Գյումրու Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը համալրվեց մեծ դերասանի երկու դիմանկարով

Новые картины Фрунзика МкртчянаԳՅՈՒՄՐԻ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը համալրվեց մեծ դերասանի երկու դիմանկարով: Նվերները ձեռք բերելու եւ թանգարանին փոխանցելու խնդիրն իրենց վրա էին վերցրել մի քանի գյումրեցի արվեստասեր երիտասարդներ՝ Վիգեն Գասպարյանը, Գայանե Գալոյանը, Միքայել Միքայելյանը եւ Վազգեն Գյոլեցյանը: Նրանց նախաձեռնությամբ նախ ստեղծվել է կայք, այնուհետեւ կապ հաստատելով սանկպետերբուրգաբնակ  երիտասարդ գեղանկարիչ Արմեն Զախարյանի  հետ՝ ներկայացրել են թանգարանին աջակցելու ծրագիր: Զախարյանը համաձայնել է ոչ միայն նվիրել թանգարանին իր աշխատանքը, այլ նաեւ աջակցել դիմանկարը Հայաստան տեղափոխելու գործին:
Մյուս դիմանկարը Անդրանիկ Սահակյանի աշխատանքն է, որը գնվել եւ թանգարանին է նվիրվել Հրանտ Թոխատյանի կողմից:  Թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ կարեւորեց այն, որ բացի ցուցանմուշների համալրումից, կարեւոր է նաեւ երիտասարդների` մշակույթի նկատմամբ տածած հետաքրքրության բարձրացումը: «Զարմանալի էր, որ երիտասարդները սեփական նախաձեռնությամբ պարզապես աջակցում են թանգարանին»,- նշեց Շողիկ Մելքոնյանը:
Դեկտեմբերի 8-ին նվերները թանգարանին հանձնեցին թանգարանի աջակցման նախաձեռնող խմբի անդամները: «Նպատակ ունենք առաջիկայում եւս աջակցել ոչ միայն այս թանգարանին, այլ նաեւ Գյումրիում գործող մեկ ուրիշ թանգարանի եւս»,- նշեց նախաձեռնող խմբի անդամ Գայանե Գալոյանը:

Արմենուհի Մխոյան
8 Դեկտեմբեր, 2012
http://armenpress.am/arm/news/702044/gyumru-mher-mkrtchyani-tun-tangarany-hamalrvec-mets-derasani.html


 

 

Free Joomla Lightbox Gallery

Печать