Ռոբերտ Մաթոսյան

Ռոբերտ ՄաթոսյանԳլխավոր խմբագիր է կինոլրագրող,
Հայաստանի եւ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ Ռոբերտ Մաթոսյանը (լուսանկարում), ով 45 տարի  իրեն նվիրել է  պարբերական մամուլին: 

Նա դեռեւս խորհրդային տարիներին խմբագրել է «Ֆիլմ», այնուհետեւ «Գեղարվեստ» թերթերը եւ այլն, որոնք շուրջ 40 հազար տպաքանակ են ունեցել: 


Հանրային Ռադիո  "Վերնատւն" Մհեր Մկրտչյան
հայերեն լեզվով
Հաղորդման հեղինակ`Նաիրա Հայրապետյան
Ձայնագրությունները`Ռոբերտ Մաթոսյանի


Ռոբերտ Մաթոսյանը, նախ «ֆիլմ» թերթի գլխա­վոր խմբագիր, հետո «Պլյուս կինո» ամսագրի խմբա­գիր, «Մովսես Խորենացի» շքանշանակիր, երկա՜ր տարիներ Ֆրունզիկի հետ եղավ ու ձայնագրեց ամեն պատեհ առիթներով՝ հյուրանոցներում, տանը, սրճարա­նում, անգամ զբոսնելիս։ Ինչպես էքերմանն Էր Գյոթեի համար, Ռոբերտն այդպիսին եղավ Մհեր Մկրտչյանի համար։ Լրագրող Ռոբերտի համար այդ զրույցները տվյալ պահին իր խմբագրած թերթում մի հարցազրույց տպագրելու ցանկությունից վեր Էին, ավելին Էին՝ նա Է՜ն գլխից գիտեր, թե ի՜նչ հազվագյուտ նյութեր են հա­վաքվում այդ ձայնագրություններով։ 

Հետագայում նա իր  այդ ձայնագրությունների  ամբողջությունը  պահ տվեց ազգային ռադիոյի ֆոդում, եւ դրանք հաճախ են հնչում ռադիոյով։ Մաքուր ապրումների տեր Ռոբերտը դրանք չսեփականացրեց, դրանք չաահեց-չթաքցրեց, այլ սիրահոժար հանձնեց ռադիոյի ոսկե ֆոնդ՝ ռադիոյի մեծ լսարանն ունենալու Արտիստի կյանքն ու ստեղ­ծագործական ուղին հնարավորինս մասսայակա­նացնելու միջոց։ Նախ, Ռոբերտն առանձնակի սիրով էր կապված Մհերի հետ, և փոխադարձ այդ սերն ու ջեր­մությունը լրագրողին ու դերասանին մտերմացրել էին։ Եվ ապա, ու կարևորը, Ռոբերտը լավ գիտեր արժեքն այդ մասունքների, որոնք իրենց մեջ ամփոփում են Արտիստի բանավոր խոսքը՝ խրատական, իմաստուն, ուսանելի, նաև տագնապներով լեցուն։
Ռոբերտ ՄաթոսյանՌոբերտն այն ժամանակ չուներ ձայնագրման այսօրվա փոքր, նուրբ սարքերը։ Ռադիոյում աշխատած խմբագիրները կհիշեն այն ծանր գործիքը, որին «գեր­մանական ռեպորտյոր» անունն էինք տվել։
Պայուսակի ծավալով այդ ծանր գործիքն իր առանձին միկրոֆոնով այնքան էլ դյուրօգտագործելի չէր, բայց չափազանց մաքուր ձայնագրություն էր ապահովում 6 միլիմետրա­նոց ժապավենի վրա, որի պահպանումն էլ իր հերթին առանձնակի խնամք էր պահանջում։
Ահա, այս գործիքն էր Ռոբերտի ուսից կախ մշտապես, և Արտիստի հետ արված նրա ձայնագրությունները մնացին որպես թանկ մասունք։

Հովհաննես Պապիկյանի եւ Շուշանիկ Սահակյան «ԷՆ ՈՒՐԻՇ ՖՐՈՒՆԶԻԿԸ» գրքից


Ռոբերտ Մաթոսյան««Հատակում» ֆիլմը նկարահանելու պատճառով Ֆրունզիկը մերժեց Ռեզո Չխեիձեի՝ իր այնքան սիրելի «Դոն Կիխոտ»-ում խաղալու խնդրանքը». Ռոբերտ Մաթոսյան 

Հուլիսի 4-ին հայ կինոյի և թատրոնի մեծագույն վարպետներից մեկի՝ Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրն էր. վարպետը կդառնար 86 տարեկան:

Народный артист СССРՖրունզիկը շատ մոտ ընկեր կամ բարեկամ, որպես այդպիսին, չի ունեցել, սակայն ունեցել է շատ մտերիմներ ու բոլորի հետ շփվել է մեծ սիրով ու հարգանքով: Այս մասին ասաց նրա մտերիմներից մեկը՝ «+Կինո» ամսագրի խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը, ով բազմաթիվ հարցազրույցներ է ունեցել դերասանի հետ, սակայն պնդում է, որ դժվարանում է խոսել վարպետի մասին. «Իհարկե, ես շատ եմ նրա հետ շփվել, շատ ենք մասնակցել տարբեր փառատոների, միջոցառումների, բայց ներկայացնել այդ բարդ անհատականությանը՝ դժվար է, շատ դժվար»:
Մաթոսյանը Ֆրունզիկի հետ ծանոթացել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ստեղծագործական խմբի դիտման ժամանակ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման արժանանալուց հետո Ֆրունզիկն ինքն էր կանչել կինոլրագրող Ռ. Մաթոսյանին, և վերջինս 10-15 օր շարունակ ձայնագրել էր դերասանին և հետագայում այդ ձայնագրությունները նվիրել ռադիոյին:
Ռ. Մաթոսյանը հիշում է, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանն արժանանալուց հետո շնորհավորում էին բոլորը. մեքենա էր նստում, վարորդը համբուրում էր, մեկ ուրիշը կատակում էր, թե՝ դու նո՞ր ես կոչում ստանում:
«Մի անգամ Լենինգրադում միասին փառատոնի էինք, և Ֆրունզին լրագրողներն էին սպասում հարցեր տալու համար: Նա նախընտրեց ետնամուտքով դուրս գալ, որ ոչ ոք իրեն չտեսնի, ու մեծ ակնոց դրեց աչքերին: Փողոցում հերիք էր ակնոցը հաներ, պետք է տեսնեիք, թե ինչ ամբոխ հավաքվեց նրա շուրջը. բոլորն ինքնագրեր էին ուզում: Ես նման բան չէի տեսել, հուզվել էի շատ»,- պատմում է Ռ. Մաթոսյանը:
Բոլորը Ֆրունզիկ Մկրտչյանին ճանաչում և իր մասին խոսում են՝ որպես դերասան, սակայն քչերը գիտեն, որ Ֆրունզիկը նաև մեծ ռեժիսոր էր: Երբ արդեն կոչումը ստացել էր, Ֆրունզիկ Մկրտչյանը զուգահեռ՝ նաև մտածում էր Մաքսիմ Գորկու «Հատակում»-ը նկարահանելու մասին: Տարբեր տեղերից զանգում էին, շնորհավորում ու դերեր առաջարկում, սակայն նա անգամ մերժեց Ռեզո Չխեիձեի՝ իր այնքան սիրելի «Դոն Կիխոտ»-ում խաղալու խնդրանքը՝ հանուն իր ֆիլմի նկարահանման: Նրա համար կարևոր չէին մոնտաժի ճիշտն ու սխալը, լույսն ու ստվերը. կարևորը կերպարների ներաշխարհի բացահայտումն էր: Ռ. Մաթոսյանը Ֆրունզիկի նկարահանած «Հատակում» ֆիլմը համարում է հայկական կինոյի լավագույն ստեղծագործություններից մեկը:
Ֆրունզիկ Մկրտչյան "Հատակում"«Ֆրունզիկն այն անհատականությունն է, որ յուրաքանչյուր ֆիլմ, երբ նկարահանվում էր, իր դերը կարող էր 30 տարբեր ձևերով առաջարկել,- ասում է Ռոբերտ Մաթոսյանը, ապա անդրադառնալով նրա անձնական կյանքին՝ նշում է,- Ինձ դուր չի գալիս, որ Ֆրունզիկի մասին պատմելիս՝ միշտ դժբախտությունն են առաջինը հիշում: Ընտանեկան դրամա, իհարկե, ունեցել է, սակայն սա չէ, որ պետք է առաջնային խոսակցության թեմա դառնա: Չարախոսություններ ու բամբասանքներ այն ժամանակ էլ են լավ տարածվել: Մի անգամ, հիշում եմ, տարածվել էր, թե Ֆրունզիկը Դիլիջանում խմած վթարի է ենթարկվել, այն դեպքում, երբ ոչինչ չէր եղել»:
Ռ. Մաթոսյանն այն կարծիքին է, որ այսօր արժեհամակարգը խախտվել է, և այս փոփոխությունն առայժմ չի ծնել նոր հանճարներ: Նա կարծում է, որ այսօրվա ուսանողները պիտի անպայման Ֆրունզիկի բոլոր ֆիլմերը դիտեն. սա նրանց համար մեծ դպրոց կլինի:

logo_168ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հուլիս 4 2016
http://168.am/2016/07/04/657717.html#.V39qPUYtlOo.facebook  


 

