От Дмбуза Арсена до трагического Фрунзика

Ֆրունզյան հիշողությունների պատառիկներով

Кима Егиазарян«Մեր 2000-ամյա թատրոնի պատմությանը քաջատեղյակ լինելով՝ ինձ համար երեք բարձունք եմ առանձնացրել՝ Պետրոս Ադամյան, Վահրամ Փափազյան եւ Մհեր Մկրտչյան: Երբ Ֆրունզը մահացավ, ես ցավով նշեցի, որ մեր վերջին արտիստը մահացավ»,- մկրտչյանական ֆենոմենի նմանատիպ գնահատումով պատմում է արտիստին մանկության տարիներից ճանաչած ու նրա մեծությունը այդ ժամանակներից ի վեր հաղորդակից դաձած, այժմ լրագրող, բայց մասնագիտությամբ թատերագետ Կիմա Եղիազարյանը:- Մնացածներն, իհարկե, մեծ դերասաններ էին, բայց ինձ համար արտիստ այդ երեքն էին:
Իր մշտական ու երբեք չմոռացվող ներկայությամբ` մեծ գյումրեցու կերպարն այսօր էլ տիկին Կիմայի հիշողության բոլոր շրջափուլերում է: Ոչ միայն կնոջ մանկությունը, այլեւ պատանեկության ու երիտասարդության հուշերն են շաղախված մկրտչյանական կերպարի ամենատարբեր դրսեւորումներով:
-1970 թվականն էր, երբ առաջին անգամ տեսա Ֆրունզին: Իր «Վոլգա» մենքենայով եկավ, կանգնեց մեր բակում: Այն ժամանակ «Վոլգան» շատ թանկարժեք էր, ու ամեն մեկը չուներ: Մեքենայից իջավ Դոնարա Մկրտչյանը: Ձեռքին 2 շոկոլադե սալիկ ուներ, ու երբ մենք, երեխաներով վազելով եկանք նրան մոտ, շփոթմունքից Դոնարան սալիկները քցեց ներքեւ ու զարմացած մեզ էր նայում:

Фрунзик (Мгер) МкртчянԱյդ պահին եկավ ֆրունզն ու մեզ ուրախ ասաց` ո՞նց եք, երեխեք: Բոլորս մի տեսակ քարացել էինք. մտածում էինք` դերասանը ոնց կարող է խոսել մեզ հետ: Իսկ Ֆրունզն այնքան անմիջական էր, այնքան հասարակ: Բակի չարաճճի տղաներից մեկն էլ, շատ միանգամից ու անմիջական արձագանքեց` «Լավ ենք, դմբուզ Արսեն, լավ ենք»: Այդ ժամանակ բոլորը Ֆրունզին ճանաչում էին «Նվագախմբի տղաների» դմբուզ Արսենով, ու այդ կերպարը շատ երկար ժամանակ մնաց:Ապա անընդմեջ հետեւողականությունը դերասանի հաջողություններին, ձեռքբերումներին ու կինոարվեստի նոր նվաճումներին եղավ արտիստի քրոջ` տիկին Կլարայի պատմածներով, ինչը դերասանին ավելի մոտիկից ճանաչելու ու նրան մոտ զգալու հնարավորություն ստեղծեց: Ստեղծագործական ու բեմական կյանքից զատ` հանգամանքների բերումով անձնական շփումը արտիստի զավակների ու զրուցակցիս միջեւ եւս դառնում է Մկրտչյանին շաղկապված հիշողությունների մի պատառիկ:-Մկրտչյանն ուԴոնարան զբաղված էին հյուրախաղերով` Մոսկվա, Բեյրութ, Ֆրանսիա: Երկրից անընդհատ բացակայությունների ժամանակ Մկրտչյանի մայրը` Սանամ տատը` մի քիչ մռայլ, շատ հասարակ, մազերը հետեւում հավաքած մի կին, հաճախ Նունեին՝ դերասանի աղջկան, բերում էր տիկին Կլարայի տուն: Ու աղջիկն էլ անընդհատ պատմում էր հոր մասին, խոսում էր ներկայացումներից: Երբեմն էլ մենք, երեխաներին բնորոշ ըմբոստությամբ, կռվում էինք, վիճում ու Սանամ տատն էր մեզ բաժանում,- մանկության հուշերն է շարունակում փորփրել տիկին Կիման: Մտապատկերում այնուհետ հայտնվում է Ֆրունզի որդին`Վահագնը, ում մասին նա խոսում է առանձնակի հիացմունքով.

