Բեմի լուսավորման պահանջը թատրոնի պատմության ակունքներից չի գալիս։ Շատ տարիներ էին պահանջվելու, որպեսզի այդ նորամուծությունը կիրառություն գտներ թատրոնում, ապա եւ ապացուցեր իր անհերքելի պահանջվածությունը։ Լույսի տեխնիկական գյուտի ու դրա կիրառման զարգացմանը զուգընթաց, մարդկային միտքը հղացավ դրա թատրոնում կիրառմանը։ Այս էֆեկտը բեմադրական լուծումների լրացում պիտի ապահովեր ներկայացումներին։ Սա այն դեպքում, երբ «լույս դնողը» յուրատեսակ օժտվածություն ուներ թատերական բեմավիճակը զգալու։ Ու այդուհետ բեմի լույսն իր ուրույն նշանակություն ու կարեւորությունը հետզհետե ձեռք բերեր՝ յուրաքանչյուր ներկայացման մեջ իր ինքնահատուկ ու անփոխարինելի «դերակատարումը» ստանձնելու համար։
Ղարսից արտագաղթած եւ մանկատանը մեծացած Հակոբի ու գյումրեցի հայտնի արհեստավոր Ղալաճի Մկոյի դստեր՝ Թամարի որդին Գյումրու թատրոնում 65 տարիների աշխատանքային վաստակ ունի։ Քանի որ հայրն ու մայրն էլ են այստեղ աշխատել, Էդվարդը դեռ մանկուց հնարավորություն է ունեցել սիրով համակվել թատրոն կոչվող հրաշքի, իսկ տարիների հետ նաեւ՝ ակնածանքով լցվել բեմի վեհության հանդեպ։ Անցած օրերի հուշերը՝ անվանի դերասանների եւ ռեժիսորների հետ երբեմնի շփումները այսօր էլ չեն կորցրել իրենց պայծառությունը ու դժվար չէ թեկուզ աննշան թվացող մանրուքը վերհիշելով, պատմել այդ ամենը։ Իսկ վերապրումն ակնհայտորեն զգայական հաճույք է պարգեւում իրեն։
Ֆրունզիկ Մկրտչյանի հետ Էդվարդ Պողոսյանի ընկերությունը սկիզբ է առել մեր թատրոնում, որի բեմում հանդես է եկել մեծ դերասանը։ Այդուհետ նրանք ջերմ, բարեկամական կապի մեջ են եղել։ Վարպետ Էդիկը, սուրբ մասունքի պես այսօր էլ իր տանն ունի Ֆրունզի նկարած իր դիմանկարը։ Մի դվագ է պատմում հանրահայտ արտիստի կյանքից․ «Ֆրունզի դերացանկում մեծ հաջողություն ուներ «Ղազարը գնում է պատերազմ» ներկայացումը։ Այդ դերը նա խաղացել է եւ՛ մեր, եւ՛ Երեւանի բեմերում։ Մի օր Ֆրունզն իր մեքենայով շտապում է Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն՝ հերթական անգամ Ղազար խաղալու։ Շտապելու պատճառով երթեւեկության կանոնները, բնականաբար, խախտում է։ Պետավտոտեսչության մեքենան սկսում է հետապնդել կարգազանց վարորդին։ Ֆրունզն ավելացնում է մեքենայի արագությունը, այսինքն՝ դիմում է փախուստի։ Վերջապես հասնելով թատրոն՝ արգելակում է ու մեքենայից դուրս գալով, փորձում է ծառայողական մուտքից ներս մտնել։ Բայց համառ պետավտոտեսուչը հասնում է նրան ու կանգնեցնելով խնդրաբար ասում՝ «Ընկեր Մկրտչյան, հրավիրատոմս չե՞ք տա՝ ներկայացումը նայելու համար»։ Պողոսյանին այս դիպվածը նա է պատմել ու ավելացրել՝ «Ես էլ մտածում էի, թե ո՞նց գլուխս պրծացնեմ սրանից։ Բայց բանից դուրս եկավ, որ մարդն իր խնդիրը լուծելու համար էր ընկել ետեւիցս»։

Գումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի նկարիչ-լուսավորող Էդվարդ Պողոսյանին այդ նուրբ մասնագիտության հմտությունները փոխանցվել են վարպետ Մուկուչից, հղկվել տարիների փորձով ու իմացությամբ։ Մի մասնագիտություն, հմտություն, վարպեություն, որ նրա թատերական ընկերներին իրավունք է վերապահել նրան պարզապես՝ եւ՛ հանաքով, եւ՛ լրջմիտ, կոչելու Էդիկ Լուսավորիչ։ Սա պարզապես զուտ արձանագրում չէ լույսերի նկարման պարունակին նրա տիրապետմանը գյումրեցիների կողմից։ Էդվարդ Պողոսյանը ներկայացումներ է լուսաձեւավորել ոչ միայն Հայաստանի մարզերի, մայրաքաղաքի բոլոր թատերաբեմերում, այլեւ՝ ԼՂ հանրապետության Ստեփանակերտի թատրոնում։ Ու նրա բեմադրած լույսերի պարը միշտ էլ ակնահաճո եւ բեմադրական խոսքին ու ասելիքին փոխլրացնող երեւույթին հարիր է եղել, ինչը բազմիցս խոստովանել են ներկայացումների բեմադրիչները։
