Մհեր Մկրտչյան․Ինձ հրավիրելու հարկ չկա… ես հյուր չեմ իմ տանը (մաս 3)

Մհեր ՄկրտչյանՄհեր ՄԿՐՏՉՅԱՆ

– Ես չեմ պատկերացնում իմ կյանքը եւ ընդհանրապես կյանքը առանց թատրոնի, ինչպես որ չեմ պատկերացնում հայ թատրոնը առանց Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի… Լենինականի թատրոնում ես առաջին անգամ լսեցի Վահրամ Փափազյանի մասին: Եկա թատրոն, նիհար, բարակ տղա եմ, 16-17 տարեկան… Ասացին՝ Վահրամ Փափազյանի հետ պիտի խաղաս… Օ, Տեր Աստված, ես ի՞նչ պիտի անեմ… Ասին՝ նա, որ պիտի գա սենատ, դու լինելու ես դոժերից մեկը, նստած Վենետիկի դոժերի պալատում… Լա՚վ, խոսք ունի՞… Չէ, ոչ մի խոսք: Միայն թե գրիմը պիտի անեն Արտավազդ Փաշայանը եւ Ժան Էլոյանը, Լենինականի թատրոնի հեղինակավոր մարդիկ… Բռնեցին, մի գրիմ արեցին, որ… Երբ ինձ բեմ էին տանում, մի ակնթարթ ես ինձ հայելու մեջ տեսա: Զարհուրելի բան էր… Հոնքերս՝ էսպես, աչքերիս տակը բացել էին… Մի այլակերպ բան: Դու մի ասի՝ Վահրամ Փափազյանը բեմի վրա չի ծիծաղում, բայց որ ծիծաղեց, էնպիսի մի անհույս ծիծաղ է, որ վարագույրը պիտի փակել: Ուրեմն՝ սրանք մտադրվել են ինձ նստեցնել Վենետիկի սենատում, որ Վահրամ Փափազյանը գա, տեսնի ու ծիծաղը բռնի… Ես էլ՝ անտեղյակ, վախեցած երեխա… Ուրեմն, տարան, նստեցրին… Մի մորուք են կպցրել, երկար, էծի մորուք… Է, նստել եմ սենատում, սենատորների մեջ, Վահրամ Փափազյանին դեռ չեմ տեսել՝ իր գրիմանոցում է… Ու… Հանկարծ… ներս մտավ… Վահրամ Փափազյանը… Լենինական քաղաք, պատերազմից հետո.- Գիտե՞ք ինչպես են նայում ներկայացումը… Էլ Օթելլո, Յագո, բան չկա… Փափազ… Երբ Օթելլոն հարձակվում է Յագոյի վրա՝ «Փափա՚՜զ, խեղդե իդոր… Դեզդեմոնա՚, փախի՜…»: Էսպիսի մի ժողովուրդ… Ու հիմա որ մտավ, ծափահարություններ, բռավո չկա… «Փափազն է… իշտե լենինականցի է… Չէ, ջանըմ, լենինականցի չէ, ի՞նչ լենինականցի… Ծո, ինչ կխոսիս… Լենինականեն է…»: Ու այսպես, բղավում, կանչում են… Ինքը ներս մտավ… Փափազյանը… սեւ… մավրի զգեստներով… դաշույնը գոտին խրած… կանգնել է բեմի վրա… քանդակ… արձան… կանգնել, սպասում է, որ ծափահարությունը՝ եաաայ, աայ հաաայ… Հետո ծափահարությունը կամաց քչանում է… Հենց որ տեսնում է, որ քչանում է, ասում է՝ բավական է ծափ տաք: Իսկ դահլիճի համար բավականը նշանակում է՝ էլի… Ու ժողովուրդն էլ շարունակում է՝ էլի, էլի, էլի… Հետո վերջապես ժպտում է՝ եաաաաաայ, աալ-հա-հալ-եայ, ու երբ կշտացավ՝ սկսվում է… Տեսարանն այս է. սենատորները նստած են, գալիս են Օթելլոն, Բրաբանցիոն, Դեզդեմոնայի հայրը եւ ուրիշներ: Օթելլոն պետք է բացատրություն տա: Սենատորներից մեկը ասում է՝

