Մհեր Մկրտչյանի հիշատակին
80-ականների սկիզբն էր, Մոսկվայում էի, «Ռոսիա» հյուրանոցում էի հանգրվանել։ Կեսօրին մոտ իջա առաջին հարկի ռեստորան մի բան ուտելու։ Տեղավորվեցի սեղաններից մեկի մոտ և սպասեցի մատուցողի մոտենալուն։ Մինչ մատուցողը կմոտենար, ես ձեռքիս «Սովետսկի սպորտ» թերթը սկսեցի թերթել։ Գլուխս բարձրացրի, որ հայացքով գտնեմ մատուցողներից որևէ մեկին, նկատեցի, որ քիչ այն կողմ սեղանի մոտ նստած էր Ֆրունզը՝ Մհեր Մկրտչյանը։ Նա գլխահակ էր, ճակատով հենվել էր ձախ ձեռքին, մյուս ձեռքը կարծես անօգնական ընկած էր իր ոտքին, ձեռքի ափը վեր։ Այդ պահին մատուցողուհին, որ միջին տարիքի մի կին էր, մոտեցավ նրան, ցուցամատով ուսը ցնցեց։ Արտիստը, առանց գլուխը ձեռքից կտրելու, դանդաղ գլուխը շուռ տվեց, ներքևից վերև նայեց մատուցողուհուն։ Կինը թեթևակի գլուխը կախեց և ինչ-որ բան ասաց։ Արտիստը ոչինչ չասաց, գլուխը հետ շրջեց՝ առանց գլուխը ձեռքից կտրելու։ Մատուցողուհին կարծես թե դժգոհ հեռացավ։ Արտիստի սեղանին կիսադատարկ շիշն էր ու բաժակը։ Մինչ ինձ սպասարկում էին, մատուցողուհին էլի մեկ-երկու անգամ մոտեցավ և նույն կերպ ուսը ցնցեց։ Արտիստը նույն դանդաղությամբ գլուխը թեքում, վարից վեր նայում էր այդ կնոջը, նա էլ ինչ-որ բան էր ասում ականջին մոտ և թողում հեռանում։ Մտածեցի, որ ինչ-որ մի բան է պատահել և օգնության կարիք ունի։ Մոտեցա, ձեռքս դրեցի ուսին, խոնարհվեցի դեպի իրեն ու ցածր ձայնով,
- Մհեր ջա՞ն, հո վատ չե՞ս զգում,- հարցրի ես։
Նա նույն կերպ գլուխը դանդաղ, առանց ձեռքից կտրելու շրջեց իմ կողմը.
– Չէ՜, «Մոսֆիլմ» պիտի գնամ, մի քիչ շուտ է պարզապես։ Թե կուզես՝ նստիր ինձ հետ, ի՞նչ կուզես ասեմ բերի,- ու գլուխը դարձրեց դեպի հավանական մատուցողուհու կողմը։
- Պետք չի, Մհեր ջան, - ասացի, - ես արդեն պատվիրել եմ, պարզապես շուտ չէի նկատել քեզ, թե չէ միանգամից քեզ կմիանայի։
- Լավ, ոնց կուզես. – ասաց։
Հետ վերադարձա, նստեցի ու աչքի պոչով հետևում էի արտիստին։ Քիչ հետո մատուցողուհին նորից մոտեցավ, դրվագը նույնությամբ կրկնվեց։ Որոշեցի՝ մոտենամ մատուցողուհուն հարցնեմ, թե ինչ խնդիր է և ինչու հանգիս չի տալիս մարդուն։ Մինչ ես մտորում էի, մատոցողուհին կտրուկ շրջվեց և հեռացավ այս անգամ այլ ուղղությամբ։ Քիչ հետո վերադարձավ միլիցիայի հետ։ Սա նույն կերպ արտիստի ուսը ցնցեց և սպասեց, որ նա գլուխը թեքի իր կողմը, իսկ մատուցողուհին ձեռքերը գոգնոցի տակ դրած սպասում էր խնդրի հանգուցալուծմանը։ Ես էլ արդեն մոտեցել էի և վերջապես ես էլ ուզեցի իմանալ, թե ինչ է եղել, և ինչու հանգիստ չեն թողնում մարդուն։ Նույն հանդարտությամբ, արտիստը գլուխը շրջեց դեպի իր կողքին կանգնած միլիցիայի կողմը։ Միլիցիան մի պահ կարծես թե աչքերին չհավատալով, կիսաբաց բերանով գլուխը կախեց դեպի իրեն նայող արտիստի աչքերին, ապա շատ արագ մեջքը ուղղեց, հարգանքով պատիվ բռնեց ու մտնելով մատուցողուհու թևը՝ տարավ դեպի սրահի խորքը։ Չհարցրի ոչինչ, միայն ասացի՝
- «Մոսֆիլմ» գնալու ժամանակը չէ՞, որ տաքսի կանչեմ։
- Հա, գնալուս ժամանակն է, - ասաց։
Ճանապարհեցի իրեն։ Այդպես էլ չիմացա նրա այդքան դրամատիկ վիճակի մասին և չհարցրեցի էլ։
Շատ ժամանակ չէր անցել այդ օրվանից, մի առիթով Շերենցին պատմեցի։ Շերենցն էլ խորը հոգոց հանեց.
- Տղային դրսում ստուգել էին և հաստատել, որ երեխան մորից ժառանգել է այն, ինչից որ ինքը մահու չափ վախենում էր։ Երևի հենց էդ ժամանակ ես հանդիպել …
Թեմիկ Խալափյան