Արժեքներ, որոնց մատուցման ձեւը գտնել է հարկավոր

Մհեր ՄկրտչյանԲոլոր ժամանակներում թանգարանների համար առաջնային խնդիր է եղել ու շարունակում է մնալ այցելությունների աճ ապահովելը։ Այս տեսանկյունից էական է այն, թե որքանով է զարգացած տվյալ տարածաշրջանի զբոսաշրջությունը։ Հայաստանի միայն մարզերում վեց տասնյակից ավելի թանգարաններ ու տուն—թանգարններ կան, որոնք տուրիստական երթուղիներից դուրս են մնացել տարբեր պատճառներով։ 
Խնդրի արմատները գտնելու համար մեր թղթակիցը հանդիպում էր ունեցել այս ոլորտի մի քանի գերատեսչությունների ղեկավարների հետ։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը գտնում է, որ այստեղ մեծ դերակատարում ունեն հատկապես տուր—օպերատորները, քանի որ նրանք են ուղղորդում օտարերկրացուն այցելելու այս կամ այն մշակութային օջախ. «Թանգարանն էլ իր հերթին անելիք ունի, նա պետք է մտածի՝ ինչպիսի՞ ներքին ռազմավարություն մշակի, որպեսզի գրավի այցելուին։ Օրինակ՝ հետաքրքիր կլինի եթե կազմակերպեն գրական երեկոներ ու համերգներ։ Օտարերկրացուն կհետաքրքրեն ազգագրական բնույթի ներկայացումներ…»։ Այսօրինակ կարծիք հայտնեց նաեւ Հայաստանի ներգնա տուր—օպերատորների միության նախագահ Կարինե Դավոյանը. «Լավ կլինի, եթե թանգարանները տուրիստական կազմակերպություններին ներկայացնեն ամբողջ տարվա իրենց միջոցառումների ցանկը, որը կներառի ազգային բնույթի արարողություններ»։ Ստացվում է, որ մեկը մյուսի հետ մշտապես պետք է համագործակցի ու երկկողմանի աշխատանք տանեն։ 
«ՀՀ»—ի նախորդ հրապարակման մեջ Պարույր Սեւակի տուն—թանգարանը ներկայացնելիս տեսանք, որ զարգացման բոլոր նախադրյալներն առկա են, մնում է միայն աշխատել ու մշակութային կոլորիտ ստեղծել։ Տեսնենք՝ ի՞նչ է ակնկալում, եւ ի՞նչ կարող է առաջարկել արհեստների ու արվեստների քաղաք Գյումրին։

Շիրակ աշխարհի «գանձարանը»
Ինչպես ասում են տեղացիները՝ զբոսաշրջության «ղայդին» քաղաք է Գյումրին։ 
Հնամենի ճարտարապետական կառույցներ, եկեղեցիներ, հուշակոթողներ, թանգարաններ ու այգի—պուրակներ։ Այստեղ եկած ոչ մի այցելուի անտարբեր չեն թողնի հատկապես Վարպետաց փողոցի շինությունները, որոնք ներկայացնում են հին գյումրեցու կենցաղավարությունը, ազգային մշակույթն ու ավանդական ժողովրդական տների պատկերը։ 
Այստեղ են գտնվում Ավետիք Իսահակյանի տուն—թանգարանն ու Հովհաննես Շիրազի հուշատուն–թանգարանը։ Ուստի, պատահական չի ընտրվել նաեւ թատրոնի ու կինոյի ճանաչված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի անունով հուշատունը հենց այս փողոցում ստեղծելու գաղափարը։ Շենքը պատմաճարտարապետական արժեք ներկայացնող 19—րդ դարի կառույց է, որը ոչ մի կապ չի ունեցել Մկրտչյան ընտանիքի հետ։ 1970—ական թվականներին կառուցը հայտնի է եղել որպես «Ուստա Կարո» անունով խաշարան, իսկ մինչ այդ, այստեղ բնակություն են հաստատել ժամանակի պատվարժան ընտանիքները։