Խոսի’ր, Օթելլո,

Իրավ է արդյոք, որ բռնադատող, ծուռ միջոցներով

Այս մանկամարդի զգայարանքը հաղթահարել ես…

Ինչին ՕթելլոՓափազյանը պատասխանում է հետեւյալ կերպ՝

Ռազմաշունչ, վեհ հոգի եւ բարձր դուքս,

Որ առեւանգել եմ, այդ ճշմարիտ է,

Բայց ճշմարիտ է նաեւ այն, որ ես

Նրա հետ ամուսնացել եմ…

Դուքսը ասաց՝ «Ճի՞շտ է, որ առեւանգել ես»: ՕթելլոՓափազյանը ծուռ, հանդիմանող-կշտամբող-բացատրող հայացքով նայում է Դեզդեմոնայի հորը՝ Բրաբանցիոյին՝ եաաաաաայ, թե՝ այդ ինչեր եք ասում… Սկսեց իր խոսքը՝ «Ռազմաշո՜ւնչ (մեզ չի էլ նայում դեռ), վեհ հոգի եւ բարձր դուքս, որ ես առե…- ու հանկարծ տեսավ.- Ծո՛, աս ո՞վ է… Որ ես առեւանգել եմ այս… դուրս տարեք ասոր… որ ես առեւանգել եմ… դու-դու-դո՚ւրս տարեք, ըսի…»: Դուք պատկերացրեք, թե ի՞նչ կլինի ինձ հետ, մանավանդ, որ մտածում եմ, թե էդ ո՞ւմ հետ է Փափազյանը, ո՞ւմ նկատի ունի, ո՞ւմ մասին է խոսքը… Ու հանկարծ զգացի, որ իմ մասին է… Ես՝ ի՞նչ, ես էլ չկամ… Դու մի ասի, որ իմ վախն ու շփոթմունքը ավելի ծիծաղելի են դարձնում ինձ… Օթելլո-Փափազյանը շարունակում է՝ «բայց պատճառն այն է, որ… հա՚՜, հա՚՜, հա՚՜, հա՚՜…»: Ու սկսվեց Փափազյանի ծիծաղը… Նստածս տեղից ետ նայեմ, աստիճաններ են բեմի ետեւում, որ չեն երեւում, տեսնեմ՝ Ժան Էլոյանն ու Փաշայանը գետնին ընկած են ու ինձ ասում են՝ այ տղա, փախի…
Երբ գործողությունը վերջացավ, Փափազյանը դուրս է գալիս՝ ո՞ւր է: Ես իմ մորուքով փախել-մտել էի հնոցապանի տեղը… Փափազյանն ինձ է փնտրում՝ ո՞ւր է չոջուխի աչքերով այն ծերունին
Մի այլ անգամ «Համլետ» պիտի խաղայինք: Ես արդեն խոսք ունեի, Օզրիկ էի խաղում: Վերջին տեսարանն է, սրախաղի տեսարանը: Լաերտը, խախտելով սրախաղի կանոնները, հարվածում է Համլետին: Այն էլ՝ թունավորված սրով: Հենց այդ պահին դրսից լսվում է եղջրափողի ձայն (սա ռեժիսորի մտահղացումն էր, պիեսում քայլերգ է լսվում ու թնդանոթի ձայն), եւ մեռնող Համլետը հարցնում է՝
Ի՞նչ պատերազմի շառաչյուն է այս:

Ես (Օզրիկըպիտի վազեմչոքեմ ՀամլետՓափազյանի առաջն ու ասեմ.

