Մհեր ՄկրտչյանԲնությունը պիտի երկար աշխատի այդպիսի տաղանդներ բյուրեղացնելու համար:

 
Այն սերունդը, որին բախտ է վիճակվել Մհեր Մկրտչյանին տեսնել Գյումրիի թատրոնում՝ բոլորովին երիտասարդ, ծաղկուն տարիքում, երբ նրանից հորդում էր մեծ տաղանդի լույսը, արդեն չկա: Եվ հիմա արդեն դժվար է տարանջատել առասպելի ու իրականության սահմանագիծը այն գեղեցիկ պատմություններում, որոնցով առ այսօր մարդիկ պարուրում են Արտիստի մասին չխամրող  հիշողությունը: Գյումրիի Տեքստիլագործների ակումբի թատերական խմբակի կարկատած շալվարով և կոշիկները մետաղալարով ամրացրած երիտասարդ դերասանի մեծ շնորհն առաջինը նկատեց Ժան Էլոյանը ու նրան բերեց թատրոն: Ասում են կար ժամանակ, երբ մարդիկ Երևանից գնում էին Գյումրի` Ֆրունզիկի երկու լավագույն դերերը տեսնելու: Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» կատակերգության գլխավոր հերոսի՝ Տրուֆալդինոյի Ֆրունզիկ Մկրտչյանի մեկնաբանության համբավն իսկապես  Երևան էր հասել, ու մարդիկ թատերական վայելքի համար Գյումրի էին հասնում: Նաև Բուբնովն էր`«Հատակում» պիեսից: Թատրոնը նրա տարերքն էր, բայց համամիութենական ճանաչում և համազգային սեր նրան պարգևեց կինոն: Խորհրդային ամենասիրված ու լավագույն ֆիլմերում հայ արտիստի՝ հիմնականում կատակերգական դերերի խորքում հանդիսատեսը գտնում էր մարդկային էության բազմազան շերտերը: Մեծ էկրանից Մհերի կերտած բոլոր սիրելի հերոսները՝ ծաղրածուի ու ողբերգակի նրա շռայլ տաղանդով, ստեղծել էին կերպարների մի բացառիկ պատկերասրահ`ձախողակ հարբեցողից մինչև մեծ հայկական ընտանիքի ավանդապահ հայրիկ, որոնք ազգի գենետիկ կորիզն ու ինքնությունն են խորհրդանշում: Նրա թախծի ու ծիծաղի օրգանական միասնության գաղտնիքն այսօր էլ հուզում է շատերին: Կինոն նրան պարգևեց մարդկանց աներևակայելի սերն ու մեծ հռչակ, բայց կյանքի վերջին տարիներին նա վերադարձավ իր թատերական տարերքին, իրագործեց տարիների երազանքն ու ստեղծեց «Արտիստական» թատրոնը: Այս թատրոնում նա պատրաստվում էր իրականացնել իր այն թատերական անկատար ու խենթ երազանքները, որոնք փայփայել էր ամբողջ կյանքի ընթացքում: Բայց 1993թվականին՝ Ամանորի նախօրեին նրա վախճանի լուրը ցնցեց ամբողջ Հայաստանը: Մհեր Մկրտչյանի արտիստական ֆենոմենի մասին է զրույցը կինոգետ, արձակագիր Դավիթ Մուրադյանի հետ:
- Ցավոք, Մհեր Մկրտչյանի մեծության արտիստներ մեր օրերում արդեն չենք գտնի: Ո՞րն էր նրա արտիստական հմայքի ու տաղանդի գաղտնիքը:
- Բնությունը պիտի շատ երկար աշխատի այդպիսի տաղանդներ բյուրեղացնելու  համար: Եթե Մհեր Մկրտչյանը ծնունդով իտալացի կամ ֆրանսիացի լիներ, նրան այսօր ամբողջ աշխարհը կճանաչեր, կճանաչեր նույնքան, որքան, ասենք, ճանաչում են Ալբերտո Սորդիին կամ Բուրվիլին: Հիմա կասեք՝ դժբախտաբար հայ էր: Իսկ ես կասեմ ՝ բարեբախտաբար հայ էր, քանի որ մեզ նախորդ դարի երկրորդ կեսին գուցե թե շատ էր պետք  ծիծաղ՝ կենարար ծիծաղ, որովհետև 1915 թիվ էր եղել, 37 թիվ էր եղել, Հայրենական պատերազմի տարիներն էին եղել և էլի շատ դժբախտություններ: Եվ, թերևս, այդ պատճառով գուցե էն ժպիտը չկար հայ մարդու դեմքին, որն իր հետ բերեց Ֆրունզիկ Մկրտչյանը՝ Մհերը: Նա իր հետ բերեց նաև մի ճառագող, ճառագայթող սրտի ջերմություն: Եթե նկատել եք՝ Մհերի հերոսը մի քիչ աշխարհից նեղացած է, նրա տարբեր ֆիլմերում դա կա: Բայց, միաժամանակ, նրա կատակերգական տաղանդը, որ լի է մարդկայնությամբ, մարդասիրությամբ, մի մթնոլորտ է ստեղծում, որում, կարծես, կյանքն ավելանում է: Կյանք ավելացնող  դերասան է՝ իր շուրջը, շուրջբոլորը, իրենը՝ պակասեցնող, ուրիշներինը՝ ավելացնող:
- Մեծ դերասաններ շատ ենք ունեցել, բայց նրանցից եզակիներին էր տրված այդքան բնականորեն, օրգանապես միահյուսվել իր ստեղծած կերպարներին: Ինչպե՞ս էր նրան հաջողվում ցանկացած կերպարում մեզնից մեկը լինել:
- Եթե փորձենք Մհեր Մկրտչյանին անջատել հայտնի բոլոր կինոհերոսներից, ապա շատ պարզ պատճառով այդ ֆիլմերից շատերը կդառնան մի ոտքից կաղ, որովհետև  այդ ֆիլմերում նա մագնիսական կենտրոն էր: Նա պարզապես դերասան չէր. նա դերահեղինակ էր, որը նաև լրացուցիչ հեղինակային կնիք էր դնում Մհերի խաղացած բոլոր դերերի վրա: Ես նկատի ունեմ մեր հայկական կինոն և ո՛չ միայն մեր կինոն: Դա մի տաղանդ էր, որը ֆիլմից-ֆիլմ դառնում էր ավելի խորքային, ավելի դրամատիկ, շատ ավելի իմաստնանում էր, բայց սերը չէր անհետանում:
- Մեր ժողովուրդն իր սիրելիների անունը և հիշատակն առասպելներով հյուսելու սովորություն ունի: Մհեր Մկրտչյանի հետ կապված ամենաանհավանական ու հնարավոր պատմություններ եմ լսել: Բայց մի բան ակնհայտ է՝ որ բազմամիլիոն հանդիսատեսներից յուրաքանչյուրն իր Ֆրունզիկն ունի: 