Կյանքը՝ որպես ներկապնակ
Թանգարանի հիմնարկեքը կատարվեց 2004թ., սակայն պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2006թ. դեկտեմբերի 20—ին՝ Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ։ 
Թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը «ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախկինում մեկ—երկու տուր—օպերատորների հետ ժամանակ առ ժամանակ համագործակցել են։ Դա եղել է այն ժամանակ, երբ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր թանգարանները, այդ թվում՝ Մհեր Մկրտչյանի թանգարանը, անվճար հիմունքներով են գործել։ Հուլիսի 1—ից, ավագանու որոշմամբ, բոլոր թանգարաններում 300 դրամ մուտքավճար է սահմանվել։ «Այս փաստը տուր—օպերատորների մեջ մի տեսակ խուճապ առաջացրեց։ Նախկինում հետաքրքրված էին, տուրիստներ էին բերում, հիմա չկան։ Անվճար այցելությունների ժամանակ, ճիշտ է, թանգարանը շահույթ չէր ունենում, բայց գոնե ճանաչողության առումով թափ էր առնում»,— ասում է նա։ Զբոսաշրջության սեզոնին այցելուների պակաս չեն ունենում։ Գալիս են Հայաստանի տարբեր մարզերից, Ռուսաստանից ու այլ երկրներից։ Գիտեն՝ այցելուն ինչ ուզում։ Գրավում են նրանց՝ ներկայացնելով մեծ դերասանի ինչպես արեւոտ կողմը, այնպես էլ վարագույրի հետեւում մնացած ցավն ու տառապանքը. «Նրանք հիմնականում անհատ զբոսաշրջիկներ են, որոնց հետաքրքրությունն այնքան մեծ է, որ տարվա մեջ նույնիսկ մի քանի անգամ են այցելում։ Երկու էքսկուրսավար ունենք՝ հայերեն եւ ռուսերեն լեզվի իմացությամբ։ Եթե անգլերեն է պետք լինում՝ նախապես կանչում ենք»,—ասում է թանգարանի տնօրենը։ Նրա խոսքերով՝ այցելուների հոսքը էապես նվազում է հիմնականում ձմռանը. «Հավանաբար, ցուրտն ու անանցանելի ճանապարհներն են պատճառը։ Խիստ ձմռանը թանգարանը դժվարանում է գործել։ Ջեռուցման համար հատկացված գումարն է սահմանափակ։ Կան բացեր, որոնք լրացնել է պետք»։ 
Բարերարներ են փնտրում։ Թանգարանին անհրաժեշտ են ժամանակակից լուծումներ։ Կայք—էջն արդեն ունեն։ Ուզում են նաեւ 3D տարբերակն ունենալ։

