Մհեր Մկրտչյանն իր սերնդի ամենատաղանդավոր դերասանն էր: Եվ ամենաժողովրդական, ամենասիրված դերասանը: Ո՞րն էր նրա արտիստական հմայքի գաղտնիքը, նրա արվեստի ուժը: Կյանքի ծիծաղելին թախիծով, բնական ու անսեթևեթ ներկայացնելու վարպետությու՞նը. գուցե, բայց որ նա հանդիսատեսին ձգում էր անբացատրելի ուժով, աներկբա է: Բավական էր, որ Մկրտչյանը հայտնվեր բեմում կամ էկրանին, հանդիսականը աշխուժանում էր, զվարթորեն արձագանքում նրա ամեն մի ռեպլիկին, ծափահարում էր սրտանց:
Նրա բեմական ուղին սկսվեց ծննդավայր քաղաքի՝ Լենինականի թատրոնում: Ճակատագրի հեգնանք էր, թե դիպված, Մկրտչյանին հենց սկզբում բաժին ընկան տարեց մարդկանց դերեր: Հետագայում պիտի խոստովաներ, որ «մեծերի» դերերը վստահություն հաղորդեցին իրեն: 
Թատրոնում հաստատվել էր արդեն, մինչդեռ կինոյում շարունակում էին աննշան դերեր առաջարկել:
-  Բեմում թրծված դերասան Ֆրունզիկին կինոյում ինչու՞ չէին «նկատում», - մի առիթով հարցրի նրան:
Ծիծաղեց, ապա իր նման կես-լուրջ, կես-կատակ.
- Բախտի բան է: «Սևանա լճի գաղտնիքները» կինոնկարում էպիզոդիկ դերում նկարահանվեցի, բայց մոսկվացի ռեժիսորը կադրում միայն ոտքս էր թողել: Գոնե քիթս թողներ, գլխի չընկավ, որ քիթս դառնալու է նշանավոր:
- Ծանր չէ՞ երկու անուն կրելը:
- Չէ, լավ է, Հայաստանում Ֆրունզիկ եմ, սփյուռքում՝ Մհեր: Բեյրութի հայերը կնքեցին. ասին՝ արևի պես լույս կուտաս, ուրեմն՝ Մհեր ես...
- Տարիներ շարունակ երազում էիք Սիրանո դը Բերժերակ խաղալ: Բեմադրվեց ու շուտ հանվեց խաղացանկից: Պատճառն ի՞նչ էր:
- Մի բան որ շատ ես ուզում, լավ չի ստացվում: Երևի կյանքում էլ է էդպես: Իմ ուզածը չեղավ: Ես ուզում եմ տխուր բաների մասին ուրախ ձևով պատմել:
-  1987թ. նկարահանեցիք Մ. Գորկու «Հատակումը»: Ի՞նչը դրդեց զբաղվել ռեժիսուրայով, այն էլ կինոյում:
-  Ես ուզում էի կինոյի լեզվով մարդկանց ասել, որ դուք մոռացել եք ձեր կոչումը, դուք բարի եք ծնվել, բարի գործեր պետք է անեք:
Մհեր Մկրտչյանի հզոր տաղանդը չէր «ենթարկվում» արտիստական համակարգի արհեստածին պայմանականություններին, այն ասես «մակընթացության օրենքով» հորդում էր դուրս՝ ջնջելով ամեն մի սահման ու կարգ: Մեծ կատակերգուն նույն ուժգնությամբ նաև ողբերգակ էր, թեպետ սեփական տաղանդի հանդեպ դրսևորած անփութության, նաև այլ պատճառներով նրա դրամատիկական շնորհները այդպես էլ լիուլի չդրսևորվեցին:
«Փորձիր համեմատել Մհերի ստեղծած կերպարները միմյանց հետ, համեմաիր ոչ թե քիթ ու մորուքով, այլ կերպարների ներսով, ներքինով. անհնար է գտնել որևէ նմանություն, նմանությունը միայն խաբուսիկ է, միայն  արտաքին է: Երջանկություն է, որ Մհերը կինո եկավ,  կարող էր չգալ»: Այս խոսք-բնութագրով Հենրիկ Մալյանն ասես հաստատում է այն իրողությունը, որ Մհեր Մկրտչյանը կինոբեմադրիչի համար փնտրված, փայփայելի արտիստ էր: 
Մհեր Մկրտչյանը որքան երջանիկ էր արվեստում, ուղիղ համեմատականով դժբախտ էր անձնական կյանքում: 
Կյանքի վերջում արտիստը ցավը խեղդում էր խմիչքի մեջ, ապրում էր ասես հայեցումով՝ հանձնված բախտի քմահաճույքին... Եվ 1993թ. դեկտեմբերի 29-ին անլույս քաղաքի անջերմին բնակարանում գտավ իր վախճանը: 
Սրտակից ընկերոջ ու բարեկամի՝ դերասան Ազատ Շերենցի հոգեհանգստի օրը... «Իմ մանկությունը, չգիտես ինչու, ինձ ներկայանում է  հեծանիվ քշող տղայի տեսքով, - առանց կատակի ասում էր կատակերգու Ֆրունզիկը:- Գուցե այն պատճառով, որ մանկության տարիներին միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որ այդպես էլ չունեցա»:
Մանուկները հեծանիվ և դրա նման բաներ են երազում: Մոռացումը գալիս է, երբ երեխաները մեծանալով՝ մեծ-մեծ բաների տեսիլքով են ապրում: Ասենք՝ դերասան դառնալու տեսիլքով: Բայց բեմի մասին երազել ու նվաճել բեմը՝ ընտրյալներին է տրված: Ֆրունզիկը հենց «ոսկի» երազ էր. նա գտավ թատրոնը, թատրոնն էլ՝ նրան: Ինքը՝ բեմի արև Մհեր Մկրտչյանն ասում էր, որ թատրոնը մարդու հետ ծնված բան է. հարսանքիները, հուղարկավորությունը, եկեղեցին, ամեն ինչ հանճարեղ բեմադրություններ են...

Հ. Մարտունի
«Օթյակ»

Печать