Ուրախ Եւ Տխուր Ֆրունզիկ Մկրտչեան

«Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մէկ առ մէկ: Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսաւոր ժպիտ եւ մեծ նուիրուածութիւն դէպի արուեստը: Հայրենիքի զգացողութիւնը պահէք ձեր մէջ, ինչպէս սէրն էք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապուած մնացէք հող ու ջրին, հոգեւոր հարստութեանը»:
Արդեօք ինչպէ՞ս մարդ կարող էր այդքան տխուր աչքեր ունենալ, բայց միեւնոյն ժամանակ դրանց մէջ ամփոփած պահել այսչափ մեծ սէր եւ բարութիւն… Նրա կեանքը ճիշդ իր աչքերի պէս էր` լեցուն հակադրութիւններով. մասնագիտական ասպարէզում փառք եւ անսահման երջանկութիւն էր վայելում, իսկ անձնական գետնի վրայ` միայն հիասթափութիւն եւ դառնութիւն, դժբախտութիւն եւ կսկիծ: Սա է, թերեւս, բացատրութիւններից մէկը, թէ ինչո՛ւ էին Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչեանին ուրախ եւ տխուր մարդ անուանում: Որտե՞ղ էր ուրախութիւնը վերջանում եւ սկսւում տխրութիւնը… Եւս մէկ անգամ վերահանենք հանրայայտ դերասան մեր Մեծ Ֆրունզի կեանքի պատմութիւնը, չէ՞ որ յուլիսը նրա ծննդեան ամիսն է…

Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյան

Նախապատմութիւն` «Որբերի Քաղաքից»

1915 թուականին Ֆրունզիկի հայրը` Մուշեղը, 5 տարեկան էր, իսկ  մայր Սանամը` ընդամէնը 4: Մանուկ հասակում Ալեքսանդրապոլի (ներկայում` Գիւմրի) ճանապարհին նրանց վերցրել են գաղթականների քարաւանից եւ տեղաւորել որբանոցում:
Հայրը Մուշից էր, մայրը` Վանից: Այսքանով սահմանափակւում է նրանց ծագման մասին ողջ տեղեկատուութիւնը: Կեանքն Արեւմտեան Հայաստանում, վաղ մանկութիւնը, ծնողներն ու հայրական տունը եւ ամենակարեւորը` այն, ինչ ստիպուած են եղել վերապրել Ցեղասպանութեան տարիներին, փակուած է մնացել նրանց յիշողութիւններում: Խնայելով երեխաների զգացումները` Մուշեղն ու Սանամը չեն պատմել նաեւ որբանոցում իրենց ապրած կեանքի մասին:

Frunzik

(Ալեքսանդրապոլի հսկայական որբանոցը հիմնուել էր Մերձաւոր Արեւելքի բարերարների կողմից, 1919 թուականին: Որբանոցը տեղաւորուած էր 170 շէնքերում: Տարբեր տարիներին այստեղ ապրել է 25-30 հազար երեխայ: Մահճակալները բոլորին չէին հերիքում, երեխաներից շատերը քնում էին ծղօտով լցուած պարկերի վրայ: «Որբերի քաղաքում», ինչպէս յաճախ անուանում էին որբանոցը, աւագ սաները հոգ էին տանում փոքրերի համար: Երեխաներին պատրաստում էին ինքնուրոյն կեանքին: «Քաղաքի» փոքրիկ բնակիչներն ուսանում էին արհեստներ, այգեգործութիւն, անասնապահութիւն, տնտեսվարութիւն):
Ինչպէս Մհեր Մկրտչեանի եղբայր Ալպերթ Մկրտչեանն էր յիշատակել մի առիթով, ծնողները կարող էին երկար ժամանակ լուռ նստել կողք կողքի` սեփական յիշողութիւնների գիրկն ընկած: Եւ եթէ ինչ-որ մէկը նայէր նրանց աչքերին, կը սարսափէր դրանցում եղած տխրութիւնից:

Albert Mkrtchyan

Յետպատերազմեան տարիներին մարդիկ քաղաքում մի կերպ էին գոյատեւում: Տեղի գործարաններից մէկի աշխատակիցները թաքուն բամպակէ գործուածք էին դուրս հանում` կտորեղէնը ոտքերին փաթաթելով: Մի օր դրա համար բռնել էին նաեւ Մուշեղ Մկրտչեանին: Նրան ձերբակալել էին ու աքսորել Ռուսաստան: Սանամը ստիպուած էր մենակ մեծացնել չորս երեխաներին` Ֆրունզիկին, Ալբերտին, Քլարային ու Ռուզաննային: Կինը ճաշարաններից մէկում որպէս ամանեղէն լուացող էր աշխատում:
Հօր հետ բաժանումը յատկապէս ծանր էր տանում Ալպերթը: 13 տարեկանում տնից փախնում է ու հասնում մինչեւ Ռուսաստան: Երեք օր այնտեղ անցկացնելուց եւ հօրը տեսնելուց յետոյ պատանին վերադառնում է Գիւմրի` հայրենի քաղաք: Իսկ Ֆրունզիկը յատուկ յարաբերութիւններ ունէր մօր հետ: Մհեր Մկրտչեանն ասում էր. «Իմ բոլոր լաւ կողմերը մօրիցս են, ինչպէս եւ` թերութիւններս»: Խոստովանում էր, որ յաջողութեան պահերին միշտ ցանկացել է ծնողները կողքին լինեն, սակայն երբ նա յայտնի դարձաւ, նրանք արդէն ողջ չէին:
Ծանր, բայց միաժամանակ վառ մանկութեան յուշերն արտայայտուեցին Ալպերթ Մկրտչեանի «Մեր մանկութեան տանգոն» ինքնակենսագրական ժապաւէնում, որում Ֆրունզիկը կատարել է Ռուբէնի դերը: Այդ կերպարի նախատիպը Մուշեղն էր, որն իրականում որդու հետ դժուար էր լեզու գտնում: Նա դէմ էր Ֆրունզիկի նախասիրած մասնագիտութեանը եւ ցանկանում էր, որ տղան գեղանկարչութեամբ զբաղուի: Այս վէճում Մհերը յաղթեց հօրը` համոզելով նրան: Ցաւօք, հաշտեցումը տեղի ունեցաւ հօր ձերբակալումից գրեթէ անմիջապէս առաջ: «Ինչպէ՞ս բացատրել, որ իմ հայր Մուշեղը, որը երբեք թանգարանում չի եղել, չի տեսել մեծ վարպետների նկարների անգամ վերարտադրութիւնը, այնուամենայնիւ, երազում էր, որ ես նկարիչ դառնամ», հետագայում զարմանում էր Մհեր Մկրտչեանը:

Նա Ծնուեց Մեծ Քթով Եւ Մեծ Ապագայով

Երբ նա ծնուեց (1930թ յուլիսի 4) ծնողների մտքով անգամ չէր անցնում, որ իրենց ֆրունզը մի օր հռչակաւոր դերասան է դառնալու: Նրան Ֆրունզիկ կոչեցին ի պատիւ Խորհրդային Հայաստանի զօրավարներից մէկի` Ֆրունզէի:
Մանկութիւնը ծանր է եղել. աղքատութիւն եւ անտեսուածութիւն, չափազանց խիստ հայր: Երեխան նոյնիսկ բակ չէր իջնում, իրեն միշտ միայնակ էր զգում եւ վախենում էր, որ հերթական անգամ կը սկսեն ծաղրել մեծ քթի պատճառով: Յետոյ նա արդէն սովորեց ամէն ինչին հումորով վերաբերուել, եւ ինքն էլ էր յաճախ կատակներ անում սեփական քթի մասին «Դեռ մանկուց ինձ առաւել անհանգստացրել է ոչ թէ այն, թէ ինչո՛ւ է իմ քիթը այդքան մեծ, այլ այն, թէ ինչո՛ւ են ուրիշների քթերն այդքան փոքր»:
Մհեր ՄկրտչյանՖրունզի մանկութեան տարիներն էին, երբ սկսուեց Բ. Համաշխարհային պատերազմը: «10-11 տարեկան էի, թաքնուել էի նստարանի տակ: Մի զինուոր ծխում էր, սպասում էի, որ դէն նետի ծխախոտը, վերցնեմ ծխեմ, մէկ էլ յանկարծ ռատիոյով յայտնեցին «Պատերազմը սկսուեց»:
Զինուորը դէն նետեց մնացորդն ու գնաց, ես վերցրեցի ու սկսեցի մտածել` «Այս պատերազմն ինչ լաւ բան է»: Յետոյ հասկացայ պատերազմի դառնութիւնը»: Պատմում էր նա շատ տարիներ անց:

Վերելք

Ֆրունզի միակ ուրախութիւնը թատրոնն էր: Նրան սկսեցին ճանաչել, սիրել:
Նոր դերասանի մասին արդէն խօսում էր ողջ Գիւմրին: Իսկ երբ նա որոշեց ընդունուել Երեւանի Պետական թատերական հիմնարկ, նրան գրկաբաց ընդունեցին` առանց քննութիւնների անմիջապէս երկրորդ լսարանում տեղ զբաղեցրեց: Մկրտչեանին սկսեցին վստահել լաւագոյն դերերը թատրոնում: Մարդիկ գալիս էին տեսնելու ոչ թէ թատերական ներկայացումներ, այլ` Ֆրունզիկի խաղը:
 Ֆրունզիկ և Դոնարա ՄկրտչյանԱնսահման մեծ էր դերասանի հանդէպ մարդկանց սէրը: Ժողովուրդը նրան ձեռքերի վրայ էր տանում: Երբ մեկնեց Լիբանան հիւրախաղերի, պէյրութահայերն այնքան սիրեցին նրան, որ սկսեցին կոչել Մհեր (ինչը նշանակում է պայծառ, արեւային): Եւ նա երկու անձնագիր վերցրեց. մէկում Մհեր Մկրտչեանն էր, միւսում` Ֆրունզիկ Մկրտչեանը: Յետոյ` երկու անձնագիրն էլ կորցրեց, բայց միեւնոյն է ամէնուր ճանաչւում եւ գրկաբաց ընդունւում էր: Կարելի է ասել` նա նոյնիսկ կարիքը չունէր անձնագրի: Մի անգամ, երբ ընկերների հետ պէտք էր մեկնէր արտասահման, տոմս գնելիս օդակայանի աշխատակիցները թոյլ չտուեցին վճարել` այն պարզապէս նուիրելով: Իսկ երբ տեղ հասան, այնտեղի հայերը հիւրասիրեցին, ամէն ինչով օգտակար եղան, այնուհետեւ Հայաստան ճանապարհեցին, եւ երբ Ֆրունզիկը վերադարձաւ հայրենիք, պարզուեց, որ ոչ մի դրամ չէր ծախսել: Այսպիսով հասկացաւ, որ իրեն ոչ միայն անձնագիր, այլեւ գումար էլ հարկաւոր չէ:
Ի դէպ, Մհեր Մկրտչեանը ժապաւէններում նկարահանուելուց բացի` կենդանի գծանկարներ էր հնչիւնաւորում: Թէ՛ հին, թէ՛ նոր սերունդի համար անչափ սիրելի է «Գտնուած երազ»-ը, որի մէջ ծերուկը խօսում է Ֆրունզիկի ձայնով: Իսկ մէկ այլ կենդանի գծագրութեան հերոս ոչ միայն խօսում է իր ձայնով, այլեւ նկարուած է ըստ Ֆրունզի արտաքինի: Այն կոչւում է «Ոչինչ» եւ նկարահանուած է արեւելեան մի յայտնի առասպելի հիման վրայ:
Նա հիանալի կատակերգական դերեր էր խաղում, բայց միշտ երազում էր, որ իրեն առաջարկեն լուրջ տխուր եւ ողբերգական դերեր: Այդպիսիք նա քիչ խաղաց, բայց փոխարէնը` չափազանց տխուր եւ դառնութեամբ լի կեանք ունեցաւ:

Խաւար

1950-ականների կէսերն էին, երբ Մհեր Մկրտչեանը հանդիպեց դերասանուհի Դոնարա Մկրտչեանին: Աղջիկը Լենինական էր եկել թատերական հիմնարկ ընդունուելու նպատակով: Երիտասարդ դերասաններն ամուսնացան ու սկսեցին միասին աշխատել:
Նրանց առաջնեկը Նունէն էր, իսկ շուտով ծնուեց նաեւ որդին` Վահագնը:
Մհեր և Նունե ՄկրտչյանԹուում էր` երիտասարդ ընտանիքի մօտ ամէն ինչ կարգին է եւ կարելի է երջանկութիւնը վայելել, սակայն յանկարծ Դոնարան հիւանդացաւ:
Շուտով նրա մօտ բժիշկները շիզոֆրենիա յայտնաբերեցին, որը փոխանցուել էր ժառանգաբար: Ֆրունզիկը նրան անուանի բժիշկների մօտ էր տանում, սակայն նրանք ի զօրու չէին օգնել կնոջը: Դոնարայի վիճակն օր օրի վատանում էր: Մկրտչեանը ստիպուած էր կնոջը Ֆրանսայի հոգեբուժարան տեղափոխել, իսկ ինքը մնալ երկու երեխաների հետ:
Այնուհետեւ Ֆրունզի դուստրն ամուսնացաւ եւ Արժանթին տեղափոխուեց: Հազիւ էր դերասանը կարօտն յաղթահարում, ճակատագրի հերթական հարուածը` նոյն հիւանդութիւնը, ինչ կնոջ դէպքում էր, յայտնաբերուեց որդու մօտ:
Մհեր և Վահագն ՄկրտչյանՕրեր շարունակ Մհեր Մկրտչեանը չէր քնում, նա սարսափով էր անցկացնում իր գիշերները…
Ընկերներից մէկը պատմել է, թէ ինչպէս մի անգամ Ֆրունզիկը նրան ցոյց է տուել պահարանի յետնամասում կախուած դաշոյնը, որը պատկանում էր որդուն` Վահագնին: Քանիցս էր նա գիշերը արթնացել ու տեսել, թէ ինչպէս էր Վահագնը դաշոյնը ձեռքին կռացել հօր վրայ, որպէսզի սպաննէր… Որդուն բուժելու Մհեր Մկրտչեանի ջանքերն ապարդիւն էին. նա տեղափոխուեց ֆրանսական նոյն հոգեբուժարան, որտեղ մայրն էր: Ասում են, որ հանդիպելով հիւանդանոցում` մայր եւ որդի ոչ մի անգամ չճանաչեցին իրար: Ֆրանսայից վերադառնալուց յետոյ յուսահատ Մհեր Մկրտչեանը իրեն խմիչքին յանձնեց. արդէն յայտնի էր, ցաւօք, այլեւս վճռուած էր նաեւ Վահագնի ճակատագիրը: Իսկ շատ չանցած` Արժանթինում դժբախտ պատահարի պատճառով զոհւում է Ֆրունզիկի դուստրը:
Դոնարա, Նունե և Մհեր ՄկրտչյաններՄհեր Մկրտչեանի անձնական կեանքը կարճ ժամանակով գունաւորուեց, երբ նա ամուսնացաւ երկրորդ անգամ: Նրա կինը դարձաւ Թամարա Յովհաննիսեանը: Այս ամուսնութիւնն էլ, աւաղ, երկար չտեւեց: Մի օր, երբ նրան հարցրին, թէ ինչո՛ւ է գիշերը փողոցում միայնակ քայլում, նա զարմացաւ. «Ինչո՞ւ մենակ, կատուներն են քայլում, շները: Այնպէս որ, ես մենակ չեմ»:

Փակ Դռան Հետեւում

Թամար և Մհեր ՄկրտչյանըՅետոյ` Մհեր Մկրտչեանը հրաժարուեց շարժապատկերից եւ իր ուժերը կեդրոնացրեց սեփական թատրոնի ստեղծման վրայ: Կեանքի վերջին տարիներին Ֆրունզիկը յաճախ էր յիշում մանկութիւնն ու այն միշտ պատկերացնում էր որպէս հեծանիւ, երեւի այն պատճառով որ միշտ երազել, բայց երբեք հեծանիւ չէր ունեցել, ինչպէս որ` մանկութիւն: Մի առթիւ մեծն դերասանը պատմել է հետեւեալը. «Ամէն անգամ, երբ յիշում եմ իմ մանկութիւնը, չգիտեմ ինչո՛ւ այն ինձ ներկայանում է հեծանիւ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցէ նրանից է, որ մանկութեան տարիների միակ երազանքս հեծանիւ ունենալն էր, որն այդպէս էլ չունեցայ:
Ախր առանց հեծանիւ` ի՞նչ մանկութիւն:
Մանուկ հասակում երազում էի փայլուն, պսպղան հեծանիւ ունենալ. անգամ ժամերով կանգնում էի խանութի ցուցափեղկի առաջ ու նայում® Երազումս էլ էի տեսնում: Եւ վերջապէս տնեցիները խոստացան, որ հեծանիւ կ՛առնեն: Վրայ հասաւ հանդիսաւոր օրը: Մեր ամբողջ ընտանիքը մօրս` Սանամի գլխաւորութեամբ շարժուեց դէպի խանութ: Մայրս հագել էր իր միակ զգեստը եւ գլխաւորում էր երթը: Նրա յետեւից քայլում էի ես` ձեռքս ինձ վստահուած դրամապանակը: Յետոյ դրամապանակից հանեցի փողը եւ ամուր սեղմեցի ափիս մէջ` այդպէս երազանքս աւելի մօտ էր թուում, դրանից հոգիս ջերմանում էր: Իմ յետեւից քայլում էին քոյրերս եւ բակի բոլոր երեխաները «փոքր եղբօրս» հպարտ-հպարտ քայլող Աբոյի գլխաւորութեամբ, ով ժամանակ առ ժամանակ մօտենում էր ինձ ու նայելով աչքերիս մէջ խնդրում. «Կը տա՞ս քշեմ»: Ես խորիմաստ լռում էի, քանի որ չէի ուզում ինձ կաշկանդել աւելորդ խոստումներով: Ու յանկարծ ինչ-որ տեղ, շատ մօտիկ հնչեց. «Խօսում է Մոսկուան, խօսում է Մոսկուան…»:
Ես երկար կանգնած էի խանութի ցուցափեղկի մօտ, ուր փայլփլում էր իմ երազած հեծանիւը:
Բայց խանութի վրայ մեծ կողպէք էր ու ինչ-որ մէկի ձեռքով անվարժ գրուած թուղթը` «Փակ է պատերազմի պատճառով»: Չորս ու կէս տարի իմ մանկութեան երազանքը մնաց փակ դռան հետեւում:
Յետոյ, բազմաթիւ տարիներ անց, տարբեր գործուղումներից վերադառնալով, ես որդուս համար բերում էի կարմիր, կանաչ, երկնագոյն հեծանիւներ: Ու տղաս 1-2 րոպէ քշելով` գնում էր «կռիւ-կռիւ» խաղալու: Մի կողմ ընկած մնում էինք ես ու հեծանիւները: Ու մի անգամ էլ բարձրացրեցի հեծանիւը, նստեցի ու քշեցի հէնց սենեակում: Վրէժ լուծեցի իմ մանկութեան համար ու հասկացայ մի պարզ բան. մարդ ամէն ինչ պիտի ստանայ ժամանակին` ե՛ւ  օրօրոցայինը, ե՛ւ առաջին հեծանիւը…
Ես յիշեցի պէյրութցի փոքրիկ մանչուկի հնչեղ ձայնը, որ նապաստակի մասին բանաստեղծութեան փոխարէն` յանկարծ խրոխտ ձայնով արտասանեց. «Հայ եմ ես, հայ եմ ես, քաջ Վարդանի թոռն եմ ես»: Կողքին կանգնած էր նրա պապը, ես յստակ պատկերացրեցի, որ նրա մանկութիւնն անցել է առանց հեծանիւի, ճամբաների վրայ, որոնցով անցնում էին վշտով բեռնուած սայլերը…»
frunzik mkrtchjan1993 թուականն էր, երբ ընդամէնը 63 տարեկանում կեանքից հեռացաւ հանրաճանաչ դերասանը` Մեծ մարդը: Ինչպէս հետագայում պատմում է եղբայրը, Ֆրունզը ցանկանում էր մահանալ, նա երազում էր այդ մասին: Այլեւս ուժ չունէր յաղթահարելու իրեն բաժին հասած դառնութիւնները: հէնց այդպէս էլ եղաւ. մեծ ողբերգութեան տէր մարդը մահացաւ հէնց տառապանքից ու ցաւից: Ասում են, որ նա երեխայի պարզ եւ մաքուր հոգով ծնուեց եւ իր ողջ կեանքում այդպիսին էլ մնաց: Թէեւ չարչարանքներին նա ֆիզիքապէս չդիմացաւ, այդուհանդերձ, նրա հոգին եւ կամքը անյաղթ մնացին` անաղարտ եւ լուսաւոր` ճիշդ իր յայտնած այս մտքի նման. «Միշտ մտածել եմ, որ մեռնեմ, դրօշակ կը դառնամ, անկուսակցական դրօշակ, որը վարակուած է բոլորի ու ամէն ինչի հանդէպ սիրով, որը օդի հետ շփուելիս մաշւում է, մանանայ դառնում ու եթերից ցօղում մարդկանց»:

Յետգրութիւն: Գիւմրիում գործում է Մհեր Մկրտչեանի թանգարանը, որտեղ կան հարուստ նիւթեր դերասանի կեանքի, ստեղծագործութեան վերաբերեալ, ինչպէս նաեւ` նրա անձնական իրերից:

Պէյրութ
Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
July 22, 2016 

Печать