 
Գյումրու ավագանին այսօր կայացած նիստում միաձայն որոշեց և «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհեց հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին: Նիստի օրակարգային հարցն ընթերցելիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը նկատեց. «Զարմանալի է, որ Մհերը մինչ օրս չուներ այդ կոչումը, ուղղակի շատ զարմանալի է»:
Հարցը զեկուցող Ռոբերտ Ասատրյանն էլ ավելացրեց՝ խնդրում եմ երախտագիտությամբ քվեարկել: Հարցի միաձայն ընդունումն ուղեկցվեց ծափահարություններով: Քաղաքապետը տեղեկացրեց, որ որոշումն ու կոչումը փաստող վկայականը կպահպանվի Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանում:
Մհեր Մկրտչյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու նախաձեռնությամբ հանդես էին եկել «Լեննագանցիք» ֆեյսբուքյան խմբի ադմինիստրացիան, «Էն ուրիշ Ֆրունզիկը» վավերագրական ֆիլմի եւ համանուն գրքի, նաեւ «Լույս…» գրքի համահեղինակ, հայաստանյան եւ արտասահմանյան մամուլում Մհեր Մկրտչյանի մասին հրատարակված բազմաթիվ հոդվածների հեղինակ Շուշանիկ Սահակյանը, Մհեր Մկրտչյանին նվիրված www.frunzik.com կայքի հիմնադիր, նաեւ բոլոր սոցցանցերում Մհեր Մկրտչյանին նվիրված էջերի ադմինիստրատոր Միքայել Միքայելյանը։
Նրանք նամակ-առաջարկով դիմել էին Սամվել Բալասանյանին, որում մասնավորապես ասված էր.
«2020թ. հուլիսի 4-ին լրանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, հայկական բեմարվեստի հիմնասյուներից մեկի՝ Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակը:
Անուրանալի է նրա մեծ վաստակը հայկական թատերական արվեստն ու կինոն աշխարհին ճանաչելի դարձնելու գործում, չափազանց կարեւոր առաքելություն է նրա մարմնավորած կերպարներով սերունդներ կրթելու եւ դաստիարակելու նվիրական աշխատանքը, ուսանելի է իր կերպարներից ճառագող անմնացորդ սերն ու բարությունը աշխարհին բաշխելու նրա եզակի ունակությունը:
Նրա ստեղծագործության հիմքը, ելակետը իր ծննդավայր Գյումրին է, եւ Մհեր Մկրտչյանի առեղծվածի մեջ առաջին հերթին բնավայրի ազդակներն են, այդ խիստ թատերային, խիստ կատակերգական, խիստ ողբերգական, խիստ էպիկական, խիստ ֆանտասմագորիկ Գյումրին է, որ նստած է իր մեջ՝ իբրև բնության ձայն, բնության կանչ, իբրև դիմակների հավերժորեն շարժվող թատրոն:
Ինչպես ինքն է վկայում. «Գյումրին իմ քավարանն է: Ամեն նոր գործ ավարտելով՝ առաջինը Գյումրիում եմ ներկայացնում, մաքրվում, որ գամ հետո նոր գործ սկսեմ»:
Ուստի առաջարկում եւ հորդորում ենք իր ծննդավայր Գյումրու խորհրդանիշ հանդիսացող Արտիստին՝ Մհեր Մուշեղի Մկրտչյանին շնորհել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում, որը մեծ պատիվ կբերի Գյումրուն եւ բոլոր գյումրեցիներին»:
Ի դեպ, նախաձեռնության հեղինակներին միացել էին նաև սոցցանցերի տարբեր մեծ խմբեր:
Նշենք, որ 2003 թվականին Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը հետմահու պարգևատրվել էր «Վարպետ» կրծքանշանով:
 Արմենուհի Մինասյան
Արմենուհի Մինասյանhttps://www.armtimes.com/hy/article/189936?fbclid=IwAR0i9QAmY-j7C9cWVlmspltdzTbCsXIlGVFTDIaBvBuzbnuFmDv9d4GTzm0
10/06/2020