Ե՛վ լաց, ե՛ւ ժպիտ աչքերում
Ուրախ—տխուր մարդը. տարիներ անց այսպես պիտի անվանեին կինեմատոգրաֆիայի կենսագրության մեջ մտած դերասանին։ Աչքերի մեջ պահած ողբերգական կյանքի ցավն ու տառապանքը՝ Ֆրունզիկը կերտեց թատերական եւ կինո այնպիսի հումորային ու դրամատիկ կերպարներ, ինչպիսիք էին՝ Հ. Պարոնյանի Պաղտասար աղբարը, Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետի» Մերկուցիոն, «Հին օրերի երգը» ֆիլմի փոստատար Նիկոլը, Գառնիկը՝ «Խոշոր շահումից» եւ ուրիշներ։ 
Դերասանական հաղթարշավը սկսեց Գյումրիի տեքստիլ կոմբինատի թատերական խմբի ներկայացումներով՝ խաղալով մեծ ու փոքր բազմաթիվ դերեր։ 1945—1946թթ. Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիան ավարտելուց հետո ընդգրկվեց թատրոնի հիմնական խմբի կազմում։ Երեք տասնյակից ավելի հաջողված դերեր ունենալուց հետո, 1954թ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոն եկավ՝ Շիրվանզադեի «Նամուս»–ի բրուտագործ Հայրապետին մարմնավորելու։ Մայր թատրոնի բեմում մնաց մինչեւ 1978թ.՝ անձնավորելով 20—ից ավելի կերպարներ։ Հայրը՝ Մուշեղը, դեմ էր որդու դերասանի մասնագիտությանը։ Երազում էր, որ մի օր Ֆրունզը հայտնի գեղանկարիչ պիտի դառնա։ «…Ինչպե՞ս բացատրեմ, որ իմ հայրը, ով երբեք որեւէ թանգարանում չի եղել, չի տեսել մեծ վարպետների նկարների անգամ կրկնօրինակը, երազում էր որ ես նկարիչ դառնամ։ …Գալիս էր տուն, հանձնարարություն տալիս, ես էլ արագ—արագ կատարում էի ու շտապում թատրոն, ուր սպասում էին իմ դերերը, որոնց ես համարում էի իմ հարազատները։ Նրանց մեջ ես ջանում էի այնպիսի կերպարներ ստեղծել, որոնք կկարողանային ինչ—որ ձեւով ժողովրդիս մեջ բարություն ու սեր ներշնչել»։ Մկրտչյան ընտանիքի ներսում կատարվող տարաձայնություններն ու հուշերը մի օր էկրան բարձրացան Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ինքնակենսագրական ֆիլմում։ «Գեդինը մդնիս Արմեն տղա… Հերդ քեզի բերել է, օր էրթաս բեմի վրա կապիկություններ էնե՞ս։ Այ տղա թո՛ղ էդ դերասանությունը, մի՛ էրա, մի՛ էրա»,–որդու հետ զրույցի ժամանակ նախատինքի խոսքեր էր ասում Ռուբենը, ով ֆիլմում Ֆրունզի հոր՝ Մուշեղի կերպարն էր մարմնավորում։ Հետագայում, իհարկե, Ֆրունզին հաջողվեց իր դերասանական տաղանդով նվաճել հոր սիրտը. «Տեքստիլ կոմբինատի թատերական ներկայացումներից մեկը գաղտնի դիտել էր։ Եկա տուն, մտածեցի՝ էլի մի ապտակ կհասցնի։ Բայց, ի զարմանս ինձ, մեղմ շշնջաց.. «Կթողնի՞ս էսօր մեծ դերասանի ոդների տագը պառգիմ»։
Թանգարանի ցուցասրահներում ներկայացված անձնական իրերը, լուսանկարներն ու բեմական հագուստները ամբողջական պատկերացում են տալիս Ֆրունզիկ Մկրտչյանի անձնական կյանքի ու արտիստական ուղու մասին։ Մահճակալը, ռադիոն, ֆոտոխցիկը, գրամեքենան, հեռախոսը, մայրիկի կարի մեքենան… Մկրտչյան ընտանիքի կենցաղավարությանը պատկանող ցուցանմուշների հիմնական մասը թանգարանին նվիրաբերեց Ֆրունզիկի թոռնուհին՝ Իռեն Տերտերյանը։ Այս մասի հուշային ցուցանմուշներից խորհրդանշական են հատկապես փղերը, դրոշներն ու բանալիների հավաքածուն։ 
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող «Զինվորն ու փիղը» ֆիլմում, որտեղ Ֆրունզիկը զինվորի դերն էր մարմնավորում, կոչ էր անում վերջ տալ պատերազմներին՝ նշելով, որ մարդկությանը պետք են փղեր, ոչ թե պատերազմներ։ Հավանաբար այստեղից է, որ հաճախ իրեն համեմատում էր փղի հետ, որն ըստ նրա՝ կնճիթով տիեզերքից վերցնում է երջանկությունը եւ շատրվանի նման սփռում մարդկանց վրա։ Պատմում են, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ Մայա փղի կողքին կանգնելիս հումորով ասում էր. «Վերջապես կա մի քիթ, որի կողքին ես չեմ ամաչում»։ Նա իր քիթը սիրում էր այնպես, ասես այն իր փիլիսոփայական երկրորդ «ես»—ն էր. «Դեռ մանկուց ինձ ավելի անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իմ քիթը այդքան մեծ, այլ այն, թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր»։ Քթի թեմայով արված հետաքրքիր ծաղրանկար մի օր Ֆրունզին նվիրեց Վարդան Աճեմյանը, որն այժմ ցուցադրվում է թանգարանի առաջին հարկի կինոդիումների սրահում։ 
Բանալիներ էր հավաքում։ Ուր գնում՝ առնվազն մեկ բանալիով էր վերադառնում, ասում էր, մի օր այսպես գտնելու է նաեւ իր աշխարհի բանալին։ Թատրոնի հարդարանքի սեղանի վրա դրված դրոշները խորհրդանշում են այն երկրները, որտեղ դերասանը «Պաղտասար աղբար» է խաղացել։ Պարգեւներ, նվերներ, հեռագրեր ու նամակներ։ Սրահի մյուս հատվածը, որտեղ ցուցադրված է նաեւ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի՝ Ռուբենի բոլոր դժբախտությունների պատճառ հանդիսացող «անեծք» կոմոդը, «Նվագախմբի տղաների» Դմբուզ Արսենի երաժշտական գործիքն ու «01—99» ֆիլմի անբան Գարսեւանի տակառիկը, ներկայացնում է դերասանի՝ կինոյում ու թատրոնում ունեցած գործունեությունը։ 
Հետաքրքրականն այն է, որ այստեղ կարելի է տեսնել ոչ միայն մեծ արտիստին պատկանող իրերն ու բեմական հագուստները, այլեւ լսել նրա մասին ուշագրավ պատմություններ։ Ասում են՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմի պրեմիերայից հետո, «օյինբազ» երաժիտների ծիծաղաշարժ ու սրամիտ կերպարները ժողովրդի կողմից այնքան սիրով էին ընդունվում, որ շատերի մասին նույնիսկ երգիծապատումներ էին պտտվում։ Գյումրեցիները, օրինակ, մինչ օրս պատմում են. «80—ական թվերին, օրըմ Ֆրունզը կմտնի խանութ կալբասի գին կհարցնե։ Աշխատողը գինը կըսե, որն ահագին թանգ կեղնի։ Ֆրունզը թե՝ «Հա՜յ, հա՜յ, էս ինչ թանկություն է…»։ Խանութչիկը կըսե՝ «Հըբը, ախպեր ջան, վախտին օր Ցոլակ Դարբինյանի տեղը ըսեիր, խո ըսպես չէր էղնի»։ Մինչեւ հիմա խոսում են այն մասին, որ «Հին օրերի երգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Նիկոլն իսկապես կերել է Հայաստան մայրիկին հասցեագրված հերթական «սեւ» թուղթը։ Բանն այն է, որ երբ նրան մի անգամ հարցրել են՝ երբեւէ հարբած դեր խաղացել ես, պատասխանել է. «Միայն «Հին օրերի երգը» ֆիլմում, երբ «սեւ» թուղթն էի ուտում»։

«Հայաստանի Հանրապետություն»Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
31-08-2017
http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20170831_5&flag=am

Печать