Тамар Оганесян "Невиданный Мгер" - Թամար Հովհաննիսյան «Չտեսնված Մհեր»

Тамар Оганесян "Невиданный Мгер"Հեղինակ՝ Թամար Հովհաննիսյան
Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան
Անգլերենը՝ Հայկ Մովսիսյան
«Անտարես» (Երեվան,2015)

ԱՌԱՋԱԲԱՆ
Այս լուսանկարներն իրենց մեկնաբանություններով հանդերձ հրապարակվում են առաջին անգամ: Շուրջ երեսուն տարի ինձ հետ են եղել միայն: Լուսանկարները ներառում են Մհեր Մկրտչյանի կյանքի վերջին տասներկու տարին՝ 1982-ի սկզբից մինչև 1993-ի վերջին օրը մի աստեղային շրջան, որ ապրեցինք, ստեղծագործեցինք և շրջագայեցինք միասին: Այդ տարիներին Մհերն ինձ համար և՝ բեմում, և՝ կյանքում իմ Գիրքն էր, որ մինչ օրս էլ կարդում եմ: Չուզեցի եսասեր լինել այնքան, որ միակ ընթերցողը մնամ: Լուսանկարները ներկայացված են ժամանակագրական հաջորդականությամբ, որպեսզի դիտողին կամ ընթերցողին կարողանամ ինչ-որ չափով շարունակական պատկերացում տալ մեր համատեղ կյանքի ու բեմական ուղու մասին: Սա Մհերի կյանքն է ու նաև իմը, նաև ի՛մ կյանքի աստեղային շրջանը, որ տարածվեց նախորդ և հաջորդ տարիներիս վրա: Եթե կլինեն մարդիկ, որ կնայեն ու չեն հավատա կամ չեն հավանի, իրենց գործն է: Եվ եթե կուզեն ինձ հանել նրա կենսագրությունից, իրեն իմ կենսագրությունից հանել չեն կարող:


Լսել Ալիսա Գեւորգյանի ռեպորտաժը «Ռադիոլուրի» համար

«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել  մեծանուն հայ դերասան Մհեր Մկրտչյանին նվիրված «Չտեսնված Մհեր» եռալեզու գիրքը,  որտեղ զետեղված են դերասանի երկու հարյուրից ավելի, մինչև այժմ երբևէ չհրապարակված անձնական լուսանկարներ՝ կարճ տեղեկություններով։
«Գրքում կան նկարներ, որոնք մինչև այժմ մարդիկ չեն տեսել։ Բացի այդ՝ Ֆրունզիկն այն դերասանն էր, ում կարելի է միանշանակ անվանել չտեսնված»,-նշել է Մհեր Մկրտչյանի այրին՝ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:
Իսկ ինչո՞ւ որոշեցիք բացահայտել այդ չտեսնված Մհերին, հարցին  նա պատասխանում է. «Մհերի մասին այն ամենը, ինչ մինչ օրս հրատարկվել կամ նկարվել է, ոչ մի կապ չունի իրական Մհերի հետ… Գրքում ներկայացրել եմ այն Մհերին, ում հանդիսատեսը չի ճանաչում. ինչպես նա կարող էր կատակել, սիրել , անակնկալ մատուցել: Հանդիսատեսը Մհերին գիտի որպես դերասան, որը մարդկանց ծիծաղեցնում էր, բայց ինքը լաց էր  լինում, խմիչքի հանդեպ անտարբեր չէր, խեղճ էր»:
Մհեր Մկրտչյանի այրին վստահեցնում է, որ գիրքը ստեղծելիս բավականին անկեղծ ու համարձակ է եղել: Ցանկացել է, որպեսզի մարդիկ տեսնեն ու ճանաչեն նոր  Մհեր Մկրտչյանին: Դերասանուհին միաժամանակ ընդգծում է. «Սա իմ ընկալման Մհերն է»։
Գրքում ուրիշ Մհեր է, իր որակով ուրիշ է նաև հենց գիրքը ՝ Մհեր Մկրտչյանի նվիրված մինչ օրս գոյություն ունեցող գրքերի ցանկում:
«Գիրքը սովորական ալբոմ չէ: Ինչպես լուսանկարները, այնպես էլ տեքստը համարժեք կարևոր են: Կարևոր է նաև դրանց մատուցման սկզբունքը»,- ասում է «Չտեսնված Մհերը» գրքի խմբագիր Զավեն Բոյաջյանը, ում համոզմամբ ևս դերասանի մասին մինչ օրս ստեղծված գրքերն ու ֆիլմերը հեղեղված են անճշտություններով:
Ի՞նչ է իրականում իրենից ներկայացնում գիրքը՝ արվեստասերը հնարավորություն կունենա պարզել փետրվարի 25-ին  Մայր թատրոնի ձմեռային այգում կահանալիք շնոհանդեսին, որին մասնակցելու համար կանայք պետք է ներկայանան 70-ականների ոճով, տղամարդիկ՝ սմոքինգով:


http://www.armradio.am




Печать