Ինքը աշխարհից կտրված էր եվ շատ աշխարհիկ

Гриша ГабриелянՄհեր Մկրտչյանը մեծ դերասան էր։ Նա հումոր չէր անում, անեկդոտ չէր պատմում, նա պատմում էր իր հետ կապված կյանքի ինչ-որ դրվագներ։

Գնացել էինք Բեյրութ։ Մհերը կանգնած ինչ-որ ճարտարապետի հետ զրուցում էր, վիճում, չնայած որ ճարտարապետությունից համարյա ոչինչ չէր հասկանում։ Քիչ անց մի «մերսեդես» եկավ, կանգնեց, ու մեքենայից մի չնաշխարհիկ կին իջավ, կարծես կիսամերկ լիներ և ասաց.
— Պարոն Մկրտչյան, կուզեմ ձեզի հրավիրել մեր տուն։
Ֆրունզն ընդհատեց խոսակցությունը, շրջվեց, տեսավ կնոջը, շփոթվեց և ասաց.
— Բան գցիր վրադ, հիմա գալիս եմ։
Վերջին անգամ Հալեպում էինք 1993 թվականին, հյուրանոցի առաջին հարկում ռեստորան կար, որտեղ լավ կերակրում էին՝ երկու հատ առաջին, երկու հատ երկրորդ։ Սովի տարիներ էին, մենք էլ՝ ուտելիքի կարոտ։ Նստած էինք, բերեցին երկու հատ առաջին։ Հետո նորից բերեցին, գդալներ գրեցին։ Ես զարմացած ասացի.
— Չհասկացա, Մհեր Մուշեղիչ, այս ի՞նչ է կատարվում։ Նոր չկերա՞նք, որ նորից գդալներ են բերել։
— Չէ,— ասաց,— այս գդալները որ բերեցին, ուրեմն մի բան կա։ Ավելի լավ է փախչենք։
Նա խոհանոցից շատ հեռու էր։ Ուտելու ոչինչ պատրաստել չգիտեր։ Ասենք, ձվածեղ էր պատրաստում, չորացնում, «տախտակ» էր դարձնում։ Մոռանում էր յուղ գցել։
Նա աշխարհից կտրված մարդ էր, միևնույն ժամանակ շատ աշխարհիկ։ Ոչ թե մտածված էր անում, չէ, շատ բաներ չէր հասկանում։ Նրա ընկալումն ուրիշ էր։ Մհերը մոգական ուժ ուներ, նրա մեջ ինչ-որ դիվային բան կար, որը երևի ոչ մի դերասանի մոտ չեմ տեսել։ Դամասկոսում երեխաների համար «Պաղտասար աղբար» ներկայացումն էինք խաղում, ես էլ դատավորներից մեկն էի։ Իրեն պետք է խաբեինք, հետո ձեռքերը կապեինք և տանեինք գժանոց։ Բոլորս ասում էինք.
— Եգուր, եգուր, Պաղտասար աղբար։
Նա նստած նայում էր դահլիճին, ու հանկարծ ամբողջ դահլիճը, ուր բոլորը երեխաներ էին. ոտքի կանգնեց ու սկսեց բղավել.
— Չերթա՜ս, Պաղտասար աղբար, չերթա՜ս։ Մեկ էլ Մհեր Մկրտչյանի «կնճիթի» կողքից մի մեծ արցունքի կաթիլ կախվեց և հոսելով՝ լցվեց բերանը։ Ես փշաքաղվեցի, մոռացա, որ բեմի վրա եմ։ Ցնցվեցինք։ Չգիտեինք, ոնց շարունակենք ներկայացումը։ Լավ է, մեկ էլ Լևոն Թուխիկյանը իր խոսքը սկսեց, Մհերին կապեցինք, դուրս տարանք, որ կարողանանք շարունակել։
Մի հետաքրքիր սովորություն ուներ։ Գիշերվա ժամը 2-ին զանգահարում էր.
