Նա ապրեց ու ծիծաղեցրեց բոլորին, իսկ իր համար ժամանակ չմնաց
Հայ բեմի անվանի ու անմոռանալի դեմքերից մեկն էր Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը, որն այսօր կլիներ 76 տարեկան: Սակայն անսպասելի ու դաժան հիվանդությունը 13 տարի առաջ խլեց մեզանից մեր ամենասիրելի արտիստին ու այսօր նրա բացակայությունը զգացվում է: Մեր Ֆրունզը դեռ մանկուց երազում էր իր ծնողների փափագը տեսնել՝ Անիի, Արեւմտյան Հայաստանի ... ազատագրումը: Սակայն հենց այդ կարոտն էլ սրտում նա հեռացավ ու իր ժողովրդին թողեց իրեն կարոտելու պատգամը: Ֆրունզիկի բոլոր խաղացած դերերը, անկախ նրանից դրանք փոքր էին, թե գլխավոր, մշտապես գերում ու առանձնահատուկ ժպիտ էին արթնացնում: Մեր Ֆրունզը գերեց ու ծիծաղեցրեց բոլորին, սակայն իր համար ժամանակ չգտավ մի փոքր ծիծաղելու...
Երեկ կեսօրին Կոմիտասի անվ. պանթեոնում էին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի դերասանները, արվեստագետներ եւ այլ թատրոնների դերասաններ, որոնք խնամքով մեծ արտիստի շիրմաքարը զարդարեցին ծաղիկներով: Նրանք եկել էին մեծ ժողովրդականություն վայելած, կինոյի ու թատրոնի անկրկնելի արտիստի ծննդյան 76-ամյակը խնկարկելու եւ լռության մի քանի րոպեներով հարգելու նրա անմար հիշատակը: Հուզված էր Մհերի եղբայրը` թատրոնի գեղ. ղեկ. ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, որին խնդրեցի բնորոշել Մհեր Մկրտչյանին որպես մարդ, որպես դերասան եւ որպես եղբայր. «Իմ բնորոշումը շատ էգոիստական է, շատ եսասիրական... որովհետեւ ինձ համար Մհերը «աստված» էր իր բոլոր բնորոշումներով` որպես տաղանդավոր դերասան, որպես եղբայր, որպես հայր: Նա մի մարդ էր, որ երեխա ծնվեց ու երեխա մահացավ, ու որի համար տիեզերքում սերն էր, որը ուժ էր տալիս նրան ստեղծագործելու: Անչափ բարի, ազնիվ մարդ էր, որը երբեւէ չի նեղացրել որեւէ մեկին, ու եղեռնից մազապուրծ ծնողներիս կարոտը դեպի մեր էրգիրը իր հետ տարավ»:
Ֆրունզի երեւակայությունը անսահման էր, որն իր հետ բերում էր համ ու հոտ եւ գերում էր, լիներ բեմում, թե կինոյի հրապարակում: Արվեստագետները նշում էին, որ այսօր Ֆրունզի պակասը զգացվում է, չնայած որ նրա ժամանակներն անցել են... Բայց Ֆրունզի թողած դերասանական ժառանգությունը մնաց ու դարձավ երիտասարդ սերնդի համար բեմական դպրոց, ու այսօր իր անունը կրող թատրոնը («Մ. Մկրտչյան արտիստական թատրոն») շարունակում է նրա թողած ավանդն ու մշտապես ժպտադեմ նկարներից մեզ է նայում ու կարծես կրկնում է իր հոր խոսքերը` է՜յ, հե՜յ («Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից):
Դերասան Ազատ Գասպարյանը Ֆրունզին բնորոշեց ահա այսպես. «Նա մարդ էր մեծատառով, կոմիկ դերասան ու նաեւ ինչ-որ տեղ «բժիշկ», որը իր ծիծաղով հարյուր-հազարավոր հանդիսատեսների է բուժել ծիծաղով: Ֆրունզը իր խաղընկերներին խաղացնում էր ու հենց դրանով գերում էր իր հանդիսատեսին: Ասեմ, որ մեր մեծերի տեղերը եզակի են լինում եւ ես չեմ կարող ընդունել, որ այսօր Ֆրունզը «չկա», նա կա ու միշտ կլինի, քանի նրան հիշում ենք ու երբեք նրան «փոխարինող» չկա»: Իսկ Ֆրունզի խաղընկեր ու ընկեր Անդրանիկ Հարությունյանի (Կոմիտասի անվ. կամերային տան տնօրեն) համար «նա զարմանահրաշ մարդ էր ու դերասան, որի տեսակը շատ քիչ է: Մհերը կյանքում ոչ մի դեր չխաղաց պարզապես խաղալու համար, նա ապրեց ու ապրեցրեց հանդիսատեսին իր դերակատարումներով ու դարձավ անմահ: Մեր Ֆրունզը չնայած ֆիզիկապես չկա այսօր, սակայն նա մահից հետո անգամ մեռած չի ու 13 տարի է անցել, նա միշտ մեզ հետ է ու մշտապես երկխոսության մեջ է ժողովրդի հետ: Մենք այսօր բոլորս մեղավոր ենք, որ մեր Ֆրունզ-Մհերը մեզ հետ չէ: Չկարողացանք պահել նրան իր շփոթված ու աստվածատուր զգացմունքներից, որտեղ նա խճճվեց ու չկարողացավ դուրս գալ: Դրան գումարվեցին նաև ընտանեկան դժբախտություններն ու տապալեցին նրան... Մենք բոլորս մեղավոր ենք, որ չօգնեցինք նրան»:
Իր անունը կրող թատրոնը, որտեղ վերջին անգամ մեր Ֆրունզը խաղաց «Հացթուխի կինը» ներկայացումը, երեկ երեկոյան Ֆրունզի ծննդյան օրվա առիթով բացեց «Արտ-կլուբ»` նկարիչ Աշոտ Համբարձումյանի եւ դերասան Լալա Համբարձումյանի մտահղացմամբ: Այն կդառնա արվեստագետների համար մի կենտրոն, որտեղ հաճախակի կլինեն հանդիպում-քննարկումներ, բանավեճեր: Երեկոյի ընթացքում Ֆրունզի մասին գնահատանքի խոսքեր շատ ասվեցին ու դեռ երկար կասվի: Իսկ ներկաները եւս մեկ անգամ հնարավորություն ունեցան դիտելու մի տեսաժապավեն, որտեղ ամփոփված էին Ֆրունզի բազմաթիվ դերակատարումներ, կյանքի տարբեր դրվագներ եւ իհարկե նրա խաղը ու ձայնը:Մհեր Մկրտչյանը ապրեց բոլորի համար, իսկ իր համար ապրելու ժամանակ չմնաց...
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Ազգ օրաթերթից։