Ֆորտինբրասն է, տեր, որ Լեհաստանից հաղթությամբ դարձել

Եվ Անգլիայի պատվիրակներին

Այս զինվորական ողջույնն է տալիս:

Շատ դերերս հիմա չեմ հիշում, բայց Օզրիկը լավ հիշում եմ: Այս էի ասելու ընդամենը: Այդ օրը առավոտյան գնացի, խաշ կերա… Ավելի ճիշտ՝ տարան, տարավ մի հասակավոր դերասան… Պատերազմից հետո, քաղցած երեխա, հետինս՝ տարիքով դերասան, որ անընդհատ ասում է՝ ոչինչ, կեր, սխտորով-բանով, մինչեւ իրիկուն կանցնի, կեր… Ու կերա Շմագայի պես…
Երեկոյան սկսվեց ներկայացումը: Եկավ իմ տեսարանը: Հետիս դերասանն ինձ ասում է՝ լավ կասես խոսքդ:

ՓափազյանՀամլետն ասաց՝ արյուն, արյուն: Հնչեց եղջրափողի ձայնը՝ տը-տա-տը-տա-տա… «Ի՞նչ պատերազմի շառաչյուն է այս…»: Ես վազեցի ու չոքեցի դեմը՝

Ֆհորտհինբհրասն է, տհեր, որ Լեհաստանից…

«Ֆհորտհինբհրասն է, տհեր…» ասելուն պես ասաց՝ «ես աաահ, հա, աաայ, եսաաահ»: Կարծեցի խաղում է հետս: Խոսքս շարունակեցի մինչեւ վերջ: ՀամլետՓափազյանը ասաց իր հրաժեշտի խոսքը.

Մեռնում եմ, Հորացիո, զորավոր թույնը հաղթում է ոգուս

Իսկ դու մնո՞ւմ ես (Հորացիոյին է ասում):

Հետո դառնում է ինձ. «Իսկ դուշան լակոտայլեւս խաշ չուտես…»:

Հաջորդ հանդիպումս Հրաչյա Ներսիսյանի հետ էր: Ես իմ անունի ձեռքը կրակն էի ընկել՝ Ֆրունզիկ, հա Ֆրունզիկ: Եկել եմ Սունդուկյանի թատրոն: «Պեպո» կինոնկարը, իհարկե, տեսել եմ եւ տեսել եմ կինոմեխանիկի խցիկից՝ կինոմեխանիկի աշակերտ էի: Հիմա եկել եմ Սունդուկյանի թատրոն: Առաջին անգամ եմ եկել Երեւան: Տրամվայից վախենում էի եւ ինձ համար շատ ծանր բան էր՝ քաղաք, օտար քաղաք, անծանոթ միջավայր ու… Սունդուկյանի թատրոն: Թատրոնի ետեւի մուտքից մտա, միջանցքում եմ ու մեկ էլ էդ շոգին-կրակին մեկն ասաց. “С новым годом”: Ինչպե՞ս թե “ С новым годом ”, ի՞նչ կապ ունի: Նայեմ, տեսնեմ Հրաչյա Ներսիսյանն է:

– Դղա… շշշը…- մի քիչ գգինովցած էր,- դու անուն ունի՞ս

Ասացի՝ ունիմ, ընկեր Ներսիսյան: Ասաց՝ ի՞նչ է անունդ: Ասացի՝ Ֆրունզիկ: Հետո զգացի, որ իկ-ը փոքրացնում է՝ Ֆրունզ-իկ, ինձ ուղղեցի, ասի՝ Ֆրունզե, ասաց՝ бывает, թե ինչ бывает, չհասկացա… Ասում է, հիմա նայե, ասում է, թե այսօր ինչ ներկայացում է և  ով պիտի խաղա: Փափազյանը, ինքը, Ջանիբեկյանը «Օթելլո» էին խաղում, փոխնակներ էին: «Նայե, այսօր ի՞նչ ներկայացում է»: Ասացի՝ «Օթելլոն է»: «Վո՞վ կխաղա»: Ասացի՝ «Ներսիսյա… հա՚, դուք կխաղաք…»: Ասաց՝ бывает… Շրջվեց, գնաց քթի տակ իր երգը երգելով՝

