ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ.Անօրինակ, բացառիկ ժողովրդական եվ միֆական

tatron-logoԳայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Печать

ՀԱՑԱԳՈՐԾ. «ՈՉ ԿԵՍՕՐԵՆ ԵՏՔԸ, ՈՉ ԱՅՍՈՒՀԵՏ, ՀԱՑ ՉԻ՛ԿԱ»

Ֆրունզիկ Մկրտչյան և Թամար ՀովհաննիսյանՀեռավոր 1992 թվականի ուշ հոկտեմբերին Մհեր Մկրտչյանի վերջին ներկայացումներից մեկի` Մարսել Պանյոլի «Հացագործին կինը» ներկայացման հանդիսականն ասես արարողության մասնակից լիներ, որ մերժելով անթատրոն ժամանակի խելահեղ  ընթացքը,  եկել էր ամենամեծին տեսնելու:
Թատերական տոն էր, բայց առանց հրավառության, քանզի նեղ էր այն տարածքը, որում շարժվում-ապրում-խաղում էր Հացագործը, սովորական մարդն ու կոնկրետ բարիք ստեղծողը, և հացի անուշաբույր կար ու չկար մթնոլորտում, հացին խառնված դառնություն կար ավելի, տագնապ ու շնչահեղձություն, հակասական զգացումների փունջ: Անձուկ ու անորոշ էր դրսում, դահլիճում, փոքր բեմում: Պարզ չէր ժողովրդի վաղվա օրը, ինչպես մշուշոտ էր դերի ու դերակատարի ապագան, թեև Մհեր Մկրտչյանը նույնպիսի կարևոր ու արժանապատիվ Հացագործ էր, ինչպես հպարտ  դարբին Մկրտիչը:
Ներկայացմանը յուրատեսակ հմայք էր տալիս երգեցիկ ու գաղտնախորհուրդ արևմտահայերենը, վերնագրից սկսյալ. ի՞նչ գեղեցիկ բառ ու երևույթ է՝ հացագործ, մի քիչ ավելի,  քան սովորական հացթուխ:
Գլխավոր հերոս էմաբլը Քաստանիեի դերում Մհեր Մկրտչյանն ասես ծանոթ ու անծանոթ լիներ. արտաքնապես զոլավոր կոստյումով, սպիտակ վերնաշապիկ- ժիլետով, տարիքոտ, ակնոցավոր, ծանրաշարժ: Ներքուստ՝ մի քիչ հոգնատանջ ամենօրյա աշխատանքից ու կենցաղից, սակայն տարիների տքնաջան ու արժանավոր աշխատանքով  համայնքի  կյանքում կարևոր մարդու համբավը կարևորող: Կերպարի ընտանեսեր բնույթն ակնարկվում է երիտասարդ, գեղեցիկ կնոջ նկատմամբ առերևույթ զուսպ, սակայն գուրգուրոտ վերաբերմունքով, որին հետագայում գումարվում է  սիրտ կեղեքող կասկածը:
Ներկայացման սկզբում արդեն հաց գնելու եկած անմեղ հովվի կերպարանքով ուրվագծվում է դժբախտությունը կամ ողբերգությունը: Համայնք  է մուտք գործում օտարը` փորձության ենթարկելով, խաթարելով գյուղական ու ընտանեկան  կյանքի հաստատուն հովվերգությունը:
Ներկայացման` առանց երկխոսության, պայմանական ասած, մահճակալի  երկարուձիգ տեսարանում  Մհեր Մկրտչյանը մեզ ծանոթ կոմիկական ու դրամատիկ  խաղերի հերթագայությամբ ցուցադրում է իրեն համակած հակասական զգացումները՝  խանդը, կնոջ հանդեպ տածած սերը, դյուրահավատությունը, իրականությունը մերժելը:
Այդուհետ Հացագործն այլևս լիարժեք տեղ չունի իրենց ընդհանուր մահճակալի վրա, դուրս է մղվում իրապես ննջած կամ այդպիսին ձևացնող կնոջ դիրքով ու վարքով: Երկար ու ծիծաղաշարժ ձևերով մի կերպ ինքզինքը տեղավորում է արդեն նեղլիկ մահճակալի վրա, սակայն նրա մտքերը հեռու են քնել-հանգստանալուց: Ակնոցն անվարժ շարժումով աչքերին հարմարեցնելով` փորձ է անում թերթ կարդալ, խուսափելով առերեսվել ակնհայտին, իր թիկունքում ծավալվող, ահագնացող և իրեն պաշարող դժբախտությանը. «Հոգնա՜ծ է խեղճը…»: Ակնոցի տակից ասես ինքն իրենից թաքուն նայելով կնոջը, սրտամորմոք մրմնջում է. «Աստվա՜ծ իմ, ի՜նչ գեղեցիկ է»: Հետո մենախոսում է  հասկացող-անգիտացող խոսքով. «Սերենադ է, բայց շատ սրտով կերգեն, կրնա՞ ըլլալ, որ քիչ մըն ալ քեզի համար  կերգեն»:
Ապա փորձում է ապահովագրել իրեն ու «արդարացուցիչ դեպք հանացանաց»  (Պաղտասար) գտնել կնոջ համար. «Եթե ես երեխա մը տայի իրեն, այս դիպվածը  գուցե չպատահեր»: Այս տեքստը գուցեև շա՜տ հեռավոր աղերս ունի  Օթելլոյի՝ «Գուցե պատճառն այն է, որ ես սև եմ» մտքի հետ:

Ֆրունզիկ Մկրտչյան«ՇԻՇ  ՄԸ ՕՂԻ, ՇԻ՛Շ  ՄԸ» 

Ներկայացման այս եզակի տեսարանում Հացագործ-Մհեր Մկրտչյանը ընտանեկան միջավայրում չէ, այլ փոքր համայնքի անանուն բնակիչների շրջապատում՝ պանդոկատեր ամուսիններ, այցելուներ, քահանա: Մեծ ընտանիք հիշեցնող համայնքի փակ տարածքը ճեղք էր տվել օտար երիտասարդ  հովվի ճակատագրական մուտքով՝ վերածվելով ջահել կնոջ գայթակղության։
«Մեր հայր սուրբը կնգաս մասին խոսեցավ»,- տրտմալից-մտորելու տոնով մրմնջում է սեղանին փլված, պատվերին սպասող Հացագործը: Զրուցակցի՝ «Քարոզը վշտացո՞ւց քեզի» խոսքից պոռթկում է զայրացած և անարդարության դեմ միայնակ ծառս լինելով, հեռակա վիճարկելով հոգևոր հոր հորդորը. «Աղոթե՞մ, ինչու համար, որուն համար, աղոթելը պետք է, երբ մեղք կգործեմ, ես մեկին վնաս տվա՞ծ եմ, որո՞ւն,  այդ ե՞ս պիտի աղոթեմ»:
1985 թ. Մհեր Մկրտչյանը Պաղտասար աղբար խաղում էր նույն ողբերգական շեշտերով, նույնն էր դերի գծապատկերը՝ դատապարտված, սեփական վշտի մեջ գալարվող, պարփակված:
Մոլեգին զայրույթից ազատագրվելու միջոցը խմիչքով մոռացությունն է. ինչն էլ գոռգոռոցով, աղմուկով պահանջում է մշտազուսպ պատկառելի հաճախորդը՝ «Շիշ մը օղի, շի՛շ մը»: Անզուսպ խմում է, անձկալից-մուրացող ձայնով դիմելով շուրջը հավաքված մարդկանց. «Դուք կհավատա՞ք, որ մոր տունը գնացել է: Շնորհակալությո՛ւն»: Հարբելով՝ կառչում է փոքր հույսի. «Ես սովորական, փոքր մարդ եմ, ինձ հետ չի կարող ողբերգություն պատահել, ասիկա դժբախտություն է»:
Դժբախտությունը խաղում է իբրև տիեզերական ողբերգություն, հուզում ու համակում դահլիճը. «Ա՛խ հովի՜վ, ես իրեն հաց տամ, ինքը ունեցած-չունեցածս կառնե կերթա»:
Արտիստն այս ողբերգական տեսարանում ցուցադրում էր կողոպտված, անուղեգիծ, իրեն կատարելապես կորցրածի անկառավարելի խաղ, որի մեջ նաև գերխաղի տարրեր՝ իրական եղջյուրները գլխին դրած մայելով, անհասկանալի է՝ ուր էր բարձրանում:
«Ոչ կեսօրեն ետքը, ոչ այսուհետ, հաց չի՛կա». սա մի պոռթկում է, որն արձանագրում է մեծ հիասթափություն ու պարտություն: Նա կորցրել էր ամենակարևորը. այս կյանքում երեքով՝ ինքը, կինը, հացը, ապրելու իմաստը:
Աննկատ ու անբառ է Օրելի-Թամար Հովհաննիսյանի  վերադարձը ընտանիք: Պատին հենված-ձուլված, վախեցած ու անշարժ է հետևում ամուսնու վարքագծին: Հացագործը լուռ շոյում ու կերակրում է կատվին, ելք որոնելու համար ժամանակ ձգելով, բարձրաձայն, ինչպես մտքի մեջ, անտարբեր-կարեկից տոնով կատվին հանդիմանելով. «Խելքդ ուր փչե կերթաս, ինձի տեղյակ չես պահեր»:
Նախորդ՝ կենդանական վիճակին հակադիր հանդարտ-զուսպ վարքագիծ է դրսևորում՝ նուրբ, նյուանսներով, համակրելի, ողբալի: Սիրելի գործը՝ հացի խմոր շաղախելը իբրև կենսական կարևորության համատեղ ծես, անում է մեխանիկորեն, տանջալից, անիմաստ, քանի որ խարխլվել էր այս կյանքում երեքով ապրելու իմաստը: Ուստիև չնկատելու է տալիս վերադարձած կնոջը, ով փորձում է ալյուրին ջուր լցնելով միանալ հացթուխ ամուսնու ամենօրյա ծիսականացած գործողությանը, իբրև՝ ոչինչ չի եղել: Հացագործը չի նկատում, անտեսում է, մեղանչողը չի կարող մաս կազմել խմոր հունցելու արդար ու սրբազնացած կարգին, որը պահանջում է մաքուր միտք ու մաքուր ձեռքեր, մերժվում է հացին մասնակցելուց, իբրև ամենակարևոր գործն աշխարհում:
Բանտարկյալ սեփական մարմնի բանտում, Հացագործը ոչ թե անգիտանում է իր վիճակը, այլ իրապես տառապում մարմնի և հոգու ողջ ուժով, ցավագին, նկատելի, կեղեքվող:
Ներկայացման լավագույն տեսարաններից է, թե ինչպես է մեծահոգաբար, քրիստոնեաբար, վերմարդկային ճիգով արժանապատվորեն վերադառնալու նեղ ճանապարհ տալիս ոչ թե մեղանչողին, ոչ այնքա՛ն մեղանչողին, որքան լքվածին, մեղավորին, վերադարձողին: Նրան, ում ուժգին սիրում է, միաժամանակ խղճում իրեն ու դիմացինին: Քրիտոնեաբար, նրբանկատ, առանց շեշտելու, աննկատ, հետդարձի ուղի է ցույց տալիս ոչ այնքան իր առաջ մեղանչածին, որքան լքվածին: Սա նուրբ կետ է, որը նրան հնարավորություն է տալիս արժանապատվության եզրագծեր ստեղծել: Խղճում է մեկը, ով ինքը ծով խղճահարության տեղ ունի, ճանապարհ է տալիս նա, երբ ինքն է ուղեկորույս:
Բայց դեռևս չի կարող հետը հարաբերվել, չնկատելու է տալիս, դեռևս կատվին է կերակրելիս գուրգուրում ու մեղադրում-բամփում՝ «Լիրբ, լիրբ», և ամեն խոսքից կատվի խուսափուկ շարժումներով հեռվում կծկված Օրելին թեթև ցնցվում է:
Չի նկատում, աննշան թվացող կարևոր բաներ է ասում. «Ինչո՞ւ առանց ասել գնացիր, լավ է, մայրդ ժամանակին հետ դարձուց, անոթի ես, ճաշը պահել եմ քեզ համար»: Արդեն անելանելի վիճակից փրկության ելք է գտել՝ ձեռք մեկնելու վատ վիճակում գտնվողին, ոչ թե առաջին քարն է նետում, այլ կարողանում է գտնել սովորական մարդուն հասու միակ հնարավոր ոսկե ելքը՝ կեղեքվելով, աննկատ, առանց բառերի օգնելու մոլորյալին:
Ֆրունզիկ ՄկրտչյանԻսկ երբ մեղավոր կատվի վերածված կինը ձեռքերն է շոյում ու համբուրում, արցունքով լվանալու պես, աշխարհից, իրենից թաքուն աչքերը գոցելով արտասվում է՝ լուռ: Լուռ ու մենակ: Այսպես խաղում է անօրինակ դերասանը, այսպես հազար նյուանսով խաղում ու հուզում է հանճարեղ ողբերգակը: Չի ուզում, չի կարողանում, անհարմար է զգում անգամ ինքն իրեն խոստովանել իր հաղթահարած դժբախտությունը, բացատրություն է հորինում արտասվելու համար. «Հացթուխին աստվածն է, որ միշտ արցունք կբերե»:
«Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է». Մհեր Մկրտչյանի հազվադեպ հուզական խոսքերից  է:

ԵՎ ԲԱՐՁՐԱՑԱՎ ՎԵ՜Ր, ՎԵ՜Ր …

«Հացագործի կինը» բեմադրել ու խաղում էր։ Գյումրու թատրոնում վերջին խաղն էր, նայում էինք, չգիտեինք, որ վերջինն է, ես լալիս էի։ Հետո տեսա, որ բոլորն էին լալիս, որոշ բացառությամբ։ Երևի ոչ ոք չէր սպասում, որ Ֆրունզն այդպիսի խորություն և ծավալ կունենար։ Երբեմն մտածում եմ, թե ով չի տեսել այդ խաղը, Ֆրունզի մասին շատ մակերեսային պատկերացում ունի»,- Գյումրիում Մհեր Մկրտչյանի վերջին ներկայացումից այս տպավորությունն է ունեցել հանդիսական Լևոն Բարսեղյանը:
«Ինձ միշտ թվում է, թե ապրելու եմ 54 տարի (հիմա 52 տարեկան եմ): Բայց մի գուշակ ասել է՝ 74 տարի պիտի ապրես: Հավատում եմ, որ նա ավելի ճիշտ է: Դա ինձ ոգևորում է»: (հատված հարցազրույցից, frunzik.com)

Մհեր Մկրտչյանն ապրեց  63 տարի: 1993 թվականի դեկտեմբերին նա բաժանել էր Արտիստական թատրոնի բոլոր դերասանների աշխատավարձերը, գնացել իր տուն ու այլևս չէր վերադարձել: Նա հանկարծամահ եղավ Անկախության շրջանի 1993-ի դեկտեմբերի հայաստանյան դժոխքի տարում, երբեք այլևս այդքան դժվար, անհաղթահարելի թվացող  ձմեռ չեղավ ո՛չ նախորդիվ, ո՛չ հետո:
Սոս Սարգսյանը և Խորեն ԱբրամյանըԴեկտեմբերի 30-ին չկար տրանսպորտ ու լույս, հեռուստացույց ու տեղեկատվության աղբյուր, որպեսզի շատ մարդիկ իմանային ու կարողանային մասնակցել հանճարեղ, ամենաժողովրդական արտիստի վերջին հրաժեշտին:
Նրան  այսօր էլ նույնքան շատ են սիրում, ինչպես կենդանության օրոք, ու դա կանխազգացել էր նաև Մհեր Մկրտչյանը. «Միշտ մտածել եմ, որ մեռնեմ, դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց»:



logoԳայանե ՄԿՐՏՉՅԱՆ
04.10.2020
https://tatron-drama.am/archives/4750