Ваагн Мкртчян-Վահագնը ուրիշ էր, զարմանալի երեխա էր: Լրիվ այլ աշխարհից էր, ուրիշ բան կար նրա մեջ, որը սովորական մահկանացուներիս նման չէր: Ինքը հենց այդպես Աստծո տված դրոշմով էր ծնվել ու նկարում էր շատ լավ: Ու ես այնքան ցավ էի ապրում, որ այս հասրակաության մեջ ինքը անհամատեղելի էր: Նա այնքան մեծ էր, ու մեծ էին նաեւ նրա հայացքները: Բայց մորից ժառանգած հիվանդությունը 90-ականներն դառնում է Վահագի հոգեկան խանգարման եւ մահվան պատճառը:
Դերասանի անձնական կյանքի դժվարությունները, կնոջ` Դոնարայի Հարությունյանի հիվանդությունը, որդու մահը ամբողջապես հյուծում են դերասանին: Ու այդ ընթացքում դերասանուհի Թամարա Հովհաննիսյանն է իր ներկայությամբ դառնում Ֆրունզի դժբախտությունների, ապա նաեւ կյանքի ուղեկիցը:
-Ֆրունզին հետո տեսա ահագին տարիներ անց, երբ սովորում էի «Հայֆիլ»՚ կինոստուդիային կից կինոդերասանական բաժինը` Ալբերտ Մկրտչյանի դասարանը: Տարբեր ֆիլմերի նկարահանումների, ինչպես նաեւ դասախոսությունների ժամանակ նա գալիս էր, հանգիստ նստում ու նայում էր, երկար նայում: Հետո մի փոքրիկ միջամտություններ էր անում, մի դետալ էր ավելացնում, ձեռքի, դիմախաղի, ժեստի ու հագուստի մի փոքրիկ, չնչին էլեմենտ, ու կերպարը զարմանալի կենդանանում էր, փայլ էր ստանում,- հիշում է Կիմա Եղիազարյանը:
Լռիկ, չխոսկան ամեն բան նկատող ֆրունզյան կերպարից զատ` կնոջ հիշողություններում է նաեւ զրույցները մեծ արտիստի հետ` կինոյի ու արվեստի շուրջ` մտածողության յուրատեսակ դրսեւորումներով ու սեփական փիլիսոփայությամբ. «Ու ամեն անգամ ես համոզվում էի, թե էդ մարդն ինչքան պարզ, ինչքան սովորական է: Ինչ հարց ուզում էիր տայիր, կպատասխաներ: Դա խոսում էր նրա իրական մեծության մասին»:
Թատրոնի ու կինոյի շուրջ ծավալված զրույցները թատերարվեստին այն ժամանակ մոտ կանգնած կնոջ համար նորովի են բացահայտում Ֆրունզին` նախեւառաջ ակնհայտ դարձնում արտիստի հիասթափությունը Սունդուկյանի թատրանում տիրող մթնոլորտից, Վարդան Աճեմյանի հետ ունեցած հակասություններից ու մինչեւ վերջ չբացահայտվելուց:
-Հետո, երբ ինքս ինձ վերլուծում եմ, հասկանում եմ, որ թատրոնում նա ամբողջությամբ չբացահայտեց իր տաղանդը: Իր վեհությունը նա չգտավ թատրոնում: Չեղավ այն բեմադրիչը, որ Ֆրունզի ուզած պիեսները բեմադրեր: Ամեն դեքպում Ֆրունզը հանրաճանաչ դարձավ կինոդերերով, այն դեպքում, երբ ինքը ավելի շատ ողբերգական ժանրի մեծ դերասան էր, որին պարզապես չօգտագործեցին:
1993թ. դեկտեմբերի 29-ի հետ կապված վատ հուշերը երկարամյա լրագրողը մեծ հուզումով է հիշում.«Ես շատ մեծ վիշտ ապրեցի ու հիշեցի, որ մահվանից ամիսներ առաջ անցնում էինք Պռոշյան փողոցում գտնվող նրա տան մոտով: Սարսափելի ցուրտ եղանակ էր: Իր կիսամաշ բաճկոնի մեջ կուչ եկած` նա անցնում էր փողոցով. ձեռքին պարկով դատարկ շշեր էին: Այնքան վատ զգացի նրան այդ վիճակում տեսնելով, որ չնկատելու տվեցի: Լրիվ մենակ էր մնացել՝ Թամարը հեռացել էր նրանից, Նունեն ամուսնու հետ Արգենտինայում էր, քույրերն ու եղբայրը իրենց ընտանիքներն ունեին: Գրեթե նույն ծանր վիճակում Ֆրունզին տեսել էի նաեւ Մոսկվայում` 90-ականներին»:
Դոնարան մահացել էր Սեւանի հոգեբուժարանում, Վահագնը՝ Նորքի հիվանդանոցում, ինքը` տանը՝ միայնության մեջ ու լքված: Տիկին Կլարան հետո պատմել էր, որ մահվան օրը տանը, բացի մի կտոր հացից ու կես շիշ օղուց, ոչինչ չի գտել:
-Այս ամեն դժվարություններին զուգընթաց` նա կյանքի հումորի իր չափաբաժինը երբեք չկորցրեց: Նունեն պատմում էր, թե ինչպես մի անգամ, կարճ շրջազգեստով ուզեցել է տանից դուրս գալ, հայրն ասել է՝ «Բա, յուբկեդ, Նունե, յուբկեդ մոռացել ես հագնել»:

Մարինե Պետրոսյան
Կիմա Եղիազարյան

9.Նոյեմբեր.2013

 

Печать

Ո՞ւմ ոտքն է

Венера Милосская1988-ին թե 1989-ին էր, հիմա լավ չեմ հիշում:
Մի օր, Մհեր Մկրտչյանը կնոջ՝ Թամար Հովհաննիսյանի հետ եկավ մեծ քրոջ՝ Կլարայի տուն: Կլարան մեր հարեւանուհին էր, մորս ընկերուհին: Այդ օրը Կլարայի աղջկա՝ Գայանեի նշանադրության օրն էր եւ, բնականաբար, մենք էլ էինք հրավիրված:
Մի խոսքով, քեռին եկել էր մասնակցելու Գայանեի նշանադրության խնջույքին:
Մի քիչ կերանք-խմեցինք ու Մհեր Մկրտչյանը, որ այդ ժամանակ ահավոր նիհարել էր՝ հոգնեց ու գնաց կողքի սենյակը: Ես էլ նրա հետեւից գնացի, որ մի քիչ զրուցեմ հետը:
Իրոք, իսկական երեխա, ինչ հարց տալիս էի, անկեղծորեն ու ոգեւորված պատասխանում էր: 
Թատրոնից, դեսից-դենից խոսեցինք ու հասանք Խորիկին /Խորեն Աբրահամյանին/:
Ուզում էի իմանալ, թե մեծություններն իրար ինչպես են գնահատում:
Այն, ինչ պատմեց Արտիստը, մինչեւ հիմա հիշում ու ծիծաղում եմ.
- Գիտե՞ս, Խորիկը ինստիտուտում սեսիոն քննությունը ոնց է հանձնել: 
Ուրեմն՝ մտել է կերպարվեստի պատմության քննությանը, տոմսը քաշել է, նստել մի քիչ մտածել է ու դասախոսը՝ Վահան Հարությունյանը կանչել է: 
Ցույց է տվել Միլոսյան Վեներայի լուսանկարները, բայց միայն ոտքի հատվածը ու հարցրել է՝ ,,Ո՞ւմ ոտքն է,,:
Դե, Խորիկն էլ ո՞րտեղից իմանար, եսիմ ո՞ւմ ոտքն է, հազար տեսակ այդպիսի ոտքեր կան քանդակված: Բայց դասախոսը անընդատ ստիպել է, որ հիշի ու պատասխանի ու շարունակ կրկնել է՝ ,,Ո՞ւմ ոտքն է,,:
Խորիկն այդպես էլ չի իմացել: Դե, մի երեք մի կերպ ստացել ու դուրս է եկել կաբինետից: Բայց կաբինետի դուռը փակելուց հետո նորից դուռը բացել է, ինքը մարմնով մնացել է դրսում, միայն ոտքն է ցույց տվել ու բարձր հարցրել է՝  
,,- Ո՞ւմ ոտքն է,,: 
Միասին ծիծաղից ուշաթափվեցինք ու Արտիստը խոսքն ավարտեց.
- Հզո՜ր տաղանդի տեր է, Խորիկը...հզո՜ր...

