Իմ Ֆրունզիկը (Վիրտուալ երկխոսություն Արտիստի հետ)

ՙԱմեն մի դերասան ձգտում է մի կերպարի,
մի առավել ամբողջական ու արտահայտիչ կերպարի,
այն կերպարին, որն ամբողջացնում է իր թեման, խորացնում, իմաստավորում…՚
Ֆ. Մկրտչյան

Фрунзик МкртчянՏակավին մանուկ` աչքերիդ մեջ թախիծ ունեիր:
Եղեռնից մազապուրծ ծնողներիդ մշտական լռության ուղեկիցը եղեռնի ուրվականն էր, և այդ երկուսի լռությունն էր ներծծվել էությանդ մեջ ու քո թախծոտ աչքերում: Գուցե դա էր պատճառը, որ ամեն ծիծաղիդ մեջ արցունք կար, ամեն արցունքիդ մեջ` ծիծաղ:
Երազանքներ շատ ունեիր, ավաղ, դրանցից շատերը հենց այդպես էլ երազանք մնացին… Մանուկ հասակում երազում էիր փայլուն, պսպղան հեծանիվ ունենալ, ժամերով կանգնում էիր խանութի ցուցափեղկի առաջ, ուր փայլփլում էր քո երազանքի հեծանիվը, երազումդ էլ էիր տեսնում: Խեղճ Սանամը ի՞նչ միջոցներով պիտի հեծանիվ գներ, հազիվ էր կերակրում չորս զավակներին: Քո մանկության հուշերից ամենացանկալին դա մնաց: Դա էր, երևի պատճառը, որ տարիներ անց, երբ արդեն հայտնի դերասան էիր, գործուղումներից վերադառնալիս որդուդ համար ամեն անգամ հեծանիվ էիր բերում, ու երբ քո Վահագն որդին շատ արագ հոգնում էր հեծանիվներից, ու բակ վազում` մնում էիք լքված դու և հեծանիվները: Ու մի անգամ էլ բարձրացրեցիր հեծանիվը, նստեցիր ու պտույտ արեցիր հենց սենյակում` վրեժ լուծելով քո չկայացած մանկության համար: Բայց հասկացար մի պարզ ճշմարտություն` մարդ ամեն ինչ պիտի ստանա ժամանակին, և՛ օրորոցայինը, և՛ առաջին հեծանիվը…
Մանկության օրերիդ դժվարություններ շատ էիր տեսել, ու քո հանդեպ մարդկանց անուշադրությունը ճնշում էր քեզ. «...մեկին սիրում էին, ինձ չէին սիրում, հարևանի երեխային գրկում, փաղաքշում էին` «ի՜նչ լավ բալիկ է», ասում էին, բայց ինձ չէին ասում»: Գուցե դա ստիպեց, որ միտքդ լավ աշխատի, թե ինչպես անես, որ դու էլ հետաքրքիր լինես, որ քեզ էլ սիրալիր խոսքեր ասեն, քեզ էլ փաղաքշեն: Դպրոցում էլ ամենից շատ չէիր սիրում դասամիջոցները, որովհետև ստիպված էիր դասարանի ուռած-փքված գերազանցիկին ուսերիդ առած ման ածել, ինչ է թե մաթեմատիկայի տնային աշխատանքն իրենից էիր արտագրում:
Հետո աշխատեցիր Լենինականի տեքստիլ կոմբինատում: Բանվորի աշակերտ էիր: Զվարճալի բաներ էիր անում, որ ուշադրության արժանանաս: Միամիտ էիր և սխալ բաներ էիր անում, ու էդ սխալվելդ էլ արդեն ինքնին ծիծաղելի էր: Սակայն, տարիներ հետո, իսկական արվեստին հաղորդվելով` պիտի խոստովանեիր, որ անտեղի ծիծաղեցնելը վատ բան է, ոչինչ է, ժամանակի անիմաստ կորուստ:
Հաճախ էիր վրդովմունքդ բարձրաձայնում, թե ինչու դպրոցում չեն դասավանդում «պրոֆեսիա» առարկան, որպեսզի վաղ հասակում արդեն երեխան պատկերացնի իր ապագա մասնագիտությունը և փաստում, որ եթե քաղսովետը տեքստիլագործների ակումբը չկառուցեր ձեր տան հարևանությամբ, գուցե ակումբ գնալու առիթներ չունենայիր և բոլորովին այլ մասնագիտություն ընտրեիր: Բայց, բարեբախտաբար, դա եղավ, և դու էնտեղ էիր վազում, ուրիշ տեղ չունեիր գնալու: Հաճախ թատրոնի պատուհանի տակ կանգնած երկա՜ր-երկար լսում էիր, թե ինչ են խոսում հյուրախաղերի եկած դերասանները:
