Մհեր Մկրտչյան. Ես ձգտում եմ խաղալ հայերեն (մաս-2)
Հետո, ուրեմն, ես պրոֆեսիոնալ թատրոնում էի, աշխատում էի մեծերի հետ: Այդ թատրոնում էլ սովորել եմ, դաստիարակվել եմ այնտեղ, ստուդիա եմ անցել, ապա եկել եմ Երևան: Երևանում էլ մտել եմ թատերական ինստիտուտ և երկրորդ կուրսից ընդունվել եմ Սունդուկյանի անվան թատրոն, ուր աշխատում եմ մինչև հիմա:
Ցավոք սրտի, բավական ուշ ես հասկացա, որ գործ ունեմ շատ լուրջ մասնագիտության հետ: Այդ ուշն էլ շատ ուշ կատարվեց: Դերասանները լավ խոսք ունեն՝ դժվարը առաջին քսան տարին է: Եվ իսկապես քսան տարի հետո, Հրաչյա Ներսիսյանից ուղիղ քսան տարի հետո ես խաղացի Պաղտասար աղբար, խաղացի ահավոր դժվարությամբ, սարսափելի շփոթ վիճակում, հուզված… Այդ օրը, որ երբեք չեմ մոռանա…
Ուրեմն ես հասկացա, որ գործ ունեմ մի մասնագիտության հետ, որի համար մի կյանքը քիչ է, որ մի կյանքը չի բավականացնի, որպեսզի կատարյալին հասցվի այն, ինչը որ գոնե հնարավոր է: Մարդու մասին ու բնության մասին է այդ արվեստը: Ինչ է պարտադրում թատրոնը, ճանաչել մարդուն, ճանաչել բնությունը և ճանաչել անընդհատ, անընդհատ սովորել կյանքից, որը ահավոր հարուստ է ու անսպառ: Իսկապես սովորելու համար, իմ կարծիքով, տաղանդ է պետք: Սովորելը, համալսարանում թե այլուր, իմ խորին համոզմամբ, տաղանդավոր մարդու բան է… Հետո գալիս են անակնկալներն ու խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս սովորել: Եվ դա կարող է սկսվել սովորական կոպիտ բարևից ու վերջանալ չգիտեմ թե ինչով:
Իմ աշխատանքում ասեմ, թե՞ արվեստում, ես հիմա հասել եմ մի շրջանի, երբ շատ եմ վախենում շատ բաներից. ես վախենում եմ անտեղի ծիծաղեցնելուց, ես վախենում եմ զուր լացացնելուց: Սա ամենևին էլ անվստահություն չէ սեփական ուժերի նկատմամբ, այլ արածի ու անելիքի սթափ ու անաչառ գիտակցում: Ես զգում եմ, որ ուշ է, որ ժամանակը հաղթում է ինձ, որ չի կարելի ոչ մի բան, մանավանդ արվեստում, անել հենց էնպես, անել աչքի չափով, անել մոտավորապես: Ես տեսնում եմ… Ասենք՝ ինչո՞ւ միայն ես: Բոլորդ էլ տեսնում եք ֆիլմեր, ներկայացումներ և նույնիսկ ամենօրյա, սովորական, առօրյա աշխատանք, որ արվում է աչքաչափով, արվում է առանց սիրո, առանց ինքնանվիրումի… Գորկին սքանչելի է ասել՝ երբ աշխատանքը հաճույք է, կյանքը լավ է, երբ աշխատանքը պարտականություն է, կյանքը ստրկություն է: Միայն պարտականությունով, առանց սիրելու ես, համենայն դեպս հիմա, չեմ կարող ապրել…
Ինձ համար իմ արվեստում չափազանց կարևոր է իմ ստեղծած ազգային կերպարը: Երկար ժամանակ իմ հերոսի կերպարը գծագրվել է տարերայնորեն, բայց աստիճանաբար ես կարողացա հասնել այն բանին, որ իմ կերպարը գոնե շատ հեռու չլինի իմ ձգտումներից, իմ միակ ու անդավաճան նպատակից: Ես երբեք չեմ դավաճանել իմ ինտուիցիային, իսկ իմ ինտուիցիան ինձ թելադրում է խաղալ հայերեն: Ես ձգտում եմ խաղալ հայերեն: Ես կարծում եմ, որ պատճառներից մեկը, եթե ոչ միակը, դա է, որ օտար կինոստուդիաները աստիճանաբար նկատում են էս տեսակը, էս նկարագիրը, երբ դերասանի (խարակտերի, կերպարի) վրա ուրիշի գույներ չկան… Պահել քեզ, քո ստեղծած կերպարը, քո թարգմանած