Մհեր Մկրտչյանի մահվան տարելիցին Գյումրիում կմատուցեն հոգեհանգստի պատարագ

Մհեր ՄկրտչյանԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:
Դեկտեմբերի 28-ին լրանում է հայ մեծանուն արտիստ Մհեր Մկրտչյանի մահվան 20-րդ տարելիցը:

«ԼոգոՍ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, մեծ ուշադրություն դարձնելով հասարակության բոլոր անդամների, առավելապես երիտասարդների շրջանում հայ մեծերի մասին տեղեկատվության տարածմանը, տեղեկանում է, որ դեկտեմբերի 28-ին, Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում կանցկացվի հոգեհանգստի արարողություն` ի հիշատակ հանճարի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կազմակերպությունից`պատարագին կհաջորդի դերասանի անունը կրող թանգարանում ցուցահանդեսի բացումը, որի ընթացքում այցելուների ուշադրությանը կներկայացվեն վարպետի ձեռքով արված մատիտանկարները: 
Այնուհետև Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա «Ֆրունզի հետքերով» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան, որից հետո նախատեսվում է անցկացնել բաց հանդիպում «Մեր մանկության տանգոն» ֆիլմի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի և Մհեր Մկրտչյանի խաղընկերների մասնակցությամբ:
Այնուհետև կցուցադրվի  «Մեր մանկության տանգոն» ֆիլմը:



Печать