- Հայ ժողովուրդը նրան ընկալում էր որպես տան զավակ: Շատ քիչ դերասաններ են, որոնք այդպիսի ընկալում են ձեռք բերում՝ ընտանիքի, տան անդամին հավասար: Իրապես գրեթե յուրաքանչյուր հայ մարդու մոտ այն զգացողությունն էր, որ անձամբ ճանաչել է Մհերին, եթե անգամ նրանք երբեք չէին հանդիպել. այսինքն յուրաքանչյուր մեկն ուներ այդ զգացողությունը, որ իր օջախից է այս մարդը: Ընդհանրապես, հայերը սիրելի դերասաններին անունով են կոչում: Նկատե՞լ եք՝ ասում են՝ Հրաչյան, Հրաչյա Ներսիսյանի մասին են խոսում, Արուսը՝ Արուս Ոսկանյանի մասին է խոսքը, Ավետը՝ Ավետ Ավետիսյանն է: Էն աստղերը չեն՝ մեր իմացած, ամերիկյան կամ եվրոպական կինոյի, որոնց նայում ես, էնտեղ՝ վերևներում են փայլփլում: Իրենք մեր կողքին են, ինքը կողքի մարդ է, ինքը էս  հողը քեզ հետ կիսող է: Էն աստղը չի, որ հեռվից և վերևից՝ տիեզերքի  խորխորատներից առկայծում է, և մենք պիտի գլուխներս վեր բարձրացնենք որ տեսնենք նրան: Դա էլ տարբերակ  է, դա էլ որոշակի մշակույթ է, բայց դա մերը չէ: Մերն օջախի շուրջն է, մեզ մոտ կանգնածը: Այդ իմաստով նրա գոյությունը մեր ազգային կյանքում ավելին է եղել, քան պարզապես դերասանի գոյությունը: Նա իրապես մեր ազգային կյանքում ներհյուսված մի ֆենոմեն է, մի մարդկային  էություն, զարմանալի բնականությամբ օժտված մի մարդ, որը կյանքի բնական շարունակությունն էր, որը, սակայն, տիրապետում էր արտիստական ամբողջ զինանոցին:
- Ասում են, խորհրդային շրջանում, երբ ամեն տարի որոշակի թվով ֆիլմ էր նկարվում, իսկ մեծ արտիստները շատ էին, յուրաքանչյուրին այդ ֆիլմերից մի դեր էր բաժին հասնում: Եվ Մհերը միակն էր, որի համար բոլոր ռեժիսորները կատաղի մրցակցում էին:
- Իր առաջին իսկ դերերից սկսած, կարճամետրաժ ֆիլմերից մինչև ամենասիրված և  նշանակալի դերերը, նա արդեն խորհրդանիշ էր, մինչև եղբոր՝ Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերում դարձավ նաև իր բնօրրանի խորհրդանիշը: Իսկ Մալյանն առանց Ֆրունզիկ Մկրտչյանի պարզապես չէր պատկերացնում իր կինոն: Այսպես նա մայր օջախից գնում է դեպի ընդհանուր ազգայինը և դառնում է մեր բոլորի կյանքի մասը՝ ընդ որում բոլոր տարիքների՝ մանուկներից մինչև ալեհեր ծերունիներ, հողի աշխատավորից մինչև գիտնականը՝ նա միավորող ֆենոմեն է: Երբ մենք խոսում ենք ազգային միասնության մասին, այդ մշակույթում այդ երևույթները հենց իրենցով են ստեղծում այդպիսի միասնություն:
- Թերևս սիրված կինոդերերի ստվերում մնաց նրա հզոր թատերական տաղանդը:
- Բնական է՝ կինոյի ընդգրկման շառավիղն ավելին է: Իհարկե, թատրոնում նույնպես ուներ փայլատակող դերակատարումներ: Հիշենք, թեկուզ հայտնի «Խաթաբալան»: Ես հիշում եմ այդ ժամանակ Երևանում համամիութենական կինոփառատոն էր, և փառատոնի բոլոր հյուրերը վազեցին Սունդուկյանի անվան թատրոն, որ վերջապես Ֆրունզիկին տեսեն բեմում: Գիտեք, ինքն ընդհանրապես ներհյուսված էր բեմին: Դե, նրա թատերական երազանքներն էլ բոլորիս են հայտնի: Նախևառաջ Սիրանոն էր, ինքն իր համար էր տեսնում Սիրանո դը Բերժերակի դերը: Դե ուշացումով նա արեց այդ քայլը, խաղաց իր սիրելի դերը: Երբ նա ստեղծեց «Արտիստական» թատրոնը և այնտեղ բեմադրեց «Հացթուխի կինը», իհարկե դա արդեն մի քիչ ուրիշ ֆրունզ էր: Եվ երբ ասում եմ որ ինքը գնալով ավելի դրամատիկ էր դառնում, նաև դա նկատի ունեմ՝ ինքը որակապես այլ էր արդեն: Նաև այլ դերեր կային, որոնք ինքը շատ կուզենար խաղալ, նա կամ կիսով չափ իրագործեց կամ ընդհանրապես չհասցրեց խաղալ այդ դերերը: Իր մեջ ահագին բան կար, ասենք, Թումանյանի հայից, Սարոյանի հայից, Պարոնյանի հայից: Կարծես ազգային խառնվածքի ամենատարբեր դրսևորումները արտահայտվում և միավորվում էին նրա մեջ և մեկը մյուսին հարստացնելով՝ ամբողջանում էին Մհեր Մկրտչյանի մեջ:
- Իր անձնական ողբերգությունները ինչ-որ կերպ արտահայտվո՞ւմ էին նրա  ստեղծագործության վրա:
- Մարդն ինչ ապրում է, ինչ իր մեջ կա, այն էլ գրում է, այն էլ նկարում է, այն էլ խաղում է: Ինչպիսին որ քո ներքին կյանքն է, դա էլ ինչ-որ կերպ իր կնիքն, անշուշտ, դնում է ստեղծագործության վրա: Սակայն տաղանդը երբեք չի դառնում այդ կյանքի ծառան, տաղանդը հաղթահարում է դա: Սովորաբար մեզ ասում են որ արվեստն իրականության արտացոլանքն է, ամենևին այդպես չէ, արվեստն իրականության հաղթահարումն է, դրանով է արվեստ :
- Անցել է 27 տարի, բայց ես չեմ մոռանում այն դեկտեմբերի 29-ը, երբ քաղաքով մեկ տարածվեց նրա վախճանի լուրը:
- Այդ օրը հրապարակում ՝ օպերայի դիմաց սկսել էին զարդարել ամանորյա  տոնածառը: Ցուրտ օր էր, և տոնածառն էին զարդարում: Եվ Մհեր Մկրտչյանն էր դեպի հավերժություն իր վերջին ճանապարհն անցնում այդ հրապարակով. մարդ, որն ինքը խնդություն է պատճառել բոլորին: Եվ այդ օրը տոնածառն էին զարդարում, որը պիտի խնդություն պարգևեր այդ դժվար տարիների հայ  մանուկներին: Եվ դրանք զարմանալիորեն ներքին իմաստով համընկան իրար՝  խնդություն, լավատեսություն տարածող մարդ և մի դերասան, որը հաղթահարեց  մեր տեղական ներքին սահմանները ու հայ մարդու անունը դուրս բերեց երկրից ու  դարձրեց տարբեր-տարբեր ազգությունների հանդիսականների համար սիրելի և նվիրական անուն: Այնպես որ դա մի կյանք էր: Կարծես թե յուրաքանչյուր մարդու կյանքը սկսվում է միայն իր համար, բայց ահա նրա նման տաղանդի կյանքը բոլորինը դարձավ, և ինքը դա շռայլորեն նվիրեց մարդկանց:
 
