От Дмбуза Арсена до трагического Фрунзика

Ֆրունզյան հիշողությունների պատառիկներով

Кима Егиазарян«Մեր 2000-ամյա թատրոնի պատմությանը քաջատեղյակ լինելով՝ ինձ համար երեք բարձունք եմ առանձնացրել՝ Պետրոս Ադամյան, Վահրամ Փափազյան եւ Մհեր Մկրտչյան: Երբ Ֆրունզը մահացավ, ես ցավով նշեցի, որ մեր վերջին արտիստը մահացավ»,- մկրտչյանական ֆենոմենի նմանատիպ գնահատումով պատմում է արտիստին մանկության տարիներից ճանաչած ու նրա մեծությունը այդ ժամանակներից ի վեր հաղորդակից դաձած, այժմ լրագրող, բայց մասնագիտությամբ թատերագետ Կիմա Եղիազարյանը:- Մնացածներն, իհարկե, մեծ դերասաններ էին, բայց ինձ համար արտիստ այդ երեքն էին:
Իր մշտական ու երբեք չմոռացվող ներկայությամբ` մեծ գյումրեցու կերպարն այսօր էլ տիկին Կիմայի հիշողության բոլոր շրջափուլերում է: Ոչ միայն կնոջ մանկությունը, այլեւ պատանեկության ու երիտասարդության հուշերն են շաղախված մկրտչյանական կերպարի ամենատարբեր դրսեւորումներով:
-1970 թվականն էր, երբ առաջին անգամ տեսա Ֆրունզին: Իր «Վոլգա» մենքենայով եկավ, կանգնեց մեր բակում: Այն ժամանակ «Վոլգան» շատ թանկարժեք էր, ու ամեն մեկը չուներ: Մեքենայից իջավ Դոնարա Մկրտչյանը: Ձեռքին 2 շոկոլադե սալիկ ուներ, ու երբ մենք, երեխաներով վազելով եկանք նրան մոտ, շփոթմունքից Դոնարան սալիկները քցեց ներքեւ ու զարմացած մեզ էր նայում:

Фрунзик (Мгер) МкртчянԱյդ պահին եկավ ֆրունզն ու մեզ ուրախ ասաց` ո՞նց եք, երեխեք: Բոլորս մի տեսակ քարացել էինք. մտածում էինք` դերասանը ոնց կարող է խոսել մեզ հետ: Իսկ Ֆրունզն այնքան անմիջական էր, այնքան հասարակ: Բակի չարաճճի տղաներից մեկն էլ, շատ միանգամից ու անմիջական արձագանքեց` «Լավ ենք, դմբուզ Արսեն, լավ ենք»: Այդ ժամանակ բոլորը Ֆրունզին ճանաչում էին «Նվագախմբի տղաների» դմբուզ Արսենով, ու այդ կերպարը շատ երկար ժամանակ մնաց:Ապա անընդմեջ հետեւողականությունը դերասանի հաջողություններին, ձեռքբերումներին ու կինոարվեստի նոր նվաճումներին եղավ արտիստի քրոջ` տիկին Կլարայի պատմածներով, ինչը դերասանին ավելի մոտիկից ճանաչելու ու նրան մոտ զգալու հնարավորություն ստեղծեց: Ստեղծագործական ու բեմական կյանքից զատ` հանգամանքների բերումով անձնական շփումը արտիստի զավակների ու զրուցակցիս միջեւ եւս դառնում է Մկրտչյանին շաղկապված հիշողությունների մի պատառիկ:-Մկրտչյանն ուԴոնարան զբաղված էին հյուրախաղերով` Մոսկվա, Բեյրութ, Ֆրանսիա: Երկրից անընդհատ բացակայությունների ժամանակ Մկրտչյանի մայրը` Սանամ տատը` մի քիչ մռայլ, շատ հասարակ, մազերը հետեւում հավաքած մի կին, հաճախ Նունեին՝ դերասանի աղջկան, բերում էր տիկին Կլարայի տուն: Ու աղջիկն էլ անընդհատ պատմում էր հոր մասին, խոսում էր ներկայացումներից: Երբեմն էլ մենք, երեխաներին բնորոշ ըմբոստությամբ, կռվում էինք, վիճում ու Սանամ տատն էր մեզ բաժանում,- մանկության հուշերն է շարունակում փորփրել տիկին Կիման: Մտապատկերում այնուհետ հայտնվում է Ֆրունզի որդին`Վահագնը, ում մասին նա խոսում է առանձնակի հիացմունքով.

