տղամարղու լավագույն դերի համար սահմանված մրցանակի:
Ռեժիսոր Գ. Դանելիայի և հայ արտիստի ստեղծագործական կապը երկար տարիների պատմություն ունի. Ֆ. Մկրտչյանը հանղես է եկել նրա բեմադրած «Մի վշտանա», «Երեսուներեքը» ֆիլմերում՝ գրեթե էպիզոդիկ ղերակատարումներով: Իսկ ահա «Միմինոյում» նրան վստահվել է գլխավոր հերոսներից մեկի՝ Խաչիկյանի դերը: Մեր օրերի հասարակ մի մարդ, որը մարդկային գրեթե նույն կերտվածքն ունեցող վրացի աղայի` Միմինոյի (որին այնքան գունեղ ներկայացնում է էստրադայի ու կինոյի հանաչված արտիստ Վախթանգ Կիկաբիձեն) հետ ընկնում է բաղմաթիվ ծիծաղաշարժ ու անհավանական պատմությունների մեջ և ամենուր գործում բարությանը դաշնակցած: Դիտելով այս կինոնկարը, հանդիսականը ոչ միայն անզուսպ ծիծաղում է, այլև խորհում, որ առանց Միմինոյի ու Խաչիկյանի նման բարի, ջերմ մարդկանց, կյանքն, իրոք, տխուր կլինի:
Իսկ Ֆրունզիկ Մկրտչյանի գրեթե բոլոր հերոսները՝ բեմական, թե էկրանային, այդպիսին են: Ծիծաղն    ու բարությունը նրա արվեստիկենարար ուժն են: Մի՞թե այդ մասին չէր պատմում դերասանն իր այնքան մտերմիկ զրույցում՝ բոլորին հայտնի խոստովանանք-հեոուստահաղորդումում՝ «Մենախոսությամը»:

Հակոբյան Հակոբ
«Ֆրունզիկ Մկրտչյան : ՀՍՍՀ ժողվրդական արտիստ:» 
Երևան, 1980

Печать

Մհեր ՄկրտչյանՌոբերտ Մաթոսյան
«Հարդագողի կինոճանապարհով»
«Ոսկան Երևանցի» հրատարակչություն
Երևան, 2007թ:

Մհեր Մկրտչյանի մասին գրելը չափազանց դժվար է նախ նրա համար, որ ամեն մեկս՝ քննադատ թե հանդիսատես, մկրտչյանական իր ուրույն ընկալումն ու արժեքավորման չափանիշն ունի: Եվ, բացի այդ, առանց ավելորդ չափազանցման ասենք, որ նրա մասին աշխարհի բազմաթիվ լեզուներով հարյուրավոր հոդվածներ ու գրախոսականներ արդեն գրված են ու դեռ կգրվեն: Նա սնոտիապաշտ չէր, բայց միշտ մտահոգված, մի քիչ էլ վախեցած ասում էր՝ եթե 54 տարեկանս անցա, ուրեմն երկար եմ ապրելու:
Երևանի Նալբանդյան փողոցի նրա նոր բնակարանի համեստ մի անկյունում՝ երկու մեծ հնամաշ, լեփ՜լեցուն ճամպրուկներում հազարավոր թերթեր ու ամսագրեր են պահպանվում, ուր նրա մասին խոսում են հայտնի քննադատներից մինչևանհայտը, հայտնի ժուռնալիստներից մինչև անհայտը: Աչքս ընկնում է թերթերից մեկում հրապարակված ընկերական շարժերին: Ֆրունզիկը նույն ճամպրուկով մեկ Մոսկվւսյից մեկնում է Դելի, մեկ Դելիից Փարիզ, մեկ Փարիզից Մոնրեալ, այնտեղից Վաշինգտոն, Վաշինգտոնից Երևան...
Հնարամիտ շարժի հեղինակը Մհերի համար մի ինքնատիպ աշխարհագրական քարտեզ է կազմել: Շարժի տակ գրված է «Առանց խոսքի», ու այդ «Առանց խոսքին» նրա մասին գրեթե ամեն ինչ ասում է: Ամեն մի հանդիպման ժամանակ նա պարզապես անկրկնելի է, նորովի է, մկրտչյանական է: Չգիտես որտեղից սկսես, որ մեկից սկսես, որտեղ ավարտես, ոնց ավարտես: Նրա արվեստը նման Է անսպառ, անվերջանալի մի հորդառատ գետի, որի ակունքը սկիզբ է առնում իր գերդաստանից, ժողովրդից: Եվ ողբերգական Է եղել այդ գերդաստանի ճակատագիրը, նման հարյուր հազարավոր հայ ընտանիքների ճակատագրին, որոնք մազապուրծ փրկվել են 1915-ին: Եղեռնի 70-ամյակի օրը, հարյուր հազարավոր հայերի հետ միասին ծաղիկները ձեռքին հուշարձան Էր գնում նաև Մհեր Մկրտչյանը: Այդ պահին մտովի հիշում էի նաև նրա պատմածը իր գերդաստանի ողբերգության մասին, թե ինչպես բիրտ յաթաղանի զոհն է դառնում պապերի գերդաստանը, թե ինչպես հայրը՝ մշեցի վեցամյա Մուշեղը և վանեցի հնգամյա Աանամը, հրաշքով փրկվելով կոտորածից, կորցրած ծնողներին, եղբայրներին, դեգերումներով հասնում են Ալեքսանդրապոլ, ընկնում ամերիկյան որբանոց, դիմանում սովին ու համաճարակին:
Մ. Մկրտչյանը «Հայրիկ» ֆիլմում (ռեժ.' ՀեԱրիկ Սւսլյան):Ֆրունզիկը հաճախ է հիշում բիթլիսցի հայի խոսքերը, որ մեր տարածքի լայնքով չէ, որ պիտի մեծանանք, այլ՝ հորիզոնական, ասել է՝ միշտ նրանից վեր, դեպի վեր: Այս խոսքերը լիովին վերաբերում է նաև իրեն, որի արվեստը միշտ դեպի վեր է, դեպի վեր: Մկրտչյանի ծնողները արդեն մահացել են, բայց նրանք կան, ապրում են: Ապրում են «Լուսանկարը», «Հուշարձան», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» ֆիլմերում, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի մարմնավորած հերոսների մեջ: Ծնողը միայն ֆիզիկապես չէ, որ գոյություն ունի: Արժանավոր զավակի ծնողը ժողովուրդն է: Եվ երիցս երջանիկ է այն մարդը, որն իր ժողովրդի որդին դառնալու կոչման է արժանանում:
Մ. Մկրտչյանը այդ հազվադեպներից մեկն է: Ակամա հիշեցի այն օրը, երբ նա ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանն Էր արժանացել: Այդօրը եղբոր՝ Ալբերտ Մկրտչյանի հետ ականատես եղանք համաժողովրդական ուրախությանը: Ի՜նչ հրաշալի դեպքեր ու դիպվածներ ասես չէին կատարվում: Մեքենա էր նստում, վարորդը համբուրում էր: Մեկ ուրիշը կատակում էր, թե դու նո՞ր ես կոչում ստանում: Ծանոթ-անծանոթ երախտիքի ու շնորհավորանքի հուզիչ խոսքեր էին ասում: Երիտասարդ մի ընտանիք, ծաղկեփունջը ձեռքին, հավանաբար հրավերի էին գնում, ամեն ինչ մոռացած՝ հայրը ծաղիկները տվեց 6-7 տարեկան իր երեխային, թե տուր Ֆրունզիկին: Երեխան սկզբում չհասկացավ: Հայրը նրան գրկեց, մոտ եկավ ու ասաց.
«Այս էլ իմ Մհերի կողմից»: Ֆրունզիկը համբուրում է երեխային, ինքն էլ հուզվում:
Բարձրանում է բեմ: Արդեն սպասողներ կան: Կոլեգաները հաս­կանալի են... Հեռավոր շրջաններից են եկել, հետները բերելով անհամար ծաղիկներ, տնական գինի, թթի օղի... Մի խոսքով, անհամար, անթիվ հեռագրեր... Երկրի տարբեր ծայրերից: Ուրախությունը կարծես ավելի շատ մերն է, քան իրենը: Չէ, համեստ չէր խաղում: Ասաց՝ իհարկե այս ամենը հաճելի ու հուզիչ է, հետո էլ թե՝ լավ, ինչ է պատահել որ, էլի նայն Ֆրունզիկը չե՞մ, ի՞նչ փոխվեց որ, տաղանդս ավելացա՞վ, չէ, գործ պիտի անել, ավելի լուրջ:
Հետո հենց այնպես, անկապ, ամենայն լրջությամբ ասաց, որ ամենալավ վիճակը հովվինն է: Սիրտը կուզի, ուզած մարգագետինն ու գետակը կանցնի, որ սարն ասես կբարձրանա մինչև վերջ՝ գագաթը, ու մի հարցնող էլ չկա, թե էս ու՞ր... Կարգ կա, ժամանակ կա... խոսում է այնպես, ինչպես «Մենք ենք, մեր սարերի» իր հերոսը՝ Իշխանը: Ու ժպտալով, գրասեղանի վրայից վերցրեց իր սև, մեծ ակնոցները, հագավ: ժպտալով, որովհետև դա իր պատմությունն ունի, և այդ պատմությանը ես ականատես եղա Լենինգրադյան XVI կինոփառատոնի օրերին: Փողոց դուրս գալիս, չգիտես ինչու, սև, մեծ ակնոցներ էր կրում: Ակնոցներ կարող էր կրել, բայց սկզբում չէի հասկանում չափազանց մեծի իմաստը: Երբ հարցրի, թե՝ Ֆրունզե Մուշեղի, ինչու՞ ես այդքան մեծ ակնոցներ կրում և ավելացրի, որ նույնիսկ մի քիչ էլ տգեղ է, նա առանց պատասխանելու ակնոցները հանեց: Տասը, քսան քայլ դեռ չէինք անցել, կատարվեց աննկարագրելին: Մի հոծ բազմություն հավաքվեց, ում ձեռքին ինչ կա... Մեկը գիրք է մեկնում, մյուսը՝ բլոկնոտը, լուսանկար, թուղթ, լուցկու տուփ... ինքնագիր..., ինքնագրեր: Ու այսպես ավելի քան մեկ ժամ: Եվ սրտառուչ է տեսնել այդ պահը, և՝ «Հին օրերի երգի» ցուցադրումից ենք ուշանում, ավելի ճիշտ՝ արդեն ուշացել ենք: Մեկ էլ իրեն հատուկ ժպիտով հայերեն ասում է. « Հը, հասկացար սև, մեծ ակնոցներ կրելու իմաստը»: Դրանից հետո երբեմն կատակով հարցնում էր. «Հը°, ակնոցներս հանե՞մ»: «Իհարկե», - հետևում էր պատասխանը: Դա ականատեսի համար աննկարագրելի գեղեցիկ է, իսկ իր համար՝ շատ սովորական, առօրեական մի պահ: Բնակարանում ծանոթների և անծանոթների թիվը աստիճանաբար պակասում է: Ձեռքս է ընկնում ձեռագիր մի սցենար: Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուսն» է, բեմադրվել է Լենինականի տեքստիլի ակումբի սիրողական թատերախմբում: «Նամուսի» բեմադրություններից մեկի ժամանակ Ռուստամի ծառայի դերակատարը հիվանդանում է և 13-ամյա Ֆ. Մկրտչյանը փոխարինում է:
- Իմ դերը շատ հեշտ էր, ընդամենը երկու խոսք, - վերհիշում է նա: - Բեմ մտնելով, պիտի ասեի. «Ձին պատրաստ է»: Եվ երբ բեմ բարձրացա, դեռ ոչինչ չաասծ՝ դահլիճը պոռթկաց: Սկսեցին քահ-քահ ծիծաղել, խնդալ: Դրամատիկ պահը վերածվեց կոմիկականի, լացելով դուրս փախա բեմից: Մինչև հիմա էլ այդ ծիծաղը ականջիս հնչում է: Այստեղից է, որ սկսվում է նրա դերասանական կենսագրությունը: Այդտեղ է նա աշխատել որպես կինոմեխանիկի օգնական: Կինոխցիկի փոքրիկ անցքից այստեղ է նա առաջին անգամ տեսել Հայկինոյի հիմնադիր Հ. Բեկնազարյանի նկարած «Պեպոն», Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Հասմիկի և մյուսների հիանալի խաղը: 1947 թվականին հրավիրվում է Լենինականի պետական թատրոն, մեկ տարի սովորում թատրոնին կից ստուդիայում:
Դերասանն ինքն է շուռումուռ տափս արխիվը, պիեսները, սցենարները: Նայում ես դեմքին: Արտաքուստ կարծես ոչինչ չկա: Աչքերին հուզմունք ու թախիծ կա: Ոչինչ չի ասում, հազար թելերով կապվել է մանկությանը: Ու հետաքրքիր մի բան: Սկսած առաջին պիեսից, ձեռագիր կամ մեքենագիր էջերի լուսանցքներում նկարել է բեմը, բեմում իր կերպարն է, իր հերոսը:
Ահա լենինականյան բեմի Տրուֆալդինոն, Խլեստակովը, Սաղաթելը, մի քանի դեր միայն «Մեծապատիվ մուրացկաններում»: Հետագա շրջանում Եզոպոս, Զամբախով, Սիրանո, Պաղտասար: Արանք լուսանկար չեն, ոչ էլ' սովորական նկարազարդեր: Մինչև ներկայացումը առաջինը ինքն է իրեն «բեմադրել»: Դերը ոչ թե սերտել, այլ ստեղծա- գործել է, դւսրձրել է իրենը, իր էության անբաժանելի մասը:
Անթիվ, անհամար լուսանկարներ: Նկարահանման պահեր «Նվագախմբի տղաները», «Եռանկյունին», «Հայրիկ», «Մենք ենք, մեր սա­րերը», «Միմինո», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Ալի բաբան և 40 ավազակները»... Ավելի քան 60 ֆիլմում է նկարահանվել:
Ուշագրավ մի լուսանկար՝ Մ.Սարյանի արվեստանոցում:
- Ուրկի՞ց ես, երիտասարդ, - Ֆրունզիկին հարցնում է Աարյանը: 
- Դժվար է ասել. հայրս մշեցի է, մայրս՝ վանեցի, ծնվել եմ Լենինականում, ապրում եմ Երևանում... 
- Այ տղա, ասա՝ դու իսկական հայ ես, - կատակում է վարպետը: Իսկ նրա ծննդավայր Գյումրին արվեստի, մշակույթի ու արվեստների քաղաք է:
Նրա դերասանական վաստակը արժեքավորելու համար հարկ չկա ծանրութեթև անել այս կամ այն դերակատարումը: Կան անհատներ, որոնց արվեստի, ստեղծածի կշռելիության, չափի միավորը համաժոդովրդւսկւսն արժեքավորումն է: Եվ այն չի սահմանափակվում միայն մեկ ազգի կամ ժողովրդի գնահատման չափանիշով: Շանոթանում եմ նրա արտասահմանյան հյուրախաղերի արձագանքներին:
Ծիծաղ արցունքների միջից՝ ահա նրա արվեստի հիմնական գիծը: Նույնիսկ այն պահին, երբ կատակերգական դեր է խաղում, ու դահլիճը ծիծաղից պոռթկում է՝ նրա աչքերում մի անսահման թախիծ ու տխրություն կա: Եվ կատակերգականը խառնվում է ողբերգականին ու ստանում է այնպիսի հնչեղություն, որ կարծես ոչ թե խաղում է, այլ ինքն է, տեքստն Էլ ինքն Է գրել: Այդպես է, եթե որևէ սցենար, պիես սրտով չէ, ապա փոխում է, դարձնում իրենը, այնպես որ, դերասանն ու հեղինակը ծուլվում են իրար, դառնում մի ամբողջականություն: Նրա մոտ կատակերգականն ու ողբերգականը միասին են, ոչ թե կողք-կողքի, այլ՝ շաղախված, խառնված:
Ու երիցս իրավ է քննադատը, երբ գրում է, որ նրա բոլոր կերպարանափոխումները շնչում են ժողովրդական զգացողությամբ և ինչ որ անում է բեմում, գրքերից չէ, այլ՝ հողից, երկրից, բնությունից: Բնածին է նրա խելքը, սուր, դիպուկ, ընդգրկուն և արտիստական:
Գուցեև նրա գաղտնիքը այս ամենի գումարելին է, որից ծնվել է մի անկրկնելի անհատականություն, որ աշխարհին նայում է շվար աչքերով ու չգիտե' լա՞. թե՞ խնդա...
Ընկերներ, բարեկամներ, Սպիտակի շրջանի ղեկավարները ինձ հաճախ էին հարցնում, թե մի օր ե՞րբ ես Ֆրունգին Սպիտակ բերում... Նույնիսկ նախատում էին, կատակով ամոթանք տալիս, որ «Ֆիլմ» թերթի խմբագիրն ես ու Ֆրունզին մի օր Սպիտւսկ չես բերում: Այդ շրջանում Ալբերտ Մկրտչյանն ավարտել էր «Մեր մանկությւսն տանգոն» գեղարվեստական բարձրարժեք կինոնկարը... Ալբերտի հետ որոշում ենք հանդիպում կազմակերպել ստեղծագործական խմբի հետ և մեկ-երկու օր անցկացնել Սպիտակում: Հայաստանում արվեստի, մշակույթի, գիտության, հասարակական, քաղաքական, պետական ոչ մի գործիչ այնքան հեղինակություն չի վայելել, որքան Մհեր Մկրտչյանը: Մհերը ազգի կուռքն Էր, լեգենդը, ծիծաղ ու թախիծ պատկերող անհատը... Սկզբում գնացինք մեր տուն... Սովորական, հասարակ մի տուն՝ պատերին փակցված կարպետներ, հաստ, բայց կոկիկ իրար վրա դարսած անկողիններ, հին մահճակալներ և այլն...
- Ես այստեղից ոչ մի տեղ Էլ չեմ գնա, նույնիսկ՝ Լենինականի Արամայիսի կազմակերպած Ծիծաղի տունը, այս տունը մեր հին տունն է հիշեցնում... Եթե դեմ չեք, Թամարն էլ համաձայն է, տեղ չեմ գնա... Ասում Եմ՝ Մհեր Մուշեղի, էդպես վարվել են նաև Սոս Սարգսյանը, Ազատ Շերենցը, Գալյա Նովենցը, Ալբերտ Յավուրյանը, Համո Աահյանը, Ազատ Գասպարյանը, Աղասի Այվազյանը և շատ-շատերը...
- Ասեմ: Ծննդյան վկայականով ես Մհեր եմ եղել: Հայրս Ֆրունզե Դովլաթյանի հոր նման մտածելով, որ Չապաև, Կոտովսկի այնքան էլ հարմարչեն,որոշել է դնել Ֆրունզե:1965 թվականին սփյուռքահայության համար ռադիոյով կարդացի Հ. Շիրազի «Մարդկանց անունները»: Հիշո՞ւմ եք, որ ասում է.
էլ Ալֆրեդ, էլ ժորժետա,
Թե թարգմանես, ի՞նչ դուրս կգա...
Երեք ամիս հետո մի նամակ ստացվեց Սփյուռքից, որտեղ հեղինակը գրում էր. «Ատիկա ցավ է մեր հայերուս համար, մենք ալ հոս Ջոն կդնենք, Ջիմ կդնենք: Դերասանը հրաշալի կարդաց, բայց վերջում բան մը չի հասկացանք, թե ինչու հաղորդավարը ըսավ՝ կարդաց Ֆրունզիկ Սկրտչյանը: Ի՞նչ ըսել է Ֆրունզիկ»:
Այդ դիտողությունից հետո Սիրիա և Լիբանան հյուրախաղերի մեկնելուց առաջ վերականգնեցի Մհեր անունս: Թեև հիմա և Ֆրունզիկ են ասում, և Մհեր, ես չեմ դժգոհում (ծիծաղում է և ավելացնում), մի կյանք և մի անուն ունենալը հետաքրքի՞ր է, որ...
Մհեր Մկրտչյանի հետ այս զրույցը կայացել է 1981-ի դեկտեմ­բերին:

Ռոբերտ Մաթոսյան
«Հարդագողի կինոճանապարհով» գրքից

Печать

Актеры советского киноМария Ильина (составитель)
«Актеры советского кино»
Автор статьи Марина Тимченко,
Выпуск 10, 
Издательство "Искусство"
Москва,1974

Статью прочесть тут http://www.frunzik.com/timchenko

Печать

Մհեր Մկրտչյանն իր սերնդի ամենատաղանդավոր դերասանն էր: Եվ ամենաժողովրդական, ամենասիրված դերասանը: Ո՞րն էր նրա արտիստական հմայքի գաղտնիքը, նրա արվեստի ուժը: Կյանքի ծիծաղելին թախիծով, բնական ու անսեթևեթ ներկայացնելու վարպետությու՞նը. գուցե, բայց որ նա հանդիսատեսին ձգում էր անբացատրելի ուժով, աներկբա է: Բավական էր, որ Մկրտչյանը հայտնվեր բեմում կամ էկրանին, հանդիսականը աշխուժանում էր, զվարթորեն արձագանքում նրա ամեն մի ռեպլիկին, ծափահարում էր սրտանց:
Նրա բեմական ուղին սկսվեց ծննդավայր քաղաքի՝ Լենինականի թատրոնում: Ճակատագրի հեգնանք էր, թե դիպված, Մկրտչյանին հենց սկզբում բաժին ընկան տարեց մարդկանց դերեր: Հետագայում պիտի խոստովաներ, որ «մեծերի» դերերը վստահություն հաղորդեցին իրեն: 
Թատրոնում հաստատվել էր արդեն, մինչդեռ կինոյում շարունակում էին աննշան դերեր առաջարկել:
-  Բեմում թրծված դերասան Ֆրունզիկին կինոյում ինչու՞ չէին «նկատում», - մի առիթով հարցրի նրան:
Ծիծաղեց, ապա իր նման կես-լուրջ, կես-կատակ.
- Բախտի բան է: «Սևանա լճի գաղտնիքները» կինոնկարում էպիզոդիկ դերում նկարահանվեցի, բայց մոսկվացի ռեժիսորը կադրում միայն ոտքս էր թողել: Գոնե քիթս թողներ, գլխի չընկավ, որ քիթս դառնալու է նշանավոր:
- Ծանր չէ՞ երկու անուն կրելը:
- Չէ, լավ է, Հայաստանում Ֆրունզիկ եմ, սփյուռքում՝ Մհեր: Բեյրութի հայերը կնքեցին. ասին՝ արևի պես լույս կուտաս, ուրեմն՝ Մհեր ես...
- Տարիներ շարունակ երազում էիք Սիրանո դը Բերժերակ խաղալ: Բեմադրվեց ու շուտ հանվեց խաղացանկից: Պատճառն ի՞նչ էր:
- Մի բան որ շատ ես ուզում, լավ չի ստացվում: Երևի կյանքում էլ է էդպես: Իմ ուզածը չեղավ: Ես ուզում եմ տխուր բաների մասին ուրախ ձևով պատմել:
-  1987թ. նկարահանեցիք Մ. Գորկու «Հատակումը»: Ի՞նչը դրդեց զբաղվել ռեժիսուրայով, այն էլ կինոյում:
-  Ես ուզում էի կինոյի լեզվով մարդկանց ասել, որ դուք մոռացել եք ձեր կոչումը, դուք բարի եք ծնվել, բարի գործեր պետք է անեք:
Մհեր Մկրտչյանի հզոր տաղանդը չէր «ենթարկվում» արտիստական համակարգի արհեստածին պայմանականություններին, այն ասես «մակընթացության օրենքով» հորդում էր դուրս՝ ջնջելով ամեն մի սահման ու կարգ: Մեծ կատակերգուն նույն ուժգնությամբ նաև ողբերգակ էր, թեպետ սեփական տաղանդի հանդեպ դրսևորած անփութության, նաև այլ պատճառներով նրա դրամատիկական շնորհները այդպես էլ լիուլի չդրսևորվեցին:
«Փորձիր համեմատել Մհերի ստեղծած կերպարները միմյանց հետ, համեմաիր ոչ թե քիթ ու մորուքով, այլ կերպարների ներսով, ներքինով. անհնար է գտնել որևէ նմանություն, նմանությունը միայն խաբուսիկ է, միայն  արտաքին է: Երջանկություն է, որ Մհերը կինո եկավ,  կարող էր չգալ»: Այս խոսք-բնութագրով Հենրիկ Մալյանն ասես հաստատում է այն իրողությունը, որ Մհեր Մկրտչյանը կինոբեմադրիչի համար փնտրված, փայփայելի արտիստ էր: 
Մհեր Մկրտչյանը որքան երջանիկ էր արվեստում, ուղիղ համեմատականով դժբախտ էր անձնական կյանքում: 
Կյանքի վերջում արտիստը ցավը խեղդում էր խմիչքի մեջ, ապրում էր ասես հայեցումով՝ հանձնված բախտի քմահաճույքին... Եվ 1993թ. դեկտեմբերի 29-ին անլույս քաղաքի անջերմին բնակարանում գտավ իր վախճանը: 
Սրտակից ընկերոջ ու բարեկամի՝ դերասան Ազատ Շերենցի հոգեհանգստի օրը... «Իմ մանկությունը, չգիտես ինչու, ինձ ներկայանում է  հեծանիվ քշող տղայի տեսքով, - առանց կատակի ասում էր կատակերգու Ֆրունզիկը:- Գուցե այն պատճառով, որ մանկության տարիներին միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որ այդպես էլ չունեցա»:
Մանուկները հեծանիվ և դրա նման բաներ են երազում: Մոռացումը գալիս է, երբ երեխաները մեծանալով՝ մեծ-մեծ բաների տեսիլքով են ապրում: Ասենք՝ դերասան դառնալու տեսիլքով: Բայց բեմի մասին երազել ու նվաճել բեմը՝ ընտրյալներին է տրված: Ֆրունզիկը հենց «ոսկի» երազ էր. նա գտավ թատրոնը, թատրոնն էլ՝ նրան: Ինքը՝ բեմի արև Մհեր Մկրտչյանն ասում էր, որ թատրոնը մարդու հետ ծնված բան է. հարսանքիները, հուղարկավորությունը, եկեղեցին, ամեն ինչ հանճարեղ բեմադրություններ են...