art collage logo Նունե Ալեքսանյան
 07:03 04.07.2020
http://art-collage.com/post/%D5%84%D5%B0%D5%A5%D6%80-%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%9D-%D4%B9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB,-%D5%8D%D5%A1%D6%80%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB,-%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A8

Печать

Ֆրունզիկ Մկրտչյան
Իմ լավ բարեկամ Հովհաննես Պապիկյանի հրավերով «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում ակընդիր եղա նրա և Շուշանիկ Սահակյանի նկարած «Էն ուրիշ Ֆրունզիկը» վավերագրական ֆիլմին:
Մեկ բառով ամբողջացնեմ խոսքս՝ ՀՐԱՇԱԼԻ էր:
Անկախ երևանյան ահավոր շոգին, անկախ առկախված փողոցները, դահլիճում էր հայոց մտավորականության ծաղիկը: Ֆիլմն ընդունվեց հոտընկայս ու երկարատև ծափահարություններով, բազմաթիվ բարեմաղթանքներով:

6.07.2015
https://mankavarzh.do.am/news/hagecac_orer/2015-07-06-683

Печать

 «Հայրի՜կ, հայրի՜կ, պապը եկել է»,- հորը՝ Մհեր Մկրտչյանին, տուն է կանչում փոքրիկ Ռուբիկը։ Հիշո՞ւմ եք՝ հենց այս դրվագով է սկսվում Հենրիկ Մալյանի «Հայրիկ» ֆիլմը։ Ռուբիկը ֆիլմում շինարար Հովսեփի մեծ ընտանիքի ամենակրտսեր անդամն է, որը սիրում է հարցեր տալ ընտանեկան բարդ հարաբերությունների մասին։ Ֆիլմի էկրանավորումից 50 տարի անց հանդիպելով Ռուբիկին՝ Աշոտ Նիկողոսյանին, ես էլ առաջին հերթին հետաքրքրվեցի՝ «Հայրի՛կ, ե՞ս էլ եմ իմ ուրիշ ընտանիքն ունենալու» իր հայտնի հարցի պատասխանը որն է։


Աշոտը միակն էր, որի համար դուբլ չի արվել

«Իմ մասնակցությամբ ամենահուզիչ տեսարանը, կարծում եմ, այն է, երբ Ֆրունզիկը քնած է, եւ ես լացում, ասում եմ՝ «Ինչո՞ւ ես բոլորին նեղացնում»։ Ես՝ էդ տարիքի երեխա, պետք է կադրում լաց լինեի, իսկ դա էդքան էլ հեշտ չէր»,- ասում է արդեն 58-ամյա Աշոտ Նիկողոսյանը։

Թեեւ ֆիլմի նկարահանումներից անցել է կես դար, բայց աշխատանքային ամեն մի մանրուք հստակ հիշում է. ով կար այդ պահին նկարահանման հրապարակում, ինչ հրահանգներ էր տալիս ռեժիսոր Հենրիկ Մալյանը։
«Չէի պատրաստվում տանը։ Մինչեւ նկարահանումն ինձ բացատրում էր՝ «Բալա՛ ջան, սենց պիտի անես, նենց պիտի անես»։ Համ էլ ո՞ւր էր էդքան տեքստ, որ մի հատ էլ անգիր անեի. մի քանի նախադասություն էր էլի։ Մալյանն ասել է ծնողներիս, որ Աշոտը միակն էր, որի համար որեւէ տեսարանի կրկնակի նկարահանում(դուբլ) չի արվել»,- նշում է զրուցակիցս։ 
Նկարահանման հրապարակում հայտնվել էր, կարելի է ասել, բակից. Մհեր Մկրտչյանի մանկության ընկերը՝ Ժորա Հարությունյանը, իրենց շենքում էր ապրում, տեսնելով աշխույժ տղային՝ առաջարկել էր, այսօրվա տերմինաբանությամբ, մասնակցել քասթինգի, որին հավաքվել էին բավական շատ երեխաներ։ Ֆիլմի նկարահանումները տեւել էին ութ ամիս՝ Երեւանում եւ Մոսկվայում։

 

«Երկուսուկես ամիս Մոսկվայում ենք ապրել, որովհետեւ տաղավարային նկարահանումները հիմնականում այնտեղ էին։ Ու մենք ամբողջ խմբով ուտուշ-խմուշների մեջ էինք, Ֆրունզիկն էր երգում... Ես մինչեւ հիմա էդպիսի երգիչ չգիտեմ»,- վերհիշում է Մհեր Մկչրտչյանի կրտսեր խաղընկերը։ Աշոտ Նիկողոսյանն ասում է, որ «Մոսֆիլմի» նկարահանման ստուդիան 7-ամյա երեխայի համար հսկայական քաղաք էր, որտեղ ամեն ինչ՝ կենդանիների անկյունից մինչեւ ճաշարան, հետաքրքիր էր։ Ի դեպ, ճաշելու դրվագի հետ կապված հետաքրքիր պատմություն կա։ Պարզվում է՝ այդ տեսարանի համար դուբլերն այնքան են կրկնվել, որ ճաշը վերջացել է, ստիպված են եղել պարզապես եռման ջուր ուտել։

