Կրկին Ֆրունզիկ Մկրտչյանի հետ

 Հովհաննես Պապիկյան «Իմ Արտիստը»Սիրելի ընկերներս, ահա ֆեյսբուքից իմ բացակայության առիթը: Հաճելի՛ առիթը: Նոր անդրադարձ իմ եւ ձեր սիրելի Արտիստի՝ ուրախ ու տխուր կյանքին:
...Քեզ հետ կապված, Արտիստ, ես այնքա՜ն բան ունեմ հիշելու: Հիշելու հպարտությամբ, որ հաճախ առիթներ եմ ունեցել հանդիպելու, զրուցելու քեզ հետ որպես մի «պնդերես» լրագրող: Սա քո ձևակերպումն է, Ախուրյանում ասացիր, երբ նկարահանումից հետո իմ հարցազրույցով «հարամ արեցի» քո մի բաժակ սուրճը: Հանդիմանությանդ հակադարձեցի Համո Սահյանի խոսքերով. «Շիրազի գրավոր խոսքը կա, մնում է նրա հյութեղ բանավոր խոսքը փրկել»: Սա նույնությամբ վերագրում եմ Ձեզ: Դե, հիմա Դուք մտածեք՝ արժե՞ զրուցել, թե՞ չէ»:
Զորեղ փաստարկ էր, ու դու ընդառաջեցիր ինձ, և քեզ հետ ունեցած այդ քիչ, այդ հազվադեպ զրույցները դարձել են իմ խոսակցության թեման, երբ պատեհ առիթներ են լինում՝ իմ միջավայրում խոսելու քո մասին:
...Ու հիմա վաստակի ծիրանին ուսած` դու մեզ ողջունում ես Երկնային թագավորության հեռուներից, ուր հայտնվեցիր ճակատագրիդ հարվածներին չդիմանալով` մի քիչ խռով, մի քիչ զարմացած, որ ընամենը 63 տարի վայելեցիր այս արեւի լույսը: Դրանք ճակատագրով քեզ բաժին հասածի ա՛յն մասն էին, որ դու երբևէ չբարձրաձայնեցիր` կրեցիր որպես քո բաժին խաչ, կրեցիր խաչուսյալի հավատարմությամբ ու լռությամբ: Դրանք դու քո մեջ պահեցիր ու մնացած ամեն-ամեն ինչը տվեցիր մեզ` «Վայելեք»:
Եվ մենք շարունակում ենք վայելել քո ներկայությունը... Երկրային կյանքին քո հրաժեշտից հետո էլ ամենօրյա է մեր կապվածությունը քեզ հետ: Քո ծիծաղի մեջ մեր ուրախությունն է, քո տխուր աչքերի մեջ` մեր թախիծը, մենք քեզանով թեթեւացնում ենք մեր ապրումները, քո մարմնավորած կերպարների մեջ տեսնում մեզ ու ինքներս մեզ ավելի լավ ճանաչում: Աշխարհը քեզ ճանաչեց ու սիրեց ու քեզանով մեզ ճանաչեց ու երանի է տալիս մեզ, որ այդպիսի արտիստ ունենք:
Բոլորս կարծում էինք, թե դու աշխարհիս ամենաերջանիկ մարդն ես` կոլեկտիվ թե անհատական ամեն հանդիպում քեզ հետ վերածվում էր տոնի: Եթե ծիծաղ էր` տեղը տեղին հումոր էր ու սրամիտ պատմություն, եթե լուրջ ասելիք էր` իմաստուն դատողությունների անսպառ հորդացում էր, որ խրատական էր, մտապահելի ու սերտելի: Այդ հանդիպումներում ցանկացած դահլիճի պատերը նեղ էին թվում մարդկանց, ովքեր իրենց սիրելի արտիստի լեցուն ու տարածուն ներկայության բերկրանքն էին ապրում: Այդպես էր` հարյուրավոր կինոնկարների ուրախ ու տխուր դերասանդ համայն ճանաչումի տեր էիր ու միշտ պահանջված Արտիստ, պահանջված զրուցակից, պահանջված ընկեր:

Հ.Գ. Քո արվեստի երկրպագուներից յուրաքանչյուրն իր մեջ ունի այս ներքին երկխոսությունը, որ նաև մտահոգություն է, թե Արտիստի կենդանության տարիներին, թող թույլ տրվի ասել, այնքան էլ սրտալի չեղանք նրա հանդեպ, այնինչ նրան պետք էր պահել այնպես, ինչպես սերն ենք պահում մեր սրտում:
Այս մի նոր գիրքը՝ քեզանով քո մասին, համարե՞մ քեզ սրտումս պահելու եւս մի միջոց: Դու դա ուզես, թե չուզես, հավանես, թե չհավանես, ա՛յս է, այսքանն է, այսչափ է՝ ընդամենը մի փշուր պատասխան է քո ծո՜վ տվածին:

Հովհաննես Պապիկյանի
Ֆեյսբուկյան էջից
25․04․2021

Печать

Թե ինչպես Ֆրունզիկը ԲԱՐԻՇԵՑՐԵՑ:

Ֆրունզիկ ՄկրտչյանՍովետի օրերին Սիսիանի շրջանի Վաղուդի գյուղում հայերի հետ նաեւ ադրբեջանցիներ էին ապրում:
Ի դեպ, վերջիններս թվաքանակով ավելի շատ էին: Հայրենական պատերազմում այդ գյուղից զոհվածների հիշատակի հավերժացման հուշարձան էին կառուցել, երկու սյուն էր՝ մեկը բարձր, մյուսը մի փոքր ցածր: Բարձր սյան վրա հայ զոհվածների անուններն էին, ցածրի վրա՝ ադրբեջանցիների:
Ահա այս հանգամանքից վիրավորված, ադրբեջանցիները շրջապատում են հուշարձանն ու չեն թողնում բացումը կատարվի: Ասում են.
- Մենք ավելի շատ ենք, ինչո՞ւ է մեր բաժին սյունն ավելի փոքր… մենք կբողոքենք, մինչեւ Մոսկվա կհասցնենք մեր բողոքը:
Շրջկոմի քարտուղար Շչորս Դավթյանը, անզոր լինելով այդ ամբոխը ցրել, ստիպված այն ժամանակ ՊԱԿ-ի աշխատակից Ֆելիքս Ցոլակյանին խնդրում է օգնության գալ: Ազերիները շարունակում են անդրդվելի մնալ: Տարօրինակ զուգադիպությամբ այդ օրը վաղուդեցի մի բնակիչ հյուրընկալած է լինում Ֆրունզիկ Մկրտչյանին:
Ինչ-որ մեկը Ցոլակյանին հայտնում է, թե այս պահին Ֆրունզիկ Մկրտչյանը հյուր է Վաղուդիում: Ցոլակյանն ուրախանում է, որ իր մտերիմ ընկեր հայտնի դերասանը կարող է փրկել դրությունը, հրավիրում է դեպքի վայր՝ հասցնելով համառոտ ներկայացնել իրավիճակ:
- Լավ, - ասում է Արտիստը, - դու եւ Շչորսը հեռու մնացեք:
«Միմինո» ֆիլմն արդեն էկրան էր բարձրացել, եւ Ֆրունզիկը ծանոթ էր բոլորին: Արտիստը, ով հյուրասիրության սեղանից էր եկել, մի քիչ էլ գինով էր, ուրախ բացականչություններով ու ջերմությամբ է ընդունվում ազերիների կողմից:
Ֆրունզիկ դու Ֆրունզիկ, գալիս, կանգնում է հուշարձանի մոտ եւ.
- Ողջույն ադրբեջանցիներին:
Ծափահարություններ: Որտեղից-որտեղ, հանկարծ հիշում է Չարենցի բանաստեղծության մի տողը.
- Ողջո՜ւյն, ողջո՜ւյն ժողովրդին եղբայրական:
Ադրբեջանցիները ապշահար նայում ու լսում են նրան: Իմպրովիզացիաների վարպետ Ֆրունզիկը, ոգեւորված այդ ընդունելությունից, արդեն սկսում է բաներ հորինել՝ վստահ, որ գյուղացի ադրբեջանցիներն անպայման կհավատան իր ստերին:
- Ձեր ազգակից, բանաստեղծ Ֆիզուլին, - ասում է նա, - գովեստով է խոսել հայ ժողովրդի մասին: Շարունակելով հորինել՝ ավելացնում է.
- Հայ եւ ադրբեջանցի կանանց մասին գեղեցիկ բանաստեղծություններ ունի գրած: Ծափահարություններ: Արդեն ադրբեջանցիների համակրանքը շահած Ֆրունզիկը, դիմելով նրանց, ասում է.
- Ձեր մեջ ո՞վ է տարեց եւ հեղինակավոր կինը:
Ազերիներն առաջ են բերում իրենց ընտրյալին: Ֆրունզիկն ընդառաջ է գնում այդ կնոջը, թեւանցուկ մոտեցնում է հուշարձանին ու բարձր ասում.
- Ահա այս կնոջն էլ տրվում է հուշարձանը բացելու պատիվը:
- Այո՜…, - բացականչում են ազերիները:
Այդպես հարթվում է միջադեպը, եւ հուշարձանը բացվում է:

Հովհաննես Պապիկյանի
ՖԲ էջից 17․12․2023

Լենինականցու թասիբ

Պատմություն Ֆրունզիկ Մկրտչյանի միջոցով

Լենինականի այդ սրճարանը մենք եկել էինք Ախուրյանի միջոցառումից հետո: Դու ուզեցիր Մալյանին Աբովյան փողոցի սկզբնամասի այդ սրճարանը ցույց տալ, որտեղ սովորաբար լենինականցի ընկերներիդ հետ հավաքվում էիք, երբ Լենինական էիր գնում: Մեզ միացավ լենինականցի դրամատուրգ Վարդգես Մովսիսյանը (ողորմի նրան, երկրաշարժի զոհերից է), և մենք չորսով մտանք սրճարան: Կողքի սեղաններից ողջույննե¯ր, ժպիտնե¯ր, «Ֆրունզ ջան, բարով եկար» ջերմ խոսքե¯ր...
- Այստեղ քեզ հանգիստ չեն թողնի, -ասաց Մալյանը:
- Սկիզբն այդպես է, հիմա կմոռանան, - կատակեցիր դու և, գլխի շարժումով ողջույններին պատասխանելով, առաջարկեցիր նստել: Դու նայեցիր մատուղին, գլխով բարևեցիր, նա նույն կերպ պատասխանեց և ցույց տվեց ձեռքի չորս մատները: Ասել է՝ չո՞րս սուրճ: Դու հավանության նշան արեցիր, և մենք սկսեցինք զրուցել:
...Երբ արդեն պիտի վեր կենայինք, ես մոտեցա մատուցողին (այն ժամանակներում վճարելու համար հաճախորդն ինքն էր մոտենում):
- Ես քո փարեն չեմ վերցնի, - ասաց կինը:
Ես երեք ռուբլիանոց էի տվել՝ չիմանալով սուրճի արժեքը, և դա հաստատ բավարար լինելուց ավել էր:
- Քի՞չ է,-ասացի, - ինչո՞ւ չեք վերցնում:
Զարմանք բան էր, երբ բնիկ լենինականցի, ավանդապահ այդ կինն ասաց.
- Ընտեղ ձեզի հետ լեննականցի տղա է նստած, թող էնիկ էլ գա, փարեն տա:
Ես վերադարձա սեղանի մոտ: Դու, որ հեռվից հետևել էիր իմ երկար կանգնած մնալուն և փողը ձեռքիս հետ գալուն, խորամանկ ժպտում էիր:
- Փող չվերցրեց, - ասացի ու նստեցի:
Մալյանը թէ՝ պարզ է, Ֆրունզ, քո խաթեր:
Նույնը՝ Վարգեսը:
- Չէ, Վարդգես, քո՛ պատճառով, - ասացի ես:
Իմ այդ ասելու հետ քո ժպիտն արդեն փոխվեց ծիծաղի.
- Վարդգես ջան, գնա փարեն տու:
Մինչ Վարդգեսը գնար-գար, ես պատմեցի, թե ինչ ասաց այն կինը:
- Ա¯յ քեզ թասիբ, -հիացական ասաց Մալյանը:
- Քաղաքի՛ թասիբ, - Մալյանի հիացական խոսքը լրացրիր դու: 

Հովհաննես Պապիկյան
ՖԲ էջից 22․08․2023
"Իմ արտւստը" գրքից