Անցյալ չդարձող հուշեր
Մհեր Մկրտչյանի Պլատոնական Սէրը
Հանդիսատեսին ծիծաղ ու վայելքներ պարգեւած արտիստի գնահատականը ոչ միայն դահլիճը թնդացնելու չափ հնչեղ ծափերն ու համաժողովրդական սերն է, այլեւ նրա մասին եղած ու անընդհատ ավելացող հիշողությունները, որոնք, շաղկապվելով իրար, դերասանին մեզ հետ լինելու ու մեր կողքին մշտապես զգալու պատրանքն են ստեղծում:
Բանաստեղծուհի, մանկավարժ, ծնունդով գյումրեցի, բայց երեւանաբնակ Լարիսա Մինասյանի հուշերը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին թարմ են մինչ այսօր: Պատահական, բայց ճակատագրական առաջին հանդիպումը հիշողության էջերում է դեռ՝ Ֆրունզի չխոսկան, լռակյաց ու արտասովոր լրջության պատկերներով: 1974 թվականն էր: Ամառ: Անձրեւոտ օր: Մարտունիի հանգստյան տուն: Այնտեղ է նաեւ Մհեր Մկրտչյանը կնոջ ՝ Դոնարայի ու երկու երեխաների ՝ Նունեի ու Վահագնի հետ. «Դոնարայի առողջական վիճական արդեն վատացել էր: Նա տխուր նստում էր շեմին՝գլուխը աթոռին հենած, ու ամեն անցուդարձիս, ասում՝
«Մեռնիմ գյումրեցի խանում փեշերիդ: Փեշերդ էլ են քեզի պես խանում», - հիշում է բանաստեղծուհին:
- Օրը երեք անգամ, ամեն ճաշարան գնալուց ես լսում էի նույն արտահայտությունը ու ամեն անգամ անհարմար էի զգում, ասում էի՝գոնե ուրիշ ճանապարհ լիներ, այդպես չանցնեի, – գյումրեցի կնոջը բնորոշ ամոթխածության ու համեստության՝ տարիներ առաջ ապրած զգացողությունները դարձյալ կենդանանում են ու մատնում տիկին Լարիսայի երիտասարդ տարների հոգեկան փոթորկումները, իսկ նա շտապում է լրացնել,- բայց չկար այլ ճանապարհ, ու ամեն անգամ ստիպված էի իրենց տնակի մոտով անցնել:
Լարիսա Մինասյանը գյումրեցի Չախոյենց Կարապետ աղայի աղջիկն է՝ «սիրուն Լարիսան» (այդպես էին նրան ճանաչում): Գյումրիում նա շատեի սրտերն էր գերել: Ֆրունզիկ Մկրտչյանը եւս անտարբեր չէր: Միայն թե սիրուն Լարիսան արդեն ամուսնացած էր:
Մարտունիից Երեւան վերադառնալու հաջորդ առավոտ անսպասելի հեռախոսազանգը, ու հատկապես լսափողից հնչած Խորեն Աբրահամյանի ձայնը տիկնոջն անակնկալի են բերում. «Տիկին Լարիսա, ընկերս ՝ Ֆրունզը, սիրահարվել է ձեզ, ուզում է խոսել, խնդրում եմ, լսափողը չդնեք»: Ասելն ու լսափողը Ֆրունզին տալը մեկ եղավ: Ու Ֆրունզը, առանց բարեւի ու ողջույնի որեւէ խոսքի, միանգամից սկսեց արտասանել Սիրանո դը Բերժերակ: Ուղիղ 40 րոպե, ժամ եմ պահել: Մեկ էլ լսում եմ Ֆրունզի ձայնը՝ «Շունչս կտրվեց, ճամփա տվեք, դուռը բանամ, դուրս գամ»: Մարքսի փողոցի փոքրիկ հեռախոսախցի մոտ հավաքվածներին էր ասում: Հետո ոչ մի բառ չփոխանակեցինք, վերջում ես ասացի ՝ «Խնդրում եմ, մեր տուն էլ չզանգեք: Ձեր հանդեպ մեր ընտանիքի սերը մեծ է ու չեմ ուզում՝ այն փչանա, իսկ եթե զանգեք, սիրուն բան չի ստացվի»:
Ամուսնացած կնոջ համար սիրո այս ինքնատիպ խոստովանությունը որքան անսպասելի էր, նույնքան անհանգստացնող ու սպառնալիք՝ արդեն կազմավորված ընտանիքի համար: Բարեբախտաբար Մկրտչյանի առաջին հեռախոսազանգը դառնում է վերջինը:
Դերասանի հետ առաջին հանդիպման հուշերն ու հեռախոսազանգի տպավորությունները բանաստեղծուհի Լարիսա Մինասյանի կյանքում վերակենդանանալու ու վերարժեւորվելու էին ուղիղ տասը տարի անց՝ այս անգամ նոր շնչով, բայց դարձյալ պատահականության դիպվածի ընկալումներով ու ճակատագրի անխուսափելի թելադրանքով: Հանդիպումը Երեւանում էր՝ Լեոյի փողոցում: Երկար տարիների բաժանումից ու Լարիսային ավելի քան տասը տարի չտեսնելուց հետո, մկրտչյանական արձագանքը սպասելի էր, հանդիպման ինքնատիպությունն՝ ապահովված.