— Գրիշա ջան, ի՞նչ ես անում։
— (Դե արի ու պատասխանիր) Քնած էի։ Ի՞նչ պետք է անեմ։
Նա չգիտեր այդ հասկացությունները՝ գիշեր, ցերեկ։
Նա սիրում էր յուրովի, ատում էր յուրովի։
«Հացթուխի կինը» ներկայացման փորձերի ժամանակ, երբ մենք մեր մտահղացումներն էինք ասում, ինքն ասում էր. «Մի՛ բացատրիր, մի՝ պատմիր, եկ փորձենք»։
Նա ռեժիսոր չէր, բայց կարողանում էր դերասանին այնպիսի իրավիճակի մեջ գցել, որ անկախ իրենից դերասանը խաղում էր։
Փորձերի ժամանակ մեկ էլ մոռանում էր, որ բեմի վրա է և սկսում էր ծիծաղել։ Լաց էր լինում ծիծաղելիս, աչքերից արցունքներ էին գալիս։
Մի օր էլ իրենց տանը նստած էինք, Վախթանգ Կիկաբիձեն զանգեց.
— Ֆրունզիկ, դու պետք է անպայման գաս և մասնակցես Թիֆլիսեբո միջոցառմանը (1993 թ., երկիրը՝ պատերազմի մեջ)։
Ֆրունզիկը խոստացավ, որ կգնա մոռանալով, որ պատերազմ է։ Հետո երբ եկավ, զանգահարեց, հարցրի. «Բա ինչպե՞ս գնացիք»։ Պատմեց, որ բոլոր ճանապարհներին թուրք զինվորականներ էին միլիցիոներների հետ կանգնած։ Տեսնելով հայկական համարներ՝ մեքենան բնականաբար կանգնեցրել են։ Բայց երբ տեսել են իրեն, ուրախացել են, ձեռքերն են համբուրել և հարցրել. «Ե՞րբ եք վերադառնալու, որ գանք մինչև սահման Ձեզ ճանապարհենք»։
Ողջ Կովկասում նա մեծ ժողովրդականություն էր վայելում։ Այդքան ժողովրդականություն վայելել, այդքան մոտ լինել ժողովրդին, բայց միևնույն ժամանակ լինել այդքան միայնակ, տխուր։ Երբ գալիս էր մեր տուն, աղջիկս բերում էր. «Մհեր Մուշեղիչ այս, Մհեր Մուշեղիչ այն»։ Նա վատ էր զգում, ասում էր. «Արի, նստիր կողքիս»։ Գլուխն էլ դնում էր գլխին. ո՞վ գիտեր, ինչի՞ էր կարոտ, ի՞նչ կարոտ էր դա։ Լավ նկարում էր, երգում։ Երգերն էլ ուրիշ ձևով էր կատարում, և այդ երգը իսկապես կենսագրություն էր։ Բանաստեղծություններ էր կարդում և երբ կարդում էր, ես հասկանում էի բանաստեղծության ամեն մի տողը, ամեն մի բառը, ամեն մի տաոը։
Նա կյանքն էր կարդում։ Այնպիսի մտքեր էր ասում, որ ես կարդացել եմ Նիցշեի, Շոպենհաուերի, Կանտի մոտ։
Իրենց տանն էինք, խմած վիճում էինք։ Նրա տղան՝ Վահագնը, գաղտնի տեսախցիկով նկարել էր մեզ։ Առավոտյան ցույց տվեց և ասաց. «Տեսեք, երեկ ինչ վիճակում էիք»։ Նայեցինք. վիճում էինք, բայց ոչ մի բառ չէր հասկացվում։ Ես միայն ձեռքով ինչ-որ շարժումներ էի անում։ Ինձ թվում էր, աչքիս մեջ ինչ-որ բան է մտնում, փորձում էի հանել։ Խոսելիս շատ մոտ էինք իրար ու պարզվեց՝ աչքս մտնող բանը քիթն էր։ Երբ նայեցինք այդ տեսարանը, Մհերն ասաց. «Այ, եթե կարողանայի այսպես խաղալ, ես հանճարեղ դերասան կլինեի»։
Մի օր գալիս է առաջվա շրջկոմի քարտուղարներից մեկը և ասում. «Ռեստորան եմ ուզում բացել, ուզում եմ, որ բացումը Դուք անեք, Մհեր Մուշեղիչ»։ Մենք էլ մի քանի դերասաններով Մհերի հետ գնացինք, կերանք-խմեցինք։ Մատուցողը հաշիվը բերեց։ Մի փոքր ափսե կաղամբով սալաթի համար 500 դրամ ուզեցին։ Ֆրունզն ասաց.
