Ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել. այսօր Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է

Մհեր Մկրտչյան«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել...»

Ասաց, խաղաց, ապրեց, խոսեց, ուրախացրեց՝ ժպիտ պարգևելով բոլորին, իսկ ինքը մնաց տխուր, մնաց հայտնի՝ որպես «ուրախ ու տխուր մարդը»:
Հայ բեմի ու էկրանի վարպետը՝ Մհեր - Ֆրունզիկ Մկրտչյանն այսօր կդառնար 90 տարեկան:


«Էս ինչ դժբախտություն է, մարդ չի կռնա երջանիկ էղնի»
Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին Գյումրիում:
Հայրը՝ Մուշեղը, Մուշից էր, իսկ մայրը՝ Սանամը, Վանից: Շատ դժվարին և տխուր մանկություն է ունեցել: Ճիշտ կլինի ասել՝ չի հասցրել մանուկ լինել, խաղալիք ունենալ և պարզապես երեխա լինել:
Տարիներ անց Մհերը հիշում է, որ իր մանկության երազանքը հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցավ: Հետագայում հյուրախաղերից վերադառնալիս որդուն տարբեր չափսերի հեծանիվներ էր բերում՝ իրականացնելով իր մանկական երազանքը:

Մհեր Մկրտչյան

«Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու, այն ներկայանում է ինձ հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով:
Գուցե նրանից է, որ մանկության տարիներին միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա:
Ժամերով կանգնում էի խանութի ցուցափեղկի առաջ և երազում: Մայրս իր չորս որբերին հազիվ էր կերակրում, էլ ուր մնաց թե հեծանիվ գներ ինձ»:

Դեռևս շատ փոքր՝ աշխատել է Լենինականի տեքստիլ կոմբինատում: Պատերազմի տարիներին կինոմեխանիկի աշակերտ է եղել: Հենց նրա կինոմեխանիկն էլ մի օր նրա ձեռքից բռնել ու տարել է ինքնագործ խմբի բեմ, որտեղ նա առաջին անգամ ծիծաղեցրել է հանդիսատեսին՝ ծնողներից գաղտնի պահելով իր նորահայտ զբաղմունքը: Այդտեղից սկսվեց բեմի, թատրոնի, կինոյի ու էկրանի հրաշքը, որտեղ գլխավոր դերում մեծ քթով, նիհար գյումրեցի տղան էր:

«Ես մանկություն չեմ ունեցել, մանկապարտեզ չեմ տեսել, բակ չեմ տեսել, ես տեսել եմ միայն թատրոն»:

Մհեր Մկրտչյան«Դերասա՞ն. դա ի՜նչ մասնագիտություն է»,- ասում էր Ֆրունզի հայրը՝ Մուշեղ Մկրտչյանը՝ չհամակերպվելով որդու մասնագիտական ընտրության հետ: Սակայն մի օր, այնուամենայնիվ, գնաց Ֆրունզիկի ներկայացումներից մեկը դիտելու: Ֆրունզիկը հուզվել էր հոր ներկայությունից: Հայրն այդ օրը ուշ եկավ տուն, նստեց, երկար նայեց քնած Ֆրունզիկին, իսկ առավոտյան ասաց. «Ապրես տղաս, շատ լավ խաղացիր: Գլխավորը՝ շատ համոզիչ»:
Երևանի պետական թատերական ինստիտուտում առանց քննություների՝ նա անմիջապես երկրորդ կուրս ընդունվեց: Նրան սկսեցին վստահել լավագույն դերերը թատրոնում, մարդիկ գալիս էին տեսնելու ոչ թե թատերական ներկայացումներ, այլ Ֆրունզիկի խաղը: Նրա հետ ժամանակն այնքան ուրախ էր անցնում, բոլորը հավաքվում էին նրա շուրջը, սիրում էին լսել նրան: Նա մեկը մյուսի հետևից կերտում էր հիանալի կատակերգական դերեր մհերմկրտչյանական չկրկնվող խարիզմայով, բայց շարունակում էր երազել ավելի լուրջ, դրամատիկ, տխուր ու ողբերգական դերերի մասին՝ թեև իր կյանքն ամբողջությամբ մի դրամա էր հիշեցնում, որում նա խաղում էր այդքան ցանկալի ողբերգական կերպարում:
Մհեր ՄկրտչյանՋուլյա անունով մի շատ գեղեցիկ աղջկա թույլ չտվեցին ամուսնանալ Ֆրունզիկի հետ ու բաժանեցին սիրահարներին: Հետո նա ամուսնացավ երկու անգամ, բայց երկու ամուսնություններն էլ չերջանկացրին նրան: Նրա աղջիկը՝ Նունեն, տարիներ անց մահացավ ավտովթարից, իսկ փոքրիկ տղան մորից ժառանգած հոգեկան հիվանդություն ուներ: Եվ ծանր ընտանեկան կյանքը այնքա՜ն էր մտահոգում Ֆրունզիկին: Նրա աչքերը միշտ տխուր էին... ուրախ ու տխուր մարդը:

Ֆրունզի յուրահատկությունը հայկական մեծ քիթն էր: Նա թերարժեքության բարդույթ չուներ։ 

«Դեռ փոքրուց ես ավելի շատ մտածում էի ոչ թե այն մասին, թե ինչու է իմ քիթը մեծ, — կատակով ասում էր Ֆրունզիկ Մկրտչյանը, — այլ թե ինչու են մյուսների քթերն այդքան փոքր»։

Հայկական քթի ծագումնաբանության իր յուրահատուկ մեկնաբանությունն ուներ.

Մհեր Մկրտչյան«Երբ Աստված ժողովուրդներին քիթ էր բաժանում, հարցնում էր մարդկանց` ինչ ձևի քիթ կնախընտրեին։ Ռուսը ցանկացավ այնպիսի քիթ ունենալ, որը նրան չի խանգարի օղի խմել։
Վրացին` Կովկասյան լեռների պես։
Հայը հարցրեց. «Իսկ ի՞նչ արժե»։ Երբ Աստված ասաց, որ անվճար է, հայն ասաց. «Այդ դեպքում որքան մեծ՝ այնքան լավ»։

Մհեր Մկրտչյանը խաղաց «01 99», «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Խաթաբալա», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» և մի քանի տասնյակ այլ ֆիլմերում՝ կերտելով հավասարը չունեցող կերպարներ։

Մհեր Մկրտչյան

1978 թվականին Մկրտչյանն արժանացավ ԽՍՀՄ, իսկ 1979-ին՝ ՀԽՍՀ Պետական մրցանակների: 2001 թվականին հետմահու պարգևատրվեց ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Վախճանվել է 1993 թ. դեկտեմբերի 29-ին Երևանում:

Եղբոր՝ Ալբերտ Մկրտչյանի՝ 1984-ին նկարահանած  «Մեր մանկության տանգոն» ֆիլմն ինքնակենսագրական է, պատմում է տաղանդավոր եղբայրների ընտանիքի, իրենց մասին: Ֆիլմում գլխավոր դերերում Մհեր Մկրտչյանն ու Գալյա Նովենցն են: «Վառեմ-մարեմ, վառեմ-մարեմ»-ում բոլոր թևավոր խոսքերը, որոնք հնչեցնում է Նովենցը, պատկանում են Ֆրունզի մորը՝ Սանամին: Արմենը հենց երիտասարդ Ֆրունզն է՝ հայտնի դերասան դառնալու երազանքով:

Դո՛ւ, Արմեն տղա, դերասանությունը թող, էրեկ տղերքը վրես կխնդային, որ կելնես բեմի վրա կաբիգություններ կենես: Ես չեմ էղնի, դու կմնաս, մենագ էդ կաբիգությունները մի՛ էրա, մի՛ էրա: Տո՛, սաղ աշխարհքի վրա հերդ է խնդցե, հմի սաղ աշխարհքին հորդ վրա՞ կխնդցնես:

Մհեր Մկրտչյան
Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից

«Մենք` հայերս, պետք է կարողանանք երջանիկ լինել մեր մեծ մարդկանցով, պետք է կարողանանք չափվել նրանցով, առավել ևս՝ նրանց դարձնել մեզ համար չափանիշ: Երջանիկ սերունդ էինք, որ ապրեցինք Մհերի հետ, աշխատեցինք միասին: Այդ սերունդը լավն էր, իսկ ինքը, իհարկե, ամենալավն էր»:

Սոս Սարգսյան               

1lurer_logoՀեղինակ`Ռոզա Խաչատրյան
https://www.1lurer.am/
29 Դեկ, 2020

Печать