Sul mare luccica l՚astro d՚argento
Placida e l՚onda, prospero e il vento.
Venite all՚ agile barchetta mia!
Santa Lucia, santa Lucia!
Con questo zeffiro cosi soave
Oh! com՚ e bello star su la nave!
Su passaggieri venite via!
Santa Lucia, santa Lucia!

Գնաց մի տասը քայլ, հետո շուռ եկավ, ինձ նայեց, չրխկացրեց մատները ու՝

– Լսի՛ր, դո՛ւ, Կոտովսկի..․

Որովհետեւ փառահեղ եք ծիծաղում, ես իմ խոսակցության շարունակությունը թողնում եմ ձեր հարցերին, որովհետեւ համոզված եմ, որ լուրջ ու հետաքրքիր հարցեր կտաք, եւ ես ուզում եմ վերջացնել իմ այս երկար նախաբանը այսպես.

Ես լավ կոշիկ կկարեի, թե թատրոնի չափ սիրեի,

Ես լավ գյուտեր կ՚հորինեի, թե թատրոնի չափ սիրեի,

Մսագործ էլ որ լինեի,

Ատաղձագործ էլ որ լինեի,

Ես պոեմներ կգերի, թե թատրոնի չափ սիրեի…

Սա էլ իմ գրածն է… Դուք էլիբրեւ բանասերներներողամիտ եղեք

Հիմա սպասում եմ ձեր հարցերին…

Լեւոն ՄԿՐՏՉՅԱՆ – Հարցերին սպասելու կարիք չկա: Հարցերն արդեն սեղանի վրա են: Սարոյանն ասում էր՝ Ավետարանի չափ հարցեր են տվել:

– Ձեր սիրելի դերըոր արդեն խաղացել եքեւ այն սիրելի դերըոր դեռ չեք խաղացել:

ՄՄ. – Էստեղ պատասխանն էլ է գրված, իմ սիրելի դերը դեռ չեմ խաղացել: Իմ կարծիքով ամեն մի դերասան ձգտում է մի կերպարի, մի առավել ամբողջական ու արտահայտիչ կերպարի, մի, ասենք, Չապաեւի, ասենք՝ Ուրբանսկու Կոմունիստի պես կերպարի… Այն կերպարին, որը ամբողջացնում է քո թեման, խորացնում, իմաստավորում է… Իդեալականը չապլինյան կերպարներն են, ավելի ճիշտ՝ Չապլինի ստեղծած կերպարը: Նման բանի հասնելու համար շատ ֆիլմեր են պետք ու շատ ժամանակ: Ես իմ գրեթե բոլոր ֆիլմերն եմ հավանում, եւ գիտեք, թե ինչո՞ւ: Որովհետեւ, ազնիվ խոսք, ես էդ բոլորը անկեղծ եմ արել, արել եմ իմ հնարավորությունների, իմ ունակությունների չափով: Ցավոք, իմ հնարավորությունները այնքան մեծ չեն, որ ես կարողանամ ամեն ինչ կատարյալ անել…
Իմ երազած կերպարից, իմ երազած ամբողջական կատարյալ կերպարից, որ ես դեռ չեմ խաղացել, մի մաս, մի գիծ, մի հատկանիշ կա իմ խաղացած ամեն մի հերոսի մեջ: Եվ եթե այդ բոլոր կերպարների բոլոր գծերը ամբողջանային մի կերպարի մեջ, դա էլ կլիներ հենց կատարյալ մարդու այն կերպարը, որ ես կուզեի խաղալ… ես երազում եմ գտնել այդ դերը եւ խաղալ այդ կերպարը…

