ԱՅԴ ՈՒՐԱԽ - ՏԽՈՒՐ ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴԸ
Արվեստագետին շնորհված ամեն պարգև ինքնըստինքյան դառնում է քննարկման նյութ, արժեք: Ֆրունզիկ Մկրտչյանին Սովետական Միության ժողովրդական արտիստի պատվավոր կոչման արժանացնելու որոշման արձագանքը միահամուռ էր՝ շատ արժեր, վաղուց արժեր: ՍՍՀՄ Գերագույն սովետի հրամանագիրն ընդունվեց իբրև ամեն հայի վերաբերող անձնական խնդիր: Մարդիկ իրար շնորհավորում էին, հաղորդում միմյանց ազգային կինոյի ու թատրոնի դերասանի բարձրագույն գնահատման լուրը: Զարմանալի չէ դա: Ով գեթ մեկ անգամ դերասանի կողքից քայլել է՝ նկատած կլինի, թե ինչպես են նրան տեսնելով՝ մարդկանց դեմքերը, բոլոր՜րն անխտիր, իսկույն լուսավորվում ժպիտով: Չեն կարողանում հայացքները կտրել, անբռնազբոս զրույցի են բռնվում, անմիջականորեն արտահայտում իրենց զգացումները: Ինչո՞ւ է այդպես սիրված Ֆրունզիկ Մկրտչյանը և, մանավանդ, այդ չափով սիրված: Շատերին գուցե անհարկի թվա, նրանք իրավունք ունեն պատասխան չփնտրելու: Եվ քչերը գուցե կբացատրեն մի բանով, որ կախարդական ազդեցություն ունի կարծես նրա ամեն խոսք ու զրույց:
-Տաղանդավոր է, շատ տաղանդավոր»: Տաղանդներով Հայաստանը հարուստ է եղել միշտ: Հիմա նույնպես աղքատ չէ: Բայց տարբեր վերաբերմունքներ են լինում տաղանդների հանդեպ: Ոմանց ընդունում են փոխառնված հպարտությամբ, ուրիշներին՝ վախվորած երկյուղածությամբ, երբեմն տածում են սառնարյուն հայեցողական հիացում:
Ֆրունզիկ Մկրտչյանի պարագան տարբեր է ո՛չ միայն ընդգրկումով: Հայաստանի բոլոր խավերը, Սովետական Միության մեզնից ամենահեռու եզերքը, արտասահմանյան երկրները, ուր հասել են դերասանը կամ իր ֆիլմերը՝ համակրության աննախադեպ տեսակով էլ է զատվում: Նրան ամենուրեք դիմավորում են հատուկ խանդաղատանքով, ինչպես շատ սպասված, ամեն ինչով ընդունելի հարազատի: Առասպելական այդ ժողովրդայնությունը այլևս դուրս է մի անձի կենսագրության շրջանակներից: Երևույթ է, որ հրամայաբար իր տեղն է պահանջում հայ բեմարվեստի մայրուղիներում՝ նաև արդի թատրոնի ու կինոյի պատմության մեջ: Դա անհրաժեշտ է ո՛չ միայն արվեստաբանության համար, այլև հանդիսականի, որպեսզի սրտում լեցուն համակրությունը չափի նաև արվեստի հեռու և մոտիկ կուտակումների կշռաքարերով: Հայ բեմի պատմության մեջ ողբերգակներն են եղել պաշտամունքի առարկա: Ժողովուրդն իր հոգու թարգման է համարել նրանց, ովքեր երգել են իր կորուստները կամ հերոսական պրկումները՝ հարատևելու: Ծիծաղեցնող տաղանդների սիրել է, պատրաստակամ արձագանքել նրանց կատակներին, բայց մենակ մնալով ցավ ու վշտերի օվկիանոսին ընդդեմ՝ կարոտով հիշել է նրանց:
Համլետ-Ադամյանի դառնաղի մտորումներն աշխարհի անարդարությունների մասին, Սիրանույշի մարտական խոյանքը՝ հանուն հասարակության բարեփոխման, Զարիֆյանի տառապալից գաղափարները ճակատագրի անըմբռնելի հարվածների ներքո՝ նույնն են ասում ո՛չ հեռավոր անցյալում իշխող անունները՝ Փափազյան, Վաղարշյան, Ներսիսյան, Հասմիկ, Արուս Ոսկանյան: Շատերը Ֆրունզիկ Մկրտչյանի հմայքը բացատրում են նրա զավեշտի մեջ առկա թաքուն թախիծով: Վշտի ծիծաղը, սակայն հայ արվեստի համար նորություն չէ: Տխուր կոմիկներ ունեցել ենք անցյալում, նաև սովետահայ թատրոնում: Ֆրունզիկ Մկրտչյանին բնորոշողն ավելի շուտ հակառակն է՝ ողբերգականի առօրեականությունը: Նրա արվեստի լեյտմոտիվը ողբերգականությունն է՝ արտահայտված մեղմ զավեշտական ձևերով, 20-րդ դարի դավանած կոմիզմը, որի ակունքները թատերագրության մեջ հասցնում են Չեխովին, կինոյում՝ Չապլինին: Կատակերգակները, հատկապես սովետական տարիներին, դիտվել են իբրև «ծիծաղի վարպետ»: Մարդիկ վայելել են նրանց ձիրքը՝ նույն այդ ձիրքը դիտելով իբրև անձի առանձնադրյալ կամ վերադիր բարեմասնություն: Դիպուկ օրինակ էր այդ իմաստով Ա. Ավետիսյանը, որ Մկրտչյանին դժվար է պատել թատերական ամպլուայի որևէ պիտակով: Նա է միայն, որ ընդունակ է հավասարաչափ թափանցել կատակերգության ու ողբերգության խորքերը:
Հայ իրականության մեջ դերասանն, արտահայտելով հանդերձ ազգի խոհն ու հույզը, կամքն ու իղձը, որոշակիորեն զատվել է հանդիսականից իր կենցաղավարությամբ, կեցվածքով, անգամ արտաքինով և ուրիշ աշխարհի էակ էր համարվում նույնիսկ, երբ քայլում, էր մարդաշատ փողոցով: Նրա ստեղծած կերպարների և սեփական նկարագրի միջև ավելի կամ պակաս շեղում կար, խիստ ակնհայտ թատրոնում, նաև՝ կինոյում:
Ուրիշ էր Ֆրունզիկ Մկրտչյանը կարծես ամենուր՝ բեմում, պաստառի վրա, դրսում: Եվ շատերին թվում էր, թե նա ինքն իրեն է խաղում և ճիշտ այդ ձուլման մեջ է դերի և դերասանի գաղտնիքը նրա տևական հաջողության: Իրականում այդ տարրալուծումը կարծեցյալ է, ինչպես որ սխալ է պոետի առաջին դեմքով գրված բանաստեղծությունը նույնացնել նրա անձի հետ: Սակայն անհնար է արվեստ կոչել սեփական անձի մշտական ցուցադրումը՝ թեկուզ և տարբեր անուններով ու հանգամամքներում, ինչպես և արտաքին աշխարհից լոկ քաղած դիտումներից, պարզ նմանակումից արվեստ ծնվել չի կարող: Տարերայնորեն բարի, մարդամոտ՝ օտարի թե հայրենակցի հետ, պատրաստ խոսելու և մեծախոսելու, հատկապես ձախորդության մեջ: Միտքն աշխատում է եռանդուն, ինչպես և ձեռքերը՝ ջանալով ինչ-որ բան ստեղծել, հնարել: Ամենադժվար կացությունից անգամ ելք է փնտրում: Եվ այնքան անզսպելի է այդ ձգտումը, որ երբեմն խտրություն չի դնում միջոցների միջև, որոնք հաճախ ծիծաղելի են անխարիսխ իրենց խորամանկությամբ՝ նույնիսկ եթե կանխավ դատապարտված են ձախողման: Հազվադեպ է կյանքը բերկրություն ընծայում Մ. Մկրտչյանի հերոսներին, բայց նրանք հակված չեն լացի, նույնիսկ տրտունջի: Չարքաշ տոկունությամբ կրում են իրենց ճակատագիրը՝ համակերպված իրենց բաժին ընկած և ընկնելիք հոգս ու ցավի հետ: Նույն գերդաստանից սերած, իրար ազգական թվացող մարդկանցով արտիստն ամեն անգամ բացահայտում է պարզ մարդու խորքային ազնվությունը՝ առանձնապես ոչնչով աչքի չընկնող, ազնվական ծագում չունեցող հայի տոհմիկ ազնվությունը:
Ֆրունզիկ Մկրտչյանի ստեղծած կերպարների շնորհիվ հայերին այդպես ճանաչեցին օտարները: Հազարամյա իր գոյության ընթացքում բազում փոխակերպումների ենթարկված մեր ժողովրդի համար այդ գծերն են հավանաբար մնացել ամենից բնութագրականը պատմության դաժան կաթսայում կիզված մետաղահանքից: Այդ դաջված բեկորն է մատուցում հայրենակիցների՝ դերասանը, և նրանք ընդունեցին հավաքական այդ կերպարն իբրև տիպիկ հայի՝ որպես իրենց լավագույն մասի գեղարվեստական նկարագիր: Մեկ բան էական է՝ Ֆ. Մկրտչյանը հույժ ժողովրդական լինելուց բացի նաև խիստ և լիապես ժողովրդային է: Արվեստում նման երևույթները հաճախակի չեն պատահում: Այդպես, մինչև վերջերս, Միության մեջ շատերն ընկալում էին Ֆ. Մկրտչյանի դիմանկարն իբրև միակ իսկական հայազգին: Դերասանի ներկապնակում երևում է ինչպես են նշմարվում և ուրիշ գույների, հնչյունային այլ համադրումների անվերապահ պատումը: «Միմինո» ֆիլմում Ֆրունզիկ Մկրտչյանին սխալմամբ գիտնականի տեղ են դնում և նրանից պահանջում իր զեկուցման թեզիսները: Նշանակում է՝ նման հնարավորությունը չի ժխտվում դերասանի՝ անգամ ո՛չ արտաքինով, ո՛չ անհեթեթ պահվածքով: Իսկ եթե Ֆ. Մկրտչյան գիտնականն իր դերում հանդես գար, որտեղ երևար նաև իր զուտ մտավոր առավելություններո՞վ: Չէ՞ որ հայ մտավորականությունն իբրև կանոն, աշխատավորական ծագում է ունեցել, լավագույն դեպքում միջին խավերից է եղել և հաջողել է բնածին օժտվածությունը բազմապատկած ջանադիր աշխատանքին՝ հասնել միջազգային համբավի: Անուններ բերելու, կարծեմ հարկ չկա: Հայն այսօր Միության մեջ նաև աշխարհում, հայտնի է նմանապես իբրև խոսքի և հնչյունների, գույնի և ձևերի ընտրված արտադրության փայլուն կազմակերպիչ, տեխնիկայի, ճշգրիտ գիտությունների ասպարեզում աչքի ընկնող միտք ունեցող:
Արդի մեծագույն թատերական գործիչ ու տեսաբան Ման Վիլակը? 20-րդ դարի դերասանի նոր բանաձևում առաջարկեց հոգևոր, զգացող ու խորհող միաժամանակ, և հեղինակը նույնպիսի բեմական մտավորականների: Այդ նոր միասնությունն է ցանկալի տեսնել Ֆրունզիկ Մկրտչյանի ստեղծագործության հաջորդ փուլում, որպեսզի հանդիսականը ճանաչի հային, ո՛չ միայն ինչպես կա, այլև՝ ինչպիսին ունակ է և կարող է լինել: Ճանաչեն ու սիրեն հային, լավ մարդուն, բայց և հանրությանն արտիստի անձն իր կերպարի հետ հասանելի լինի, նոր իմացություն բերի՝ հատկապես այլ ազգիներին: Հայ մարդու մյուս առավելությունների