Печать

ՀՀ անկախության 2-րդ տարեդարձ

stambolcyanՀայաստանի Հանրապետության անկախության 2-րդ տարեդարձն է:
Ատոմակայան ունեցող հանրապետությունը մթությամբ է ողողված…
Ֆրունզիկ Մկրտչյանը, եղբայրը՝ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը եւ ես Մհերի Սբ. Սարգիս եկեղեցու մոտ գտնվող մեկսենյականոց բնակարանում մոմի լույսի տակ թեթեւ ըմպում ու զրուցում ենք դեսից-դենից։
Մի գորշ ու աննկարագրելի տագնապ կա բոլորիս մեջ։ Մեկը մյուսի հետեւից քանդվում են արվեստի օջախները, մարդիկ հեռանում են Հայաստանից եւ այլն, եւ այլն: Մեկ էլ, ով հրաշք, էլեկտրալամպը վառվում է: Մհերը գոռալով՝ «վերակենդանանում է» ու մոտենում տաք ջրի ծորակին: Իսկապես, մի քանի րոպե հետո տաք ջուրը գալիս է:
Է՜հ, էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար,- ասում է Մհերը:- Տղե՛րք, մի քանի րոպե համբերեք, ես մտա լոգարան։
Մեկ էլ հոմերական ձայնով լոգարանից գոռում է.
- Ա՛յ, շա՜տ ապրես, Խաչիկ Ստամբուլցյան, ապրե՛ս, Խաչի՜կ Ստամբուլցյան:
Խաչիկը այդ ժամանակ կարծես ՀՀՇ-ի սիմվոլն էր: Չանցած մի քանի րոպե՝ լույսերը հանգչում են, ու տաք ջուրը կտրվում: Մհերի օրհնանքը վայրկենապես փոխվում է աշխարհիս երեսին եղած տնական հայհոյանքների… Հո չի՜ գոռում, հո չի՜ գոռում։
- Խաչիկ Ստամբուլցյա՛ն, ես քո՛… Խաչիկ Ստամբուլցյա՛ն, ես քո՛…
Ալբերտն օգնում է, որ մարմինն ու երեսն օճառած Մհերը դուրս գա… Ալբերտն արագ-արագ սրբում է, իսկ ես զանգում եմ Թամար Հովհաննիսյանին, որը այնքան էլ հեռու չէր ապրում: Թամարն ասում է, որ իրենք դեռ հոսանք ունեն, երեխային լողացնելու համար ջուր է տաքացրել։ Գնում եմ բերելու: Երկու դույլ տաք ջուր ենք բերում: Թամարի օգնությամբ Մհերի վրայից օճառը մաքրվում է:
Նստում ենք ու մեր կախյալ անկախության կենացն ենք խմում, մտաբերում Խաչիկին ու մյուսներին։
Մինչեւ հիմա ինձ թվում է, թե Մհերի վրայի օճառը դեռ չի մաքրվել։

Ռոբերտ Մաթոսյան
28․12․2020 ՖԲ

Լուսանկար-տարեգրութուն

Ֆրունզիկ Մկրտչյան

Լենինգրադ (Սանկտ - Պետերբուրգ): 1983 թվական…
Փառատոնյան այս լուսանկարի հեղինակը «Սովետսկի էկրան»-ի Վիկտոր Գրիցուկն է:

Ձախից նստած են՝ Թ. Հովհաննիսյան, Մ. Մկրտչյան, Վ.Մայնոլիտե, Ա. Թումանյան, Ա. Մկրտչյան, Ռ. Մաթոսյան, Ա. Յուզաս, Է․ Վիտորգան:

Համամիութենական կինոփառատոնը հունի մեջ է: Մամուլի կենտրոնում, և ոչ միայն, բոլորը սպասում են` Ֆրունզիկ Մկրտչյանին: Նա ժամանում է իր տիկնոջ` Թամար Հովհաննիսյանի հետ: Մամուլի կենտրոնի կոլեգաներս խնդրել էին, երբ Մհեր Մկրտչյանը գա, իրենց տեղյակ պահեմ:
Սենյակի դուռը ծեծում եմ:
- Համեցեք, - լսվում է Մհերի ձայնը:
Ներս եմ մտնում:
Թամարը վարսահարդարիչով չորացնում է Ֆրունզիկի մազերը:
- Արի, արի, ամբողջ կյանքում ես այսպիսի հաճելի պահ չեմ ունեցել: (Խոսքը Թամարի վերաբերմունքի մասին է, որի հետ վերջերս էր ամուսնացել): Ամբողջ կյանքում այսպիսի գուրգուրանքի չեմ արժանացել, նստի, նստի, այս մասին էլ չմոռանաս գրել…
Հարցնում է` փառատոնում ինչ կա - չկա: Ասում եմ` Կիկաբիձեն եկել էր, երեկ գնաց: Բոլորը քեզ են սպասում… Իսկ այսօր, գիտեք, Ալբերտի «Հին օրերի երգի» ցուցադրումն է մրցութային էկրանին: Հարցնում է` մրցակից շա՞տ կա:
Ասում եմ` շատ կա, բայց թեմատիկ առումով միայն ռեժիսոր Տիմոֆեյ Լևչակի «Ասք Կովպակի մասին...» կինոնկարն է:
Ասում է` էն Կովպա՞կը, որ պատերազմի տարիներին բելոռուսական անտառներում էր:
Ասում եմ` այո: Ասում է` անտառներից արդեն դո՞ւրս է եկել: Ծիծաղում ենք:
Ասում է` ծառայողական մուտքից դուրս գանք... Ասում եմ` Մհեր Մուշեղիչ, հյուրանոցի սպասասրահում վաղ առավոտից ժուռնալիստները քեզ են սպասում: Չի պատասխանում: Ուղղակի սև, չափից ավելի լայն ակնոցն է աչքին հարմարեցնում, հայելու մեջ նայում է իրեն: Սենյակից դուրս ենք գալիս:
Միջանցքով քայլելիս ինքն է նկատում ետնամուտքը, որի կողքին հրշեջների սարքավորումներ, կրակմարիչներ է կախված:
Ասում է` հենց էստեղից էլ դուրս կգանք: Մի քիչ անակնկալի եմ գալիս, որովհետև լրագրողներին խոսք էի տվել, բայց…
Էդպես հյուրանոցի ետնամուտքից բակ ենք մտնում, շրջվում ու քայլում ենք Նևսկի պողոտայով: Աչքս նորից է ընկնում մեծ, սև ակնոցին: Ասում եմ` Մհեր Մուշեղիչ, էդ սև ակնոցը քեզ համար շատ մեծ է, անսովոր է ու տգեղ (չիմանալով, որ դա հատուկ պատվեր է): Երբ ասացի` տգեղ է, նա առանց մի խոսքի ակնոցը հանեց: Եվ կատարվեց աննկարագրելին. մի տասը - քսան քայլ չէինք արել, երբ գլխներիս հոծ բազմություն հավաքվեց:
Ում ձեռքին ինչ կար, մեկնել էին ինքնագիր ստանալու. մեկը գիրք, մյուսը ծոցատետր, անձնագիր, լուցկու տուփ... ինքնագրեր... ինքնագրեր...
Մեկն ուղղակի դեմ է տալիս նրա խաղացած դերակատարումների շարքը, որը հարմոնի նման բացվում, վերևից մինչև գետին է ձգվում: Նա հանգիստ ստորագրում է և աչքի տակով ինձ նայում ու ցածրաձայն ասում:
- Գիտես, չէ՞, ինչու է այսքան շատ դեմ տվել:
Գլխի շարժումով հասկացնում եմ, որ ` չէ:
- Լավ տղա է երևում,- ասում է,- էս բոլոր նկարները մի քանի րոպեում կվաճառի:
Մի պահ Նևսկի պողոտայի, երթևեկության, մեր կողմի մեքենաներն են կանգնում, եթե անկեղծ, նման բան առաջին անգամն էի տեսնում… Հոգիտ մի տեսակ փառավորվում էր….
Ֆիլմի ցուցադրումից չնայած ուշանում էինք, սակայն այդ պահին Մհեր Մկրտչյանը Հայաստան էր ներկայացնում….
«Հին օրերի երգը» ֆիլմի ցուցադրումն ավարտվում է, Լևչուկը, որը եկել էր կինոնկարի դիտմանը, որպեսզի ծանրութեթև անի, համեմատի իր ֆիլմի հետ, մեր զրույցի ժամանակ ասաց, որ ինքը գտնում է, որ հայկական ֆիլմը նոր ասելիք է պատերազմական թեմայով նկարահանված կինոնկարների շարքում , որ հանգիստ խղճով տուն է վերադառնում: Եվ ջերմորեն շնորհավորեց Մհեր Մկրտչյանին (Ալբերտ Մկրտչյանը հրաժարվեց մասնակցել ֆիլմի դիտմանը` ասելով, թե պիտի ասեն եղբոր հետ եկել է մրցանակի ակնկալիքով):
Փառատոնում ընդամենը մեկ-երկու օր մնաց Մհեր Մկրտչյանը....
Երևանից, իրար հետևից զանգում, ու զանգում էին, թե ներկայացում ունի, հա ներկայացում ունի…
Սա արդեն մեկ այլ պատմություն է, որին հարկ չեմ համարւմ անդրադառնալ…
Մի քանի օր անց կինոփառատոնի արդյունքներն ամփոփվեցին, «Հին օրերի երգն» արժանացավ «Հուշ» մրցանակին :
Շատ ափսոսեցի, որ նա այդպես էլ, ներկա չգտնվեց փակման հանդիսավոր արարողությանը…

