ՀԱՅՆՏԻ ՔԱՎՈՐԻ ԵՐԵՔ ՀԱՅՏՆԻ ՍԱՆԻԿՆԵՐԸ

frunzik zulum grigoryan graphicԱրվեստանոցի պատվավոր անկյունում մեծանուն դերասանի՝ ուրախությամբ ու թախիծով շաղախուն դիմանակարն է՝ սեւ-դարչնագույնի լուծումներով:
Տարիներ առաջ արված ճեպանկարը՝ անհայտ շատերին, բայց հարազատ ու հոգեւոր այն արարող արվեստագետ համար, միշտ իր տեղում է՝ նկարչի արվեստանոցը երբեք չլքելու մտայնութամբ: «Ալբերտ Մկրտչյանը մի քանի անգամ ուզել է, բայց չեմ տվել»,- մատնացույց անելով մեծ գյումրեցու դիմանակարը՝ հիշում է ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանը:
Ապա հիշողությունների շղթան ավելի հեռուն է ձգվում, հասնում երիտասարդության տարիներ, ու  բյուրեղանում են հիշողության պատառիկները՝ գեղանկարչի մտապատկերում դրվագ առ դրվագ կենդանանալով Մհեր Մկրտչյանի մասին ունեցած հիշողությունները:

- Ջահել ժամանակներս Ֆրունզի հետ հաճախ էինք ուտում-խմում: Մի անգամ էլ մեքենայով գալիս ենք տուն: Փողցում մի տղա եւ երկու աղջիկ կանգնեցնում են ու ասում՝ Կոմիտաս կտանե՞ք: Ֆրունզը թե՝ խնդրեմ, նստեք…Չճանաչեցին Ֆրունզին, ես էլ կողքն եմ նստած: Հիմա այդ տղան ու աղջիկները շատ լուրջ բաներից են խոսում՝ փիլիսոփաներից, գրականությունից, արվեստային խոսակցություն են վարում: Տրամադրություններս էլ մի քիչ լավ է: Մի պահ նրանք լռեցին, Ֆրունզը սկսեց խոսել. գերմանական ինչ-որ փիլիսոփայի անուն է տալիս, հարցնում է նրա աշխատությունները կարդացել են, ուսմունքին ծանոթ են: Սրանք զարմացած նայում են ու «Չէ, չի ստացվել, որ կարդանք» պատասխանում են: Ֆրունզը հետո նորից է ինչ-որ փիլիսոփայի անուն տալիս, այս անգամ հունական: Սրանք նորից չեն ճանաչում: Հետո որ իջան մեքենայից, ասացի՝ Ֆրունզ որտեղի՞ց էդքանը գիտես: Ասում է՝ «Արա, զզվեցրին, իրանց թվում է շատ բան գիտեն… հնարեցի… որտեղից»:
Դերասան ընկերոջ, այդ ժամանակ արդեն մեծ ճանաչում վայելող Ֆրունզիկ Մկրտչյանի  մյուս սխրանքն է հիշում Զուլում Գրիգորյանն ու հանդարտությամբ պատմում՝ մտքում հասնելով այդ օրերին. «Ռուսական թատրոնում Պաղտասար Աղբար էր խաղալու: Թատրոնը վերանորոգվում էր ու Ֆրունզն իմ արվեստանացում էր փորձերն անում: Ես իրա «ռեժիսորն» էի դարձել (ծիծաղում է)… ասում էր մի նկարի, նայի, տես ոնց եմ խաղում: Եկավ ներկայացման օրը ու Ֆրունզը շատ լավ խաղաց: Ծափահարությունները չէին դադարում դահլիճում: Աճեմյանը բարձրացել է բեմ, ինքն էլ, բեմի մեջտեղում կանգնած, ինձ է կանչում: Ժողովուրդն էլ այս ու այն կողմ է նայում՝ հասկանալու ահմար, թե ում հետ Ֆրունզը: Ասում է՝ արի, արի, դու էլ ես ինձ հետ պարապել»:
Զուլում Գրիգորյանն այնուհետ հիշում է 60-ակաների մի ամբողջ սերունդի ոդիսականը, սերունդ, ում մեծ առաքելություն ուներ մշակութային նոր մտածողություն, նոր շունչ բերելու ու եղած կարծրատիպերը փշրելու ուղղությամբ. «Մենք 60-ականների սերունդն ենք»,- ասում է արվեստագետն ու թվարկում՝ Խորեն Աբրահամյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Ֆրունզե Դովլաթյանը, ես»:
Ընկերական այս քառյակին միացնում էր ոչ միայան 60-ականների սերունդ լինելու հանագմանքը, այլեւ բոլորովին պատահական ստեղծված քավոր-սանիկական հարաբերույունը, երբ հանկարծակի որոշմամաբ Զուլում Գրիգորյանը դառնում է երեք հայտնիների կնքահայրը:
Зулум Григорян (Զուլում Գրիգորյան)
- 67 թիվն էր: Դովլաթյանի ու Խորիկն իմ արվեստանոցում էին, Ֆրունզը չկար: Զրուցում էինք ու խոսքի ընթացքում պարզ դարձավ, որ երկուսն էլ կնքված չեն: Խորիկը թե՝ հարկավոր է կնքվել, հետո էլ դարձավ ինձ՝ Զուլում, դու կնքված կլինես, տար մեզ կնքի: Ու էդտեղից սկսվեց ամեն ինչ: Ծանոթ ոսկերիչ ունեի՝ Ժիրայր Ջուլոյանը, Վեհափառի ոսկերիչն էր, միշտ լավ խաչեր էր սարքում: Զանգ տվի, ասի՝ «Ժիրայր ջան, սովորական լավ խաչ ունե՞ս»: Ասում է՝ ինչի համար: Ես էլ, թե՝ կնունքն պիտի անեմ, 3 հատ խաչ է պետք, բայց փիրուզաքար դիր մեջտեղը, որ աչքով չտան: Խոստացավ՝ մինչեւ մեր գնալը պատրաստի խաչերի վրա փիրուզաքարեր ամրացնել:
Ու մինչ խաչերը պատարաստման փուլում էին, ընկերական եռյակը շտապում է Ֆրունզին գտնելու.«Հաստատ Ֆրունզն էլ կնքված չի լինի». մտածում են ու գնում նրա հետեւից: Ու չնայած սանիկների՝ քավորի «Զապորոժեցը» չնստելու ընդդիմությանը՝ այնուամենայնիվ հաղթում է Զուլում Գրիգորյանը.« Երկուսն էլ «Վոլգա» ունեին: Ասացի՝ «Վոլգաները» թողեք, իմ «Զապորոժեցով» ենք գնում, ես քավորն եմ, իմ մեքենայով պիտի գնանք: Նստանք, գնացինք Ֆրունզենց տուն: Քեֆը լավ էր, քնած էր, ձեն տվեցինք, ասում է՝ էս ինչի եք եկել: Ասում ենք՝ տեղ ենք գնալու»: «Զապորոժեց» նտելուն այս անգամ էլ ընդդիմանում է Ֆրունզը, բայց ինքն էլ ստիպված է լինում հրաժարվել իր «Վոլգան» նստելու մտքից ու ենթարկվել քավորի կամքին:
Խորեն Աբրահամայնը նստում է դիմացը, երկու Ֆրունզները հետեւի նստարանին ու գնում են Էջմիածին: Ամբողջ ճանապարհի ընթացքում Ֆրունզին այդպես էլ չի իմանում՝ ուր են գնում. «Քո գործը չէ, հանգիստ նստի» Ֆրունզի հարցերին ի պատասխան՝ ասում են նրանք: Քաղաքից դուրս՝ գարեջրի գործարանի դիմաց Ֆրունզը կանգնեցնել է տալիս մեքենան՝ «ասում է գործ ունեմ, փող ունեմ տալու»: Ֆրունզը գնում, խմած ետ է գալիս ու ասում՝ դե հիմա ուր ուզում եք, քշեք:
Էջմիածին հասնում են երեկոյան բավականին ուշ, երբ եկեղեցին արդեն փակվում էր: Քավորին մեծ դժվարությամբ է հաջողվում տեր հորն համոզել ու էջմիածին հասցրած սանիկների կնունք ինչպես հարկն է կազմակերպել. «Ասի Տեր հայր, հեռվից եմ եկել, ժողովրդին բերել եմ ախր: Ասում է՝ ինչ անեմ, ջուրը տարել ենք արդեն: Մի կերպ վերջը կարողացա  համոզել, ասաց՝ դե լավ, գնա բեր երեխեքին»: Ու մինչ ես գնացի «երեխեքի» հետեւից, ինքը սկսեց ջուրը լցնել ու կնունքի պատարաստություն տեսնել:
Մայր տաճարի բակում հավաքված մեծ բազմությունը հենց տեսնում է «Զապորոժեցից»  միաժամանակ դուրս եկող երեք խոշորամարմին հայտնիներին, սկսում են իրար անցնել, հավաքվում են նրանց շուրջն ու բոլորը նորից վերադառնում են եկեղեցի:
- Եկեղեցում լիքը ժողովուրդ կա, իրանք երեքով կանգնած են՝ ես էլ իրանց մեջտեղում: Քահանան ասում է ՝ դե գնա բեր, հարցնում եմ՝ ու՞մ: Ում որ պիտի կնքենք: Ասի իրանք են: «Ասոնք՞» հարցնում է ու շարունակում՝«ինձ համար երջանկություն է, որ այսպիսի մարդիկ պիտի կնքեմ»:
Մկրտության արարողությունների ավարտից հետո քահանան մկրտվողներին հորդորում է համբուրել քավորի աջը. «Ֆրունզիկ  Դովլայթյանն իմ տեսած ազնվագույն մարդկանցից մեկն է, անմիջապես ձեռքս բռնեց, համբուրեց: Ֆրունզն էլ, արդեն քեֆը լավ էր, հանգիստ համբուրեց: Հմի Խորիկն ասում է՝ ինչի  ես քո ձեռը պիտի համբուրեմ: Այ տղա, պաչի, էլի, դուրս կգանք, կասեմ: Տերտերն է ասել, պիտի համբուրես, էլի: Վերջը զոռով պաչեց»:
Фрунзе Довлатян, Зулум Григорян, Хорен Абрамян, Фрунзик МкртчянՄկրտության արարողակարգին հաջորդում է հանգանակության պահը: Քավորի մեկնած երեք 25 ռուբլիանոցները քահանան մերժում է ու ետ վերադարձնում՝ ասելով, որ նման մարդկանց կնքնելն իր համար պատիվ է: Բայց Խորենն անդրդվելի է: Հիմա էլ ինքն է քավորի գրպանից հանում նույն 25 ռուբլիոնոցներն ու պարզում քահանային: Երկրորդ անգամ է քահանան հետ դնում գումարը՝ այս անգամ դնելով քավորի մյուս գրապանը, որտեղ էր 4-րդ 25 ռուբլին՝ նախատեսված կնունքից հետոյի խրախճանքի համար: Խորեն Աբրահամյանը դարձյալ, արդեն 4-րդ 25 ռուբլին էլ մյուսների հետ խառնած, պարզում է քահանային ու  Տեր հայրը ստիպված է լինում վերջապես ընդունել գումարը:
Խրախճանքի համար գումար չկա այլեւս: Քավորը սնանկ է, փող չունեն նաեւ սանիկները. «Հիմա տխուր հետ ենք գալիս. մեկիս մոտ 3 մանեթ կա, մյուսիս մոտ՝ 10, մյուսինը՝ 5: Ջղայնացա Խորիկի վրա, ասացի՝ բա հիմա ինչ պիտի ուտենք: Քշեցինք, եկանք «Արմենիա» ռեստորոն, մեր ունեցած կոպեկներով հազիվ ուտելու բան խնդրեցինք: Արաղ չէինք կարող առնել: Նոր էինք սկսել ուտելը, մեկ էլ տեսնենք՝ էլ կոնյակ, էլ վազայով մրգեր տարբեր սեղաններից ուղարկեցին մեր սեղան: Ֆրունզն էլ էդտեղ կանչեց մատուցողին, ասաց էս 3 վազը տար, տեղը լավ ուտելիք բեր, էդպես մրգերն ուտելիքով փոխանակեցինք ու մինչեւ գիշեր քեֆ արեցինք»:
Առավոտյան Զուլում Գրիգորյաննը հիշւմ է կնքահոր պարտականություները ու քահանայի խոքերը, թե առավոտյան, երբ սանիկներդ  լվացվեն,  ջուրը պետք է թափեն այնպիս տեղ, որ ոչ մի ոտք կպնի: Բացի Ֆրունզից՝ բոլորը քահանայի ասածը կատարել էին. «Հաջորդ օրը զանգի Ֆրունզին, դեռ տուն չէր եկել: Մյուս օրը նորից զանգեցի, ասացի ուր էիր, զայրացա վրեն, ասաց. «Գնացել էի քեֆ անելու: Ես ուշադիր լսել էի տերտերին՝ խմիչքի մասին ոչ մի վատ բան չասաց»:
Մկրտությունից հետո Զուլում Գրիգորյանի կոմունիստ սանիկին՝ Ֆրունզե Դովլաթյանի, կոնչում են Մոսկվա ու բարկանում, թե կոմունիստ մարդը ոնց է համարձակվել կնքվել ու խաչ կրել: Ֆրունզե Դովլաթյանն էլ ստեղված իրավիճակից դուրս գալու հանարամիտ տարբերակ է գտնում ու ասում, որ խոսքը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին է, իրենք պարզապես շփոթել են:
-Բայց Ֆրունզը խաչն շուտ կորցրեց, չգիտեմ ինչ արեց, իսկ Խորիկիս խաչը մինչեւ մահվան օրն էլ դոշին էր: Ես խնդրեցի էլ չհանել, էդ խաչով էլ թաղել,- հիշողության էջն է եզրափակում Զուլում Գրիգորյանը»:

Մարինե Պետրոսյան
31.07.2012 - №30
www.shrjapatweekly.am

Печать