Ֆրունզիկի «հայրական» սերը

Աշոտ Նիկողոսյանի համար ֆիլմի հիշողությունները թանկ են առաջին հերթին մարդկանց շնորհիվ։ Ամենաջերմը Մհեր Մկրտչյանի մասին է խոսում. «Ֆրունզիկն ինձ շատ էր սիրում, ու դա փոխադարձ էր, իհարկե։ Այդ շրջանում ինքը մամային ասել էր, որ ինձ էնքան է սիրում, որ Դոնարային համոզել է՝ մի տղա ունենան։ Այ էդպիսի կապ էր»։

 Զրուցակիցս վստահ է, որ եթե Մհեր Մկրտչյանը լիներ մեծ ազգի զավակ, աշխարհն ավելի բաց լիներ, նրան կճանաչեին Խորհրդային Միության սահմաններից դուրս։ Աշոտ Նիկողոսյանը յուրահատուկ վերաբերմունք ունի նաեւ ռեժիսորի նկատմամբ. «Մալյանն ու Ֆրունզիկն այնքան ուժեղ էին, որ կարծես մյուսներին խամրեցնեին»։ Նրա խոսքով՝ քչերը գիտեն, որ Մալյանը էքստրասենսի հատկություններ ուներ։ Ջերմ ժպիտով հիշում է նաեւ Ազատ Շերենցին, որի հետ նկարահանող խումբը շատ էր սիրում կատակներ անել։
Նախկին խաղընկերների հետ կապ, ցավոք, Աշոտ Նիկողոսյանը չի պահել, թեեւ շատ կուզեր, որ ֆիլմի 50-ամյակը նշվեր, հավաքվեին, տեսնեին՝ ով կա, ինչպես են ճակատագրերը դասավորվել։ Մի անգամ պատահաբար փողոցում հանդիպել է Շաքե Թուխմանյանին։ «Ասացի՝ Դուք Թուխմանյան Շաքեն եք, չէ՞, պատասխանեց՝ այո՛, ասացի՝ ես էլ Աշոտն եմ։ Նայեց, նայեց, մեկ էլ ճչաց ու փաթաթվեց»,- պատմում է նա։

Դերասանի քրտնաջան աշխատանքը

«Իհարկե, լավագույն ֆիլմերից չէ, բայց ամեն տարիքում նայելիս ինչ-որ հետաքրքիր բաներ եմ տեսնում։ Բացի այդ, նաեւ կան հիշողություններ՝ Սովետ էր, մարդկանց սառնարանները լիքն էին, հարաբերությունները շատ ավելի սուրբ էին։ Հենրիկ Մալյանն էլ էնքան բարձր էր, որ հրամցնում էր էդ համուհոտը, ինքն իր էպոխայի համար սիրուն ֆիլմ է»,- ասում է «մեծ» Ռուբիկը։ Հարցնում եմ՝ իր խաղը հավանո՞ւմ է. «Քանի որ դա զուտ երեխայական խաղ էր, այո՛, մաքրությունը կա, անբռնազբոսությունը կա, արհեստական չի, շինծու չի»։

 

Այդուհանդերձ, չի ափսոսում, որ դերասան չի դարձել, ավելին՝ դեռ այն ժամանակ գիտեր, որ դա իրենը չի։ «Տարբեր տարիքներ մարդուն տարբեր հոգեվիճակներ են բերում։ Եղավ շրջան, որ ես ավելի ժիր էի ու չէի ուզում ուրիշների ասածով ապրել, թեկուզ, եթե դա ռեժիսորն է։ Երբ ես 10-րդ դասարանում էի, Հենրիկ Մալյանը դրսում հանդիպել էր հորս, ասել էր՝ խումբ է հավաքում Մանկավարժական ինստիտուտում՝ համոզված լինելով, որ կգնամ։ Պապան ասել էր, որ Աշոտն ուզում է ժողինստիտուտ ընդունվել, Մալյանը նեղացել, գնացել էր։ Չգիտեմ ինչու՝ չդարձա դերասան, չձգեց»,- կարծում է զրուցակիցս։
Աշոտ Նիկողոսյանն ասում է, որ ֆիլմից հետո ինքը, թեեւ փոքր էր, բայց բոլորովին չէր մեծամտացել, ավելին՝ հավելյալ ուշադրությունն իր բացասական կողմն ուներ. «Տեսեք, ինչպես շատերը չեն հասկանում, որ պատերազմը լուրջ ֆիզիկական աշխատանք է, չեն պատկերացնում նաեւ, որ դերասանի կյանքն էլ քրտնաջան աշխատանք է, այսինքն՝ էկրանային մարդ լինելը պետք է միջիցդ լինի»։ «Հայրիկ» ֆիլմից բացի, եւս մեկ դեր խաղացել է 1973-ին, հեռուստատեսային ներկայացումը կոչվում էր «Կարմիր գլխաշորով իմ բարդի»։