Հ. Մարտունի
«Օթյակ»

Печать

Գալստյան Սերգեյ «Անուններ էկրանի վրա» «Անուններ էկրանի վրա» / "Имена на экране"
Հեղինակ Գալստյան Սերգեյ / Сергей Галстян
«Սովետական գրող» հրատարակչություն
Издательство ''Советакан грох''
Երեւան1984 / Ереван 1984
184 էջ

- Հանդիսատեսը հիշում է ձեր դերերը, և ուր էլ լինեք, ճանաչում է ձեզ: Դժվար չէ՞ լինել ճանաչված ու նշանավոր:

-  Ճանաչված են լինում շատերը, հատկապես մարդիկ, որոնք շփվում են լայն մասսաների հետ: Արվեստի, գիտության և այլ ասպարեզներում մարդկանց ճանաչում են իրենց գործերով: Հեռվից հիացած նայում, լսում, կարդում, նրանցից օրինակներ ենք բերում, և քանի որ յուրաքանչյուրի գործում դրսևորվում է նաև իր անձը, ուստի ձգտում ենք մոտենալ, ճանաչել նրան: Շատ է պատահել, երբ անծանոթը խփել է ուսիս, բարևել, ժպտացել: Պարզ է, որ նա ինձ շփոթել է իմ խաղացած կերպարներից որևէ մեկի հետ: Ես այս ամենին հանգիստ եմ նայում, որովհետև այս ամենի պատճառը գործն է: Նշանավոր մարդը, ճանաչված լինելուց բացի, արդեն գործ ունի հասարակության վստահության հետ: Պատկանում է հասարակությանը ավելի, քան ինքն իրեն, որը կարող է մեծարել ու սայթաքելու դեպքում չներել: Քանի որ ճանաչումը կապված է նաև մարդու փառքի հետ, կարելի է ասել, որ նրա համար շատ դժվար է: Ամեն տեսակի մոլություններից ամենակործանարարը փառամոլությունն է: 
Թե՛ թատրոնի, թե՛ կինոյի հիմքում ընկած է գրականությունը: Իսկ հանդիսատեսին նրա հետ կապող միակ միջնորդը դերասանն է: Ես ընթերցող չեմ, ինձ համար կարդալ, նշանակում է աշխատել: Դերասանը օգնում է ընթերցողին կարդալու ավելի խորը, ավելի ազատ, ավելի կոնկրետ ու տեսանելի: Թատրոնում և կինոյում տարիներ շարունակ ապրում ես գրականության հետ, քնում և արթնանում ես նրա հետ: Ես աշխատում եմ հիշեցնել մարդուն, որ բնության պես ինքն էլ ազատ է, արժանապատվությամբ լի, նրա պես բարի, պարզ ու գեղեցիկ: Իսկ վերափոխելու մասին ես չեմ մտածում: 
-  Ինչպե՞ս եք աշխատում դերի վրա:
-  Իմ շատ սիրելի Վարդան Աճեմյանը գտնում էր, որ ես դերին մոտենում եմ քաղցած կատվի նման, որը ուզում է ուտել իր առջև դրված տաք կերակուրը, բայց վախենալով, որ բերանը կվառի, զսպում է իրեն՝ դանդաղ պտտվելով ափսեի շուրջը: Նախ հեղինակի ու ռեժիսորի, ապա կերպարի հետ է սկսվում կռիվս: Սրանից հետո ամենամեծ կռիվս ինձ հետ է. կարո՞ղ եմ արդյոք այդ դերը խաղալ: Այստեղ արդեն