Սարո Գյումրեցի (1951-)

Անմահություն ճանապարհվելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ հանդիպեցի ՎԱՐՊԵՏԻՆ և խնդրեցի վերհիշել իր ուրախ ու տխուր, հետաքրքրաշարժ ու զարմանահրաշ մանկությունը...

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ «ԻՄ ԴԵՐԵՐԸ ԻՄ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ»

Ֆրունզիկ Մկրտչյանը և Սարո ԳյումրեցինԱմեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու, այն ներկայանում է ինձ հեծանիվ քշող տղայի տեսքով։ Գուցե նրանից է, որ մանկության տարիների միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա։ Մեղավորը պատերազմն էր։ Երբ սկսվեց այն, հազիվ բոլորել էր իմ 11 տարին։ Մայրս` Աանամը, իր չորս որբերին հազիվ էր հասցնում կերակրել, ո՛ւր մնաց թե հեծանիվ գներ ինձ համար: Այսօրվա պես հիշում եմ․ ամբողջ մանկապարտեզում, ուր հաճախում էի, միայն մի աղջիկ ուներ տիկնիկ, այն էլ պատրաստված էր գիպսից, կոպիտ, հաստ ոտքերով։ Երբ մի անգամ, շատ խնդրելուց հետո, աղջիկն իր տիկնիկը տվեց ինձ` ձեռքիցս անզգուշորեն վայր ընկավ և կոտրվեց: Աղջիկն անդադար լաց էր լինում։ Ես շփոթվել, ինձ կորցրել էի, ողբերգություն էի ապրում։
Գուցե հենց ա՛յդ վայրկյանից էլ իմ մեջ ծնվեց այն մեծ սերը դեպի հասարակ, մանկական խաղալիքը, որ մինչև հիմա էլ ապրում է իմ մեջ։ Ես կարող եմ այսօր ամեն տեսակի խաղալիք նվիրել երեխային, բացի շարժվող, աշխատող խաղալիքից։ Ինչո՞ւ։ Պարզեմ միտքս։ Որովհետև ամեն անգամ վատ եմ զգում, երբ նվիրածս խաղալիքը փչանում է, և երեխան այլևս չի կարողանում խաղալ նրա հետ, զրկվում է այն հաճույքից, որ կարող էր պարգևել այդ խաղալիքը: Խաղալիքի հանդեպ ունեցած իմ պաշտամունքը, պետք է անկեղծորեն խոստովանեմ, այսօրվա երեխաների մոտ կորցրել է իր նախնական իմաստը: պատահած երեխայի, երե փորձենք որևէ խաղալիք նվիրել, ապա անպայման կջարդի կամ էլ կքանդի` տեսնելու մեջն ի՞նչ կա։ Իսկ դա, որքան էլ որ տարօրինակ թվա, ինձ համար մեծ ցավ է։ Ամեն անգամ, երբ հեռուներից վերադառնում եմ, ինձ հետ անպայման որևէ խաղալիք եմ տուն բերում։ Ճանապարհին ինքնաթիռի ուղևորները միշտ զարմանքով են նայում ինձ և թաքուն ծիծաղում, տեսնելով ինձ խաղալիքով հրճվելիս։ Պատահել է, որ տանն այս կամ այն խաղալիքը կորել է` մեծ աղմուկ եմ բարձրացրել, տունը տակնուվրա եմ արել, մինչև որ գտել եմ։ Երեխայի նման ափսոսում եմ լավ խաղալիքի կորուստը։ Երևի դա է պատճառը, որ մանկական աշխարհը շատ եմ սիրում, այն հարազատ է իմ հոգուն։ Երեխաների հետ կարող եմ ժամերով դիտել մուլտիպլիկացիոն կինոնկարներ և չձանձրանալ։ Զարմանալիորեն չեմ կարողանում պատկերացնել, որ կարելի է որևէ երեխայի չսիրել։ Իմ կարծիքով, մարդու մեջ դեռ փոքր հասակից են արմատավորվում ազնվությունն ու կարգապահությունը, անկեղծությունն ու ճշտախոսությունը։

Գրի առավ՝ Սարո Գյոդակյանը
"ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ"
19-2002 №12

Печать

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ

frunzik rafael atoyanԼուսանկարում -

Մհեր Մկրտչյանը հյուրընկալվել է ՀՀ Ժողովրդական Նկարիչ Ռաֆայել Աթոյանի ընտանիքում։

Երևան, 1974թ.


Պատմեմ մի դեպք։ Երբ սովորում էի դպրոցում, մի անգամ, դասի ժամին նստած դասընկերս` Ռուբիկը, ցածրաձայն ասաց, «Չի կարելի փորագրել սեղանի վրա»։ Տարիներ անցան։ Մի անգամ ինքնաթիռով վերադառնում էի Երևան։ Հանկարծ ինքնաթիռի ուղեկցորդուհին մոտեցավ ինձ և ասաց, որ անձնակազմի հրամանատարը կանչում է ինձ: Գնացի։ Բարևեցի։ «Բարև, մենք դասընկերներ ենք, չճանաչեցի՞ր» - ասաց անձնակազմի հրամանատարը։ Մտաբերեցի. «Ա՛, այդ դո՞ւ էիր, որ երբ փորագրում էի նստարանի վրա, ասացիր` «Չի կարելի»։ «Այո, ես էի։ Ո՞նց էլ հիշեցիր», - զարմացավ նա։ Այդ ժամանակ միայն զգացի, թե որքա՛ ն ճիշտ էր ընտրել նա իր մասնագիտությունը։ Չէ՞ որ դեռևս փոքր հասակից նրա մեջ կար բնավորության այնպիսի գիծ, ինչպիսին էր կարգապահությունը։ Այսօր նա դարձել է ամբողջ անձնակազմի հրամանատար, որին էլ վստահվել է մարդկանցով լի ինքնաթիռի բախտորոշ ղեկը։ Իհարկե, երեխաները բնավորությամբ տարբեր են լինում: Մասնագիտության բերումով իմ կյանքում առնչվել եմ բազմաթիվ երեխաների հետ։

