Հայ ժողովրդի մեծ սերը․այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է


1930թ․հուլիսի 4-ին ծնվել է հայ նշանավոր դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանը։ Արտիստ, ում խաղացած դերերը թերևս բերանացի գիտի յուրաքանչյուր հայ, նրա ֆիլմերի հերոսների խոսքերը որպես թևավոր արտահայտություններ դարձել են մեր առօրյա խոսքի անբաժան մասը։ Իր սիրելի, տաղանդաշատ զավակին ժողովուրդը «քննել» ու «ուսումնասիրել է» հնարավոր բոլոր տեսանկյուններով՝ որպես դերասան, որպես որդի, որպես հայր ու ամուսին, որպես ընկեր ու պարզապես հայ, նրա մասին պատմություններում հաճախ միախառնվում են լեգենդն ու իրականությունը, ժողովուրդն իրեն իրավունք է վերապահել «ներխուժել» անգամ դերասանի ամենագաղտնի, նեղանձնական տարածք․ նրա անձնական ցավը, դժբախտությունը, հաջողությունն ու ուրախություններն ընդունելով ի խորոց սրտի․ չէ՞որ ի՛ր Ֆրունզն է։

Ֆրունզիկ ՄկրտչյանՏարիներ առաջ Թագուհի Ասլանյանը հանդիպել էր մեծ դերասանի երբեմնի հարևան Էլինար Շահենի  (գուսան Շահենի աղջիկը) հետ, որն էլ հուշեր էր պատմել իր մեծատաղանդ հարևանի մասին։ Նրանց հարևանությունն ու բարեկամությունը շարունակվել է մինչև Ֆրունզիկի ողբերգական մահը: Ներկայացնում ենք հարևանուհու հուշերը։

«Հետաքրքիր է, որ յուրաքանրչյուր հանճարեղ մարդ իր մեջ թաքնված մի հրաշք ունի: Դրանից զերծ չէր նաև Ֆրունզիկ Մկրտչյանը: Նա կարողանում էր կանխատեսել իր ու շրջապատի հետ կապված այն իրադարձությունները, որ պետք է կատարվեին թեկուզ մեկ րոպե հետո: Նրան ի վերուստ տրված շնորհքը` մի քիչ վերափոխված, փոխանցվել էր որդուն` Վահագնին, որը, եթե կենդանի լիներ այսօր և առողջ լիներ, ապա համոզված եմ, որ կհամալրեր հայ լավագույն նկարիչների շարքը, քանի որ շատ շնորհալի նկարիչ էր:

Ֆրունզիկ ՄկրտչյանԲացի իր այդ տաղանդից`Վահագնը օժտված էր դիմացինի մտքերը կարդալու կարողությամբ: Դա իմանալով` ես միշտ զգոն էի. աշխատում էի նրա ներկայությամբ առանձնապես որևէ բանի մասին չմտածել, քանի որ նա անմիջապես կարդում էր իմ մտքերը և հետո բարձրաձայն պատասխանում ինձ: Ես էլ սկզբում զարմանում էի, թե ինչ իմացավ այդ տղան, թե ես ինչի մասին էի մտածում:
Իսկ ինչ վերաբերում է Վարպետի երկնատուր շնորհին, ապա դա նա անձամբ ի ցույց դրեց մեզ: Նրա ամենասարսափելի կանխատեսումը եղավ իր մահն ու թաղումը:
Դեկտեմբերի 28-ն էր`իր լավագույն ընկերոջ`Ազատ Շերենցի թաղման օրը: Վարպետն այնքան վատ էր, որ չկարողացավ անգամ մասնակցել ընկերոջ թաղմանը: Հենց այդ երեկո էլ Ֆրունզիկը վախճանվեց: Ես այդ օրն ասես երկրորդ անգամ կորցրեցի իմ հայրիկին:

Ֆրունզիկ ՄկրտչյանՇուտով նրա բնակարանում հավաքվեցին բոլոր հարազատներն ու մտերիմները: Այն ժամանակ նրա դուստրը` Նունեն, դեռ ողջ էր, և հենց նա էլ մեզ պատմեց, որ նախորդ օրը Մհերը գնացել էր աղջկա տուն և ասել, որ եկել է նրանց հրաժեշտ տալու: Նա թերևս զգացել էր, որ իր կյանքն ավարտվում է: «Ինձ թաղելու են ամենալավ օրը, երբ կանանց ձեռքերը խմորի մեջ կլինեն: Իմ շնորհիվ իմ ամբողջ թաղամասը երկու շաբաթ լույս կունենա. իմ մահով կլուսավորեմ հարևաններիս»: Եվ մանրամասն նկարագրել էր, որ իր դագաղը կդնեն Օպերայի շենքի երկրորդ հարկի սրահում: Կգա Լևոն Տեր-Պետրոսյանը և կկանգնի իր գլխավերևում: Բայց երկար չի կանգնի, քանի որ գյումրեցի մի կին`սև շորերով, կմոտենա նրան ու բարձրաձայն կբողոքի, այնպես, որ նախագահն իր մարդկանց հետ կթողնի ու կհեռանա: Ու հետո իրեն կհանեն դուրս` Թումանյան փողոց, որ հասցնեն իր թատրոն, բայց ճանապարհին կփոշմանեն. «Մեր Ֆրունզին բա չտանե՞նք Պրոսպեկտով ներքև, և ուղղությունը կփոխեն դեպի Մաշտոցի պողոտա»:

Ֆրունզիկ ՄկրտչյանՎարպետի կանխատեսումներն իրականություն դարձան: Հրաժեշտի արարողությանը ես հարազատների հետ նստած էի, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ մեծ դերասանին հրաժեշտ տալու: Գյումրեցի մի կին մոտեցավ նախագահին ու ամոթանք տվեց, թե՝ Ֆրունզը մեռնի, ամբողջ Գյումրին նրա թաղմանը ներկա լինելու հնարավորություն չունենա՞: Եվ ղեկավար կազմը հապշտապ թողեց ու հեռացավ: Իսկ երբ Վարպետին փողոց էին դուրս բերել, պատշգամբներից ալրոտ ձեռքերով կանայք դուրս էին եկել դերասանին հրաժեշտ տալու: Երբ Վարպետին արդեն Թումանյան փողոցով իջեցնում էին դեպի թատրոնի շենք, փոշմանեցին, և սգո թափորը ուղղություն վերցրեց դեպի Մաշտոցի պողոտա: Էլ չեմ ասում այն մասին, որ նրա թաղմանը, ինչպես նաև հաջորդ մի քանի օրերին հայ ժողովուրդը «լուսավորվեց». բոլորիս տներում շուրջօրյա լույս կար…
Շատ բարի էր, համառ`աշխատանքով, մարդասեր էր: Մհեր Մկրտչյան դերասանը և Մհեր Մկրտչյան մարդը նույն հանճարեղ անձնավորությունն էր. ամաչկոտ, հումորի մեծ զգացումով, անկեղծ, ինչ-որ տեղ նաև միամիտ, բարեսիրտ ու հոգատար մարդն էր, որը միևնույն ժամանակ կարող էր ողբերգություն ապրել և ուրախությունից ցնծալ»:


http://livenews.am/press/2019/15471/04/15/41/

Печать