Կիմա Եղիազարյան

Կիմա Եղիազարյանի Facebook-յան էջից

... Դոնարա Մկրտչյանին հե՛նց այս տարիքում տեսել եմ Սունդուկյանի բեմում.... Փոքր էի, հիմա չեմ հիշում՝ որ ներկայացման մեջ ...Բայց հետո իմացանք, որ ,,Զինվորը եւ փիղը,, ֆիլմի նկարահանումների ժամանակ է սկսվել նրա դեպրեսիան, շատերն են վիլնյուսյան նկարահանումների ժամանակ նկատել, որ նա իրեն ադեկվատ չի դրսեւորում, ինչից հետո խորացավ եւ հասավ հոգեկան խանգարման աստիճանի...
... Ավելի վաղ...Ֆիլմը երկար նկարվեց, նկարահանումները սկսվել են դեռ 1976-ից....Հենց այդ շրջանում, երբ Վիլնյուսի անտառներում էին նկարում Ֆրունզին՝ փղի հետ, այդ ժամանակ Դոնարան էլ պետք է մի քանի կադր նկարվեր: Երբ Ռեժիսորը՝ Դմիտրի Կեսայանցը նրան բացատրում է հերթական կադրում նրա անելիքը, որ պետք է ահավոր հուզվել, վշտանալ, լաց լինել...Դոնարան լրիվ հակառակն է անում. նկարելու ժամանակ սկսում է ուժգին ծիծաղել, քրքջալ...Այդ ամենի մասին մանրամասն պատմում էր ոչ միայն Կլարան, այլեւ Ալբերտ Մկրտչյանը, հետո՝ նկարահանման խմբի անդամները...
... Դա իրականություն է, փաստ...Մինչ այդ էլ տանը ինչ-որ տարօրինակ դրսեւորումներ Ֆրունզը նկատում էր, բայց քրոջը հումորով էր պատմում, բայց իրականում նրա մոտ խորանում էր հոգեկան խանգարումը...Դա, որքան գիտեմ, այդ տաղանդավոր դերասանուհու մոտ ի հայտ է եկել շա՜տ վաղ տարիքում....Դրա համար էլ նրա մայրը Գյումրիում հայտնի հարուստ կանանցից մեկը /կարծեմ՝ անունը Վարդուշ էր/ շա՜տ գուրգուրանքով էր վերաբերվում իր միակ զավակին ու Կլարի պատմելով միշտ, ամեն շաբաթ բեռով-բոխչով, ամեն ինչով գալիս էր Ֆրունզենց տուն...Սկզբնական շրջանում, քանի դեռ այդքան հայտնի չէր Ֆրունզը, Դոնարայի մայրն էր պահում այդ ընտանիքը եւ պահում էր շատ լավ...
... Ով՝ ում էր շատ սիրում՝ դժվար է ասել, բայց որ Դոնարան էլ հրաշալի, ինքնատիպ դերասանուհի էր եւ, հնարավոր է, որ Ֆրունզի արագ աճող փառքը կարող էր նրան ներքուստ զայրացնել՝ արագացնելով ներքին անհավասարակշռության խախտման պրոցեսը՝ դա եւս հիմնավոր ենթադրությունների շարքից է...
... Երկու տաղանդավոր մարդ մի ընտանիքում...Դա ահավոր բարդ բան է...

Կիմա Եղիազարյան

 

Ոսկե եռյակն այլեւս երկնքում է

11 օր առաջ ՖԲ-յան իմ էջում կատարած գրառումս այսպիսին էր. 
«1995-ին Համազգային թատրոնի գրական մասի ղեկավարն էի, թատրոն, որ հիմնադրել է Սոս ՍարգսյանըԱյդ տարիներին հատկապես Սոս Սարգսյանին համակել էր մահվան գաղափարը եւ շատ էր վախենումոր՝ հեսահեսա ինքը մեռնելու է:

Մեր զրույցների ժամանակ հաճախ էրասում՝ ախրմերոնք էլ ենէ՛էս տարիքում մեռել...

Լրիվ երեխա...