Հիմա դժվար է ասել` ավելի շատ քո՞ բախտը բերեց, թե՞ մեր, որ դերասանների հետ շփումները քեզ դուր եկան ու աննկատ, բայց հաստատուն քայլերով աստիճանաբար խորասուզվեցիր կախարդական այն աշխարհը, որ կինոյի ու թատրոնի ճանապարհն էր քեզ համար հարթելու և որը տիեզերքի պես անհասանելի ու անվերծանելի էր թվում քեզ` այդ պահին ունենալով բնատուր շնորհների անսպառ պաշար և մեծ, շատ մեծ հետաքրքրություն` այդ տարօրինակ, այդ հրապուրիչ աշխարհի մասին:
Фрунзик МкртчянԼենինականում, Նիկոլի ակումբում, դու խաղացիր դերե~ր, դերեր հանպատրաստից` օրվա ընթացքում սովորելով ու երեկոյան ներկայացնելով: Հաճախ ինքներդ էիք հորինում տեքստը: Ի՜նչ հրաշալի ժամանակներ էին` խաղում էիք` ի~նչ ասես:
Հետո, երբ արդեն Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քննասենյակում պիտի վճռվեր քո դերասան դառնալ-չդառնալու հարցը` գեղեցկուհի դասախոսը` Հայկուհի Գարագաշը, իր կողքին նստած դերասանի ականջին շշնջաց. «Այս տղան տեսնես հայելու մեջ իրեն նայե՞լ է»: Բայց Խլեստակովի մենախոսությունը ներկայացնելիս եղավ անսպասելին. դեմքդ լուսավորվեց ասես ներքին կրակից, աչքերդ մեծացան, դարձան անչափ արտահայտիչ: Դու գեղեցկացար ու քո վարպետությամբ հմայեցիր բոլորին: «Դե իհարկե դերասան է», և ընդունեցին միանգամից 2-րդ կուրս` Վաղարշ Վաղարշյանի դասարան: Պրոֆեսիոնալ թատրոնում դու հասկացար, որ գործ ունես մի մասնագիտության հետ, որի համար մի կյանքը քիչ է, որ մի կյանքը չի բավականացնի, որպեսզի կատարյալի հասցվի այն, ինչը քո էության մեջ է, քո ամբողջ կյանքի փայփայանքն է:
Վահրամ Փափազյանը տեղին էր նկատել, թե` «Այս մանչուն հետ միշտ մեկը պետք է, համախոհ պետք է»: Թատրոնում քո համախոհը եղավ Վարդան Աճեմյանը, ում մեծ, շատ մեծ ռեժիսոր էիր համարում, և Օվի Սևումյանի, Արշակ Պուրճալյանի ու մեր մյուս մեծ ռեժիսորների կարգին էիր դասում: Նա եղավ քո «թագադիրը» թատրոնում: Աճեմյանն աշխատում էր տրամվայում, փողոցում, ժողովի ժամանակ, աշխատում էր ցայտաղբյուրից ջուր խմելիս: Դու էլ էիր այդպես աշխատում, առանց աշխատել չէիր կարողանում, անընդհատ աշխատում էիր, միտքդ անընդհատ զբաղված էր: Քեզ համար «աշխատելը դերով ապրելն էր»:
Կինոյում քո «կնքահայրը» դարձավ ռեժիսոր Հենրիկ Մալյանը. «Կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողություն ունի Մալյանը, էկրանի ճշմարիտ զգացողություն, հատկանիշներ, որոնք նրան դասեցին հայրենական կինոյի սիրված անունների շարքին: Առհասարակ, իմ լավագույն կերպարները ստեղծել եմ Մալյանի կինոնկարներում»: Սակայն կար մի հանգամանք, որին դու կարծես թե ուշադրություն չէիր դարձնում, բայց որն իրականում դրդում էր քեզ ավելի կատարյալ լինել բեմում:
Фрунзик Мкртчян - ЭзопԵրբ «Եզովպոս»-ում Վաղարշ Վաղարշյանի հետ խաղում էիր, կուլիսներից ոմանք չարախնդում էին. «Չի՛ ստացվի, չի՛ ստացվի, չի՛ ստացվի»: Դու նաև դա՛ էիր ընդունում. «Համախոհների հետ նաև չկամեցողներ պիտի լինեն դերասանի կողքին, ովքեր իրենց չար գործն անելով` իրականում դրդում են ավելի կատարյալ լինել»: Քո համբերությունը չէր հատնում, քո հումորը չէր կորչում` դա քեզ միշտ փրկել է…
«Լավ խաղացողներ շատ կան, բան պիտի ասել, ասելիք պիտի ունենալ»,-կրկնում էիր ինքդ քեզ: Այս համոզմունքն էր թերևս պատճառը, որ հասարակ թվացող երևույթներն անգամ քո կատարմամբ խորհուրդ էին ստանում և ներկայանում ողջ խորությամբ: Դու չէիր անտեսում անգամ մանրուքները: Գուցե քո անմիջականությունն էր նաև քեզ դարձնում բոլորին սիրելի, որ քեզ հետ հանդիպումներում ցանկացած դահլիճի պատերը նեղ էին թվում: Ասում էիր. «Անմիջականությունը վիթխարի բան է արվեստում»: Իսկ դերի պատրաստման քո կե՜րպը, քո ուրույն ձևը... Դրանք զուտ մհերյանական լուծումներ էին, որ անկրկնելի հմայք ու հուզականություն էին հաղորդում կերպարներիդ: Հաճախ էիր ասում. «Դերը պետք է դերասանի երակներում տրփա արյան հետ, տրփա՜ ու եփվի, ինչպես նոր դրած գինի: Հետո պետք է հանդարտվի՜, զուլալվի՜ և նոր միայն խաղացվի»: Երբեմն նկատում էիր, որ շատ դերասաններ տեքստը անգիր գիտեն, լավ էլ ասում են, բայց կերպարը թերի է ստացվում: Մտահոգվում էիր, թե ինչու թատերական ինստիտուտում չեն դասավանդում «իմպրովիզացիա» առարկան: Դու, որ իմպրովիզացիայի մեծ վարպետ էիր` երբեք տեքստն անգիր չէիր անում. «Մինչև տեքստը չլինի իմ բերանի խոսքը` ես չեմ շտապի դրանով զարդարել իմ ներկայացնելիք կերպարը: Ես երբեք անգիր չեմ անում, փորձում եմ օրգանական դարձնել, դրանից հետո ինքն իրեն գալիս է: Իսկ որ արդեն քո խոսքը դարձավ` մնում է քո ներքին զգացողությանը, մնում է, որ դու այն դնես չափավորության մեջ, ավելորդ խոսքն ինքն իրեն դուրս է գալիս: Ինքնաճանաչողության էս պրոցեսն է քեզ բերում կատարելության: Գեորգի Галя Новенц, Генрик Малян и Фрунзик МкртчянԴանելիան, Հենրիկ Մալյանը չեն սովորեցնում, նրանք քեզ դնում են այնպիսի վիճակի մեջ, որ դու ճիշտ վերապրես, իսկ որ ճիշտ վերապրեցիր` քեզ մղում է գործողության: Երբեք չի կարելի մտածել դետալ, երբեք չի կարելի մտածել` ուր գնալ... ճիշտ վերապրեցիր` ինքն է քեզ տանում: Այ, սա՛ է իսկական ռեժիսուրան»:
Գայթակղիչ երկու աշխարհ` բեմը և կինոն: Եղան տարիներ, երբ դու երկուսում էլ զբաղված էիր` դերեր թատրոնում, և նկարահանումներ ֆիլմերում: Ֆիլմերով դու դարձար ճանաչված, բայց ուշքդ թատրոնին էր, այդ ի՜նչ սեր էր, այդ ի՜նչ կապվածություն էր թատրոնի հետ, որ բազում ֆիլմերի դերասանդ, որ համընդհանուր ճանաչումի հասար հենց այդ ֆիլմերով` էլի գերադասեցիր բեմը, թատրոնը. «Թատրոնի մի դերը չեմ փոխի կինոյի հազար դերի հետ` թատրոնը աղոթքի տեղ է, ծես է, ամենօրյա սխրանք, սրբություն է, թև է, թռիչք է: Թատրոնը քուրմերի իսկական տաճար է, որտեղ ծես է կատարվում, արարողություն է կատարվում, Աստծո հետ, տաղանդի, մուսայի հետ շփում է կատարվում»:
Դու խորապես գիտակցում էիր դերասանի երկվությունը, քո տրագիկոմիկական դիմակը ծնունդ էր առել մարդկային կեցության երկու բևեռներից, որպիսիք թախիծը և զավեշտականն են և քո խաղով ընդգրկում էիր կյանքի բոլոր կողմերը միաժամանակ: Քեզ երբեմն անվանում էին «տխուր աչքերով կատակերգու», քեզ հաճախ համեմատում էին Չապլինի հետ:
Իսկ քո պատկերացմամբ` «Թերություն է, երբ մեկը միայն կոմիկ դերասան է, էդպիսի բան չկա, ինչպես և չկա տրագիկ դերասան»: Երկու դեպքում էլ կերպարներդ ստացվում էին համոզիչ, տիպական, հյութեղ ու կատարյալ, որոնք քեզ բերեցին մեծ ճանաչում և համաժողովրդական սեր:
Քո ստեղծագործության ակունքը ճանաչողությունն էր, իսկ հաջողությանդ բանալին` սեփական խառնվածքիդ առանձնահատկություններից շռայլորեն օգտվելու շնորհդ: Մեծ արվեստն անթարգմանելի է, առեղծվածային, անվերծանելի: Աներկբա է միայն, որ դրամատիկական արվեստում առկա ու նաև քո գտած կատակերգական ու ողբերգական արտահայտչամիջոցներից դու խմորեցիր բոլորովին նոր, մինչ այդ չտեսնված մի բան: Արվեստի այդ մեծագույն գյուտը հենց քո բնախոսությունն էր և արտիստական ինքնաճաչողությունն ու դերասանի բնատուր կարողություններդ: Շարունակ ջանացել ես բացահայտել քո մարմնի, քո հոգու մեջ եղած, դեռ չուսումնասիրված տեղերը` «...Քեզ լավ իմանաս, ավելին` կարողանաս քեզ տեսնել բեմում»: Բա հուզմունքնե՜րը: Ի՜նչ էր կատարվում, երբ հուզվում էիր: Դու բեմում դա էլ էիր տեսնում` քեզ հուզված ժամանակ, անմիջապես տեսնում էիր քո ճմրթվելը և փորձում ներքուստ շփվել այն իրողության հետ, ինչ տեղի էր ունենում հուզմունքիդ պահին. ««Հին օրերի երգը» ֆիլմում, էն տեսարանը, որ սև թուղթը պիտի ուտեի` ես իրոք հուզված էի, ազատ եմ թողել, որովհետև ժամանակին ստուգել եմ, թե ինչ է կատարվում դեմքիս հետ»: «Հին օրերի երգը» ֆիլմը եղբորդ ու քեզ համար հատկապես թանկ էր. այն նկարահանվել էր ձեր փողոցում, որտեղ անցել էր ձեր մանկությունը, ձեր տան բակում, որտեղ դուք երեխեքով ծառեր եք տնկել` յուրաքանչյուր տունկի տալով մարդու անուն, նկարարահանվել էր ֆաբրիկայի ճաշարանի մոտ, որտեղ ձեր մայրն էր աշխատում և պատուհանից ձեզ խորոված կարտոֆիլ էր տալիս` պատերազմի տարիների ամենահամեղ պատառը: Դու և եղբայրդ ոչինչ չէիք մոռացել` ոչ պատերազմի տարիների ցուրտը, ոչ դահլիճի խստադեմ փաղաքշանքը, որտեղ դուք ձեր ներկայացումն էիք տալիս, ոչ փոստատար Նիկոլին: Ֆիլմի շնորհանդեսը տեղի ունեցավ Լենինականում, բանվորական ակումբի դահլիճում: Դահլիճում ներկա էին բոլոր նրանք, ովքեր զգացել են պատերազմի տառապանքը, միայն թե արդեն չկար Նիկոլը...