մասին ուրիշ ովքե՞ր, եթե ոչ հայ գրականության և բեմարվեստի գործիչները պետք է վեր հանեն հայկական տիպարի բարոյահոգեբանական բնավորություններից բացի նաև խոհական-իմացականները: Ֆրունզիկ Մկրտչյանը ատլաս է նման վերելքի համար: Բավական վաղուց նա հասել է վարպետության մի աստիճանի, երբ բեմահարթակում փայլելը, կինոկամերայի առջև գործելը դյուրին են դարձել: Այսպիսի դերերն այլևս նեղ են նրա փարթամացած արվեստի կազմի համար: Բացի դրանից, մարդը ճանաչվում է որքան արածներով, նույնքան և ավելի՝ երազանքներով: 20 տարի դերասանը ցանկություն է հայտնել Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» դերը կատարել: Արտակարգ այդ գրողն ու փիլիսոփան միտք ու կամք ուներ հակառակ գնալու տիրող գեղագիտական ուղղությանը՝ կլասիցիզմին: Երբ շատ ուրիշներ տաքուկ տեղ էին հարթում դղյակներում, նա թռչում էր լուսին՝ իր հանդուգն երևակայության օդապարիկով: Ազնիվ էր ո՛չ թե ազգանվանը կցված «դը» մասնիկով, այլ իր գաղափարներով, վեր հանելով ռացիոնալիզմը, 17-րդ դարում Սիրանոն առաջին ռոմանտիկներից էր՝ ծնված ռոմանտիզմից շատ առաջ: Այդ ընտրությունը շատ է խոստումնալից: Ո՛չ թե ևս մի դեր, այդ հրաշալի դերը նոր ուղղության նշանակ կարող է լինել Սիրանոն կերտելու և տալու բանաստեղծական անհատի ռոմանտիկ ներբողում: Միակն է ուրախ-տխուր ֆրանսիացին դերասանի ստեղծագործություններից: Չէ՞ որ հարուստ համաշխարհային կլասսիկան կա, վերջապես՝ Շեքսպիր, որի հետ դերասանի անդրանիկ հանդիպումից նույնպես անցել է 20 տարի: Մեծացող անջրպետը հազիվ թե օգտակար լինի: Դասական պիեսների բեմադրիչներ միշտ կգտնվեն: Իզուր չէ ասված, թե շեքսպիրյան ամեն ներկայացում դատապարտված է հաջողության: Իսկ եթե չգտնվեն բեմադրել ցանկացողներ՝ պետք է հիշեցնել, որ կա նաև ռեժիսոր Ֆրունզիկ Մկրտչյանը, որ մի քանի տարի առաջ նրա բեմադրած «Հատակում»-ը Սունդուկյանի թատրոնի բացառապես երիտասարդների ուժերով՝ դրա փայլուն առհավատչյան է: Փիլիսոփայական բազմիմաստ պիեսին Ֆրունզիկ Մկտչյանը կարողացել է հաղորդել այն բուն հուզառատ վարակչությունը, որ իրավունք է ընձեռում այդ աշխատանքը դասել հայ ռեժիսուրայի առաջին շարքերում: Ի դեպ, բեմադրական վարժությունը ևս կորչում է մեծ ընդմիջումից: Բեմադրել է պետք եթե ո՛չ հանուն սեփական կենսագրության, ապա նաև թատրոնի ներկա գոյության: Չէ՞ որ ռեժիսորական պրոբլեմը Հայաստանում դեռևս մնում է ամենահրատապը: Այսօր Ֆրունզիկ Մկրտչյանը բեմարվեստային մարաթոնում քայլում է բոլորի առջևից: Որևէ կասկածանք ու մտավախություն այդ իմաստով պետք չէ ունենալ: Եթե կա մեկը, որ իրենից կարող է անցնել, ապա դա շուքն է իր խոշոր անհատականության, այն մեծ ստվերը, որին պետք է միշտ չթողնել հասնելու և մաղթում եմ, որ երբեք չհասնի:
Լուիզա ՍԱՄՎԵԼՅԱՆ
7-1984