 

«Հայրիկ»-ի թերեւս միակ «հետքը» նրա կյանքում ֆիլմում հնչեցրած հարցի պատասխանն է. փոքրիկ Ռուբիկը ունեցավ իր ուրիշ ընտանիքը. երկու տղաների հայր է։

Նկարահանման հրապարակից մինչեւ հավաքածուներ

Աշոտ Նիկողոսյանը տնտեսագետ է, բայց իր մասնագիտությամբ երբեք չի աշխատել։ Ինչպես ինքն է բնորոշում, ամեն ինչով զբաղվել է հանապազօրյա հաց վաստակելու համար։ Ուսանողական տարիներից տարվել է հնագիտությամբ, որը, կարելի է ասել, դարձել է երկրորդ մասնագիտություն։

«Ունեմ նկարների, սրբապատկերների եւ խաչերի մեծ հավաքածու։ Հնագիտության նկատմամբ հետաքրքրություն ունեի 2-3-րդ կուրսից, հետո կամաց-կամաց խորացավ, սկսեցի գրականություն ուսումնասիրել, շփումներ ունեցա։ Հիմնականում հետաքրքրվում եմ բրոնզի դարի արտեֆակտերով»,- նշում է զրուցակիցս։

 
Աշոտ Նիկողոսյանը փորձում է հավաքել Հայաստանի հարուստ պատմության մասնիկները եւ թույլ չտալ, որ դրանք արտահանվեն. «Հասկացա, որ Հայաստանը աշխարհի զարգացման պատմության մեջ յուրահատուկ տեղ ունի, եւ մեր հնածոները կոպեկներով տանում են դուրս։ Իմ նպատակն այն է, որ մեր գտածոները դուրս չգնան։ Ես հիմնականում ձեռք եմ բերում այն, ինչ արդեն վաճառվում է շուկայում։ Ֆինանսական շատ ծանր վիճակներում եմ եղել, շատ առաջարկներ են եղել, բայց, բարեբախտաբար, դիմանում եմ, ոչ մի բան չեմ վաճառել»։

bravo-logoԱնահիտ Փիլոսյան
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
https://bravo.am/news/76658/?fbclid=IwAR0xY2KK8yYb7NyoVRCzwRvihQEYRaYWp8Ia9SyBHLfioDltNRBftiYiBbU

Печать

Почему Гайдай выгнал Евгения Моргунова со съёмок "Кавказской пленницы" и постарался вырезать как можно больше сцен с ним из фильма? Что их поссорило, из-за чего они не общались целых 27 лет!

Кто снимался ВМЕСТО Моргунова в "Кавказской пленнице"?


Бывалого могло не быть в «Кавказской пленнице»: Моргунов едва не поплатился за дерзкую выходку

Бывалого могло не быть в «Кавказской пленнице»: Моргунов едва не поплатился за дерзкую выходку
Фото: кадр из фильма "Кавказская пленница, или Новые приключения Шурика" (1966)

Актер «зазвездился».

У Евгения Моргунова были блестящие перспективы в кино, однако из-за склочного характера артист то и дело ссорился с коллегами и терял полезные связи. Случился у него конфликт и с Леонидом Гайдаем, чьи фильмы сделали из Моргунова звезду.

