Հասմիկ Կիրակոսյանը՝ Մհեր և Ալբերտ Մկրտչյանների մասին
Իսկապես՝ աշխարհռչակ, իսկապես՝ մեծ: Այսպես միայն Մհեր Մկրտչյանին ենք մեծարում, Տեքստիլի խեղճուկրակ թաղամասում ծնված, իր Սանամ մոր գուրգուրանքերով մեծացած, մեզ աշխարհին ներկայացրած Մհեր Մկրտչյանին, որի Ֆրունզիկ անվանը շատ ավելի էր վարժվել մեր ժողովուրդը: Ճակատագիրն ինձ այդ հրաշալի արվեստագետի հետ էլ հանդիպեցրեց, նրա հետ էլ բարեկամացրեց: Հրաշալի շատ հուշեր են ծվարել իմ հիշողության մեջ, հրաշալի պահեր: Նրա վերջին բեմելն եմ հիշում, որ տեղի ունեցավ իմ քաղաքում՝ «Հացթուխի կինը»…1993-ի դեկտեմբերի 30-ին ինձ զանգահարեց Երվանդ Ղազանչյանը ու ասաց, որ Մհեր Մկրտչյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողովի որոշմամբ ես խոսք պիտի ասեմ նրա աճյունի մոտ…Ցավը կոկորդումս էր սեղմվել, աչքերիցս արցունքներ էին գլորվում…տարեմուտի Երեւանը սարսուռ էր հագել, ծառերին նստած սպիտակ եղյամն ասես սիրո ու հարգանքի հանդերձ լիներ: Մութ ու ցուրտ տարիների հերթական ու անդառնալի կորստի զգացումը խեղդում էր ինձ: Երեւան մեկնեցինք մի մեծ պատվիրակությամբ, քաղաքային իշխանությունների հետ: Մենք դուդուկահարներ էինք տարել, որոնք օպերային թատրոնի մեծ ճեմասրահում կանգնեցին Մհեր Մկրտչյանի աճյունի մոտ, ու «Կալոսի պռկեն» մեղեդին հրաժաշտի գազել ու ցավի արտահայտություն դարձավ….Մկրտիչ Մալխասյանը՝ Մըկըլը, նվագում էր վերացած, հուզված, ներշնչված: Նա ողջ գյումրեցիների հրաժեշտի խոսքերն էր հնչեցնում, սիրո պոռթկումն էր հնչեցնում…Դեռ Երեւան տանող ճանապարհին՝ ավտոբուսի մեջ , նկատեցի, որ Մըկըլը սրբիչով փաթաթել է դուդուկն ու երեխայի պես՝ սեղմել կրծքին.«Նաչալնիկ ջան, ցուրտ է, չեմ թողնի սառի, որ մեր Ֆրունզի պատվին իսիկ լավըմ չալե»… Կոմիտասի անվան գերեզմանատան պանթեոնի մուտքի մոտ ինձ դիմավորեց Երեւանի քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, նրան հանձնարարված էր ուղեկցել ինձ մինչեւ շիրմաթումբ՝ ճանապարհ բացելով մարդկային ահռելի զանգվածի միջով: Այնտեղ էին հանրապետության ղեկավարները՝ Լեւոն-Տեր Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Խոսրով Հարությունյանը, արվեստի ու գրականության ականավոր դեմքեր: Ինձ ձայն տվեց: Սա այն բացառիկ դեպքերից մեկն էր, երբ ես խոսում էի ոչ ինձ հատուկ եռանդով, սակայն ցավի ու հպարտության զգացումներն ինձ ուժ էին տալիս: Ես հայտարարեցի, որ հայրենի Գյումրուց հող եմ բերել, որպեսզի մեր մեծ դերասանն իր հողի թեթեւությունն զգա իր վրա… Հետո կռացա ու իմ բերած մի ափ հողը խառնեցի պանթեոնի հողին. հողի ձայնը, գիտեմ, Իսահակյանի, Շիրազի, Շուշանիկ Կուրղինյանի ականջներին էլ հասավ…Հավաքվածների շուրթերից հիացումի ու տխրության հնչյուններ պոկվեցին…Տուն հասանք ժամը 12-ին մոտ, երբ ժամացույցի սլաքներն արդեն նոր տարին էին ավետում: Մեր բոլորի տներում բացված ճոխ սեղանների շուրջ առաջին կենացներից մեկը ասվեց Մհեր Մկրտչյանի պատվին…