Դու խորին ակնածանքով էիր վերաբերվում քո հանդիսատեսին և ամենայն պատասխանատվությամբ ու բծախնդրությամբ կերտում կերպարներդ. «Ամեն հանդիսատես մի նուրբ զգայարան է. պետք է սիրես նրան. եթե արտիստի մեջ սեր չկա, հազիվ թե կարողանա մի արժեքավոր ու մնայուն բան ստեղծել»:
Լինելով արդեն կայացած ու սիրելի` այդուհանդերձ զարմանալի ինքնաքննադատությամբ նկատում էիր. «Ամեն ինչում շատ եմ կարևորում չափավորությունը: Ես էլ դրա մի լավ օրինակը չեմ, երբեմն ինքս էլ չափավորության մեջ չեմ լինում, բայց շատ լուրջ ուշադրություն եմ դարձնում դրան»: Իսկ դերասանի վարպետությունը համարում էիր յուրաքանչյուր հանդիսատեսի համար առանձին խաղալն ու նրա արձագանքին ականջալուր լինելը: Անընդհատ կատարելագործում էիր կերպարներդ ու նույն դերն ամեն անգամ ներկայացնում նորովի: Արտաքուստ պարզ քո խաղաոճի հետևում ամեն ինչից զատ կային կյանքի խորիմացություն ու փիլիսոփայական հայացք: Հիրավի մեծ դերասանիդ էքսցենտրիկ, երբեմն նույնիսկ պաթետիկ խաղաոճը քո ստեղծած համամարդկային կերպարներին հաղորդում էր ազգային, իսկ որոշ դեպքերում նաև` բանահյուսական հերոսի գծեր. «Ես միշտ իմ դերն եմ խաղացել, ինքս ինձ, իմ հերոսներին արտահայտել: Ամեն մի դերիս հետ քամվել եմ կաթիլ առ կաթիլ»:
Այդպես էին ստեղծվում քո սքանչելի, քո անկրկնելի կերպարները, բեմարվեստի ճշմարիտ արժեքները, որոնք անտարբեր չէին թողնում նաև օտար հանդիսատեսին: Օտար ռեժիսորները քեզ հրավիրում էին որպես ազգային հետաքրքիր տեսակ, ազգային հետաքրքիր խարակտեր, ջերմ խարակտեր: Դու ինքնատիպ էիր` առեղծվածային, անկանխատեսելի ու անվերծանելի: Դու վստահ էիր, որ ինքնաճանաչողության պրոցեսն է քեզ բերում կատարելության, որ ինքնաճանաչողությամբ են դառնում մեծ բանաստեղծ, ինքնաճանաչողությամբ` մեծ ղեկավար, ինքնաճանաչողությամբ` մեծ արվեստագետ: Աստված ոչ արասցե, երբ մարդ չիմանալով իր ուժերը` ավելին է տեսնում իրեն, կամ իր միջոցները չգնահատելով` ուրիշից է վերցնում: Եվ այս ամենով հանդերձ` դարձյալ ու դարձյալ մնալ ազգային:
Երբևէ չնմանվեցիր ուրիշին և հաճախ էիր կրկնում` «Որքան ազգային ես, այնքան պահանջված ես` նատուրալ, ճիշտ, նուրբ, գեղեցիկ և ճաշակով մարդ, բայց օրիգինալ իր ամեն ինչով, որ նման չէ ոչ մեկին, իսկ երբ ոչ մեկին նման չես` արդեն շատ հետաքրքիր է»: Ա՛յս մտայնությունը, ա՛յս խնդիրներն են մշտապես ուղեկից եղել քեզ:
Դու արտասահմանում խաղում էիր միլիոնատերերի համար, և նույն կերպ խաղում էիր գյուղական հասարակ բնակչության համար: Հանդիսատեսը քեզ համար հավաքական մի կերպար էր, ում համար ջանում էիր լինել հետաքրքիր, այնպես անել, որ մարդը կարողանա լսել քեզ, իսկ դրա համար վարպետություն էր պետք: Դու գիտեիր, դու հասկանում էիր, թե որն էր հանդիսատեսին պահելու, նրան գրավելու գաղտնիքը` վարակելու ընդունակությունն է, կարողանալ վարակել: Երբեմն նկատում էիր. «Ես օր կտխրեմ` իրենք գուլան: Ես որ կծիծաղեմ` իրենք կուշաթափվին»: Արտիստի ու հանդիսատեսի այսպիսի կապվածություն հազվադեպ է լինում, երբ իրար հաղորդվելով` երկուստեք միատեղվում, միակամվում են, երկուսն էլ նույնն են դառնում: Ի՜նչ գեղեցիկ զգացողություն:

Երբ արդեն ճանաչված դերասան էիր և զարմացնում ու հիացնում էիր քո գրագետ, հնարհքներով լեցուն խաղով, առիթ եղավ Պաղտասար աղբար խաղալ: Վախճանվել էր Հրաչյա Ներսիսյանը, և Վարդան Աճեմյանն այդ դժվարին, բայց հիանալի դերը քեզ վստահեց: Աճեմյանի վստահությունը ոգևորել էր քեզ, բայց «Հրաչյայի՜ց հետո»-ն կաշկանդում էր, աչքերիդ առաջ շարունակ այն հանդիսատեսն էր, ով նույն դերում Հրաչյայի խաղն էր վայելել, և բեմի այդ հսկա կաղնին հանդիսատեսի հիշողության մեջ դեռևս կանգուն էր: Առաջին օրը զարհուրելի էր: Ցրված էիր… շատ կենտրոնացած լինելուց: Ոչ մեկին չէիր նկատում: Խելագարի պես էիր, գոտեմարտի էիր բռնվել Պաղտասարի հետ… Չէիր հիշում, թե ինչպես բեմ ընկար և ամբողջ ներկայացման ընթացքում երազի մեջ էիր, միայն մի բան էիր խնդրում դահլիճից. «Ի սեր Աստծո, ներեցեք ինձ, իմացեք, որ կարող եմ, կարող եմ, բայց այսօր ներեցեք…»: Դահլիճը քեզ ներելու խնդիր չուներ. դահլիճը թնդաց ծափահարություններից: Դա քո մեծ, շա՛տ մեծ հաղթանակն էր: Դու լավ ճանաչեցիր Պաղտասարին, ու նա քեզանից մի տեսակ անբաժան մնաց, դարձավ քո բոլոր հյուրախաղերի մշտական ուղեկիցը: Նկատելի շատ արձագանքներ եղան բոլոր այն երկրների մամուլում, ուր այդ ներկայացմամբ հյուրախաղերի եղար` ամեն անգամ մի նոր երանգ տալով քո խաղին. «Դերասանը պիտի ունենա մի դեր, իր խաղացած հազարների մեջ, որը լինի իր օթևանը»: Պաղտասարը եղավ քո օթևանը: Լրատվամիջոցները հատկապես զարմանքով էին անդրադառնում Պաղտասարի լռության տեսարանին, երբ դու լռում էիր մինչեւ երեք րոպե, իսկ դահլիճում շշուկ անգամ չկար, շարժում չկար, բոլորը լուռ նայում էին: Մեծ ասելիք կար քո լռության մեջ, շատերը խոսքով չէին արտահայտում այն, ինչ դու փոխանցում էիր հանդիսատեսին քո լռությամբ: Այդքա՞ն էլ խոսուն լռություն: Օտար հանդիսատեսի առաջ խաղալիս էլ նույնիսկ թարգմանչի կարիք չէր զգացվում` քեզ հրաշալի հասկանում էր նաև տարբեր լեզուներով հաղորդակցվող և շատ խստապահաջ հանդիսատեսը:
frunzik-mkrtchyan baghdasar-aghpar 17Մի անգամ Լոս Անջելեսի 1600 տեղանոց դահլիճում Պաղտասարի խելագարության տեսարանից հետո, երբ բեմում մենակ էիր` երեք րոպե մնացիր լուռ, նայեցիր ժողովրդին, մտորեցիր, թե էս ինչ աշխարհ է, աչքերիցդ արցունք գնաց, հետո սկսեցիր մատներիդ հետ խաղալ` երկա~ր, երկար: Դահլիճում քար լռություն էր` լաց ես լինում` լաց են լինում... Հետո վերջում կամաց ժպտացիր` բոլորը թեթև ժպտացին, մի քիչ ավել` բոլորն աշխուժացան, ու վերջացավ ծափահարություններով: Ներկայացումից հետո, կուլիսներում Լոս Անջելեսի արտիստական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռիչարդ Բելլին մոտեցավ, թարգմանչի միջոցով ասաց. «Դուք ինչպե՞ս լռեցիք երեք րոպե, որ ես հասկացա»: Դու ասացիր. «Ես լռեցի անգլերեն»: Էս հումորն ինքը շատ հավանեց, փաթաթվեց քեզ ու ասաց. «Ես էլ հասկացա հայերեն»:
Պաղտասարի երևանյան մի ներկայացումից առաջ էլ ետնաբեմում միջադեպ էր տեղի ունեցել, որից ազդված` բեմ մտար վիրավորված ու այլայլված: Այդ օրը դու ներկայացրիր քո լավագույն Պաղտասարը` միաժամանակ խաղալով երեք ներկայացում. մեկը խաղացիր կուլիսներում խմբվածների համար, մյուսը` հանդիսատեսի, իսկ երրորդը դու քեզ համար խաղացիր: Եզակի տաղանդ ու հնարամտություն, միաժամանակ բոլորին տեսնող խորաթափանց հայացք ու բոլորի արձագանքն ընկալելու բացառիկ ունակություն, ասելիքդ հանդիսատեսի էության մեջ մխրճելու զարմանալի ուժ, անսահման հմայք ու բեմական բարձր վարպետություն: Սրանք էին քո հաջողության առհավատչյաները, որոնք, ավաղ, շատերի սրտովը չէին: Բայց դու դա էլ էիր օրինաչափ համարում` հասկանալով, որ միջակները շատ են մեզանում, և շարունակ կատարելագործում էիր կերպարներդ` ամեն անգամ նորովի ներկայանալով քո հանդիսատեսին: Դու քո գործն էիր անում` համոզմունք ունենալով, թե` «աշխարհում ամեն վատ բան գալիս է արժանապատվության պակասից»:
Фрунзик Мкртчян - Сирано де БержеракՔո պատկերացմամբ «թատրոնը մարդու հետ ծնված բան է»: Այնքան էիր լցված քո գործով, որ միայն դերասանությունը քիչ էր թվում այդ տարիքում. «Իմ դերասանական խողովակը տրաքվում է, ասելիք շատ ունեմ, իսկ միայն դերասանությամբ չեմ կարող ասել, և էնպես չի, որ ես բացատրեմ` գան ինձ բեմադրեն: Ես կանեմ, ես հանգիստ կանեմ Սիրանոն էլ, Օթելլոն էլ, մյուսներն էլ»: Այ’ս մտայնությամբ 1992 թվականին հիմնադրեցիր արտիստական թատրոնը. «Ամեն մի իսկական դերասան, իսկական արտիստ ինչ բեմում էլ ստեղծագործի` իր ներսում ունի սեփական թատրոնը: Եվ երբ իրենց հնարավորություններով, նախասիրություններով, ձգտումներով համընկնում, ներդաշնակվում են, այսպես ասած, ներքին ու արտաքին թատրոնները` մեծ բախտավորություն է ստեղծագործողի համար»: Քո հիմնադրած թատրոնում առաջինը Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացումն էր:

Դեռևս 1987թ. հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում հաջողությամբ բեմադրել էիր «Հատակում»-ը և արդեն փորձառու էիր: Այս անգամ հաջողությունն աննախադեպ էր, բեմադրիչի քո տաղանդն ու ինքնատիպ լուծումները շատերին հիացրին: Ափսոս, որ երկրի համար դժվար ժամանակներ էին, և պետական պարգևներն ու կոչումներն ուշացան:
Երազանքներիդ բարձրակետը «Օթելլո»-ն էր: Դա էր քո երազած այն ամբողջական, կատարյալ դերը, որից մի մաս, մի գիծ, մի հատկանիշ կար քո խաղացած ամեն հերոսի մեջ, և ուզում էիր հավաքել, խտացնել, ամբողջացնել այդ բոլոր կերպարների բոլոր գծերը, ու դա էլ պիտի լիներ քո ա՜յն երազած դերը, քո կատարյալ կերպարը: Քո Օթելլոն լինելու էր ինքնատիպ, ոչ նման տեսածդ բոլոր մավրերին, նա կլիներ վայրենի, մաքու՜ր, մաքուր, անաղարտ և շատ մենակ: Դու հաճախ էիր մտքիդ մեջ խաղում այն տեսարանը, երբ արդեն խեղդել ես Դեզդեմոնային ու մռնչում ես անհույս ու մենակ, ոռնում բանտարկված գազանի նման: Օթելլոյի կողքին դու սևամորթ, գեղեցիկ, երիտասարդ խափշիկ էիր պատկերացնում, ով ներկայացման ամբողջ ընթացքին ուրվականի պես շրջելու էր բեմում, լուռ հայտնվելու ու աննկատ հեռանալու էր: Քանի որ Օթելլոն մենակ էր նույնիսկ Դեզդեմոնայի հետ սիրո տեսարաններում` իր դժբախտությունների պատճառը ծեր ու սևամաշկ քո Օթելլոն պայմանավորելու էր Դեզդեմոնայի օտար լինելով` երիտասարդ, սպիտակ, գեղեցիկ կին, ու մտքում մշտապես ունենալու էր ա՜յն երիտասարդ սիրունիկ խափշիկին:
Այդ խափշիկի գոյության փաստն ավելի էր սրվելու Դեզդեմոնայի ենթադրյալ դավաճանությունից հետո: Այսպիսին էր լինելու քո բարձրակետը` քո Օթելլոն, նա կլիներ այնպես կատարյալ, ինչպես միայն դու կարող էիր ներկայացնել: Ավաղ...
