Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է

Армен МарутянԱճեմյանի կուրսում էի սովորում։ Ֆրունզն էլ Աճեմյանի ասիստենտն էր ու մեզ դաս էր տալիս։ Մի օր եկավ դասի, գրատախտակին խզբզեց ու հարցրեց.
— Ի՞նչ եմ նկարել։ Ասացինք.
— Խզբզեցիք։ Ասաց.
— Այնքա՜ն բան եմ նկարել, դուք չեք տեսնում։
Հետո ինքն իր խզբզածի մեջ սկսեց պատկերներ ցույց տալ։ Այդ մարդը մի խզբզոցի մեջ երեսուն պատկեր տեսավ։ Այ, այստեղ էր կայանում նրա ուսուցման ձևը։ Նա սովորեցնում էր, որ արվեստագետն ամեն ինչի մեջ պետք է տեսնի լավը, զեղեցիկը։ Կամ գալիս էր դասի ու որևէ մեկին հարցնում.
— Դու որտե՞ղ ես ապրում։
— Երրորդ մասում։
— Իսկ ինչո՞վ ես զալիս դասի։
— Տրամվայով։
— Գալուց ճանապարհին ի՞նչ տեսար։
— Տոմսավաճառին տեսա, ծառ տեսա...
— է՜, բալիկ ջան, հեչ բան չես տեսել։ Ո՞նց կարելի է Երրորդ մասից տրամվայով գալ, հասնել թատրոն ու ճանապարհին ոչինչ չտեսնել։ Չէ՞ որ կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է։
Այնպիսի բաներ կասեր, որ կխելագարվեիր։ Մի օր նրան հարցրեցի.
— Մուշեղիչ, այս ժամերն ինչո՞ւ են հետ տալիս, առաջ տալիս։
— Որ լույսն  իզուր չբացվի,— պատասխանեց։ Ֆրունզը չէր ապրում իր կյանքը, իր խմելը, իր ուտելը, ողջը թատրոն էր։ Նա փողոցում էլ էր ստեղծագործում։ Անհնար էր, որ ինքը գար թատրոն, մտներ մի տեղ ու մի նորություն չբերեր իր հետ։ Բոլորից տարբեր էր ու շատ հետաքրքիր։ Խմում էր՝ հետաքրքիր էր, չէր խմում՝ հետաքրքիր էր, նեղանում էր՝ հետաքրքիր էր... Հետաքրքիր մարդ էր, անչափ հետաքրքիր։

Արմեն Մարության
Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան

- Մեզ այնպիսի դասախոսներ էին դասավանդում, որ դասից փախչելը մեղք կլիներ: Բախտ էր վիճակվել սովորելու Վարդան Աճեմյանի, Մհեր Մկրտչյանի, Լեւոն Ներսեսյանի, Լուիզա Սամվելյանի, Ադո Ադոյանի եւ այլ տաղանդավոր մարդկանց կուրսում: Մենք երազում էինք, որ Ֆրունզիկը մի քիչ երկար խոսի, որ ավելի երկար շփվենք, հիմա չգիտեմ` այդպիսի դասախոսներ կա՞ն: Շատ հետաքրքիր մարդ էր, մտնում էր լսարան, գրատախտակին ինչ-որ գծեր էր քաշում, խզբզում, հետո դիմում էր մեզ ու հարցնում` ի՞նչ եմ նկարել: Երբ գլխի չէինք ընկնում, մտածկոտ դեմք էր ընդունում, հետո զայրանում էր, թե ինչպես այդ խզբզանքի մեջ չենք կարողանում որեւէ պատկեր գտնել:

Արմեն Մարության


Ժամը

Զրույցի ժամանակ դերասան Արմեն Մարությանը հարցնում է.
- Ֆրունզ ջան, տեսնես էս ժամերը ինչի՞ են առաջ տալիս։
- Արմեն ջան, չգի՞տես, որ օրը շուտ սկսվի։


 Օրը 25 Ժամ

- Օրը 25 ժամ կաշխատիմ։
- Բայց, Ֆրունզ ջան, օրր 24 ժամ ունի։
- Ես մե ժամըմ շուտ կհելնիմ։ 


 

Печать