- Ինքը փողոցով իջնում էր ներքեւ, տուն էր գնում, ես՝ բարձրանում էի վերեւ: Հենց ինձ տեսավ, ձեռքերը լայն պարզած ընդառաջ է գալիս, շփոթվեցի, իսկ ինքը ողջունում է ինձ. անունս հիշում էր. «Բարեւ Լարիսա ջան, ո՞նց ես»: Շփոթված էի, չգիտեի՝ ինչ ասել … նոր էի նայել իր մասնակցությամբ «Խաթաբալա» ներկայացումը, որտեղ ինքը Զամբախով էր խաղում: Մենք սովոր չէինք նրան այդ դերում տեսնել. մեր պատկերացումներում Ավետ Ավետյանի ու Սոս Սարգսյանի կերտած Զամբախովն էր: Ես էլ շատ անմիջական, միանգամից Մկրտչյանին ասացի ՝ «գիտեք, այդ դերը ձեզ չի սազում, չնայծ շատ լավ եք խաղում»:
Ասվածն ասված էր, իսկ հանդիսատեսի, այն էլ ՝ ոչ սովորական հանդիսատեսի խոսքը ՝ օրենք դերասանի համար: Լարիսային ասաց, խոստացավ այլեւս երբեք Զամբախով չխաղալ: Տիկին Լարիսայի իմանալով, նա պահել է իր խոստումը:
Կարծես օրինաչափ դարձած սկզբունքով՝ դերասանի հետ հաջորդ հանդիպումը դարձյալ 10 տարի անց էր. հանդիպման վայրն այս անգամ թատրոն էր, Մկրտչյանի ստեղծած Արտիստական թատրոնը: Ներկայացումից օրեր առաջ տոմսարկղից գնվեց Մարսել Պանիոլի «Հացթուխի կինը» պիեսի բեմադրության առաջին տոմսը: Լարիսա Միասյանին էր վերապահված դառնալ Ֆրունզիկ Մկրտչյանի նորաբաց թատրոնի առաջին հանդիսատեսը: Ֆրունզը փորձասենյակի կիսաբաց դռնից նկատեց առաջին տոմսը գնողին. «Տոմսը ետ տուր, դու մեր թանկագին հյուրն ես, մեր թատրոնում միշտ քո տեղը կունենաս»: Դերասանի խնդրանքն իզուր էր,գնված առաջին տոմսն այլեւս ետ չվերադարձվեց.
Պրեմիերայից հետո բոլորը ծափահարում էին, շնորհավորում Մհեր Մկրտչյանին: Հանկարծ լսում եմ նրա ձայնը. «Խնդրում եմ, բոլորդ հոտնկայս ծափահարեք ու բեմ հրավիրեք…»: Ու մինչ արտիստի շուրթերից կհնչեր պատվավոր հյուրի անունը, ով պիտի արժանանար դահլիճում հավաքվածներ ծափահարությանը, իսկ ներկա արվեստագետներից յուրքանչյուրը փողկապներն ու մազերն էին ուղղում՝ բեմ բարձրանալու պատիվն իրենց վերագրելով, իրեն բնորոշ անսպասելիությամբ Ֆրունզիկ Մկրտչյանը հայտարարում է. «Դահլիճում է գտնվում մի շատ գեղեցիկ, շատ համեստ կին, տիկին Լարիսան, իմ թատրոնի առաջին հանդիսատեսը, ծափահարենք ու բեմ հրավիրենք նրան»:
Անսպասելի հրավերից մոլորված ու շփոթված կինը հրաժարվում է բեմ բարձրանալ, իսկ արտիստը համառում է. «Այս ծափերը չեն դադարի այնքան ժամանակ, մինչեւ Լարիսան բեմ չբարձրանա»:
Ու չդադարող ծափերի ներքո արտիստական թատրոնի առաջին հանդիսատեսը միանգամից վեր է կենում ու հեռանում դահլիճից. «Հիմա էլ, որ լիներ, էլի համարձակություն չէի ունենա բեմ բարձրանալ»,- տարիներ անց անկեղծանում է բանաստեղծուհին:
Ու այսօր, երբեք չմոռացված ու անցյալ դարձած հիշողությունների մասին տիկին Լարիսան խոսում է մեծ հուզումով, կարոտի զգացումով ու գուցե հաղթանակած լինելու գիտակցումով ՝ Ֆրունզի ուշադրությանն ու սիրուն արժանացածի գիտակցումով:
1993 թ դեկտեմբերի հետ կապված հիշողություններն եւս չեն մոռացվել, հնարավոր չէ մոռանալ: Դերասանի մահվան բոթը ամենահավատարիմ հանդիսատեսն իմացավ հենց նրա թաղման օրը . «Սիլվա Կապուտիկյանի հետ Արզնիում էինք: Մեր վերադառնալու օրը Ֆրունզի հուղարկավորությունն էր: Երեւանից Արզնի 15 րոպի ճանապարհ է, բայց Ֆրունզի մահվան լուրը չէինք իմացել: Արագ վազեցինք Օպերա: Ծաղիկներ էլ չկային: Մի քանի խրիզանտեմ էր մնացել: Գայլա Նովենցը մոտեցավ, ծաղիկները բաժանեցինք հավասար մասերի, ու մտանք օպերա: 15 րոպե հետո մահվան թափորը շարժվեց պանթեոն»:
Ու դերասանի ուրախ ու թախծոտ աչքերի գաղտնիքը այդպես էլ մնաց չբացահայտված, չբացահայտված մնաց նաեւ Լարիսա Մինասյանի զգացումները մեծ արտիստի համար. «Ֆրունզին բոլորն էին սիրում, ես էլ էի սիրում, բայց չգիտեմ, ինչ սեր էր դա, չգիտեմ….ո՞վ չէր սիրում Ֆրունզին»:
Մարինե Պետրոսյան
«Ասպարեզ»
3.08.2013
Free Joomla Lightbox Gallery