Գալստյան Սերգեյ «Անուններ էկրանի վրա» «Անուններ էկրանի վրա» / "Имена на экране"
Հեղինակ Գալստյան Սերգեյ / Сергей Галстян
«Սովետական գրող» հրատարակչություն
Издательство ''Советакан грох''
Երեւան1984 / Ереван 1984
184 էջ

- Հանդիսատեսը հիշում է ձեր դերերը, և ուր էլ լինեք, ճանաչում է ձեզ: Դժվար չէ՞ լինել ճանաչված ու նշանավոր:

-  Ճանաչված են լինում շատերը, հատկապես մարդիկ, որոնք շփվում են լայն մասսաների հետ: Արվեստի, գիտության և այլ ասպարեզներում մարդկանց ճանաչում են իրենց գործերով: Հեռվից հիացած նայում, լսում, կարդում, նրանցից օրինակներ ենք բերում, և քանի որ յուրաքանչյուրի գործում դրսևորվում է նաև իր անձը, ուստի ձգտում ենք մոտենալ, ճանաչել նրան: Շատ է պատահել, երբ անծանոթը խփել է ուսիս, բարևել, ժպտացել: Պարզ է, որ նա ինձ շփոթել է իմ խաղացած կերպարներից որևէ մեկի հետ: Ես այս ամենին հանգիստ եմ նայում, որովհետև այս ամենի պատճառը գործն է: Նշանավոր մարդը, ճանաչված լինելուց բացի, արդեն գործ ունի հասարակության վստահության հետ: Պատկանում է հասարակությանը ավելի, քան ինքն իրեն, որը կարող է մեծարել ու սայթաքելու դեպքում չներել: Քանի որ ճանաչումը կապված է նաև մարդու փառքի հետ, կարելի է ասել, որ նրա համար շատ դժվար է: Ամեն տեսակի մոլություններից ամենակործանարարը փառամոլությունն է: 
Թե՛ թատրոնի, թե՛ կինոյի հիմքում ընկած է գրականությունը: Իսկ հանդիսատեսին նրա հետ կապող միակ միջնորդը դերասանն է: Ես ընթերցող չեմ, ինձ համար կարդալ, նշանակում է աշխատել: Դերասանը օգնում է ընթերցողին կարդալու ավելի խորը, ավելի ազատ, ավելի կոնկրետ ու տեսանելի: Թատրոնում և կինոյում տարիներ շարունակ ապրում ես գրականության հետ, քնում և արթնանում ես նրա հետ: Ես աշխատում եմ հիշեցնել մարդուն, որ բնության պես ինքն էլ ազատ է, արժանապատվությամբ լի, նրա պես բարի, պարզ ու գեղեցիկ: Իսկ վերափոխելու մասին ես չեմ մտածում: 
-  Ինչպե՞ս եք աշխատում դերի վրա:
-  Իմ շատ սիրելի Վարդան Աճեմյանը գտնում էր, որ ես դերին մոտենում եմ քաղցած կատվի նման, որը ուզում է ուտել իր առջև դրված տաք կերակուրը, բայց վախենալով, որ բերանը կվառի, զսպում է իրեն՝ դանդաղ պտտվելով ափսեի շուրջը: Նախ հեղինակի ու ռեժիսորի, ապա կերպարի հետ է սկսվում կռիվս: Սրանից հետո ամենամեծ կռիվս ինձ հետ է. կարո՞ղ եմ արդյոք այդ դերը խաղալ: Այստեղ արդեն օգնության եմ կանչում «ինքնաճանաչողությանս», որը հարազատի պես, ոչինչ չթաքցնելով, ինձ հիշեցնում է իմ հնարավորություններն ու թերությունները: Այս բոլորը պարզելուց հետո ես պատրաստ եմ լինում փորձերի երկրորդ շրջանին: Սա այն պահն է, որտեղ ստեղծագործական տարերքի մեջ ռեժիսորի և մյուս դերակատարների հետ դառնում ենք համախոհներ: 
-  Հումորի լավագույն դրսևորումներից մեկը անեկդոտն է: Ձեր ամենասիրած անեկդետը:
-  Ամենաարագ հնացող բանն է: Չկա այնպիսի անեկդոտ, որ երեկ լսած լինեմ, իսկ այսօրինձ պետք գա: Դրանք ժամանակի հետ քայլող, սրամիտ, հաճախ մերկացնող, մարդուն սթափեցնող, ծիծաղ կամ քմծիծաղ հարուցող դիտողություններ են: Ինձ համար անեկդոտը բավականին լուրջ հասկացություն է: Չեմ սիրում գռեհիկ անեկդոտներ: Ինչպես արվեստում, այստեղ էլ չեմ սիրում առանց իմաստի ծիծաղել կամ ծիծաղ հարուցել: Անեկդոտը բարի ու չար լինելուց բացի կարող է լինել նաև չարաճճի: Աջ ու ձախ խարազանելով՝ նա գաղտնի մերկացնում է նաև պատմողին ու լսողին՝ ցույց տալով նրանց ճաշակն ու մակարդակը: Սիրած անեկդոտ չունեմ: Սիրում եմ անեկդոտը լսելուց հետո շտկել ու դարձնել ավելի դիպուկ: 
-  Դուք հրաշալի կարդում եք հայ բանաստեղծների գործերից, հատկապես Պարույր Սևակից: Ո՞րն է ձեր սիրած բանաստեղծությունը:
-  Նայած ինչ տրամադրությամբ, ինչ պահի: Պահ կա Թումանյանի բանաստեղծություններն եմ հիշում, պահ կա՝ Իսահակյանի, պահ կա՝ Չարենցի, պահ կա՝ իմ սեփական բանաստեղծությունը: Բանաստեղծություններ շատ եմ կարդացել. կարդում եմ տարբեր մոտեցումերով, մի դեպքում բանաստեղծությունը խաղում եմ որպես դրամատուրգիա, մյուս դեպքում մատուցում եմ հեղինակին: Այն, ինչ անում եմ Պ. Սևակի «Մարդ էլ կա, մարդ էլ» բանաստեղծության հետ, դա ասմունք չէ, թատրոն է: Այստեղ պոեզիան շաղախվում է հոգեբանական ռեալիզմով, առնականությամբ... 15-16 տարեկանից գրած ոտանովորներից ինչ-որ բան հիշում եմ.
Թշնամիդ է դեմդ կանգնել,
Ուզում է քեզ վարկաբեկել,
Թեկուզ լինի տգետ, գիտուն, 
Դու ունեցիր համբերություն:
Ինստիտուտն ավարտելուց հետ վարձով ապրում էի կիսանկուղային մի փոքրիկ, խոնավ ու մութ սենյակում և գրում էի: Հենց բնակարան ստացա, մուսաս անհայտացավ: Բայց ոչինչ, էլի գրում եմ. ինչու՞ չգրեմ՝ թուղթը՝ շա՜տ, մագաղաթ որ լիներ, հո չէ՞ի գրի...

Սերգեյ Գալստյան
(«Անուններ էկրանի վրա» գրքից)

Печать