ԼՄ– Ի՞նչ կարծիքի եք բեմը շահագործողների մասին:

ՄՄ. – Դրանց մասին նույնիսկ չարժե խոսելը:

ԼՄ Եթե նորից ծնվեիք, կյանքի նո՞ւյն ճանապարհը կընտրեիք:

ՄՄ. – Գիտեք, ես ասացի, որ ես ոչինչ չեմ ընտրել: Այդպես ստացվել է: Բայց հետաքրքիր է, եթե տեքստիլ գործարանի ակումբը մեր տան կողքին չլիներ, ես հեռու լինեի… ինքս դժվարանում եմ հիմա ասել: Ես ինքս աշխատել եմ գործարանում, մեխանիկական ցեխում, եղել եմ կոշկակարի աշակերտ: Բայց հիշում եմ, որ դեռեւս երեխա ժամանակ իմ շուրջը միշտ մարդ կար, ես միշտ ուշադրության կենտրոնում էի եւ՚ իմ տեսքով, եւ՚ իմ խոսքով, ավելի ուշ՝ նաեւ իմ սրամտություններով, պատմություններով… Դրանք, երեւի, ուզած-չուզած ինձ կտանեին թատրոն… Իմ ձեռքս չէր, բայց երեւի ինձ հաստատ կտանեին թատրոն… Ինձ նման մարդու համար ուրիշ ինչ անլուրջ տեղ կար…

ԼՄ Կընդունեի՞ք Սունդուկյանի թատրոնի գլխավոր ռեժիսորի հրավերը:

ՄՄ. – Ես Սունդուկյանի թատրոնի ռեժիսորական կոլեգիայի անդամ եմ. գեղարվեստական խորհրդի անդամ: Ես իմ ամբողջ արվեստով, իմ ստացած ավանդներով կապված եմ Սունդուկյանի թատրոնի հետ: Վարդան Աճեմյանի աշակերտը, անընդհատ Վահրամ Փափազյանից խոսողը… իմ մեծ սերերն են նրանք: Ամենից շատ իմացողը, ամենից շատ ժողովուրդ տեսնողը, ամենից շատ ռեժիսոր տեսնողը եւ ամենից շատ դերասան տեսնողը էսօր ես եմ: Ես լավ գիտեմ իմ թատրոնը: Թատրոնն էլ լավ գիտի ինձ: Ես ամեն տարի, եւ եթե ոչ ամեն տարի, ապա գոնե երկու տարին մեկ, պիտի բեմադրություն ունենամ Սունդուկյանի թատրոնում… Ընդունել-չընդունելու հարց չկա… Ես կարող եմ կանգնել Մարքսի փողոցի եւ Լենինի պողոտայի անկյունում, եւ դա կլինի թատրոն, որովհետեւ թատրոնն իմ մեջ է…

Մի խոսքով, ինձ հրավիրելու հարկ չկա… ես հյուր չեմ իմ տանը:

ԼՄ Ասացեք խնդրեմ, ո՞ր ներկայացումն է ձեզ գեղագիտական մեծ հաճույք պատճառել, եւ եղե՞լ է դեպք, երբ ձեր խաղի համար անհարմար եք զգացել:

ՄՄ. – Օ՜, սա հետաքրքիր հարց է…

Հաճույք է պատճառել ինձ… Այո, եղել է, եղել է, եւ ես ուղղակի երջանիկ հաճույք եմ ստացել… Ասացի, որ ես շատ եմ խաղացել, շատ եմ շրջագայել, խաղացել եմ Հայաստանի բոլոր քաղաքներում՝ Ղափան, Կիրովական, Լենինական եւ այլն: Ամեն տարի ես մոտ յոթանասուն ներկայացում եմ խաղում մեր թատրոնների հետ: Կիրովականի թատրոնի հետ երեք տարվա մեջ 150 ներկայացում եմ տվել ծովափնյա հայաբնակ վայրերում… Ես խաղացել եմ Ապարանի, Իջեւանի թատրոններում, Ստեփանակերտում, Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվայում, արտասահմանում ինչքա՜ն եմ խաղացել… Ուրեմն՝ ինչքա՜ն ներկայացումներ են եղել եւ ինչքա՜ն ժողովուրդ…
Բայց մի ներկայացում ես երբեք չեմ մոռանա: Դա եղել է Հայաստանում, Օձուն գյուղում: Զարմանալի է, չէ՞, ես հիմա, թվում էր, Բեյրութը պիտի հիշեի, կամ Լոս Անջելեսի 1600 հոգանոց Կազինոյի սրահը՝ շքեղ, մեծահարուստ սրահ, ընտիր հասարակություն… Դրանք էլ ապշելու ներկայացումներ էին, բայց այն, ինչի մասին ուզում եմ պատմել, անկրկնելի է, բացառիկ, եղել է Օձուն գյուղում:
Գիտեք, որքան մեծ քաղաքից հեռու, այնքան զուլալ ու մաքուր ժողովուրդ,- սա մեկընդմիշտ ապացուցված է: Պաղտասար աղբար էի խաղում այդ օրը: Բեմ-բան չկար, որովհետեւ մարդիկ նստած էին ամենուր, որտեղ որ նստել հնարավոր էր, ուղղակի լցված էին բեմի վրա… Դժվար էր դա ներկայացում կոչել, որովհետեւ չկային սովորական իմաստով բեմ ու դահլիճ, դերասան ու հանդիսատես, չկար նրանց միջեւ եղած պայմանական անջրպետը: Մենք՝ դերասաններն ու ժողովուրդը միասին էինք խաղում, ես լալիս էի՝ իրենք էլ էին լալիս… Վերջապես եկավ Պաղտասարի խենթանալու կտորը: Ես այնպես էի տրվել իմ խաղին, որ չգիտեմ թե այդ օրը ինձ հետ ինչ կատարվեց… Համենայն դեպս չեմ հիշում նման այլ դեպք… Եվ չեմ էլ կարող դա բացատրել… Ամբողջ դահլիճը ինձ հետ մղկտում էր:
Ու իմ մենախոսության միջոցին, երբ ասում եմ՝ «Այսպես են եղեր աշխարհիս գործերը… բռնությամբ Փրկիչ կը տանին կոր իբրեւ խենթ… Անգամ մը հոն երթալեն վերջը իբրեւ խենթ, աշխատե ու աշխատե, որ խենթ չըլլալդ հաստատես, որո՞ւ պիտի հասկցնես…» եւ այլն, մեկը կամաց, մեխակը ձեռքին, ոտնաթաթերի վրա եկավ, բարձրացավ բեմ, բեմը քիչ բարձր էր, մեխակը դրեց ձեռքս ու թաթերի վրա հեռացավ, կամա՜ց գնաց-նստեց: Ես խոսում էի, շարունակում էի լալ, կամաց-կամաց սկսեցի խաղալ ծաղկի թերթերի հետ… Ու՝ ո՚չ մի ձայն, ո՚չ մի շշունջ, զարմանքի կամ վրդովմունքի ոչ մի նշույլ… կարծես թե ամեն ինչ նախապես ծրագրված ու բեմադրված էր… Իմ հերոսը երբեք այդքան խորը չի հասկացվել եւ երբեք ես չեմ տեսել մարդկային ավելի խորը կարեկցանք: Դա ուղղակի փառահեղ ներկայացում էր…
