Արտիստը, Նկարիչը, Բժիշկը

Фрунзик МкртчянՀիշատակը սերում է գործերից:

Ե. ՉԱՐԵՆՑ

Այցիս նպատակը Բժշկի ընտանիքի հետ Արտիստի մասին մեր պատրաստած վավերագրական ֆիլմի դիտումն էր: Այդ օրը Բժիշկը տանը չէր, բայց տունը լիքն էր իրենով` ամենուրեք իր շունչն էր, իր կենդանի ներկայությունը: Տան պատերին իր դիմանկարներն էին, սեղանին` դստեր նախաձեռնությամբ հոր հետ հարցազրույցների տեսագրություններն ու նրա մասին պատմող ֆիլմերի տեսաերիզները, նախասրահում թաղարների մեջ խնամված ծաղիկներն էին, պատին` կնոջ գեղանկարչական աշխատանքները, որոնք հոգու մեջ կուտակված հույզերի ու զգացողությունների պոռթկում լինեին ասես` այնքա՜ն բնական ու ներդաշնակ նրա նուրբ ու զգայուն բնույթին: Ամեն բան իր տեղում էր, միայն տանտերը չկար…
Երանելի ժամանակներում երեքով հաճախ էին հավաքվում: Իրենց ընկերական հանդիպումներն էլ սովորաբար չնախատեսված էին: Բժիշկը կարող էր աշխատանքից մի ազատ օր զանգահարել, ասենք, Լոռվա ձորից, թե` «Եկեք, միասին հաց ուտենք»: Նկարիչն ու Արտիստը պիտի Երևանից հասնեին Լոռվա ձորի գողտրիկ մի անկյունում «սեղան գցած» իրենց ընկերոջը` հանդիպելու, զրուցելու հրաշալի առիթ: Զրույցը միշտ էլ թատրոնի, գեղարվեստի, ընդհանրապես մշակույթի մասին էր: Երբեմն Արտիստն էր ընկերներին հրավիրում Նկարչի արվեստանոց` «Պաղտասարիս վերջին փորձին ներկա եղեք»: Փորձ ասածն իր պատրաստվելն էր Պաղտասարի պատասխանատու դերին, որ Հրաչյա Ներսիսյանի վախճանից հետո Վարդան Աճեմյանն իրեն էր վստահել: Թատրոնում ընդամենը երեքժամյա փորձերը բավարար չէր համարում և երեկոյան Նկարչի արվեստանոցում էր շարունակում պատրաստվել: Մի ամբողջ ամիս Նկարիչն ու Բժիշկը նրա Պաղտասարի առաջին հանդիսատեսն էին: 
Բժիշկն ուրախ էր, որ իրենց այդ ջերմ հարաբերություններում ընկերները երբևէ կարիք չունեն իրեն դիմելու առողջական խնդիրներով: Բայց, դե, կյանքը հաճախ մարդու ցանկությունների հետ հաշվի չի նստում, և Արտիստը պիտի վիրահատվեր...
Անցան տարիներ: Արտիստն իր կյանքը բաժանեց երկու մասի: Հետվիրահատական շրջանի մասին ասում էր` «Ես նորից ծնվեցի, և իմ նոր ծնողը Բժիշկն է»: Մի անգամ, Բժշկի ծննդյան օրը, որ նշվում էր հիվանդանոցում` ամբողջ կոլեկտիվի ներկայությամբ, Արտիստը մի կատարյալ ներկայացում բեմադրեց, որի գլխավոր հերոսը Բժիշկն էր, իսկ նորածինը` ինքը: Բարեբախտություն է, որ պահպանվել են տեսագրությունները... Այդ օրը լրանում էր Բժշկի ծննդյան 45-ամյակը: Ի՜նչ երանելի ժամանակ էր` էկրանին ինքն էր` աշխատանքով ապրող, աշխատանքով երջանիկ, աշխատանքով ամուր ու միաժամանակ երեխայի պես փխրուն: Միջավայրը՝ սիրով ու ջերմությամբ լեցուն, ծննդյան տորթի վրա վառվող մոմերի թրթռուն լույսերով ողողված: Ծննդյան օրը շնորհավորելու եկած և Բժշկի ձեռքով հրաշքով փրկված Արտիստը նրան համարեց իր ծնողը, իսկ վիրահատության օրը` իր ծննդյան օրը. «Դուք, բժիշկներդ, վիրահատում եք մարդու մարմինը, մենք վիրահատում ենք մարդու հոգին, և եթե մարդը մեզնից գնում է հոգեպես փոխված, զգացված, բարիացած, ուրեմն մենք արել ենք մեր գործը»: 
Фрунзик Мкртчян - Frunzik Mkrtchyan - Ֆրունզիկ ՄկրտչյանԱյս խոսքի վրա տանտիրուհին ընդհատեց ֆիլմը, վերհիշեց տարիներ առաջ Արտիստի հիմնադրած թատրոնի առաջին` «Հացթուխի կինը» ներկայացման շնորհանդեսը:
-Արտիստը շատ էր ոգևորված իր հիմնադրած թատրոնի գոյությամբ և անմնացորդ տրվել էր իր մտահղացումների իրականացմանը: Ինքն իրեն ու բոլորիս համոզում էր, որ ուզում է իրեն շրջապատել ինքնուրույն, մտածող, ստեղծագործող երիտասարդ դերասաններով, որոնցից յուրաքանչյուրն իր գործունեությամբ կարող է զարդարել ցանկացած թատրոն, և անհամբերությամբ սպասում էր առաջին ներկայացման բեմելին: Արտիստի ոգևորությունը փոխանցվել էր նաև Բժշկին, ով նեցուկ եղավ նրան երկրի համար ծանր այդ տարիներին, աջակցեց ինչով կարող էր` հայթայթելու դեկորներ, բեմական հանդերձանք, կահույք, մի խոսքով, այն ամենը, ինչ անհրաժեշտ էր նոր ձևավորված թատրոնին: Նորաստեղծ թատրոնի կոլեկտիվին անգամ միկրոավտոբուս տրամադրեց: Այս ամենը թե՛ նյութական, թե՛ բարոյական, թե՛ հոգեբանական խթան էր սիրելի Արտիստի համար, Բժշկի սիրո և հոգածության արտահայտություն: 
Զրույցը շարունակվում է, և Բժշկի այրին ու դուստրն արդեն հաճելիորեն վերհիշում են մանրամասներ նորաստեղծ թատրոնի առաջնախաղից: 
Фрунзик Мкртчян - Frunzik Mkrtchyan - Ֆրունզիկ Մկրտչյան-Արտիստը հայտարարեց, թե ներկայացումը նվիրվում է Միքայելյան ինստիտուտի կոլեկտիվին ու իր սիրելի Բժշկին, ում շնորհիվ ինքը վերածնվել ու այսօր մի նոր գործ է հանձնում հանդիսատեսի դատին: Երկար ու բուռն ծափահարությունների, հուզմունքից արտասվող հանդիսատեսի առաջ բացվեց վարագույրը, և «Հացթուխի կինը» ներկայացումն սկսվեց:
Արդեն կայացած իրողություն էր նորաստեղծ թատրոնը իր անդրանիկ` «Հացթուխի կինը» պիեսի բեմականացմամբ: Երբ ներկայացումն ավարտվեց, հանդիսատեսի բուռն ծափերի ու գոհունակության բացականչությունների ներքո Արտիստը բեմ հրավիրեց Բժշկին ու… ծնկի իջավ նրա առաջ: Դահլիճը դղրդում էր ծափերից: Ծնկի իջավ նաև Բժիշկը: Այդպես ծնրադիր, հուզմունքով իրար գրկած երկա՜ր, երկար արտասվում էին Բժիշկն ու Արտիստը: Աննկարագրելի էր հանդիսատեսի արձագանքը` դահլիճից հուզախառը բացականչություններ էին հնչում, ծափահարություններն ավելի բուռն դարձան: Երկուսն էլ երջանիկ էին. Արտիստը, որ կարողացավ իրականացնել իր երազանքը, Բժիշկը, որ աջակից էր այդ երազանքի իրականացմանը: Անմոռանալի երեկո էր:
Շարունակեցինք դիտել ֆիլմերը, որոնք մի տեսակ կենսագրության էջեր էին Բժշկի կյանքից: Այս անգամ էկրանին Նկարիչն էր` խոհուն, խելացի, խոսքը` ծանրակշիռ ու իմաստուն: Ասելիքը Բժշկի մասին էր` երջանիկ Բժշկի հետ իր մտերմությամբ. «Ինքը բարի էր, շռայլ, հյուրասեր, մարդասեր, մարդուն բարձրացնել գիտեր, շատ հեշտ էր նրա հետ, նրա կողքին շատ հետաքրքիր էր»: 
Зулум Григорян и Гамлет ТамазянՍա` Բժշկի մասին, իսկ Արտիստի մասին ասելիքը հետևյալն էր. «Ինքը բնությունից օժտված էր, տաղանդը ինքնաբուխ էր ու անկառավարելի: Եթե այդ մանր-մունր դերերով չզբաղեցնեին նրան, նա կդառնար բոլոր հանճարեղ դերասաններից ամենահանճարեղը: Ժամանակ չունեցավ ու ջանք չգործադրեց կատարելագործելու ի վերուստ իրեն տրված շնորհները, չաշխատեց իր վրա: Նախախնամությունն այնքա՜ն շռայլ էր եղել նրա հանդեպ, այնպես շնորհալի էր ստեղծել նրան, որ ոչնչից կարողանում էր բան ստեղծել, ամեն անգամ նույն ներկայացումը նորովի էր խաղում, իմպրովիզացիայի մեծ վարպետ էր, անսահման վառ երևակայության տեր: Ինքը մեզ հետ, մեր կողքին նստած` միտքը սավառնում էր չգիտես որտեղ: Եթե մեր սիրելի Արտիստը մարմնավորեր համաշխարհային դասական կերպարներին, այսօր նրան հավասար քչերը կլինեին աշխարհի բեմերում, աշխարհը նրան նորովի կփառաբաներ, չնայած այն, ինչ հասցրեց անել, ինչ խոսք, դրվատանքի է արժանի: Նրան սիրում էր ժողովուրդը, ինքն էլ ժողովրդին էր սիրում, բայց ափսոս, որ ինքն իր արժեքը չիմացավ, ափսոս, որ մենք էլ մեր հերթին չկարողացանք նրան ուղղորդել դեպի մեծ խիզախումներ: Երազում էր Օթելլո խաղալ, չհասցրեց: Վստահ եմ, որ դա կլիներ մի ինքնատիպ կերպար, ոչ նման մեր տեսած բոլոր օթելլոներին, նա կլիներ վայրենի ու շատ մենակ… Ափսոս, հազար ափսոս»:
…Հիմա ընկերներից երկուսը երկնային ճանապարհներին են, ու այստեղ նրանց երրորդ ընկերն է` Նկարիչը, ով հաճախ է այցելում Բժշկի տուն ու նրա տիկնոջ, դստեր ու որդու հետ հիշում անցած-գնացած երանելի օրերը: Հետո` Պանթեոն, ու երկա՜ր կանգնում է Արտիստի հուշաքարի մոտ, ուր սկսվում և միշտ անավարտ է մնում նրանց «երկխոսությունը»:

logo iratesՇուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆ
http://www.irates.am/hy/1404457720
04.07.2014

 

 

Печать