օգնության եմ կանչում «ինքնաճանաչողությանս», որը հարազատի պես, ոչինչ չթաքցնելով, ինձ հիշեցնում է իմ հնարավորություններն ու թերությունները: Այս բոլորը պարզելուց հետո ես պատրաստ եմ լինում փորձերի երկրորդ շրջանին: Սա այն պահն է, որտեղ ստեղծագործական տարերքի մեջ ռեժիսորի և մյուս դերակատարների հետ դառնում ենք համախոհներ: 
-  Հումորի լավագույն դրսևորումներից մեկը անեկդոտն է: Ձեր ամենասիրած անեկդետը:
-  Ամենաարագ հնացող բանն է: Չկա այնպիսի անեկդոտ, որ երեկ լսած լինեմ, իսկ այսօրինձ պետք գա: Դրանք ժամանակի հետ քայլող, սրամիտ, հաճախ մերկացնող, մարդուն սթափեցնող, ծիծաղ կամ քմծիծաղ հարուցող դիտողություններ են: Ինձ համար անեկդոտը բավականին լուրջ հասկացություն է: Չեմ սիրում գռեհիկ անեկդոտներ: Ինչպես արվեստում, այստեղ էլ չեմ սիրում առանց իմաստի ծիծաղել կամ ծիծաղ հարուցել: Անեկդոտը բարի ու չար լինելուց բացի կարող է լինել նաև չարաճճի: Աջ ու ձախ խարազանելով՝ նա գաղտնի մերկացնում է նաև պատմողին ու լսողին՝ ցույց տալով նրանց ճաշակն ու մակարդակը: Սիրած անեկդոտ չունեմ: Սիրում եմ անեկդոտը լսելուց հետո շտկել ու դարձնել ավելի դիպուկ: 
-  Դուք հրաշալի կարդում եք հայ բանաստեղծների գործերից, հատկապես Պարույր Սևակից: Ո՞րն է ձեր սիրած բանաստեղծությունը:
-  Նայած ինչ տրամադրությամբ, ինչ պահի: Պահ կա Թումանյանի բանաստեղծություններն եմ հիշում, պահ կա՝ Իսահակյանի, պահ կա՝ Չարենցի, պահ կա՝ իմ սեփական բանաստեղծությունը: Բանաստեղծություններ շատ եմ կարդացել. կարդում եմ տարբեր մոտեցումերով, մի դեպքում բանաստեղծությունը խաղում եմ որպես դրամատուրգիա, մյուս դեպքում մատուցում եմ հեղինակին: Այն, ինչ անում եմ Պ. Սևակի «Մարդ էլ կա, մարդ էլ» բանաստեղծության հետ, դա ասմունք չէ, թատրոն է: Այստեղ պոեզիան շաղախվում է հոգեբանական ռեալիզմով, առնականությամբ... 15-16 տարեկանից գրած ոտանովորներից ինչ-որ բան հիշում եմ.
Թշնամիդ է դեմդ կանգնել,
Ուզում է քեզ վարկաբեկել,
Թեկուզ լինի տգետ, գիտուն, 
Դու ունեցիր համբերություն:
Ինստիտուտն ավարտելուց հետ վարձով ապրում էի կիսանկուղային մի փոքրիկ, խոնավ ու մութ սենյակում և գրում էի: Հենց բնակարան ստացա, մուսաս անհայտացավ: Բայց ոչինչ, էլի գրում եմ. ինչու՞ չգրեմ՝ թուղթը՝ շա՜տ, մագաղաթ որ լիներ, հո չէ՞ի գրի...

Սերգեյ Գալստյան
(«Անուններ էկրանի վրա» գրքից)

Печать

Мы в ОДНОКЛАССНИКАХ

Мы на ФЕЙСБУКЕ