Ռուբեն Մաթևոսյան
Ամենանկատված եվ ամենագնահատված դերասանը:
Խոսել մեր ժամանակների ճանաչված և ընդունված կատակերգուի Ֆրունզիկ Մկրտչյանի մասին, ասել է, թե վերհիշել ապրած մի հրաշալի կյանք։ Առաջին անգամ Ֆրունզիկին տեսել եմ «Սարսափ արատ» ներկայացման մեջ, ուր նա խաղում էր Գվիդոն։ Դա անբացատրելի կերպար էր։ Ֆրունգիկը կերտել էր այնպիսի մի կերպար, որը շատ հեշտ կարելի էր դասել լավագույն դերակատարումների շարքին։ Այդ օրվանից էլ Ֆրունգիկը դարձավ հայ թատերասերների կուռքը։
Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» ներկայացման մեջ ես հանդես էի գալիս իբրև երիտասարդ գուսան։ Բնականաբար, ես պետք է երգեի, բայց նաև ինչ-որ մի ֆունկցիա պետք է ունենայի բեմում, իսկ դերասանությունը ինձանից հեռու էր։ Տեսարանը այնպես էր, որ Ֆրունզիկ Մկրտչյանը մի դրամի քսակ ուներ և պետք է տար ինձ։ Նա այնպես էր հետ գնում և չէր տալիս այդ քսակը, որ ես ձեռքս մեկնեի ու վերցնեի, ստացվում էր այնպես, որ ես խաղում էի։
Սա անբացատրելի էր։ Նա մեծ դերասան էր և գիտեր իր խաղընկերոջը բեմում խաղալ թելադրել, նվիրվել կերպարին, որովհետև դա իր տարերքն էր։
«Ռոմեո և Ջուլիետ»-ում Մհերը խաղում էր Մերկուցիո։ Հիշում եմ, նրա հետ սուսերամարտ պետք է պարապեին, և ինքը ինչքան տարված էր պարապմունքներով։ Փորձի ժամանակ էլ կարող էիր տարվել նրանով, նույնիսկ մոռանալ, որ դու փորձ ես դիտում և ծափահարել անկախ քեզնից։
Դա էլ բնորոշում էր Ֆրունզիկի դերասան լինելու հանգամանքը։ Կյանքում էլ էր այդպիսին. կատակ էր անում և այդ կատակը մատուցում էր իրեն այնպիսի հատուկ հումորով, որ թվում էր, թե խաղում է։
«Եռանկյունի» ֆիլմում ես պետք է երգեի «Զարթնիր, լաո» երգը, որն այդ տարիներին արգելված էր։ Պետք է նկարահանվեինք Լենինականում, այնտեղ չստացվեց, հետո որոշեցինք տեղափոխվել Երևան։ Հետ գալու ճանապարհին Ֆրունգիկը ինձ խնդրեց, որ երգեմ «Մի բալա է» երգը։ Երգեցի, ինքն էլ ինձ հետ սկսեց երգել։ Ապշեցուցիչ էր այդ կատարումը։ Եվ հետաքրքիրն ի՞նչն էր. երգիչ չլինելով հանդերձ՝ կարողանամ էր շատ հետաքրքիր մեկնաբանել երգը։
Ֆրունգիկը շատ հետաքրքիր ընկեր էր. և՛ բարեկամ էր, և՛ նվիրյալ։ Ես խորին ափսոսանք եմ զգում, որ թատրոնով մտահոգված մարդիկ չտեսան այն Ֆրունզիկին՝ այն իմաստուն արվեստագետին, որը կարդում էր.
«Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի,
մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում»։
Մհեր Մկրտչյանն այն արվեստագետն էր, որ թատրոնն էր շալակած տանում։
Մեր ժամանակների ամենափնտրելի, ամենանկատելի և ամենագնահատված ողբերգակ կատակերգակն էր։
Ռուբեն Մաթևոսյան
Երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր