ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ «ՊԱՀԱՆՋՈՎ»

Մհեր Մկրտչյան«Ինչպես Պաղտասար աղբարն ազատվեցավ Անույշեն» պիեսի ստեղծման պատմությունը



Մհեր Մկրտչյան և Թամար Հովհաննիսյան
Մշակույթի նախարարությունում աշխատելու տարիներին երբեմն գնում էի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի կուլիսներ, տեսնելու, թե նշանավոր դերասաններն ինչպես են իրենց տեսարաններն ավարտելուց հետո բեմից դուրս գալիս: Նայում էի և գրեթե միշտ շատ զարմանալի ու անսպասելի վիճակների էի հանդիպում: Դերասաններից մի քանիսը բեմից դուրս գալուց հետո անմիջապես «սառչում» էին, զբաղվում իրենց առօրյա հոգսերով և հանգիստ սպասում հաջորդ մուտքին: Որոշ դերասաններ մի քանի վայրկյան անշարժ կանգնում էին, որ սթափվեն, հետո մտածեն, թե ինչ են անելու: Կային այնպիսիները, որ բեմում աղմկալի տեսարան խաղալուց և արագ դուրս նետվելուց հետո, կուլիսներում հանգիստ կանգնում էին, ժպտալով իրենց շուրջը նայում և քթի տակ մեղմ երգելով՝ գնում իրենց բանին: Երբ մոտենում էր նորից բեմ մտնելու պահը, արագ գալիս էին կուլիսներ, մի ակնթարթում դառնում պիեսի կերպարը և անհամբեր սպասում: Հոգեբանորեն, արտաքինով, առոգանությամբ, հայացքով և նույնիսկ շնչառությամբ նրանց մի ակնթարթում վերափոխվելու այդ բարձրարվեստ կարողությունը, որը հանդիսատեսը երբեք չի կարող տեսնել, ինձ միշտ հիացնում էր:
Բայց այն, ինչ անում էր Մհեր Մկրտչյանը Պաղտասարի դերում, երբ բեմից դուրս էր գալիս կամ բեմ մտնում, անհավատալի էր:


1974 թվականի մի օր դարձյալ թատրոնի կուլիսներում էի: «Պաղտասար աղբար» ներկայացումն էր, և Մհեր Մկրտչյան-Պաղտասարն իր սարսափելի կնոջ՝ Անույշի հետ կռվի տեսարանն էր խաղում: Մհերը վրդովված էր, հուսահատ, Անույշը՝ ուրախ, հանգիստ, իսկ դահլիճում փոթորկալի ծիծաղ էր:
Կնոջ հետ կռվից հետո Մհեր-Պաղտասարը խուճապով ու քրտնած բեմից դուրս եկավ, շփոթված փնչացրեց, նայեց կուլիսներում կանգնածներին և ոչ մեկին չդիմելով, կիսաձայն ու հուսահատ ասաց.
– Այս անհավատարիմ կնիկեն ես չպիտի՞ ազատվիմ…
Հետո գնաց հեռու, նորից վերադարձավ, նայեց բեմ և, հավանաբար Անույշին տեսնելով նորից ձեռքերը հուսահատ վեր բարձրացրեց, թափահարեց ու նորից հեռացավ, որ էլի մի քանի անգամ գա ու գնա, մինչև նորից բեմ մտնի:
Դահլիճից մի քանի անգամ ներկայացումը նայել էի, բայց կուլիսներից՝ դեռ ոչ, և այդ օրը Մհերի բուռն ապրումները նաև կուլիսներում տեսնելուց հետո զարմացած կանգնել էի:
Մհեր Մկրտչյան-Պաղտասարի մեկ-երկու ելումուտ տեսնելուց հետո թատրոնից դուրս եկա և գնացի տուն, մտածելով, որ Մհեր Մկրտչյանը մինչև թատրոն գալն ինչ-որ բանից դժգոհ է եղել, հուզվել է, այժմ էլ դերի հոգեվիճակից ավելի վրդովվելով չի կարողանում կուլիսներում մեկ-երկու րոպե «սառչել», հանգստանալ:
Հաջորդ ներկայացմանը դարձյալ կուլիսներում էի և ավելի երկար մնացի: Այդ օրն էլ մի քանի անգամ տեսա բեմից դուրս եկող ու բեմ մտնող Մհեր Մկրտչյանին, միայն թե, նախորդ ներկայացմանը կուլիսներ դուրս գալուց հետո արտասանած խոսքին, այդ օրը երկու բառ էր ավելացրել, չնայած, հնարավոր է, որ այդ բառերը նախորդ ներկայացման օրն էլ ասել էր, իսկ ես չէի լսել: Այդ օրը նա ասաց.
– Տեր Աստված, այս անհավատարիմ կնիկեն ես չպիտի՞ ազատվիմ…
Եվ էլի գնաց բեմի խորքը. նույն հուսահատ շարժումներն էին, նույն ծանր փնչոցը, ճակատին փայլող քրտինքի նույն կաթիլները, և, իհարկե, նույն սարսափահար աչքերը:
Ուրեմն՝ նախորդ ներկայացման օրը, Մհերին դրսում ոչինչ էլ չէր պատահել, և Մհեր Մկրտչյան-դերասանը, ինչպես միշտ, եղել էր իր տարերքի մեջ:
Իսկ դահլիճում դարձյալ ծիծաղը չէր լռում:
Երբ Մհեր-Պաղտասարը հուզված եկավ, կանգնեց կուլիսներում, որ ժամանակին բեմ մտնի, հանկարծ տեսավ ինձ ու «Պաղտասարի» վրդովմունքով ասաց՝ «Մտածե, էլի» ու թափով ներս գնաց: Ես միայն ժպտալով նայեցի նրա հետևից ու քիչ անց թատրոնից դուրս եկա:
Ճանապարհին հանկարծ հիշեցի Մհերի ասած «Մտածե, էլի»-ն ու կանգ առա: Ես ծանոթ էի Մհերի կարճ՝ 4-րդ կամ 5-րդ նախադասություններով խոսելուն և սկսեցի մտածել ասածի մասին: Մտածեցի, բայց այն, ինչ կարողացա հասկանալ նրա ասածից, այնքան զարմանալի ու անհավանական թվաց ինձ, որ ծիծաղեցի և փորձեցի մոռանալ:
Մի տարի անց նրան հանդիպեցի թատրոնի միջանցքում: Դեռ չմոտեցած, ասաց. «Ես լուրջ էի ասում, մտածիր»: Իսկույն հասկացա, որ ճիշտ եմ ընկալել նրա միտքը: Երկու տարի անց էլ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի մուտքի մոտ նորից հանդիպեցի: Արդեն մի քիչ նեղացած ասաց՝ «Բայց ինչի՞ չի կարելի, թող Պաղտասարի ուզածով պիես էլ լինի» ու անցավ:
Ես համաձայն էի նրա հետ: Իրոք, ինչո՞ւ չի կարելի, ասողն էլ սովորական մեկը չէ, որի ասածը կարելի է ականջի հետևը գցել: Նշանավոր արտիստն ուզում է ուրիշ Պաղտասար էլ խաղալ, ինչո՞ւ չխաղա: Ինչո՞ւ Պաղտասարը հետագայում, հանգամանքների բերումով, չէր կարող վերափոխվել և ազատվել Անույշից: Իհարկե, կարող էր: Երբ միտքս ավարտեցի, իսկույն հասկացա, որ թեկուզ մտքիս մեջ, բայց արդեն Մհերին` այդ շատ սիրելի, շատ նշանավոր դերասանին ու բարի մարդուն խոստացա, որ նրա «հանձնարարությունը» կկատարեմ:
Կամաց-կամաց աշխատանքը սկսեցի: Չէի շտապում, Մհերին էլ հանդիպելիս ոչինչ չէի ասում, միայն ժպտալով նայում էի, գլխով «այո» ասում, նա էլ վստահ, որ իր ուզածը լինելու է, բութ մատը վեր էր բարձրացնում, իբր՝ «ամեն ինչ լավ է լինելու, շարունակիր», և ժպտալով անցնում էր:
Սակայն կատարվեց անսպասելին՝ մահացավ Մհեր Մկրտչյանը: Ինչպես բոլորը, ես էլ կարծում էի, որ նշանավոր մարդիկ հավերժական են, շտապելու կարիքը չկա և մի օր կավարտեմ այն՝ ինչը խոստացել եմ…
Կատարվածից հուսահատ՝ աշխատանքը դադարեցրի:
Էլի տարիներ անցան և, վերջապես, կուլիսներում կանգնած 1974 թվականի անմոռանալի այն երեկոյից 30 տարի անց՝ 2004 թվականին ավարտեցի պիեսը և Պաղտասարին ազատեցի Անույշից: Պիեսը դարակում մնաց տասը տարի:
Այս տարի՝ 2015-ին լրանում է Մհեր Մկրտչյանի ծննդյան 85-ամյակը: Այդ նշանավոր տարելիցի առիթով որոշեցի նրա հիշատակին նվիրել ոչ թե այս պիեսը, այլ՝ տպագրության պատրաստ իմ «Թակարդներ երիտասարդ զույգի համար» կատակերգությունների ժողովածուն, որտեղ ավելացրի այս պիեսը ևս: Հուսով եմ, որ գիրքը կտպագրվի այս տարի:

grakan-tert-logoԳևորգ ՍԱՐԳՍՅԱՆ
ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ
http://www.grakantert.am/%D5%B4%D5%B0%D5%A5%D6%80-%D5%B4%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B8%D5%BE-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%BA%D5%A1/

Печать