Իսկ նա այդ ժամանակ 66 տարեկան էր...
Ասում էի՝ չէդուք շա՜տ երկար եք ապրելու... Լսում էր ու էլի երեխայի պես ուրախանում էր...
Հիմա Սոսը 83 տարեկան էմի ամսից կդառնա՝ 84... Աստված արեւշատություն տա նրան:
Չգիտեսինչու հիշեցի այս պատմությունը:
Հա՛.... Ուզում էի ասել՝ մի՛ վախեցեք մահից...»:

Իմ այս կատարած գրառումից 11 օր հետո՝ երեկ ԱՐՏԻՍՏԸ մահացավ: Քիչ է ասել՝ կարկամեցի, մի տեսակ ոնց որ «բայղուշություն» արած լինեի:
Եվ այսօր իմ այդ գրառման տակ տեսա Karen Tovmasyan-ի մեկնաբանությունը. 
«Երեկ ամենաշատը ձեր այս ստատուսն եմ հիշելՃիշտ ա երբեք առանձնահատուկ համակրանքչեմ ունեցել Սոս Սարգսյանի նկատմամբբայց էս ստատուսը որ կարդացի մեջս ուժեղ տպավորվել էրու երեկ ասում էի փաստորեն երևի կանխազգացել էիք կամ էլ ինչ որտեղեկություն ունեիք»:

Պատասխանեցի, որ՝ ոչ մի տեղեկություն չունեի, երեւի, իրոք, կանխազգացում էի:
Պարզ է՝ երեկվանից մարդիկ իրենց ափսոսանքն ու ցավն են արտահայտում եւ կրկին համոզվում ես, թե ժողովուրդը որքա՜ն ուժգին է սիրում մարդկային եւ դերասանական այն տեսակը, որը Սոս Սարգսյանինն էր:
Ժողովուրդը հենց այնպես չի արտաբերում միայն անունները՝ Հրաչ, Փափազ, Ֆռունզ, Խորիկ, Սոս…
Երբ մեծերն իրենց արվեստով ապրեցնում են ժողովրդին, վերջինիս համար նրանք այլեւս իրենն են՝ իրենց սիրտը, հոգին, մաշկը, եւ արդեն «ավելորդ» են դառնում ազգանունները:
Հայ թատրոնի եւ կինոյի ոսկե եռյակը՝ Ֆռունզը, Խորիկը եւ Սոսը մի ամբողջ դարաշրջան են, որ վերջինիս մահով միայն թվում է, թե ավարտվեց:
Այս ոսկե եռյակը, ինչպես արդեն նկատվել է, դեռ սովետի շրջանում կարողացել է թատրոնում եւ կինոյում հաստատել «Մենք»-ի գաղափարը: Մենք՝ հայերս:
Արվեստագետի զտարյուն ազգային տեսակ, առանց որի անհնար է հետաքրքրություն առաջացնել համաշխարհային արվեստում:
20-25 տարի առաջ եղավ ժամանակ, երբ ոսկե եռյակը ներկայացնող անհատականությունները մի քիչ «խռովեցին» իրարից: Բայց որքան հեռացան իրարից, այնքան ուժգին սիրեցին իրար:
Հիշում եմ՝ 2004 թվականին՝ Խորեն Աբրահամյանի հուղարկավորության ժամանակ, Սոս Սարգսյանը, պարզապես, այլայլված էր եւ հենց Օպերայի թատրոնի շենքի մոտ, երբ ուզեցի «խոսեցնել» նրան՝ համարյա ապշած, թե ոնց պատահեց այս ահավոր բանը, պատմեց, որ մի քանի օր առաջ Խորիկի մոտ էր. 
«Մի քիչ իրեն լավ չէր զգում, ասի՝ Խորիկ, համը չհանես՝ հերթով է, ես քեզանից մեծ եմ, նախ ես պիտի գնամ, հետո՝ դու», - վշտացած ասաց Սոս Սարգսյանը:
Ի դեպ, Խորիկին վերջին հանգրվան ճանապարհող թափորը հազիվ կարողացավ զսպել զայրույթը, երբ իմացավ, որ այդ օրը Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը փակել են թատրոնի դռները եւ անհետացել են: Մինչդեռ նախատեսված էր, որ մեծ դերասանի աճյունը պետք է մի քանի րոպեով դրվեր թատրոնի բեմում: Այնինչ, դուռը փակելով եւ անհետանալով՝ թույլ չտվեցին:
Իսկ 2010-ին հրատարակած իր «Կանչ» գրքում, Սոս Սարգսյանը դառնացած գրում է, որ այդպես էլ չի կարողացել մի խոսք ասել Մհեր Մկրտչյանի հոբելյանին, որն անցավ աննկատ. 
«Առիթը եկավ, գնաց: Սպասում էի, սպասում էի… Բաց թողեցի:
Քո վաթսունամյակը… Հավատացած էի՝ աղմկոտ տոն ենք անելու, ու համարյա աննկատ անցավ, «լայն խավերի» սեփականությունը չդարձավ: Կարող է մենք էինք մեղավոր, տանը չէինք, մեր տանը չենք, միգուցե մեր տեղը չգտա՞ն: Մեր տան գործերը թողած, ուրիշ տեղ էինք, ես էլ, դու էլ՝ մեր տանը չէինք…Էս ո՞ւր ենք գնում:
Հաղթանակների սովորած՝ որտե՞ղ ենք հաղթանակներ փնտրում… Կյանքը մեզ դես-դեն արեց, ինչ-որ մարդի՞կ, թե՞ «ժամանակը դուրս է եկել իր շավղից..»:
Տունը Սունդուկյան թատրոնն էր, որտեղից տարբեր պատճառներով հեռացել էր ոսկե եռյակը:

Սոսն էլ երբեք իր հոբելյանները չի նշել, ո՛չ 50-ամյակը, ոչ՝ 60-ը եւ ոչ էլ՝ 70-ը:

Նա խուսափում էր իր տարադարձը դարձնել «պետական միջոցառում» թեեւ՝ միշտ առաջարկել են:

Եվ միայն 2009-ին համաձայնեց, որ իր 80-ամյակը նշեն Օպերայի թատրոնում: Սակայն հոբելյանական հանդիսության ավարտը նա վերածեց իսկական միտինգի:

Շնորհակալական խոսք ասելու համար հոբելյարը վերջում բեմ բարձրացավ ու իր ելութի մեծ մասը նվիրեց այդ օրերին մեկնարկած հայ-թուրքական գործընթացին, ինչին դեմ էր: Դահլիճը փոթորկվեց նրա ելույթից եւ, կարելի է ասել, նրա ամեն նախադասությունից հետո արձագանքում էր բուռն ծափահարություններով:

«Ես երազում եմ, որ ինչ լինի, մենք չմոռանանք, որ թուրքերը հինգ հարյուր տարի ուզում են մեզ վերացնել: Թուրքը չի կարող մեզ սիրել, ավելի ճիշտ՝ չի կարող մեզ չատել, քանի որ մենք մեծ վկան ենք նրա վայրագ էության:

Ինչ էլ լինի, չմոռանանք էս փաստը, Եղեռնը, եթե մոռանանք եւ ավելի հզոր թափով չշարունակենք պայքարել, որ թուրքերը ընդունեն իրենց անմարդկային արարքը, ազգերը, ցեղերը, պետությունները մեզ կարհամարհեն:

Մեր երկիրը պետք է վերադարձնի մեզ: Ամենակարեւորը՝ չի կարելի ժողովրդի փուշը կոտրել, մանավանդ՝ Սփյուռքի:

Ես երազում եմ՝ գիտակցենք, որ արյունով հետ բերած տարածքներից մի թիզ անգամ չենք կարող վերադարձնել թշնամուն: Այլապես, մեզ վրա կծիծաղեն: Ես միշտ հավատացել եմ հայոց հանճարին, շարունակում եմ հավատալ:

Երազենք:

Ուրեմն՝ եթե բոլորս երազենք, եթե պինդ երազենք, ապա իրականություն կդառնա մեր երազը»,- այդ օրը հայտարարեց Սոս Սարգսյանը:

Եվ վերջում. ով չի տեսել Խորեն Աբրահամյանի բեմադրությունը՝ «Հացավանը» եւ նրա հերոսներից մեկին՝ Մացակ ապորը մարմնավորած Սոս Սարգսյանի դերակատարումը, ապա, կարելի է ասել, առանց չափազանցության, լիովին չի կարող պատկերացնել Սոսի դերասանական հզորության չափը:

Մեր առջեւ ինչ-որ կուլակ չէր, այլ իր հողին պինդ կպած, արարող հայի հզոր տեսակ։

Այդպես են կերտում դերը՝ դարձնելով մոնումենտալ մի կերպար, որն ասում է՝ սա իմ հողն է, որտեղ ես ապրելու եմ մի՛շտ:

Ոսկե եռյակի արվեստի ուժը սա է՝ մենք, մե՛ր դեմքով ներկայանանք աշխարհին եւ պինդ երազենք, որ այն իրականություն դառնա:

Կիմա Եղիազարյան

Կիմա Եղիազարյան
http://www.7or.am/am/news/view/57265/