Արմեն Չալդրանյանի միակ կինոդերը, այն էլ` Ֆրունզի հետ

Армен ЧалдранянՆրան փոքր ժամանակ  բակում Ֆրունզ են ասել։ Ֆրունզին շատ նման է եղել. խոշոր, սևորակ աչքեր՝ անկյունները մի քիչ կախ ընկած, արտահայտված մեծ քիթ, սաթի պես սև մազեր ու յուրահատուկ դիմագծեր։ Թերևս հենց անսովոր արտաքինի պատճառով էլ Նորքի մանկական ճամբարում նրան Քաջ Նազարի դերն են տվել։ Ու 9 տարեկանում առաջին անգամ գլխավոր դերով բեմ է բարձրանում, իսկ եղբայրը՝ Վիգենը, «Քաջ Նազարում» տիրացու է խաղում։
Բեմադրության հաջողության ու 9-ամյա Քաջ Նազարի մասին տպագրվում է  «Պիոներ կանչ» մանկապատանեկան թերթում, որը պատահաբար ընկնում է սկսնակ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի ձեռքը: Նա տեսնում է Քաջ Նազարի լուսանկարն ու  նույն վայրկյանին գտնում իր դիպլոմային աշխատանքի՝ կարճամետրաժ ֆիլմի փոքրիկ հերոսին։ Ալբերտ Մկրտչյանը թերթի հոդվածի հետքերով գնում հասնում է «Նարինե» մանկական առողջարան, որտեղ աշխաատում էր փոքրիկ արտիստի մայրը։
Ռեժիսորը հայտնում է իր նպատակը. ուզում է փոքրիկ Քաջ Նազարին նկարահանել իր ֆիլմում, որտեղ նա խաղալու է Մհեր Մկրտչյանի հետ ու մարմնավորելու է նրա թոռանը։ Մայրը հյուրերին հրավիրում է իր տուն՝ անձամբ տեսնելու որդուն, որն այդ պահից այլևս Քաջ Նազար չէր, այլ Ֆրունզի թոռը՝ Արմենը։ Իրականում էլ նրա անունն Արմեն էր։
Ալբերտ Մկրտչյանը տիկնոջ նշած հասցեով գնում է Արմենին տեսնելու։ Հասնելով նրանց շենք՝ բարձրացնում է գլուխը. 9-ամյա մի տղա նայում էր պատշգամբից։ «Վերջ, ինքն է որ կա. էլ իմաստ չունի բարձրանալ»,- հայտարարում է Ալբերտ Մկրտչյանը։
"Фотография" - Фрунзик МкртчянՕհանավան գյուղում սկսվում են նրա դիպլոմային աշխատանքի՝ «Լուսանկար» կարճամետրաժ ֆիլմի նկարահանումները։ Պատմություն պատերազմի մասին։ Ռազմաճակատից նամակներ ու «սև թղթեր» են գալիս։ Ավագի որդին նամակ է գրում ու խնդրում հարազատներին լուսանկարվել ու նկարն ուղարկել ռազմաճակատ։ Նամակը մեծ ոգևորությամբ կարդում է Ավագի թոռը։ Ընտանիքն աշխարհով մեկ է լինում, որ իրենց զինվորը ողջ-առողջ է։ Բայց փոստատարը քիչ հետո Ավագ պապին հայտնում է, որ որդուց «սև թուղթ» է եկել, իսկ այն նամակը նա երկու ամիս առաջ էր գրել։ Ընտանիքը ոչինչ չգիտի բոթի մասին և գնում է լուսանկարվելու։ Ավագը թաքցնում է ճշմարտությունը. ինչքան էլ լուսանկարիչը հորդորում է նրան ժպտալ,  ժպիտ չի գալիս նրա դեմքին։ Ու հանկարծ հեռվից լսվում է Արմենի ճիչը՝ սպասե՜ք։ Նա շտապում էր՝ միանալու իր լուսանկարվող ընտանիքին։ Պապը, տեսնելով թոռանը, արցունքների միջից հրճվում է ու ծիծաղում։
Այս փոքրիկ ֆիլմը պատերազմի ցավն է խտացնում։ Ֆիլմում խաղում է  նաև Արուս Ասրյանը, մյուս դերերում նկարահանվել են Օհանավան գյուղի բնակիչները։
1969-ին նկարահանված «Լուսանկար» ֆիլմի տիտրերում Մհեր Մկրտչյանի ու Արուս Ասրյանի անունների կողքին գրվում է նաև 9-ամյա Արեմն Չալդրանյանինը։
Այս ֆիլմից էլ սկսվում է նրա սերը դեպի դերասանական արվեստը, ու սպորտում բավականին հաջողություններ վաստակած Արմենը վճռում է դերասան է դառնալ։
Դառնում է թատրոնի արտիստ։ Արմենի միակ դերը կինոյում եղել և մնում է «Լուսանկարը»,  հետո  առավել հոգեհարազատ ու գրավիչ է դառնում թատրոնը։