Երազում էիր գիրք գրել շրջագայություններիցդ ստացած տպավորություններով, միայն թե ժամանակ գտնեիր դրանով զբաղվելու... Չգտար այդ ժամանակը, և մենք չունեցանք քո մտորումների, մեկնությունների, խորհրդածությունների գիրքը: Բայց ինչ-որ բան կարծես ձեռնարկել էիր, երբ այցելում էիր դստերդ` Նունեի տուն ու ինքդ էիր առաջարկում միացնել ձայնագրիչը, որ զրուցեք:
Դու երջանիկ էիր քո աշխատանքով, հաճախ խոստովանում էիր. «Ես նորից կընտրեի դերասանի մասնագիտությունը: Դերասանությունը միշտ էլ եղել է իմ տարերքը: Քիչ է պատահում, երբ մարդ հենց մանկուց գտնում է իր ուղին ու առանց վարանելու քայլում առաջ: Թատրոնը սիրել եմ մանկուց, իսկ կինոյի սերը եկել է հետո, հասուն տարիքում, իր հետ բերելով որոնումներ ու ստեղծագործական հաջողության ուրախալի պահեր»:
Դու չհասցրեցիր սպառել այն, ինչն ունեիր, ինչն ուզում էիր և կարող էիր: Դու հայ էթնոսի, հայ գիտակցության ամբողջական ամփոփումն ունեիր քո մեջ: Այսօր դժվար է բացել քո բազմաշերտ տաղանդի ծալքերը, քո ներքին երկվությունը: Դու, իմ սիրելի Ֆրունզիկ, եղել և շարունակում ես մնալ հայի կատարյալ տեսակ, քո մեջ ամբողջացնում, ներկայացնում ես հայ մարդու համաշխարհային տիպը: Եթե մարդն իր ազգային հավաքական հիշողության մեջ է ապրում ու խաղում` ապա տեղ ունի համաշխարհային էկրանին: Դու խաղում էիր այնպես, կարծես չէիր խաղում, որովհետև քո մեջ պոռթկում էր այդ խաղը, և այդ խաղը զսպելու ծանրությունն էիր կրում ինքդ: Դու շարունակում էիր խաղն այնպես, կարծես կերպարներից դուրս դեռ էլի ասելիք ունեիր: Իսկ քո լռությունը… Եզակի են այն դերասանները, ում լռությունն այդքան խոսուն է: Հրաշակերտում էիր հայ դերասանի խաղն առանց որևէ ճիգ ու ջանքի: Դու, սովորական դերասանի կեցվածքի մեջ անգամ խաղում էիր հայ միֆական դերասանին, ինքդ քո կերպարն էիր խաղում, որն անհաս էր, որն անմատույց էր:
Քո ֆիլմերով մեզ ներկայացնում ես հայ կինոյի ողջ փիլիսոփայությունը և ճանապարհ ցույց տալիս գալիք սերունդներին, իսկ այդ ճանապարհը ազգի հավաքական հիշողությունն է, որը թանձր է քո արվեստի մեջ` ինչպես քո պատգամը:
Իսկ քո հրաժեշտի բարեմաղթանքը, սիրելի Արտիստ, գալիս է լրացնելու, ամբողջացնելու ասելիքդ: Դա ամենևին էլ երկրային կյանքին հրաժեշտ տվող մարդու չարություն կամ ափսոսանք չէ, դա պատգամ է` բոլոր ապրողներին. «Սիրեցեք արվեստը, կապվեք արվեստի հետ: Արվեստը մարդուն կտրում է գետնից, հանում վեր, նրան դարձնում ռոմանտիկ, օգնում է ճանաչել ու հասկանալ կյանքը, ճանաչել գեղեցիկը: Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին: Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը»:
Քո անբացատրելի հմայքը, իմ սիրելի Ֆրունզիկ, ժամանակի փոշուց չի խամրում, և հիմա էլ, քո հեռանալուց շատ տարիներ անց, երբ հայտնվում ես էկրանին` աշխարհը լցվում է սիրով ու հավատով, լույսով ու ջերմությամբ: 

Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆ

Печать