— Ո՞ւր է ձեր տնօրենը։
Տնօրենը եկավ։ Չի հարցնում, թե ինչու է կաղամբը այդքան թանկ, կամ մենք ինչու պետք է վճարենք։
— Այս ո՞ւմ նկարն է պատին։
— Սերոբ փաշայի։
— Այս մյուսն ո՞վ է։
— Անդրանիկն է։
— Այն մեկն էլ Մոսե մայրիկն է, չէ՞։ Աա էլ Շիրազն է։ Շիրա՚զ, նայի՛ր է, նայիր տես՝ ինչ են անում մեր գլխին։ Այսքան կաղամբի համար 500 դրամ են ուզում ու ինձ էլ կանչել են, որ ես իրենց բացումն անեմ։
Նա միշտ երազում էր «Կայսր» խաղալ, բայց գահ չուներ։ Մի օր էլ զանգահարեց Վազգեն Առաջին Վեհափառին։
— Վեհափառին եմ ուզում։
— Ո՞վ է։
— Մհեր Մկրտչյանը։
— Մի րոպե սպասեք։
— 0՜, դուն ես։
— Վեհափառ ջան, ինձ գահ է պետք, ես ուզում եմ «Կայսր» բեմադրել։
— Ֆրունզիկ ջան, Ոումինիայից ինձ գահ են նվիրել, բայց ես ուրիշ գահի վրա եմ նստում։ Եգուր, տար։
Ու ոչ թե գնաց, այլ գահը բերեցին։
Մհերը մի շարք հհվանդություններ ուներ՝ լյարդի ցեռոզ, ստամոքսի խոց ևայլն։ Բժիշկն ասելէր, որ այդ լյարդով նա կարող էր մեկ շաբաթ ապրել, լյարդը ամբողջովին ցանց էր դարձել։ Զարմանալին այն էր, որ մեկ ամիս հետո էլ ստամոքսի խոցը պայթեց։ Մի պրոֆեսոր կար, նա հրաժարվեց վիրահատել. «Ես այս օպերացիան չեմ անի»։ Համ֊լետ Թամազյանն ասաց. «Մեռնում է՝ թող իմ ձեռքով մեռնի, թող նրա մահը ինձ վերագրեն»։ Վիրահատությունը ինքը արեց։ Հետո երբ արդեն իրեն լավ էր զգում, բեմադրեց «Հացթուխի կինը» ներկայացումը։ Հրավիրել էր ամբողջ բժշկական անձնակազմին՝ Համլետ Թամազյանի գլխավորությամբ։ Ներկայացումը վերջացավ, հայտարարեց, որ իր փրկիչը դահլիճում նստած է։ Հրավիրեց բեմ, խոնարհվեց նրա առաջ, Համլետն էլ խոնարհվեց, երկուսով լաց եղան՝ բժիշկն ու այցելուն։
Մհեր Մուշեղիչը այն մարդկանցից է, որի մասին կարելի է անվերջ խոսել։ Նրանք ծնվում են 100 տարին մեկ։

Գրիշա Գաբրիելյան
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն

Печать