«ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ» թանգարանից Գյումրու քաղաքապետարան տեղափոխված կտավները վերադարձվել են

Մհեր Մկրտչյան
«Մհեր Մկրտչյան» թանգարանին նվիրաբերված երկու դիմանկարների Գյումրու քաղաքապետարան տեղափոխվելը գուցե աննկատ մնար, եթե Ֆրունզիկին (Մհեր Մկրտչյան) պատկերող յուղաներկ գործերից մեկի ճակատագրով համառորեն չհետաքրքրվեր frunzik.com կայքի համակարգող, ծնունդով գյումրեցի, երևանաբնակ Միքայել Միքայելյանը: Վերջինս նամակով դիմել էր «Հետք»-ին՝ խնդրելով պարզել Լենինգրադում բնակվող նկարիչ Արմեն Զախարյանի վրձնին պատկանող յուղաներկ դիմանկարի ճակատագիրը:

Լուսանկարում`  Անդրանիկ Սահակյանի և Արմեն Զախարյանի հեղինակած կտավները
Խմբագրությանը հասցեագրված նամակում Միքայել Միքայելյանը մտահոգություն էր հայտնել, որ կտավն առանց մշակույթի նախարարության հետ համաձայնեցնելու դուրս է բերվել թանգարանի տարածքից և անորոշ ժամանակով պահ տրվել քաղաքապետարանին: Նամակագրին մտահոգում էր այն, որ կոնկրետ Արմեն Զախարյանի գործը մուտքագրված չէ և պաշտոնապես թանգարանի ցուցանմուշների ցանկից բացակայում է:
namak.jpg«Քանի որ հեղինակն ինձ Երևանում հավատարմագիր է տվել, ես նրա վստահված անձն եմ, ես պիտի կատարեմ բոլոր թղթային աշխատանքները՝ նկարի հետ կապված ընդունում-հանձնում և այլն, ու քանի որ դա տեղի չի ունեցել, ես անհանգստացած եմ կտավի ճակատագրով»,- նամակում նշել էր Մ.Միքայելյանը:
Փետրվարի 18-ին «Մհեր Մկրտչյան» թանգարան կատարած այցի ժամանակ պարզվեց, որ նամակագրի մտահոգության առարկա կտավն արդեն իսկ տեղում է (տեղափոխությունը քաղաքապետարանից թանգարան կատարվել էր փետրվարի 17-ին):  Թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը տեղեկացրեց, որ Անդրանիկ Սահակյանի և Արմեն Զախարյանի գործերը Գյումրու քաղաքապետարան տեղափոխվել էին իր իսկ դիմումի համաձայն 2014թ. հունիսի 7-ին:
Գյումրիում գործող բոլոր տուն-թանգարաններն, այդ թվում և «Մհեր Մկրտչյան»  թանգարանը համայնքային ենթակայության են: Դա է պատճառը, որ կտավների ժամանակավոր տեղափոխումը չէր կարող և չի համաձայնեցվել մշակույթի նախարարության հետ` տեղեկացրեց թանգարանի տնօրենը:
Վերը նշված երկու կտավների տեղափոխումը Շողիկ Մելքոնյանը բացատրեց անվտանգության համակարգի բացակայությամբ: Թանգարանում պահվող 1681 ցուցանմուշից, չգիտես ինչու, տնօրենին անհանգստացել էր միայն նկարիչներ Արմեն Զախարյանի և Անդրանիկ Սահակյանի աշխատանքների անվտանգությունը:
Հարցը թանգարանի տնօրենը համարեց տրամաբանական, իսկ պատասխանն առավել քան անմիջական էր. «Դե որովհետև մյուս նվիրատվությունների հետ կապված էսքան խնդիրների առաջ չկանգնեցինք, որքան այս երկու գործերի, և հատկապես` լենինգրադցի նկարչի աշխատանքի հետ կապված: Ես աշխատավարձով ապրող մարդ եմ, եթե մի բան պատահեր, եթե Աստված չտա, հանկարծ գողություն լիներ, ի՞նչ էի անելու: Իհարկե, մյուս ցուցանմուշները ևս շատ թանկ են մեզ համար, սակայն քանի որ հատկապես Զախարյանի նվիրատվության հետ կապված էլի էինք պատմությունների մեջ ընկել, որոշեցի, որ հատկապես այդ գործը ժամանակավոր պահվի քաղաքապետարանում, մինչև անվտանգության համակարգը տեղադրվի»,- նշեց Շողիկ Մելքոնյան:

mer_mankutyan_tangon.jpgՆա պատմեց, որ թանգարանին այդ երկու կտավը նվիրաբերվել են Մհեր Մկրտչյանի պաշտոնական կայքի գործարկումից հետո, և կայքի համակարգող Միքայել Միքայելյանն, ով այդ գործում տեսնում է իր մեծ լուման, ամեն անգամ հարկ է համարում իր «անհանգստությունն» արտահայտել լրատվամիջոցներին` նամակներ ուղղելով:
«Ֆրունզիկի երիտասարդ տարիների դիմանկարը անձամբ հեղինակն է նվիրել՝ Միքայել Միքայելյանի միջոցով: Մենք շատ շնորհակալ ենք մեր բոլոր բարերարներից, մինչև այս էլ մեծ քանակությամբ նվիրատվություններ ենք ունեցել, սակայն այսպիսի խնդիրների մեջ չենք ընկել:
Հարգարժան Միքայել Միքայելյանն ամեն տեղ ահազանգում է, որ Զախարյանի կտավը դուրս է տարվել թանգարանից, բայց իրեն էլ ենք բացատրել, որ դա կապված է եղել անվտանգության ազդանշանային համակարգի բացակայության հետ»,- բացատրեց Շողիկ Մելքոնյանը:
Թանգարանում գտնվող ցուցանմուշների հիմնական մասը լուսանկարներ են մեծ դերասանի խաղացած ֆիլմերից և ներկայացումներից:
Թանգարանի մի հատվածում, որտեղ գտնվում է նաև «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի կոմոդը, պատկերում է Մկրտչյանների կենցաղավարությունը, սրահի մյուս հատվածը նվիրված է նրա կինոյում ունեցած գործունեությանը, իսկ երրորդ հատվածը՝ թատերական գործունեությանը:
Յուղաներկ կտավները, որոնք պատկերում են Մհեր Մկրտչյանին, մի քանիսն են:
Նկարիչ Անդրանիկ Սահակյանի գործը թանգարանին նվիրել է դերասան Հրանտ Թոխատյանը:
Նկարը տեղադրվել էր frunzik.com կայքում, Թոխատյանն տեսել, գնել ու նվիրել էր թանգարանին: Թանգարանի միջանցքում գտնվող մեծադիր նկարը նվիրել է ծնունդով գյումրեցի, լոսանջելեսաբնակ Ռուբեն Գասպարյանը (Ղուրբան): Վերջինս նկարը պատվիրել է Գլենդելում բնակվող Գրիշա անունով գեղանկարչին: Մյուս յուղաներկ գործը պատկանում է ջաջուռցի նկարիչ Գեորգի Թովմասյանի վրձնին:

georgi tovmasyan
Գեորգի Թովմասյանի հեղինակած կտավը

Նկարը ժամանակին հեղինակը նվիրել է Ալբերտ Մկրտչյանին, վերջինս էլ հետագայում այն հանձնել է թանգարանին: Արմեն Զախարյանի երիտասարդ Ֆրունզին պակերող կտավը թանգարանում հայտնվել է 2012թ. դեկտեմբերին: Նկարը շրջանակ չի ունեցել, այն պատվիրել է թանգարանի տնօրինությունն իր սուղ միջոցներով:
«Մի մեծ պատմություն էլ այդ շրջանակի համար է բարձրացրել Միքայելը՝ պահանջելով թանկարժեք շրջանակ, բայց մենք այդ հնարավորությունը չունենք: Տարեկան 500 հազար դրամից մի փոքր ավել գումարով ֆինանսավորվող կառույցը նման ճոխություն իրեն թույլ տալի չի կարող: Ես ընդամենը 80 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, իմ գրպանից չեմ կարող գումար հատկացնել, որ շրջանակը ճոխ լինի, արել ենք հնարավորը, նկարը՝ թեպետ համեստ, բայց շրջանակ ունի: Կհայտնվե՞ն բարերարներ, որ գումար տրամադրեն, շրջանակը կփոխենք առավել թանկարժեքով»,- նշեց զրուցակիցս:
Միքայել Միքայելյանը դժգոհել էր, որ մինչև օրս ինքը ոչ մի թղթի տակ չի ստորագրել և նկարի հետ կապված հանձման-ընդունման ակտ գոյություն չունի: Շողիկ Մելքոնյանը սրան ի պատասխան նկատեց, որ պարոն Միքայելը նման նախաձեռնությամբ թանգարան չի այցելել, երբ ցանկություն հայտնի գալ, իրենք պատրաստ են կազմել նաև այդ ակտը:
«Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանի փոխանցմամբ` իրենք շատ ավելի մեծ խնդիրներ ունեն, որոնք ընթացիկ լուծումներ են ստանում շնորհիվ բարերարների և քաղաքապետարանի: Ինչպես հայտնի է, թանգարանի համար ընտրված շինությունը որևէ կապ չունի Մկրտչյանների ընտանիքի հետ: Նրանք ապրել են «Տեքստիլ» կոչվող թաղամասի բազմաբնակարան շենքերից մեկում, որտեղ զբաղեցրել են նշված բնակարանի ընդամենը մեկ սենյակը:
Հետագայում` 1950-ականներին, երբ Մհեր Մկրտչյանը տեղափոխվել է ապրելու Երևանում, սենյակը հանձնել են պետությանը: Երբ նախկին քաղաքապետի օրոք հարց առաջացավ Մհեր Մկրտչյանին նվիրված թանգարան ունենալու, ընտրվեց Վարպետաց և Ռուսթավելի փողոցների խաչմերուկում գտնվող «Ուստա Կարո» խաշարանը: 19-րդ դարի կառույցը ժամանակին պատկանել է գյումրեցի մեծահարուստ ընտանիքներից մեկին: Խորհրդային տարիներին այստեղ ընտանիքներ են բնակվել, հետագայում, 1970-ականներին այստեղ բացվել է «Ուստա Կարո» խաշարանը:

shoghik_melkonyan.jpg
Շողիկ Մելքոնյանը

Թանգարանի ստեղծման համար երկրաշարժից հետո պարապուրդի մատնված այս շինության ընտրությունը պայմանավորված էր նաև հարևանությամբ գտնվող երկու այլ՝ Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի տուն-թանգարաններով: «Մհեր Մկրտչյան» թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2006 թ-ին:
«Ինչպես գիտեք, այս հատվածով անցնում է «Գյումրի» գետակը ու տեղանքի շենքերը մշտապես խոնավության մեջ են: Թանգարանն էլ երկար ժամանակ էդ պրոբլեմն ուներ, որը լուծվեց Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի աջակցությամբ: Հիմա արդեն շենքի հիմքերը չոր են:
Ջեռուցում չունեինք երկար ժամանակ, հիմա արդեն այդ հարցն էլ է կարգավորվել, անվտանգության համակարգն էլ տեղադրվեց, թանգարանի դուռն է փոխվել, այս տարի հավանաբար պատուհաններն էլ կփոխենք: Քիչ-քիչ արվում է հնարավորը: Մարդիկ աջակցում են, բայց էսքան աղմուկ ոչ ոք դեռ չէր բարձրացրել, որ եղավ այդ նկարի հետ կապված»,- նկատեց Շողիկ Մելքոնյանը:
Տնօրենի փոխանցմամբ` ծրագիր կա երկհարկանի շինության ձեղնահարկը օգտագործելի տարածքի վերածելու և այնտեղ Մհեր Մկրտչյանին նվիրված ու նրա կատարմամբ ֆիլմերի դիտման սրահ ստեղծելու: Անտոնիո Մոնտալտոն խոստացել է թանգարանին աջակցել նաև այս հարցում:

logo_hetqԵրանուհի Սողոյան
https://hetq.am/hy/article/58732

Печать