Զորօրինակ, Երվանդ Ղազանչյան՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ․ «Նա անվիճելի պրոֆեսիոնալ է, հիմա ասում են՝ արհեստավարժ՝ թող լինի այդպես։ Նրա բախտը բերեց, որ աշխատեց Ցոլակ Ամերիկյանի, Վարդան Աճեմյանի, մի շարէմեծերի հետ։ Սովորեց, կուտակեց ու յուրացրածն օգտագործեց։ Չափազանցություն թող չհնչի, բայց պիտի մի ճշմարտություն ասեմ․ այն, ինչ բոլոր մեծերն արեցին բեմի վրա, նա արեց կուլիսներում»։ Ալբերտ Մկրտչյան՝ ՀՀ ժողովրդական արտիստ․ «Ինձ համար թանկ արվեստագետ է։ Թատրոն Էդիկի հոգուց է բխում, նրա երակներում հոսում է թատերական արյուն՝ Հրաչյա Ներսիսյանով, Մհեր Մկրտչյանով, Ժան Էլոյանով․․․ ովքեր գործել են Գյումրու թատրոնում։ Նա արվեստագետ-լուսավորող է։ Ամեն մի ռեժիսոր գերագույն հաճույք է ստանում նրա հետ աշխատելով»։ Խորեն Աբրահամյան՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ․ «Թատրոնի մասին խոսելիս, անհնար է շրջանցել Էդվարդ Պողոսյանի անունը։ Վարպետ եմ համարել դերասանների մեջ։ Վարպետ է լուսային ձեւավորման մեջ Էդվարդ Պողոսյանը»։ Նիկոլայ Ծատուրյան՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ․ «Նրա պրոֆեսիոնալիզմն ինձ շատ է ոգեշնչում։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ շատ նրբորեն է տիրապետում իր արվեստին, ճշգրտորեն գնահատում ու լուսաուրվագծում է յուրաքանչյուր դրվագ»։
Է․Պողոսյանը բազմաթիվ պաշտոնական ու փառատոնային համերգների լուսային ձեւավորումների հեղինակ է, ստեղծել է մեծաթիվ լուսային համակարգեր Հայաստանի թատրոններում եւ մշակույթի պալատներում։ Նա մասնակցել է ԽՍՀՄ ակադեմիական Փոքր թատրոնի, Վախտանգովի անվան ակադեմիական թատրոնի, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի արտասահմանյան հյուրախաղերին՝ մեծ գնահատանքի արժանանալով արտասահմանյան մասնագետների կողմից։ Բարձր գնահատելով նրա՝ թատրոնում ունեցած վաստակն ու ծառայությունները, ՀԽՍՀ իշխանությունները 1965 թվականին նրան պարգեւատրել են Գերագույն խորհրդի պատվոգրով։
Երիտասարդ տարիքում Է․Պողոսյանը զբաղվել է պարարվեստով, ունեցել է հաջողություններ։ Անձամբ բեմադրել է պարեր։ Պարային համույթի հետ ելույթներ է ունեցել Խորհրդային միության տարբեր քաղաքներում։ Պարային պլաստիկային տիրապետելու եւ դրա նրբություններն հասկանալու կարողությունը չէ՞ արդյոք, որ ներկայացումներում գունագեղ լույսերի խաղն ու մերձեցումը, բեմասփյուռ ալեկոծումները, լուսառկայծումները ճկուն ու սրբատաշ պարեր են ընկալվում հանդիսատեսի կողմից։ Լույսերը, կարծես, նրա հեզ պարուհիները լինեն։
1999-2008 թվականներին աշխատելով Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնում՝ Էդվարդ Պողոսյանը հանդես բերեց հմուտ կազմակերպչի ու տնտեսվարի հմտություններ։ Այդ ժամանակ դժվարին կացության մեջ էր հայտնվել թատրոնը՝ պարտքեր էին կուտակվել։ Հանդիսատեսի մարող հետաքրքրությունը թատրոնի հանդեպ ակնհայտ էր։ Պողոսյանը կատակով է նկարագրում թատրոնի այդօրինակ վիճակը․ «Մենք նմանվել էինք ջրավազանում լող տվողներին, ու դա այն դեպքում, երբ այնտեղ ջուր չկար»։ Բայց այդ, տարիներին Լինսի հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվեց թատրոնի շենքը, ժթատրոնն ունեցավ ջեռուցման համակարգ։ Խաղացանկային նոր ներկայացումներ բեմադրվեցին, որոնց մի մասը պատանի հանդիսատեսին էր հասցեագրված։
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչն այսօր էլ իր գործը պատվով է կատարում Արագած մարզամշակութային պալատում՝ աշխատելով փոխտնօրեն ։