Նա սիրում էր մեզ, մարդիկ

Մհեր ՄկրտչյանՏխուր խորհդածություն Մհեր Մկրտչյանի ծննդյան օրվա առիթով:

...Հիշում եմ. մի անգամ սուրճ էինք խմում թատ­րոնի հարևանությամբ գտնվող բացօթյա սրճարանում: Չորս-հինգ փառահեղ կանայք անցան սրճարանի մոտով և, նկատելով Մհեր Մկրտչյանին, կրկին ետ դարձան ու հմայված նայում էին նրան: Զարմանալի ոչինչ էլ չկար, չէ՞ որ Մհեր Մկրտչյանին էին տեսնում: Մուշեղիչի տրամադրությունը բարձր էր, եւ նա ասաց այդ կանանց.
- Սիրունիկ տիկնայք, հավանաբար ընկերոջս ճանաչեցիք եւ ուզում եք նրա հետ ծանոթանալ: Գուցե ինձ չգիտէք, բայց ասեմ, որ Սերգոյի ընկերն եմ: Մեկ-երկու անգամ էլ ինձ տեսած կլինեք թատրոնում, կինոյում, հեռուստատեսությամբ: Անունս էլ Ֆրունզ է...
Կատակն այնպես լավ ստացվեց, որ համոզված եմ, այդ չորս-հինգ սիրունատես կանայք առավել շատ սիրեցին Ֆրունզին՝ Մհեր Մկրտչյանին...
Փառամոլության, մեծամոլության ոչ մի «շնորհ» չուներ: Ու գուցե մեծ էր նաեւ դրանով:
- Մուշեղիչ, երբեւէ Ձեզ հանճար կամ տա­ղանդ զգացե՞լ եք: Շատ լավ գիտէք, որ ժողո­վուրդը Ձեզ սիրում է, Ձեր հետ ծանոթ լինելը երջանկություն համարում:
- Հանճարէ՞ղ, տաղանդավո՞ր..., մի փոքր մտածեց ու ասաց: Իմ տեսած մարդկանցից հանճարեղ էին Փափազյանը, Հրաչյան, Վար­դան Աճեմյանը... Չէ, ես հանճարեղ չեմ: Գի­տեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին, մեկ առ մեկ: Այս է...
Դրամատուրգ ժորա Հարությունյանն ասում է.
- Շատ սիրված մարդ էր, շատ: Սիրված էր թատրոնում, սիրված էր կինոյում, սիրված էր ընկերներից, սիրված էր համաքաղաքացիներից, սիրված էր ռուս բարեկամներից... Բոլորից: Եվ հատկապես սիրված էր իր ժողովրդից: ժողովր­դական սերը նրա նկատմամբ գալիս էր նրանից, որ Մհեր Մկրտչյանը երբեք իր հաջողությունից, իր այդ մեծ սիրուց առաջ չընկավ, այլ միշտ գնաց այդ մեծ սիրո ետևից:
Այդ մեծ սիրո վկայություններից մեկն էլ տալիս է եղբայրը՝ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը.
- Մի անգամ մեկի տանը խաշի էինք հրավիրված: Մարդիկ իմացել Էին, որ Ֆրունզն է եկել: Գալիս էին, ուզում Էին տեսնել: Բայց, դե, խաշի ենք նստած, մեր խաշը պիտի ուտէի՞նք: Ֆրունզը գտավ միակ ճշմարիտ ելքը: «Դե, մենք խաշը կուտենք, ասաց, իսկ ժողովուրդը թող կրուգ տա, անցնե»...Ամեն ինչ համով էր անում, գեղեցիկ, այնպես, որ ոչ մեկին չնեղացնի...
Այսպիսի բաներ հիշեցի, երբ հուլիսի 4-ին, իր ծննդյան 70-ամյակի օրը ներկա եղա Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում կազմակերպված ցերեկույթին: Հավանաբար ինքներս մեզ շատ էինք թերագնահատել, որ միայն այդպիսի փոքր դահլիճ էինք գտել: Ու թեեւ Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղե­կավար Վահե Շահվերդյանը ներկաներին հավաստիացրեց, որ դիմելու են իշխանություններին Մհեր Մկրտչյանի ծննդյան 70-ամյակն առավԵլ մեծ շուքով նշելու համար, բայց դա փոքր մխիթարանք է: Ինչո՞ւ պետք է դիմել իշխանություններին, ինչո՞ւ իշխանությունները չգային, չասեին՝ այ ժողովուրդ, ինչպիսի վիճակում էլ լինենք, այս հուլիսի 4-ը պիտի փառավոր նշենք: Ու եթե այդպես լիներ, հավատացած եմ, որ գոնե Սունդակյանի անվան թատրոնի դահլիճը պիտի տրաքեր: Մարդիկ պետք է հրավիրատոմսեր փնտրեին, նրա ընկերներից, բարեկամներից, գործընկերներից շատերը պիտի խոսք ասել ուզենային, իրար հերթ չտային... Հավատացած եմ, որ այսպես կլիներ, գոնե այս դեպքում մեր ցավերն ու դժվարությունները չէինք հիշելու, քաղաքական կռիվների մեկնաբանությունները կթողնեինք, ամեն ինչ կթողնեինք... գոնե երկու-երեք ժամ մար­դավայել լինելու համար:
Հույս ունենանք, որ այդպիսի բան, թեկուզ, ու­շացած, կարվի: Թող ուշ լինի, ոչինչ: Մեծ բան պետք չէ. պետք է պարզապէս Մհեր Մկրտչյանին սիրել այնպես, ինչպես նա էր մեզ սիրում՝ ամեն մեկիս, մեկ առ մեկ...

azg-logoՍերգեյ Գալոյան
7.07.2000
ԱԶԳ

Печать