Սակայն 1980-ականների վերջերին, երբ կյանքում ու արվեստում արժեհամակարգը գլխիվայր շուռ է գալիս, Արմեն Չալդրանյանը թողնում է թատրոնն ու մեկնում ԱՄՆ։ Իր  անցյալի, հատկապես մանկության աշխույժ ու խենթ տարիները նա հրճվանքով է հիշում։ Հիշում է՝ երբ ֆիլմի նկարահանումներն ավարտվեցին, մայրը Ֆրունզիկ Մկրտչյանին ու Ալբերտ Մկրտչյանին նկարահանող խմբի հետ հրավիրեց իրենց տուն՝ խաշի։ Հիշում է Վոլգան, որով Ֆրունզը եկել է իրենց տուն։ Մայրն արտիստին ասել է. «Մի տեսեք՝ որդիս նման չի՞ Ձեզ. ախր նրան բակում Ֆրունզ են ասում»։
Ֆրունզը պատասխանել է. «Էս սիրուն երեխուն ինչի՞ են Ֆրունզ ասում»։ Բայց պրոֆիլից տեսնելով նրա քիթը՝ համոզվել է՝  Արմենն իսկապես նման է իրեն։
Տարիներ անց` Սունդուկյան թատրոնում Մհեր Մկրտչյանին նվիրված երեկոյին, դահլիճում նստածներից մեկը խոսելու թույլտվություն է խնդրում, բարձրանում բեմ, որտեղ նստած էր սիրված արտիստը։ «Վարպետ, բարև Ձեզ, ես Ձեր թոռն եմ»,- հայտարարում է։ Ֆրունզն ու դահլիճն ապշում են. ինչպե՞ս թե՝ ես Ձեր թոռն եմ։ «Հապա մի լավ նայեք, մի՞թե նման չեմ Ձեզ, չէ՞ք հիշում ինձ, Արմենն եմ, Ձեր թոռը»,- ասում է համարձակ հանդիսականն ու պրոֆիլով կանգնում Ֆրունզի դիմաց։ Արտիստն ուրախությունից վեր է թռչում. «Պապը գտավ իր թոռանը»,- բացականչում է ու համբուրում Արմեն Չալդրանյանին, որն արդեն գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնի ուսանող էր։
Армен ЧалдранянԱրմեն Չալդրանյանը սրբորեն, որպես մասունք, պահպանում է այն ծաղրանկարը, որ Ֆրունզը նվիրել է իրեն՝ ի հիշատակ իրենց հանդիպման ու «Լուսանկար» ֆիլմի նկարահանումների։
Այս քաղցր ու բարի հուշերն Արմեն Չալդրանյանն իր հետ Ամերիկա է տարել դեռ 25 տարի առաջ. դրանք երբեք վաղեմության ժամկետ չեն ունենալու, որովհետև իր կյանքի բոհեմական ակնթարթներն են։ Արտիստի մասնագիտությունն ու խառնվածքը նրան օգնել են ԱՄՆ-ում մտնելու բիզնեսի աշխարհ։ Նա իր խոսքի արվետով հավատ է ներշնչում մարդկանց, որպեսզի նրանք վստահեն իրեն ու ապահովագրեն իրենց կյանքը՝ այդ գործը հանձնելով կյանքի ապահովագրման ընկերություններին։
«Ես խոստումներ եմ վաճառում, այո, հենց այդպես, խոստումներ։ Իմ արտիստական շարժուձևը, դիմախաղն օգնում են ինձ համոզելու մարդկանց, որ «Փենսիլվանիա» ապահովագրական ընկերությունն ամենահուսալին է, ու մարդիկ վստահում են ինձ։ Ահա թե էլ որտեղ է պետք գալիս իմ դերասանական վարպետությունը»,- անկեղծանում է Արմեն Չալդրանյանը։ Նա ճանաչվել ԱՄՆ-ի 25 լավագույն կրակող աստղերից մեկը, այսինքն՝ մենեջեր, պրոդյուսեր, որի նկատմամբ վստահությունը շատ մեծ է։ Արմեն Չալդրանյանի ուսմունքներով նույնիսկ գիրք է տպագրվել՝ «Մի մահացեք ձրի» խորագրով. ենթատեքստը հուշում է՝ ապահովագրեք ձեր կյանքը, մարդիկ։
Արմեն Չալդրանյանը զբաղվում է նաև իր եղբոր՝ կինոռեժիսոր, դերասան Վիգեն Չալդրանյանի ֆիլմերի պրոդյուսերությամբ։ Ինքն ու կինը որդուն՝ ռեփ երգիչ Դեյվիդ Չալդրանյանին, դաստիարակում են՝ նրան պատրաստելով համառ ու նպատակասլաց պայքարի, որ թելադրում է կյանքը։

Лого киноашхарՆաիրա Փայտյան 
August 14, 2014 
http://kinoashkharh.am/2014/08/7744#sthash.zz0wHLt3.dpuf

Печать