Ваагн Мкртчян-Վահագնը ուրիշ էր, զարմանալի երեխա էր: Լրիվ այլ աշխարհից էր, ուրիշ բան կար նրա մեջ, որը սովորական մահկանացուներիս նման չէր: Ինքը հենց այդպես Աստծո տված դրոշմով էր ծնվել ու նկարում էր շատ լավ: Ու ես այնքան ցավ էի ապրում, որ այս հասրակաության մեջ ինքը անհամատեղելի էր: Նա այնքան մեծ էր, ու մեծ էին նաեւ նրա հայացքները: Բայց մորից ժառանգած հիվանդությունը 90-ականներն դառնում է Վահագի հոգեկան խանգարման եւ մահվան պատճառը:
Դերասանի անձնական կյանքի դժվարությունները, կնոջ` Դոնարայի Հարությունյանի հիվանդությունը, որդու մահը ամբողջապես հյուծում են դերասանին: Ու այդ ընթացքում դերասանուհի Թամարա Հովհաննիսյանն է իր ներկայությամբ դառնում Ֆրունզի դժբախտությունների, ապա նաեւ կյանքի ուղեկիցը:
-Ֆրունզին հետո տեսա ահագին տարիներ անց, երբ սովորում էի «Հայֆիլ»՚ կինոստուդիային կից կինոդերասանական բաժինը` Ալբերտ Մկրտչյանի դասարանը: Տարբեր ֆիլմերի նկարահանումների, ինչպես նաեւ դասախոսությունների ժամանակ նա գալիս էր, հանգիստ նստում ու նայում էր, երկար նայում: Հետո մի փոքրիկ միջամտություններ էր անում, մի դետալ էր ավելացնում, ձեռքի, դիմախաղի, ժեստի ու հագուստի մի փոքրիկ, չնչին էլեմենտ, ու կերպարը զարմանալի կենդանանում էր, փայլ էր ստանում,- հիշում է Կիմա Եղիազարյանը:
Լռիկ, չխոսկան ամեն բան նկատող ֆրունզյան կերպարից զատ` կնոջ հիշողություններում է նաեւ զրույցները մեծ արտիստի հետ` կինոյի ու արվեստի շուրջ` մտածողության յուրատեսակ դրսեւորումներով ու սեփական փիլիսոփայությամբ. «Ու ամեն անգամ ես համոզվում էի, թե էդ մարդն ինչքան պարզ, ինչքան սովորական է: Ինչ հարց ուզում էիր տայիր, կպատասխաներ: Դա խոսում էր նրա իրական մեծության մասին»:
Թատրոնի ու կինոյի շուրջ ծավալված զրույցները թատերարվեստին այն ժամանակ մոտ կանգնած կնոջ համար նորովի են բացահայտում Ֆրունզին` նախեւառաջ ակնհայտ դարձնում արտիստի հիասթափությունը Սունդուկյանի թատրանում տիրող մթնոլորտից, Վարդան Աճեմյանի հետ ունեցած հակասություններից ու մինչեւ վերջ չբացահայտվելուց:
-Հետո, երբ ինքս ինձ վերլուծում եմ, հասկանում եմ, որ թատրոնում նա ամբողջությամբ չբացահայտեց իր տաղանդը: Իր վեհությունը նա չգտավ թատրոնում: Չեղավ այն բեմադրիչը, որ Ֆրունզի ուզած պիեսները բեմադրեր: Ամեն դեքպում Ֆրունզը հանրաճանաչ դարձավ կինոդերերով, այն դեպքում, երբ ինքը ավելի շատ ողբերգական ժանրի մեծ դերասան էր, որին պարզապես չօգտագործեցին:
1993թ. դեկտեմբերի 29-ի հետ կապված վատ հուշերը երկարամյա լրագրողը մեծ հուզումով է հիշում.«Ես շատ մեծ վիշտ ապրեցի ու հիշեցի, որ մահվանից ամիսներ առաջ անցնում էինք Պռոշյան փողոցում գտնվող նրա տան մոտով: Սարսափելի ցուրտ եղանակ էր: Իր կիսամաշ բաճկոնի մեջ կուչ եկած` նա անցնում էր փողոցով. ձեռքին պարկով դատարկ շշեր էին: Այնքան վատ զգացի նրան այդ վիճակում տեսնելով, որ չնկատելու տվեցի: Լրիվ մենակ էր մնացել՝ Թամարը հեռացել էր նրանից, Նունեն ամուսնու հետ Արգենտինայում էր, քույրերն ու եղբայրը իրենց ընտանիքներն ունեին: Գրեթե նույն ծանր վիճակում Ֆրունզին տեսել էի նաեւ Մոսկվայում` 90-ականներին»:
Դոնարան մահացել էր Սեւանի հոգեբուժարանում, Վահագնը՝ Նորքի հիվանդանոցում, ինքը` տանը՝ միայնության մեջ ու լքված: Տիկին Կլարան հետո պատմել էր, որ մահվան օրը տանը, բացի մի կտոր հացից ու կես շիշ օղուց, ոչինչ չի գտել:
-Այս ամեն դժվարություններին զուգընթաց` նա կյանքի հումորի իր չափաբաժինը երբեք չկորցրեց: Նունեն պատմում էր, թե ինչպես մի անգամ, կարճ շրջազգեստով ուզեցել է տանից դուրս գալ, հայրն ասել է՝ «Բա, յուբկեդ, Նունե, յուբկեդ մոռացել ես հագնել»:

Մարինե Պետրոսյան
Կիմա Եղիազարյան

9.Նոյեմբեր.2013

 

Печать