Տարիեր հետո ես մտերմացա նաեւ Ալբերտ Մկրտչյանի՝ մեծ դերասանի եղբոր հետ: Բնավորություններով եղբայրները նման չէին իրար, սակայն Ալբերտն էլ կենսախինդ ու նրբանկատ մարդ է: Իմ մեծարման հանդեսներից մեկի ժամանկ, որ անց էր կացվում «Հոկտեմբեր» կինոթատրոնում, ես հրաժարվել էի բեմին նստել ու շնորհավորանքներ ընդունել: Ալբերտ Մկրտչյանը, որ խոսք պիտի ասեր, բեմից իջավ դահլիճ, բռնեց ձեռքիցս ու տարավ-նստեցրեց հոբելյարի համար նախատեսված տեղում: Նա կարծես չբավարարվեց մեր բարեկամությամբ ու ցանկացավ, որ այդ բարեկամությունը նաեւ կինոյում լինի: Եվ շատ անսպասելի ինձ հրավիրեց նկարահանվելու «Ուրախ ավտոբուս» ֆիլմում: Ես միշտ էլ իմ մեջ դերասանական շնորհներ զգացել եմ, սակայն դրանք երեւակելու հնարավարությունը կամ ցանկությունը չեմ ունեցել: Ու հիմա պիտի նկարահանվեի Սոս Սարգսյանի հետ: Իմ հերոսուհին իր բնավորությամբ կարծես իմ երկվորյակը լիներ. ես էլ եմ սիրում կարեկցել ու օգնել մարդկանց, նրանց լավություն անել: Ու իմ հերոսուհին էլ օգնում էր որբացած Գագիկին…Հրաշք ու դժվար օրեր էին, ես նկարահանվում էի՝ այսպես կամաց-կամաց «մարդուց վերածվելով կինոյի»: Ալբերտը միշտ էլ իմ նկատմամբ բարեհամբյուր էր, ուրախանում էր, որ իր տված հանձնարարություններն անմիջապես ընկալում ու կատարում եմ: Երբ ֆիլմն էկրան բարձրացավ, ես առիթ ունեցա ինձ նայելու «կողքից»: Չեմ թաքցնում, «կինոդերսանուհի» Հասմիկն ինձ դուր եկավ: Ու այստեղ էլ ես մեկ անգամ եւս համոզվեցի, որ արվեստի հանդեպ սերն ու ձգտումը հորիցս ժառանգվածն էր, որը քրոջս մոտ ինքնաարտահայտման միջոց դարձավ, ինձ մոտ՝ սեր ու հրապուրանք…
Վերջերս նորից Ալբերտ Մկրտչյանն ինձ առաջարկեց նկարահանվել իր նոր ֆիլմում՝ հանդիսանալով Կարեն Ջանիբեկյանի հերոսի կինը:«Հավաքիր խալաթներդ ու եկ կինոհրապարակ»,- ասաց նա: Գիտենալով, որ ֆիլմը պատերազմական դժվարին ժամանակների, մութ ու ցուրտ տարիների մասին է՝ ասացի.«Իմ բոլոր խալաթները թանկարժեք են…», իսկ երբ իմացա, որ դրվագային դեր է, կատակով ասացի.«Չէ, այսուհետ միայն գլխավոր դերերում պիտի նկարահանվեմ»:
Հասմիկ Կիրակոսյանը
Շիրակի մարզպետի խորհրդական, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Պատրաստեց Մարինե Պետրոսյան
http://www.asparez.am/news-hy/mher_ev_albert_mkrtchyanner-hy/