Ռոբերտ Մաթոսյան
«Մասնագիտությունը՝ կինոռեպորտյոր»անտիպ գրքից
FB էջից

"Ծիծաղի տուն"

frunzik atoyanc matosyanԼուսանկարում՝ "Հատակում", ֆիլմի նկարահանման ընդմիջման պահ։
Ձախից՝ Ռուզան Սուքիասյան, Մհեր Մկրտչյան, Լևոն Աթոյանց, Ռոբերտ Մաթոսյան, Սարգիս Պետրոսյա։

Ընկերներս, բարեկամներս, Սպիտակի շրջանի ղեկավարները ինձ հաճախ էին հարցնում, թե մի օր երբ ես Ֆրունզիկ Մկրտչյանին Սպիտակ բերում: Նույնիսկ նախատում էին, կատակով ամոթանք տալիս, որ "ՖԻԼՄ" թերթի խմբագիրն ես ու նրա հետ հանդիպում չես կազմակերպում: Կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը նոր էր ավարտել "Մեր մանկության տանգոն" և նրա հետ որոշեցինք առաջին ցուցադրությունն անցկացնել Սպիտակում ու մեկ-երկու օր հանգստանալ:
Հասկանալի է, ղեկավարությունը լավ նախապատրաստվել էր, առաջին քարտուղարը նույնիսկ իրեն սպասարկող մեքենան էր ուղարկել, ազդագրեր, հրավիրատոմսեր էին տպել, և այլն և այլն ..
Չհասծ Ափնա գյուղ, մեկ էլ անսպասելիորեն մաքենայի առաջը կտրում են: Իջնում եմ, սպիտակցի տղաներ են՝ Պողոսյան Դավիթի ղեկավարությամբ: Եկել են մեզ դիմավորելու: Դե շրջանի ղեկավարի մեքենայով ենք գնում, գույնով, համարով տղերքը գիտեին... Ասում եմ շնորհակալություն, դե շարժվեցինք... Ասում են չէ որ չէ, Մաթոսյան ջան, էս աջ կողմի ոլորանի վետերոկում սեղան ենք գցել...
- Տղերք ջան ժամանակ չկա, առանց այն էլ քարտուղարը սպասում է, պայմանավորված ժամ ունենք..
Մեկ էլ Ալբերտը մեր մեքենայի միջից զայրացած գոռում է.
- Էդ ովքե՞ր են է... Մոտենում եմ, իրադրությունը բացատրում: Մեկ էլ Ֆրունզիկ Մկրտչյանը, ով կյանքում հավանաբար շատ ու շատ նման պահեր էր ունեցել, հանգիստ տոնով ասում է.
- Էհ քարտուղար է, թող սպասի.. Բոլորն իրար երեսի են նայում ու ժպտալով ասում .
- Էհ քարտուղար է թող սպասի...
- Թող սպասի...Մնացյալը հասկանալի է, սեղանի քարտուղարությունը սպիտակցի տղերքն իրենց ձեռքն էին վերցրել:
- Մի փոքր դադար առնելու, համ էլ զանգելու, զգուշացնելու համար սկզբում մտնում ենք, ճանապարից ոչ հեռու գտնվող, Սպիտակի մեր տուն... Սովորական հասարակ մի տուն ՝ պատերին փակցված կարպետներ: Փայտե հնաոճ մահճակալներ... Հաստ, բայց կոկիկ իրար վրա դարսած անկողիններ: Մեկ էլ ֆրունզիկ Մկրտչյանը հիացած վրա է բերում..
- Ես այստեղից ոչ մի տեղ էլ չեմ գնա: Նույնիսկ Լենինականում Արամայիսի կազմակերպած "Ծիծաղի տուն" չեմ գնա... Այս տունը մեր հին տունն է հիշեցնում... Եթե դեմ չեք, Թամարն էլ համաձայն է, ուրիշ տեղ չեմ գնա, դիմելով մորս ասում է նա:
Այդ օրվա սցենարով նախատեսվածը առաջին քարտուղարի ընդունելությունն ու ճաշն էր... Իսկ "Տանգոյի" ցուցադրությունը հաջորդ օրն էր:
Դեռ Երևանում Արամայիս Սահակյանը ինձ խնդրել էր,ասելով հույսս դու ես, ինձ Ֆրունզիկը մերժել է, պատասխանելով, որ Սպիտակ եմ գնում: Եվ եթե կարող ես, Սպիտակից ընդամենը մեկ ժամով ֆրունզիկին մի կերպ Լենինականյան երեկոյին հասցրու., առանց իրեն ինչ "Ծիծաղի տուն":
Կարճ ասաց մի կես ժամ ուշացումով, նույն ծառայողական մեքենայով 20-25 րոպեից Լենինականում ենք: Երբ ֆրունզիկ Մկրտչյանը լեփ-լեցուն դահլիճ մտավ, Դուք պիտի այդ պահի ականատեսը լինեիք... Մի քանի րոպե շարունակ հադիսատեսը ոտքի կանգնած ծափահարում էր, ծափահարում էր իր տաղանդաշատ Զավակին... Եվ ապրիլմեկյան "Ծիծաղի տունը" մի իսկական ծիծաղի տոնի վերածվեց: Մուշեղիչն իր ասելիքն ասաց ու անմիջապես դեպի Սպիտակ: Բոլորն անհամբեր սպասում էին:
Հաջորդ օրը նույն որոտընդոստ ծափահարությունները այս անգամ արդեն Սպիտակի "Գարուն" կինոթատրոնում: Այդ ծափահարությունները տեսել եմ Հայաստան աշխարհի ամեն մի քաղաքում ու գյուղում,որտեղ որ եղել ենք Մեծ Արտիստի հետ:
Հրաշալի ժամանակներ... Արվեստը, մշակույթը, կինոն, տաղանդը գնահատող ժամանակներ.. Առանց սորոսի ժամանակներ..