Եղել է եւ հակառակը: Մի ժամանակ հեռուստատեսային ներկայացումները չէին տեսագրվում, այլ խոսքով՝ վատ կտորները կտրել-հանել, այսինքն՝ խմբագրել հնարավոր չէր: Ներկայացումը ինչպես որ եղել էր, այնպես էլ պիտի գնար եթեր: Թաթիկ Սարյանն ու ես խաղացինք մի ներկայացման մեջ… Դյուրենմաթ էր կարծեմ: Պիեսը մեզ նախապես ծանոթ չէր, մենք նոր էինք ծանոթացել նյութին: Ներկայացումը մենք խաղացինք վատ, խայտառակ խալտուրայի պես մի բան: Մենք սուտ էինք խոսում, տեքստը չգիտեինք, ուղղակի հորինում էինք: Դա խայտառակություն էր ուղղակի: Ամբողջ Հայաստանով մեկ ժողովուրդը նայում էր… Բայց մի քիչ վարպետություն կար, խոսքն ասում էինք ամուր, վստահ, չէինք կմկմում, իբրե թե հենց այդպես գրված է, այդպես էլ պետք է լինի…
Առավոտյան դուրս եկա տնից, Աբովյան փողոցով քայլելով իջնում եմ: Ինչո՞ւ: Որպեսզի ստուգեմ, թե ժողովուրդը, որ երեկ տեսել է ներկայացումը, ի՞նչ է մտածում… Ծանոթները մայթերից ասում էին՝ «Երեկ տեսա… լավ էր, շատ լավ էր» եւ այլն:
Հանկարծ դիմացս ելավ մի ծեր մարդ: Հեղափոխությունից առաջ կային ծեր մտավորականներ՝ ութսուն տարեկան, պենսնեով, շատ արիստոկրատ տեսքով, վայելուչ արտաքինով… Մոտեցավ՝ «Բարեւ» ասաց ցածր ձայնով… Ասի՝ «Բարեւ ձեզ»: «Գիտեք,- ասաց,- ես շատ թատերասեր եմ: Միգուցե ինձ լսեիք»: Ասի՝ «Շատ ուրախ եմ, համեցեք»: «Ես Սիրանույշին եմ տեսել, Աբելյանին, Ստենգալլին… Ինչպես էր խաղում մահվան տեսարանը… Վահրամ Փափազյանին… Գիտեք, կառքի ձիերը արձակում էին գեղեցկուհիները եւ ներկայացումից հետո լծված տանում էին մինչեւ հյուրանոց… Հրաչյային սիրում եմ շատ… Ես, գիտեք, ձեզ էլ եմ սիրում…»: Խոսում էր մեղմ, ցածր ձայնով: Ասի՝ «Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ»: «Մի բան հարցնեմ՝ դուք երեկ գետինը չմտա՞ք»: Ես ասի՝ «Գիտեք…»: Ասաց՝ «Հարկավոր չի… Մի արդարացեք… Ձեզ որքա՞ն են վճարում դրա համար… Մի բան խնդրեմ՝ մի արեք դա…»: Դրանից հետո դուք ինձ չեք տեսել հեռուստացույցով: Եղել են առանձին հանդիպումներ, պրեմիերաների առիթով, թատրոնի վերաբերյալ խոսակցություններ եւ այլն, բայց ներկայացման մեջ չեք տեսել… Հավաքվում են էստեղից-էնտեղից մարդիկ՝ օպերետային թատրոնից, դրամատիկականից, զանազան ստուդիաներից, տարբեր ոճի, տարբեր մտածողության տեր մարդիկ եւ արդյունքն էլ չգիտես, թե ինչ է…
Ես վախենում եմ այդ արկղից… Վախենում եմ այդ մարդուց… Այդ մարդը հիմա չկա երեւի… Բայց ինձ համար միեւնույն է՝ ես վախենում եմ նրանից՝ իսկական, անաչառ, ազնիվ ու շիտակ, է՜ն միա՚կ թատերասերից…

(շարունակելի)

Հանդիպումը վարում է գրականագետ  Լևոն Մկրտչյանը
Գրի առավ Յուրի Խաչատրյանը

https://kinoashkharh.am/2022/07/frunzik-mkrtchyan-husher/
4 Հուլիս 2022

Печать