Մհեր Մկրտչյանը կոչված էր այս երկրի՝ Աստծու այս թատրոնի մեծ բնակիչներից մեկը լինել

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՍտորև ձեզ ենք ներկայացնում Հրանտ Մաթևոսյանի՝ Մհեր Մկրտչյանին նվիրված «Բեմի վրա և բեմից դուրս» դիմանկար-հոդվածը:

Մհեր Մկրտչյանը, Մկրտչյան Մհերը կոչված էր այս երկրի՝ Աստծու այս թատրոնի մեծ բնակիչներից մեկը լինել. չլիներ դրամատուրգիան, չլիներ բեմը՝ Մհերը այլ կերպ էր լինելու այդ մեծը, ասենք որպես մի ոմն Պոլոզ Մուկուչ, մի ոմն Պըլը-Պուղի կամ Վիլյամ Սարոյան, մարդ, բնակիչ, ում ներկայությունն ու ընթացքը բարություն, սեր ու վստահություն է ցողում բոլոր-բոլորի վրա, մարդիկ արթնանում են այլ ու լավ տրամադրությամբ, դեպքերին ու դեմքերին շատ էլ մեծ նշանակություն չեն տալիս, կարողանում են հրեշավորը ծիծաղելի տեսնել, կարգուկանոնի պարտադրածից իրենց դուրս ու ազատ են տեսնում:

Եվ Աստծու այս բեմում Մհերը թերևս ավելի մեծ լիներ, քան եղավ թատրոնի բեմում: Ինքը Աստծու մի մեծ ստեղծվածք՝ իրեն դժվար էր տեղավորում մարդու մեր գործերում ու ստեղծագործություններում - կերպարների կաղապարները փշուր-փշուր էին լինում, կերպարի հանդերձը ճռռալով պատռվում էր նրա վրա, կառույցը նրա մուտքով քանդուքարափ էր լինում և վերաշինվում ու գմբեթավորվում ոչ այն տեսքով, ինչ տեսքով ենթադրելի էր: 
Фрунзик МкртчянԻր համար ինքն էր գրելու և գրեց. բեմի վրա և բեմից դուրս՝ նրա գործն ու կյանքը նրա սեփական ու մեծ ստեղծագործությունն է: Շարունակվեր այդ ստեղծագործությունը՝ այսօր մեր միջավայրն այսքան խեղճ ու չար չէր լինի, շարունակվեր այդ կյանքը՝ աշխարհի համար մենք ավելի լավ կլինեինք, մեր հասակները մի քիչ ավելի բարձր, մեր աչքերը մի քիչ ավելի խելացի, մեր հոգիները թեթև և մեր սրտերը բաց կլինեին:

Բայց մեծերը ինչո՞ւ են հեռանում մեծ փլուզումներից առաջ, ինչո՞ւ են մեզնից երես դարձնում. ի՞նչ է, մեծի նրանց պարտքը չէ՞ - մեր ծանր օրերին մեր մեջ լինել, մեր՝ որ իրենց ստեղծածն ենք, խուճապային մեր փախուստի գլխին լինել և մեր խուճապը դարձնել կանոնավոր նահանջ ու երթ. թե՞ մեր իսկ չարության դեմ ինքներս ենք արժանի մնալ մենակ, առանց մեծերի:

Նյութը վերցված է Հրանտ Մաթևոսյանի կայքից
http://lurer.com/?p=86227&l=am


 

Печать