Սա գործ է՝ մոտ «ինքնասպանության». Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմը դերասան Մհեր Մկրտչյանի մասին է լինելու

Мгер Мкртчян1984 թվականին էկրան բարձրացավ Մկրտչյանների ընտանիքի պատմությունը՝ «Մեր մանկության տանգոն», ու արդեն 3 տասնամյակից ավելի ամեն անգամ այս ֆիլմը դիտելիս հերոսների մեջ տեսնում ենք Ալբերտ ու Մհեր Մկրտչյաններին, նրանց ծնողներին՝ Մուշեղին ու Սանամին:
Գեղարվեստորեն ներկայացված պատմության մեջ ամեն ինչ այնքան իրական ու ըմբռնելի է, հավանաբար, կարևոր մի փաստարկի շնորհիվ. այն էկրանավորել է ընտանիքի կրտսեր զավակը՝ Ալբերտ Մկրտչյանը: Թևավոր դարձած ամեն մի արտահայտություն պատկանում են հենց իրական հերոսներին: Այսպես ասած՝ սա փաստագրական, ինքնակենսագրական ֆիլմ է՝ գեղարվեստական մատուցմամբ:
Եվ արդեն ուղիղ 35 տարի անց՝ 2019 թվականին, Մկրտչյանների հաջորդ սերունդը՝ սցենարիստ, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, պատրաստվում է ֆիլմ նկարել հորեղբոր մասին: Բեմից ու էկրանից բաց ու ընթեռնելի, սակայն իրականում՝ խորհրդավոր ու լռակյաց Ֆրունզի կյանքի ամենակարևոր դրվագները, էկրանից այն կողմ նրա ապրումները, մտավախությունները, ձեռքբերումներն ու կորուստները, անշուշտ, մեզ միայն մակերեսորեն են հայտնի: Ժողովրդական արտիստի ու մեծ կատակերգուի կենսագրականի էկրանավորումը, վստահաբար, պետք է ձեռնարկեր հենց ընտանիքի անդամը. մարդ, ով իր աշխատանքով հայելի կդառնա՝ արտացոլելով իրականությունը…
Ամիսներ առաջ Aysor.am-ի հետ զրույցում սցենարիստ, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը խոստովանել էր՝ հորեղբոր՝ Ֆրունզիկ Մկրտչյանի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու առաջարկ է ստացել, բայց օբյեկտիվ պատճառներով, մերժել է:
Սակայն օրերս ռեժիսորը գրառում կատարեց, տեղեկացնելով՝ արդեն պատրաստ է հանձն առնել կարևոր այդ ֆիլմի աշխատանքը:
«Մոտեցումներն են փոխվել. կարծում եմ՝ ես կարողանում են տարբերել՝ ե՞րբ են ուզում մի լավ գործ անել, ե՞րբ՝ օգտագործել Ֆրունզիկ Մկրտչյան անունը, չէ՞ որ հենց միայն նրա անունը մեծաթիվ հանդիսատես կբերի կինոդահլիճներ: Երկրորդ՝ Վիքիպեդիայում տեղ գտած ինֆորմացիան հիմք ընդունելով՝ սցենար գրել Ֆրունզիկ Մկրտչյանի կյանքի մասին պատմող ֆիլմի համար, ամենաճիշտ տարբերակը չէ: Եվ երրորդ ու միգուցե նաև ամենակարևոր պատճառը՝ արդեն 3 տարի ապրում եմ Հայաստանում, ու դա, բնականաբար, զգալու, հասկանալու ու շատ նրբություններ ընկալելու առումով շատ բան է փոխել իմ ներսում», - Aysor.am-ի հետ զրույցում շեշտեց ռեժիսորը: 
Հարցին՝ դերասանական ի՞նչ կազմ է ներգրավելու ֆիլմում, և որ ամենակարևորն է՝ ո՞վ է մարմնավորելու Ֆրունզիկ Մկրտչյանին, պատասխանեց.
«Դերասանական կազմի մասին խոսելը դեռ շատ վաղ է: Ներկա պահին զրոյական պատկերացում ունեմ, թե ովքեր ներգրավված կլինեն, առավել ևս՝ ո՞ւմ կվստահեմ Մհեր Մկրտչյանի կերպարը: Հստակ միայն մեկ բան կարող եմ ասել՝ շա՜տ ծանր աշխատանք ու ընտրություն է սպասվում, բայց ես կփորձեմ ընտրել լավագույններին»:
Ինչ խոսք, պատասխանատու քայլ է՝ անդրադառնալ մեծանուն արտիստին: Դերասան և ռեժիսոր Մհեր Մկրտչյանները նույն ընտանիքի անդամներ են, վերջինս լիովին տիրապետում է իր ֆիլմի հերոսի մասին ինֆորմացիային, ու հենց այդ հանգամանքն առավել մեծ սպասելիքներ է ենթադրում հանդիսատեսի կողմից: Այս պարագայում, այն էլ մեր ժամանակներում, ռեժիսորի՝ քննադատության թիրախում հայտնվելն ամենադյուրինն է:
«Դուք շատ մեղմ արտահայտվեցիք. սա ուղղակի պատասխանատու գործ չէ, սա գործ է՝ մոտ «ինքնասպանության»: Ե՛վ ես, և՛ շատ-շատերը հասկանում ենք՝ եթե ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նկարահանի վատ, կամ՝ ոչ այնքան հաջող ֆիլմ դերասան Մհեր Մկրտչյանի մասին, ապա դա կլինի իր ռեժիսորական կարիերայի վերջը», - ժպիտով ընդգծեց նա:
Կինոպատմություն, կամ, ընդհանրապես, պատմություն կերտած անհատներին և իրադարձություններին անդրադարձող արվեստագետներին պետք է ֆինանսական սատար կանգնեն ոչ միայն մասնավորը, այլև՝ պետական համապասխան կառույցները: Դիտարկմանը՝ աջակցության համար դիմե՞լ է Մշակույթի նախարարությանն ու Ազգային կինոկենտրոնին, ռեժիսորը նկատեց.
«Ո՛չ, որևէ պետական կառույցի չեմ դիմել: Առանց Կինոկենտրոնի աջակցության էլ հնարավոր է ֆիլմ նկարահանել: Ես հասկանում եմ, որ պետական միջոցները, գումարները սահմանափակ են, ռեժիսորներն էլ՝ շատ: Արդար կլինի, որ պետությունն աջակցի սկսնակներին: Իսկ ես կգտնեմ գործընկերներ»:
Մհեր Մկրտչյանի ցանկությունն է, որ Ֆրունզիկի մասին ֆիլմը էկրան բարձրանա 2020 թվականին՝ սիրված դերասանի 90 ամյակին: Մեկտեղ գիտակցում է՝ կինո նկարելը բարդ գործընթաց է, որտեղ ցանկությունն ամենավերջին տեղն է զբաղեցնում: Դեռևս պետք է հաղթահարել գործընկերներ ու հովանավորներ գտնելու ու նրանց հետ բանակցելու կարևոր փուլը:

aysor-logoՆելլի Մարգարյան
18.12.2018
https://www.aysor.am/am/news/2018/12/18/%D5%84%D5%B0%D5%A5%D6%80-%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%B8%D5%B6-%D5%96%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A6%D5%AB%D5%AF-%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6/1505357

Печать

Հայտնի կամոդի, «01-99»-ի տակառիկի ու Ֆրունզիկի սիրած խամաճիկի հայտնի ու անհայտ պատ

Ֆրունզիկ ՄկրտչյանԳյումրի այցելող յուրաքանչյուրս անմիջապես գտնում ենք «Մեր մանկության տանգոյի» փողոցն ու «վառեմ-մարեմի» պատշգամբը, հիացած նկարվում, վերհիշում սիրված ֆիլմի յուրաքանչյուր դրվագն ու նորից հետաքրքրվում ամեն մի կադրի պատմությամբ: Ինչպես այս ֆիլմում ներկայացվում է Մկրտչյաննների ընտանեկան պատմությունը, այնպես էլ մեծ արտիստի մասնակցությամբ յուրաքանչյուր ֆիլմ մի պատմություն ու ասելիք, հիշողություն ունի, որոնք խնամքով պահվում ու պահպանվում են Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում գտնվող Մհեր Մկրտչյանի անունը կրող փոքրիկ, բայց հարուստ կենսագրությամբ թանգարանում: Թանգարանի իրերի 80 տոկոսից ավելին տրամադրել է դերասանի եղբայրը՝ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը:

Թանգարանային այս տարածքը արտիստին պատկանող բնակարանը չի եղել: Ժամանակին այն օգտագործվել է որպես խաշարան, որտեղ սիրել է այցելել գյումրեցի դերասանը: Գյումրու քաղաքապատերանը 2006 թվականին այդ շինությունը տրամադրել է որպես թանգարան, որտեղ պահպանվում են արտիստի ոչ միայն ընտանեկան, այլև էկրանային ու բեմական իրերը:

Գյումրու այն տունը, որտեղ բնակվել են Մկրտչյանները, բավական փոքր է եղել՝ 1 սենյակ, հնարավոր չի եղել վերածել թանգարանի: Մհեր Մկրտչյանը 53 թվականից Երևան է տեղափոխվել, արդեն Սունդուկյանի անվան թատրոնի դերասան էր: Ամեն անգամ, երբ վերադառնում էր հարազատ Լենինական, կամ խաշարանում էր, կամ՝ Մռավյանի անվան թատրոնում: 