Ռոբերտ Մաթոսյան
28․12․2020 ՖԲ

Ճակատագրի հեգնանք, կամ նա լրիվ մենակ էր

Ֆրունզիկ Մկրտչյանի նկատմամբ տածած համաժողովրդական այդքան մեծ սիրո , ամենուր հիացական ընդունելության, կողքից թվացյալ անսահման երջանկության պարագայում, ինձ թվում էր, նա լրիվ մենակ էր: Մենակ էր տանը, մենակ էր դրսում, շրջապատում... Դատարկությունն այդ ՝ բեմն ու նկարահանման հրապարակն էին լցնում, նրա կերպավորած անզուգական հերոսներն էին լցնում:
Հիմա էլ բավականին թվով մարդկանց կարելի է հանդիպել , ովքեր կասեն շատ մտերիմ եմ եղել Ֆրունզիկի հետ, Գուցեև այդպես է, սակայն ինքը հոգեկերտվածքով միայնակ մեծություն էր...
Մի առիթով, երբ Պռոշյան փողոցի վրա գտնվող իր բնակարան բարձրացանք, լուռումունջ պտտվեց սենյակում, հենց էնպես, մեխանիկորեն դատարկ, սառցակալած սառնարանը բացուխուփ արեց ու ասաց . ,, Էհհ՜ մարդիկ էլ կարծում են , թե ես շատ երջանիկ եմ ... ,,
Այդքան լայն ընկերական շրջապատ ունենալով հանդերձ, միայն մի սրտացավ մտերիմ ընկեր ուներ՝ Ազատ Շերենցը , որի մահվան հաջորդ օրը՝ դեկտեմբերի 29-ին ինքն էլ վախճանվեց :
Ճակատագրի հեգնանք...
Սիրում էր մարդկանցից փախս տալ, մի որոշ ժամանակ մեկուսանալ, միայնակ մնալ:
Ասում էր ես գնացի, մի քանի օր իմ պալատում կլինեմ, եթե ժա­մա­նակ գտնես արի: Խոսքն այն ժամա­նակ­վա ,, Լեչկոմիսիայի ,, մշտապես իրեն հատկացվող պալատի մասին էր, որտեղ իբր թե բուժվում էր:
Շատ չէր մնում`մի չորս-հինգ օր: Սակայն էդ չորս-հինգ օրը բժիշկների ձեռքից պրծում չկար: Ժամը 6-ից հետո կեր ու խում էր, ռեստորանը գլուխը քարով էր տվել: Ես էլ եթե ոչ ամեն օր, ապա մեկ ու մեջ գնում էի: Նախ մինչև պալատի ,,ներկայացումն,, սկսվելը հան­գիստ զրուցում էինք, երբեմն էլ «Ֆիլմ» թերթի համար ձայ­նագրում էի: Ավելի քան 10-15 դիսկ ու կասետ ձայնագրություներ են պահպանվել, որ նախատեսել էի աշնանը վերծանել : Այն էլ 2020-ի մղձավանջային այս օրերը սկսվեցին ... Ինչևէ...
Զարմանալու առիթ չկա. որ հայկինոյի բեմադրող ռեժիսորների շարքում ,,Անկրկնելի կինոճանապարհ,, գրքում ընդգրկել եմ նաև Ֆրունզիկ ( Մհեր ) Մկրտչյանին: Նախ նա իր բոլոր նկարահանված ֆիլմերում, դա կլինի դրսի թե ներսի, ռեժիսուրայի առումով այնքան գաղափարներ է շռայլել, որ եթե էպիզոդ առ էպի­զոդ հավաքենք, միայն այդքանն էլ բավական է, որ նրան նաև կինռե­ժիսոր համարենք: Այդուհանդերձ 1986 թվականին Ֆրունզիկ Մկրտչյանը կինոյում հանդես եկավ նոր ամպլուայով` ռեժիսորի կոչումով: Նա էկրանավորեց իր առաջին ու վերջին՝ Մաքսիմ Գորկու «Հատակում» երկսերիանոց ֆիլմը :