На съемках «Кавказской пленницы» Евгений Моргунов стал допускать себе вольности, а на один из технических просмотров явился в зал пьяным в сопровождении подвыпивших девиц.

Пока съемочная группа отсматривала материал, Моргунов балагурил и даже пару раз оскорбил Гайдая.
Режиссер такого поведения терпеть не стал. Переснимать фильм было уже поздно, но Гайдай велел свести присутствие в картине нашкодившего артиста к минимуму. И после «Кавказской пленницы» их отношения прекратились навсегда.


https://www.kinoafisha.info/articles/byvalogo-moglo-ne-byt-v-kavkazskoy-plennice-morgunov-edva-ne-poplatilsya-za-derzkuyu-vyhodku_id41472_a14984812/

Печать

Մի օր Սերգեյ Իսրաելյանը պատմեց մի միջադեպի մասին, որի ականատեսն էր եղել ինքը 1970-ական թվականներին:Եվ հիմա ես հիշելով կվերապատմեմ այն, ինչը լսեցի այդ օրը:
Սերգեյ Իսրայելյանը և Մհեր Մկրտչյանը Մոսկվայի մի հյուրանոցի սրահում էին և քայլերն ուղղեցին դեպի վերելակի դուռը: Հենց այդ պահին Մհեր Մկրտչյանը նկատում է հնդիկ մեծ դերասան Ռաջ Կապուրին, ով շրջապատված էր իրենից հարցազրույց վերցնող լրագրողներով: Մհեր Մկրտչյանը շրջվում է Սերգեյ Իսրայելյանի կողմը և ասում.
“Տես, տես Ռաջ Կապուրը”:
Այդ ժամանակ նրանք արդեն հասել էին վերելակի դռանը և ուզում էին սեղմել կոճակը և հենց այդ պահին կատարվեց անհավատալին: Հանկարծ Ռաջ Կապուրը փութաջանորեն ազատվեց լրագրողների խմբից ու արագ մոտեցավ վերելակի մոտ կանգնած ու զարմանքով նրան նայող մեր հերոսներին: Ռաջ Կապուրը “Hello” ասելով ամուր գրկեց Մհեր Մկրտչյանին: Անցավ մի քանի վայրկյան, նա հետ քաշվեց, լայն ժպիտով նորից նայեց Մհերին, կարծես համոզվելու համար, որ ինքը չի սխալվում ու նորից գրկեց նրան: Այնպիսի տպավորություն էր, որ երկու շատ մոտ ընկերներ երկար ժամանակ չէին հանդիպել իրար: Դրանից հետո սկսեցին խոսքերով ողջունել իրար` Ռաջ Կապուրը անգլերեն, իսկ Մհեր Մկրտչյանը` հայերեն: Ռաջ Կապուրը չէր ուզում բաց թողնել Մհերին, և Մհերն էլ չէր ուզում բաժանվել Ռաջ Կապուրից: Երեքով գնացին Ռաջ Կապուրի հյուրանոցային սենյակը ու մինչև լույսը բացվելը խոսեցին` Մհեր Մկրտչյանը հայերեն, իսկ Ռաջ Կապուրը հնդկերեն, որովհետև հասկացավ, որ Մհերը չի խոսում անգլերեն և որոշեց Մհերի նման իր մայրենի լեզվով խոսել: Սերգեյ Իսրայելյանի կողմը նույնիսկ չէին նայում: Սերգեյ Իսրայելյանին մնում էր միայն նայել նրանց ու ապշել, թե որքան բան ունեն նրանք իրար ասելու և որքան լավ է Մհեր Մկրտչյանը հասկանում հնդկերեն, իսկ Ռաջ Կապուրը` հայերեն: Հանդիպել էին երկու մեծ արտիստներ:

Յուրա Գանջալյան 
https://mskh.am/am/20866
 04/07/2012 - 21:59 

Печать

Качество сайта согласно www.cys.ru

качество сайта frunzik.com

Мы на Контакте

Мы на ФЕЙСБУКЕ