Թանգարանի այն հատվածում, որտեղ տարբեր ժամանակաշրջաններում Մկրտչյանների ընտանիքին պատկանող անձնական իրերն են, պահպանվում են պատանի Մհեր Մկրտչյանի մահճակալը, սիրելի տիկնիկներից՝ Խամաճիկը, ռադիոները, տպիչ մեքենան, ֆոտոխցիկը, հեռախոսը, հագուստի պահարանը, սպասքն ու կարի մեքենան, ծնողների՝ Սանամի և Մուշեղի, կնոջ՝ Դոնարա Մկրտչյանի և զավակների լուսանկարները:

«1915 թվականի եղեռնի ժամանակ Սանամն ու Մուշեղը զրկվում են իրենց հարազատ վայրերից, կորցնում են ծնողներին ու հայտնվում Լենինականում, որտեղ այդ տարիներին ամերիկյան որբանոցն էր գործում: Նրանք այս որբանոցում են մեծացել, հետագայում էլ միասին աշխատել Տեքստիլ կոմբինատում: Հայրը բանվոր էր, մայրը՝ աման լվացող», - նշում է թանգարանի էքսկուրսավար Ալեքսանդր Այվազյանը:

Անձնական իրերի շարքում է գտնվում նաև «Մեր մակնության տանգոն» ֆիլմից հայտնի կամոդը, կամ, ավելի ճիշտ՝ դրանցից մեկը: Պարզվում է, ֆիլմում 3 կամոդներ են օգտագործվել:

«Որպեսզի նկարահանող խումբը Ռուբենի պես չտանի ու չբերի այդ կամոդները, 3-ն են օգտագործել: Մեկը Ռուբենենց տանն էր՝ Սիրանույշի մոտ, մյուսը սիրուհու՝ Վարդուշի, երրորդը՝ սայլի վրա: 88 թվականի երկրաշարժի ժամանակ դրանցից երկուսը վնասվեցին, պահպանվել է Ռուբենենց տան կամոդը», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Գաղտնիք չէ, որ այս ֆիլմը Մկրտչյանների ինքնակենսագրականն է: Սցենարիստ և ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը հերոսների միջոցով ներկայացրել է իր ընտանիքի պատմությունը:

Բոլորն են հիշում ֆիլմի սկիզբը, երբ երեխաները ձեռքերը պարզում են, Ռուբենը քանոնով խփում է. ամեն անգամ Ֆրունզիկի հետ հենց այդպես է վարվել հայրը՝ Մուշեղը, երբ աշխատանքից վերադառնալուց հետո պարզել է, որ որդին չի նկարել, չի պարապել: Ֆիլմում որդուն ուղղված այն խոսքերը, թե «հերդ քեզի համար պերաշկի բերե, օր դու էրթաս բեմի վրա կապիկություններ էնե՞ս։ Սաղ աշխարհի վրա հերդ է խնդացել, հմի աշխարհը հորդ վրա կխնդցնե՞ս» իրականում էլ Մուշեղի խոսքերն են՝ ուղղված Մհերին: Հոր սիրո անունը, ինչպես Ռուբենի սիրո անունն էր ֆիլմում, նույնպես Վարդուշ է եղել: Ռուբենին ձերբակալում են կամոդը գնացքի տակ գցելու համար, իրական կյանքում Մուշեղը ձերբակալվել է գողության համար, երբ 1941 թվականի պատերազմի ժամանակ ֆաբրիկայից 5 մետր «քաթան» գողացավ՝ շուկայում վաճառելու և ընտանիքին պահելու նպատակով: Մհեր Մկրտչյանին ճանաչող արտիստներից շատերը վստահ էին՝ եթե այս դեպքը չլիներ, գուցե  թատրոնը Մհեր Մկրտչյան արտիստ չծներ: Չէ՞ որ հայրը դեմ է եղել որդու ընտրած ճանապարհին, վերջինս էլ առաջին անգամ բեմ է բարձրացել հենց 1941 թվականին՝ Քաջ Նազարի կերպարով:

«01-99» ֆիլմի հայտնի տակառիկը ևս տեղ է գտել արտիստի անունը կրող թանգարանում: Ի դեպ, սա թեև դերասանի առաջին ֆիլմը չէ, սակայն առաջինն է, որտեղ նա հանդես է գալիս գլխավոր դերով: Այն նկարահանվել է ոստիկանության պատվերով, կրում է քարոզչական բնույթ. ռեժիսորը ցույց է տալիս, թե ինչ արկածների մեջ կարող է ընկնել այն մարդը, ով չարաշահում է ալկոհոլը:

Եվս մեկ հայտնի էկրանային իր է գտնվում այստեղ. «Նվագախմբի տղաները» ֆիլմի Արսենի երաժշտական գործիքը: Նշենք, որ այս ֆիլմի օգնությամբ է 1961 թվականին դերասանն արժանանում Խորհրդային միության ժողովրդական արտիստի կոչմանը:

Թանգարանում են գտնվում նաև դերասանի բեմական հագուստները, լուսանկարներն ու ֆիլմերում օգտագործված իրերը: Հրաչյա Ներսիսյանից ժառանգել է «Պաղտասար աղբար» ներկայացման մեջ Պաղդասար աղբարին զարդարող հագուստը, քանի որ ավագ գործընկերոջ մահից տևական ժամանակ անց հենց նրան է հաջողվել տարբեր երկրներում ապրեցնել այս կերպարին: Այստեղ են գտնվում նաև նրա մարմնավորած Մերկուցիոյի (Ռոմեո և Ջուլիետ՝ հեղ.) և Ղազարի (Ղազարը գնում է պատերազմ՝ հեղ.) հագուստները, նաև՝ ֆիլմային հերոսների հագուստներ: Թանգարանի տնօրինությունն առանձնացրել է այն հագուստը, որով դերասանը 1992 թվականին վերջին անգամ բեմ բարձրացավ՝ «Հացթուխի կինը» ներկայացման շրջանակներում:
Թանգարանի մի անկյունում տեղադրված է Ֆրունզիկի ձեռքով պատրաստված փոքրիկ մատուռը:

Դերասանի անձնական կյանքը ողբերգական պատմություն ունի: Թեև ընկերներն ու կոլեգաները նրան զգուշացրել էին, որ Սունդուկյան թատրոնի գյումրեցի դերասանուհի Դոնարան վատառողջ է, կյանքը նրա հետ կապել չի կարելի, սակայն, միևնույն է, նա կյանքի ընկեր ընտրեց հենց Դոնարային՝ ունենալով նրանից երկու զավակ՝ որդի և դուստր:

«Նրանք ամուսնացել են 1958 թվականին: 1977 թվականից, երբ ամբողջ Խորհրդային միությամբ տարածվել էր «Միմինո» ֆիլմը, ու Մհեր Մկրտչյանը գտնվում էր իր արտիստական փառքի գագաթնակետին, անձնական կյանքում անկում սկսվեց: Կինն ավելի ագրեսիվ ու խանդոտ էր դարձել: Այդ ընթացքում նա կնոջը մի քանի անգամ տարավ Ֆրանսիա և ԱՄՆ՝ հույս ունենալով, որ առաջատար բժիշկները կկարողանան բուժել: Բայց, ցավոք, նույնիսկ այսօր շիզոֆրենիա հիվանդությունը չի բուժվում», - նկատեց էքսկուրսավարը:

Ֆրունզիկ Մկրտչյան և Դոնարա Փիլոսյան  Ամուսինը դժվարությամբ, բայց ստիպված էր որոշում կայացնել՝ կնոջը տեղավորել Սևանի հոգեբուժանում, որտեղ էլ դերասանուհին անցկացրեց իր վերջին 25 տարիներն ու կյանքից հեռացավ 2011 թվականին:

Ցավոք, մոր ճակատագիրը կրկնեց նաև որդին՝ Վահագը, ով իր ներսում կրում էր հորից ժառանգած նկարչական տաղանդն ու մորից ժառանգած շիզոֆրենիան, ինչն էլ 2002 թվականին դարձավ 30-ամյա երիտասարդի մահվան պատճառ: Թանգարանում տեղ գտած դիմանկարներից մեկում տխուր ու ալեկոծ հոգով Մհերն է պատկերված: Ծնոթները վկայում են՝ Ֆրունզը երբեք այսպիսի տեսք չի ունեցել, հիվանդ որդին թղթին է հանձնել հոր մասին սեփական պատկերացումը: Գյումրեցիներն ասում են՝ այս նկարում Մհեր Մկրտչյանի հոգին է, ներաշխարհը:

Դժբախտ ճակատագիրը չի շրջանցում նաև Արգենտինայում բնակվող 39 ամյա դստերը՝ Նունեին, ով կյանքից հեռանում է 1998 թվականին՝ քաղցկեղից: Վերջինս դուստր ունի՝ Իռեն Տերտերյանը, ով նույնպես բնակվում է Արգենտինայում: Պապիկի թանգարան այցելել է 2009 թվականին՝ իր հետ բերելով մայրիկին պատկանող որոշ իրեր:


aysor-logoՀեղինակ՝ Նելլի Մարգարյան
30/10/2017
https://www.aysor.am/am/news/2017/10/30/%D5%84%D5%B0%D5%A5%D6%80-%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6/1330883