Կուզենայի մի քանի ծիծաղաշարժ դեպքեր հիշել այդ հանդիպումներից։
★★★
Երբ նկարահանվում էր, «Նահապետ» կինոնկարը, 5-6 տարեկան մի երեխա ուշադիր հետևում էր մեր խմբի նկարահանման աշխատանքներին։ Ընդմիջում հայտարարվեց, հանկարծ այդ երեխան վազեց, գնաց և վերադարձավ փեշի մեջ լիքը կաղին լցրած։ Մոտենալով, նա ամբողջ փեշի կաղինը մեկնեց ինձ: Երբ վերցրեցի, ասաց.
«Մի հատ էլ ինձ կտա՞ս»։
Մինչև օրս էլ չեմ կարողանում հասկանալ, թե նրա մտքինն ի՞նչ էր։ Ինչո՞ւ այդպես վարվեց։
★★★
Երբ իմ հայրենի քաղաքում` Գյումրիում, նկարանվում էր «Հին օրերի երգը» կինոնկարը, հանկարծ մի փոքրիկ երեխա, ոտաբոբիկ ու գլխաբաց, եկավ, կանգնեց իմ դիմաց, ուղիղ նայեց աչքերիս մեջ, ձեռքերն իրար խփելով, ծիծաղելով ասաց.
«Վա՛յ, չմելնիս դուն, Ֆլուզիկ»։
★★★
Իսկ արտասահմանում, երբ այցելեցի հայկական մանկապարտեզ, ուշադրությունս գրավեց սևորակ աչքերով մի տղա։ Երը մոտեցա, նա հարցերեց.
«Դու անուն ունե՞ս»։ Ասացի.
«Ես ունեմ, իսկ դու ունե՞ս»։
«Այո, իմ անունը Տիգրան է, իսկ քո՞նը»։
«Իմը Մհեր է», - պատասխանեցի։
«Քոնը խենթ անուն է», - ասաց և հեռացավ:
★★★
Տարիներ առաջ Արմավիրի գյուղերից մեկում ինչ-որ պիես պետք է ներկայացնեինք։ Դեռ բավականին ժամանակ կար ներկայացման սկսվելուն, և գյուղացիներից մեկը տուն հրավիրեց դերասաններիս։ Երբ վերջապես մոտեցավ ներկայացումը սկսվելու ժամը, պատրաստվեցինք ակումբ գնալու։ Հանկարծ տանտիրոջ փոքր երեխան խնդրեց հորը, որ իրեն էլ տանի ակումբ։ Իմ միջնորդությամբ վերջապես հայրը համաձայնվեց։ Ես գրկեցի երեխային, և մենք ուղևորվեցինք դեպի ակումբ։ Ճանապարհին հանկարծ երեխան շրջվեց դեպի ինձ և զարմացած հարցրեց.
«Քեռի, դո՞ւ էլ ես գալիս Ֆրունզիկ Մկրտչյանին նայելու»։
★★★
Ուզում եմ մի դեպք ևս պատմել կապված Գյումրիի հետ։ Տարիներ առաջ, երբ ծննդավայրս էի մեկնել, եղա մեր հին տանը, նորից հիշեցի մանկությանս տխուր և ուրախ օրերը, նորից կարոտեցի մեր հին ու անշուք տունը։ Երբ դուրս եկա պատշգամբ` հանկարծ իմ մեքենայի մոտ հավաքված երեխաներից մեկը ձայն տվեց.
«Ֆրունզ, Սաշիկը կալոսներդ փսսեցրել է»։
Հետո իմացա Սաշիկի դիտավորության պատճառը. չէր ցանկացել, որ հեռանամ իրենց թաղից.
★★★
Հուշերը բազմաթիվ են: Բոլորի մեջ էլ թանկ ու հարազատ իմ կորած մանկությունից մի թանկարժեք մասունք... Հաճախ են ինձ հարցնում․
«Կա՛ն դերեր, որոնք ես չեմ սիրում»։
Ինչպե՞ս կարող եմ չսիրել իմ դերերը, որքան էլ հաջողված չլինեն դրանք։ Չէ՞ որ նրանք իմ երեխաներն են։ Իսկ ծնողի համար վատ երեխա չկա, որքան էլ նա չար, կամակոր, դժվար լինի։ Եթե կան էլ այդպիսի դերեր, ապա ավելի շար եմ սիրում...

Գրի առավ` ՍԱՐՈ ԳՅՈԴԱԿՅԱՆԸ

ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ 19-2002
ԴԵԿՏԵՄԲԵՐ,1993թ.