մարդուն ու ներաշխարհը մաքուր և անաղարտ՝ շատ դժվար է: Եվ ամեն կերպարը խաղալիս ես անընդհատ մտածում եմ՝ ի սեր աստծու, հո ուրիշից մի բան չկա՝ մի գիծ, մի գույն, մի երանգ… Իսկ դրա համար, կարծում եմ, պետք է ամենից առաջ ինքն իրեն լավ ճանաչել: Ամենադժվար բանը, որ ամբողջ կյանքում մեզ սպասվում է,- ուսանողությո՛ւն, քեզ եմ ասում,- ինքնաճանաչողությունն է՝ ծանր զքեզ: Ինքնաճանաչողությամբ են դառնում մեծ բանաստեղծ, մեծ ղեկավար, մեծ արվեստագետ: Սա՝ այն դեպքում, երբ մարդը գիտե իրեն ու իր ուժերը, և Աստված ոչ անի, երբ մարդը չգիտի ո՛չ իրեն, ո՛չ իր ուժերը, իրեն տեսնում է ավելին, քան ինքը կա, և ուրիշից է վերցնում իր տալիքը՝ առանց պարտքի կամ վերադարձնելու գիտակցության…
Այս դժվար խնդիրների մասին եմ մտածում ես հիմա, այս և նման հարցերն են, որ տանջում են ինձ:
Ինձ համար շատ կարևոր է դիտողականությունը: Որովհետև այն ինքը հենց կոչվում է թատրոն, կամ, եթե պարադոքս եք ուզում, թատրոնը դիտողականություն է… Իմ առօրյա կյանքում, իմ բազում շրջագայությունների մեջ, ի դեպ՝ աշխատանքային-թատերական շրջագայությունների և ոչ թե զբոսաշրջիկային, Սիրիա, Լիբանան, Բուլղարիա, Չեխոսլովակիա, Կանադա, Ամերիկա և այլուր, ինձ միշտ «փրկում է» դիտողականությունը: Արվեստում, ինչպես նաև գրականության մեջ, մանրամասնը՝ դետալը, նրբերանգը դիտողականությունն է: Ես գրել դժվարանում եմ, բայց գիտեմ, որ գրավոր արվեստը նույնպես դիտողականությունն է… Ահա թե որտեղից է գալիս Վահրամ Փափազյանի հայտնի խոսքը՝ «Ձնագունդը պիտի գլորվի, որ մեծնա… եթե ոչ, մի տեղ ձնագունդը կհալի, կոչնչանա»: Մեծ միտք է դա… Դերասանի համար դիտողականության հետ միասին անհրաժեշտ է շրջելու հնարավորություն… ինչպես նաև՝ նկարչին… Արվեստագետը, ասենք՝ նկարիչը, եթե մեջը իրոք մի բան կա, շրջելով (դիտողականությամբ) մեծանում է, մեծանում, հասունանում… Դիտողականությունն է (մանրամասնը) արվեստագետին դարձնում պրոֆեսիոնալ…
Ովքե՞ր են իմ հերոսները: Ի՞նչ ասեմ նրանց մասին: Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ իմ գրեթե բոլոր կերպարներում ես մի միտք եմ հետապնդում, մի սևեռուն գաղափար: Իմ արվեստը խոսք է մարդո՚ւ մասին, բարի՚ մարդու մասին, մարդ անհատի՚ մասին, ան-հա-տա-կա-նու-թյա՚ն մասին: Լևոն Մկրտչյանը շատ գեղեցիկ բան պատմեց: Սարոյանի հետ կանգնած են լինում: Հեռվից մի մարդ է անցնելիս լինում սարի լանջով: Վիլյամ Սարոյանն ասում է՝ «Լևոն, այն մարդ ի՞նչ կը մտածե»: Ի՜նչ հոյակապ է, ի՜նչ գեղեցիկ է: Ոչ թե ամբոխը, այլ՝ մարդը: «Անուն ունի՞ս: Ի՞նչ է անունդ»: Ասում է՝ Տիգրանուհի: «Իրա անուն Տիգրանուհի է»:
Մենք հաճախ խառնում ենք՝ հանդիսատես, ժողովուրդ և այլն: Անհատը, անհատը, մարդը… Փոքր մարդիկ են կյանքում իմ հերոսները, բայց մեծ՝ իրենց մարդկային անմիջականությամբ, շիտակ, ազնիվ, անխառն նկարագրով: Եվ սա, երևակայեք, իմ մեջ գալիս է իմ մորից: Մի անգամ մայրս հարցրեց՝ «Ո՞ւր կերթաս, տղա ջան»: Ասի՝ «Բանկետ»: Ասաց՝ «Բանկետն ի՞նչ բան է»: Ասի՝ «Մամա, գնում ենք, գրքեր ենք կարդում, թերթեր ենք կարդում, սկսում ենք վիճել իրար հետ…»: Ասաց՝ «Գնա, բալա ջան, բայց շատ չխմես…»:
Ես շատ եմ սիրում իմ արվեստը: Ես սա ձեզ ասում եմ այնպես, ինչպես գաղտնիքը կասեին, որովհետև բոլորիդ հայտնի է, որ սիրածի մասին շատ չեն խոսում: Շատ-շատ եմ սիրում: Եվ իմ երջանկությունը այն է, (եթե դուք այս հարցը տալու կլինեք, այլևս մի տվեք) որ ես գոնե մեկին պիտանի եմ: Այս զգացողությունն է, որ մարդուն դարձնում է երջանիկ: Ինչ հոյակապ բան է, երբ մարդ պիտանի է, մեկը՝ իր ընկերներին, մեկը՝ իր փառքին, մեկը՝ իր աշխատանքին, մեկը՝ իր ընտանիքին, մեկը՝ իր ժողովրդին… Հրաշալի է… Իսկ մեկն էլ, իսկ մեկն էլ՝ մարդկանց, ընդհանրապես մարդկանց… Ու ես մտածում եմ, ինչ լավ է, ի սեր աստծո, որ ես էլ կարող եմ պիտանի լինել մարդկանց: Եվ պետք է լինեմ:
«Широк человек, я бы его сузил»․
Երբ ես եկա Լենինականի թատրոն, շատ ծիծաղելի էի: Ես այն ժամանակ էսքան սիրուն չէի, նիհար էի, փողոցում իմ ետևից ինչ-որ բաներ էին բղավում… Ինչ դեր որ տանում էի, դառնում էր ինձ համար փորձանք: Ասենք, «01-99» կինոնկարում Գարսևանը… Լավ, Գարսևան-Գարսևան… Բայց արի ու ազատվիր էդ Գարսևանից… Հետո Դմբուզ Արսենը «Նվագախմբի տղաները» ֆիլմում… Դմբուզ, դմբուզ, դմբուզ… Եվ հետաքրքիր է տարբեր խառնվածք ունեցող մարդկանց վերաբերմունքը: Վրաստանում մեկը կարող է մոտենալ և ասել՝ Можно вас целовать?: Բոյով, գեղեցիկ տղա է, Սուխիշվիլու-Ռամիշվիլու մեկը: Ասում եմ՝ пожалуйста: Հետո հարցնում եմ՝ Почему поцеловал? Ասում է՝ Откуда знаю?
Ադրբեջանում գրեթե միշտ նույն հանգի հարցեր են տալիս կամ նույն կարգի բաներ ասում: Օրինակ, ասում է՝ “Извините, вы как хорошо сказали!”։ “Что сказал?”։ “Русский язык очень богат, а я бедный”։ Խոսքը՝ “Суета сует” ֆիլմի հերոսի մասին է:
Հնդկաստանում… Ա՜յ, Հնդկաստանում դա շատ հետաքրքիր է: Հեռվից հեռու նայում են, հետո որ ընդմիջում է լինում, դաշտում, ասենք, սարում, մոտենում են, կա-մաց ձեռքդ վերցնում են ու նայում քո ձեռքին ու իրենց ձեռքին, քո մատներին ու իրենց մատներին… Փառք Վիշնուին, մարդ է, իրենց նման մարդ է… Մոսկվայում ուրիշ է: Երեխան վազում է, կրպակից մի բացիկ է վերցնում ու ասում է՝ “Ваш автограф,пожалуйста”: Ու всё, վերջ: Երևանում… Երևանում էն մյուս մայթից կնայի ու հանկարծ կկանչի՝ Ֆռո՜ւնզը…
Լևոն ՄԿՐՏՉՅԱՆ – Դու պատմիր Թիֆլիսի պատմությունը: Շատ հետաքրքիր է: Չէ, ավելի լավ է, ես պատմեմ: Ուրեմն, Մհեր Մկրտչյանը գնացել է Թիֆլիս՝ «Միմինոյի» առիթով է, թե ինչ: Ամենուրեք իր նկարներն են փակցված, աֆիշներ և այլն: Մի տեղ ժողովուրդ է հավաքվել: Հայերն ասում են՝ մեր մեծ դերասանը, մեր հանճարը, մեր Ֆրունզիկ Մկրտչյանը… Հայերը գովում ու գովում են: Մի վրացի կանգնում է, թե՝ “Все равно не похоже”: Վրացին ջղայնացած է… Հայերը հա գովում են, սա հա ասում է՝ “Это не кого не похоже?”: Վերջը հայերից մեկը ասում է՝ “Слушай, видишь, это ведъ он, Մհեր, он же сам, Մհեր Մկրտչյան ,он же похож”։ “Нет,все равно на Чапаева не похож”։
Հանդիպումը վարում է գրականագետ Լևոն Մկրտչյանը
Գրի առավ Յուրի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
https://kinoashkharh.am/2021/12/mher-mkrtchyan-mas-2/
28 Դեկտեմբեր 2021