Շատերն ասում էին` ինչո՞ւ հենց Գորկու հատակումը, ինչո՞ւ հենց ռուսական թեմա, մի՞թե հայկական թեմայով սցենար կամ նյութ չկա: Ու պետք էր լսել նրա պատասխանները: Մոտավորապես այսպես. «Որ Գորկու հատա­կումը ժամանակի և ազգային նյութի սահմանափակումներ չունի, որ այս պիեսը համաշխարհային գործ է»: Օրինակներ էր բերում, որ դեռևս 1936թ.-ին «Հատակում»-ը էկրանավորել է Ժան Ռենուարը, որ այնտեղ հրաշալի դերասանական համաստեղության կա, և որ Ժան Գաբենի լավագույն դերակատարումներից մեկն է: Ասում էր, որ այդ հրաշալի պիեսին 1957թ.-ին անդրադարձել է նաև կինոռեժիսոր Ակիրա Կուրո­սա­վան, այն ռուսական միջավայրից տեղափոխելով ճապոնականի: Իսկ իր համար ամենակարևորը նա համարում էր, որ «Հատակում»-ը դերասաններին բացվելու անսահման հնարավորություններ է ըն­ձե­ռում:
Աչքիս առաջ է, թե ինչպես Մհեր Մկրտչյանն ամեն օր երկրի, աշ­խարհի տարբեր ստուդիաներից նկարահանումների հրավերների առաջարկություններ էր մերժում: Նա նույնիսկ մերժեց Ռեզո Չխեի­ձեի` իր այնքան սիրելի «Դոն Կիշոտ»-ում խաղալու խնդրանքը: Ու այս միկրոմթնոլորտում նա սկսեց «Հատակում»-ի էկրանավորումը: Անհնարին է ներկայացնել, թե ինչպիսի երևակայությամբ ու ռեժիսո­րական մտքի թռիչքով էր աշխատում կինոբեմադրիչ Ֆրունզիկ Մկրտչ­յանը. ամենուր` նկարահանման հրապարակում, մոնտաժման ու ձայնագրման սենյակներում: Ով սա տեսել է, ուրեմն կինոարվես­տի ստեղծման երջանիկ ստեղծագործական պահերի է ականատես եղել:
Առաջին ցուցադրումն է: Բոլորը լուռ, շունչները պահած դիտում են: Դերասանական ինչպիսի հրաշալի խաղ: Նրանք բոլորն առանց բա­ցառության իրենք իրենց գերազանցում են: Անմնացորդ խաղ` Սա­տին-Սոս Սարգսյանի, Բարոն-Մհեր Մկրտչյանի, Նաստյա-Թամար Հով­հաննիսյանի, Վասիլիսա-Անահիտ Թոփչյանի, դերասան-Վլա­դի­միր Մսրյանի, Լուկա-Ազատ Շերենցի, Պեպել-Ալեքսանդր Խա­չատր­­յանի կողմից:
Համաշխարհային դրամատուրգիայի այս գլուխգործոցը ռեժիսո­րը տեղայնացրել է` միաժամանակ պահպանելով ամենակարևորը` համամարդկայինը: Ֆիլմն այնպես է նկարահանած, կարծես Գոր­կին այս դրաման գրելիս աչքի տակ այսօրվա հայկական միջավայրն ու դերա­սաններին է ունեցել: Երկսերիանոց այս ֆիլմով Ֆրունզիկ Մկրտչ­յանն ասաց, որ ինքը նաև մեծ կինոբեմադրիչ է:

Դիտեք և կհամոզվեք:

Ռոբերտ Մաթոսյան
FB էջից

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ  ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ  ՄԱԹԵՎՈՍՅԱՆԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐՈՎ ԵՎ ԴԻԱԼՈԳՆԵՐՈՎ ԿԻՆՈԵՐԵԿՈՆԵՐԻ ԱՌԻԹ

«Մենք ենք մեր սարերը» (սցենարի հեղինակ Հրանտ Մաթևոսյան, բեմադրող  ռեժիսոր Հենրիկ Մալյան):

ԻՐԱՊԱՏՈՒՄ

70 –ականների օրերից մի օր, մեր տուն եկան պապիս հորեղբոր երեք պարթևահասակ տղաները, հորս դրսում կալմեջ անելով, սկսեցին դժգոհել, թե քո հորեղբայրը, այսինքն իրենց հայրը, հալալ քրտինքով ապրող, շինական մարդ է... Կյանքում մեկի հավին քշա ասած չկա... Դեռ լույսը չբացված  ավանակի փոքր «տաչկայով» գնում է իր հողամաս, օրվա վերջում էլ  դաշտերից ծղոտ ու խոտ հավաքում, մութն ընկնելուն պես բերում ՝  մեր կով ու կթանն  է պահում:
Խեղճ  հորեղբայրդ էդ ում է ինչ  արել, որ թերթում  գրել-մրել են ու  ծաղրել... Ասում են տղադ էդ գրողին գիտի: Հայրս, որ մի տեսակ մոլորվել էր ասաց ներս եկեք, ինքը տանն է.. Ասացին գիտենք, որ Երևանից եկել է, դրա համար էլ, մենք պարզելու շատ բան ունենք...
Պապիս հորեղբորը, որին Հարություն ամի էինք ասում, ես էլ էի շատ  սիրում: Նրանց տունը մեր տան ճանապարհի վրա էր:  Մեկ-մեկ երբ հանդ չէր գնում, միշտ դրսում, իրենց բակում նստած էր  լինում, դպրոց գնալ-գալիս  բարևում էի, խնդրում, որ պատմի մեր  Մաթոսանց ազգի մեծերի, Սարդարապատի կռվի մասին՝ որին նա մասնակցել էր...
Տղերքի դրսի բարձրաձայն խոսակցությունը որ լսեցի,  ներս գալուց հետո անմիջապես բացատրեցի, որ բամբասանք է, նման բան չկա... Մեկ էլ միջնեկ տղան Հրաչն ասաց, թե ես  իմ աչքով եմ «Ավանգարդ» թերթում կարդացել, որ Ալխոն  կոլխոզից կարտոֆիլ ու խոտ է գողանում  ... Իսկ մեր հայրը դաշտում մնացած ծղոտն է բերում: Գրել են, որ Ալխոյի բեռը ծանր է, իբրև տունն ուզում է վաճառի ու Կիրովական տեղափոխվի... հետո էլ թե. տղին ոչ մեկը չի հարգում , որովհետև  սիրուհիներ է պահում: Էստեղ լեզուս կծեցի, քանի որ պապիս հորեղբոր Հարությունի ածական անունը Ալխո էր: Էդ էլ ասեմ  նրան ոչ մեկը չէր համարձակվում  ածական անունով դիմել, հայհոյանքների տարփ կսկսվեր... Ուղղակի երբ մեր տներում խոսք էր բացվում  նրա գերդաստանի մասին, բացի հորիցս, որը միշտ Արութեն ամի էր ասում, մյուսները, երբեմն-երբեմն ածական՝ Ալխո անունն էին տալիս:
Մտքումս տվեցի առա, որ սա Հրանտ Մաթևոսյանի «Ալխո» պատմվաքի  հետ կապված կլինի:
Այդ օրերին «Ավանգարդ«» թերթում  նրա նոր լույս տեսած  «օգոստոս» գրքի կապակցությամբ՝ կամ գործից հատված, կամ էլ գրախոսություն պիտի տպագրված լիներ:
Հիմա սրանք կպել են ինձ, թե դու դրա՝ այսինքն Հրանտի տան տեղը մեզ պիտի Երևանում ցույց տաս, դա ով եղավ, որ մեր հալալ քրտինքով ապրող հորը գող է հանել, տղան Հրաչն էլ (հավանաբար պատմվածքի Հենրիկ անունն էր խճճել) ավելացնում է, բա ինձ համար էլ գրել է, թե ոչ մեկը Ալխոյի տղային չի հարգում, սիրուհիներ է պահում ու ուզում է Կիրովական տեղափոխվի: Մենք էդ գրողին, ո՜չ ավել ո՜չ պակաս, պիտի սպանենք...
Հիմա ես հո չեմ քրքջում, հո չեմ ծիծաղում...  Մի պահ հայրս զայրացավ, թե ինչ ծիծաղելու բան է ... Մարդկանց մի սպառիչ պատասան տուր:
Հրանտ Մաթևոսյանի «Օգոոստոս»-ը, Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ»-ը, մեր ուսանողության շրջանի սեղանի գրքերից էին, հիշեցի որ գրապահարանում ունեմ:
Վերկացա, հենց իրենց աչքի առաջ «Օգոստոս» գիրքը հանեցի  ու ցույց տվեցի գլխավերևի Հրանտ Մաթևոսյան անուն ազգանուննը: Մեկ առ մեկ սկսեցի թերթել ու տակից վրայից կարդալ, բացատրել, որ նա մի այնպիսի գրող է, որ ամեն մեկիս թվում է, թե մեր մասին է գրել …
Իսկ Ալխոն էլ ձիու անունն է:
Չգիտեմ  նրանց  համոզեցի թե ոչ, սակայն որ Հրանտին հաշվեհարդարից փրկեցի, դա ստույգ կարող եմ ասել:
Մի առիթով, երբ այս մասին Հրանտին պատմեցի: Միշտ մռայլ թվացող գրողի դեմքին լուսավոր ժպիտ հայտնվեց... Հետո ասաց, որ Ծմակուտի իրենց  գյուղացիներն էլ, իրենից այնքան գոհ չեն:
Էստեղ են ասում, որ Մարգարեն յուր գավառում լույս չի տալիս..

Ռոբերտ Մաթոսյան
FB էջից