Լավ կոշիկ կկարեի, թե թատրոնի չափ սիրեի,
Լավ գյուտեր կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի,
Մսագործ էլ որ լինեի, ատաղձագործ էլ որ լինեի,
Հանցագործ էլ որ լինեի՝ պոեմներ կհորինեի,
Թե թատրոնի չափ սիրեի:

Խաչիկ ՇարոյանՍիրելով է…
Ֆրունզիկ Մկրտչյանի հեղինակած այս տողերով եմ սկսում զրույցը Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան ինստիտուտ) աշխատակից, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Պետական մրցանակի դափնեկիր Խաչիկ Շարոյանի հետ, ով տարիներ առաջ ձեռնարկել և պատվով շարունակում է իրականացնել է մի շատ կարևոր առաքելություն՝ Ֆրունզիկ և Ալբերտ Մկրտչյանների մշակութային ժառանգության արխիվային նյութերի թվայնացումը:
- Ինչպե՞ս մտահղացաք հավաքել Ֆրունզիկ Մկրտչյանի մշակութային ժառանգության արխիվային նյութերը: Ի՞նչը Ձեզ մղեց այդ աշխատանքին:
- Հիմնականում երկու բաղադրիչ՝ բարձր եմ գնահատում Ֆրունզիկ Մկրտչյանի արվեստը և շատ եմ սիրում իրեն: Բախտավոր եմ, որ Ճակատագրի բերումով ծանոթ եմ եղել նրա եղբորը՝ Ալբերտ Մկրտչյանին: Ընդհանրապես ես ինձ բախտավոր եմ համարում, քանի որ շփվել եմ թատերական աշխարհի այնպիսի մեծությունների հետ, ովքեր հայ բեմարվեստի հենասյուներն են՝ Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, Արմեն Խանդիկյան, Ալբերտ Մկրտչյան: Ցավում եմ, որ Ֆրունզիկ Մկրտչյանին ծանոթ չեմ եղել: Մի անգամ, 2004 թվականին առիթ եղավ և Ալբերտ Մկրտչյանին առաջարկեցի կարգի բերել իր գործերի արխիվը: Առաջարկս դուր եկավ անվանի ռեժիսորին և նա բոլոր նյութերը բերեց՝ թղթապանակների, տոպրակների մեջ, թարս ու շիտակ դրված, թղթերը մի կողմ, լուսանկարները մի կողմ, տարեթվերը հետ ու առաջ, իհարկե համակարգելու խնդիր կար: Հարցրի՝ սա միայն Ձե՞ր արխիվն է, ասաց՝ մի քիչ էլ ունեմ Ֆրունզիկի արխիվից, բայց ամբողջը չէ, որոշ մարդիկ իրենց հետ տարել են Արգենտինա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մի փոքրիկ մասն է միայն ինձ մոտ: Ցանկություն հայտնեցի դրանք էլ հավաքել, համակարգել: Ընդամենը 4 հատոր կազմեցին Ֆրունզիկ Մկրտչյանի բեմական գործունեության արխիվային նյութերը: Շատ հետաքրքիր նյութեր կան՝ տպագրված «Արվեստ» ամսագրում, հայրենական և արտասահմանյան մամուլում, երիտասարդ տարիքի լուսանկարներ, տեսաերիզներ, ֆիլմեր, ռադիո և հեռուստատեսային հաղորդումների տեսաձայնագրություններ: Եվ, քանի որ սիրով ու նվիրումով եմ արել աշխատանքը՝ խոստովանեմ, որ մեծ բավականություն եմ ստացել: Ջանացել եմ օգտակար լինել, հավաքել, համակարգել, պահպանել նույնիսկ շատ աննշան թվացող հիշողությունը, փոքրիկ հարցազրույցը, ոչ լավ որակի լուսանկարները: Ալբերտ Մկրտչյանի մշակութային ժառանգությունը հսկայածավալ էր, ոչ մի համեմատություն Ֆրունզիկ Մկրտչյանի արխիվի հետ՝ ծավալային իմաստով, չնայած որ մի կողմից էլ լավ է, որ իր հեղինակած ֆիլմերում շատ կան նաև Ֆրունզիկ Մկրտչյանի կերպավորած դերեր, որոնք, փաստորեն, երկուսի գործերում էլ պահպանել եմ:
- Այդքան ծավալուն արխիվում ինչպե՞ս եք կարողանում արագ գտնել պահանջվող նյութը:
- Այնտեղ հնարավոր չէ սիրելով, նայելով, կարդալով որևէ բան գտնել, պետք է ո՛չ միայն դասակարգել, այլև ունենալ որոնողական համակարգ, որը այդ հսկայածավալ արխիվում որոնի պահանջվող նյութը: 4 հատոր գիրք է, որտեղ պահվում են թերթերը, ամսագրերը, ֆիլմերը, հեռուստառադիոհաղորդումները, լուսանկարները և այլն: Երբեմն մի լրագրող գալիս ու կոնկրետ նյութ է ուզում որևէ ֆիլմի վերաբերյալ՝ կոնկրետ թերթից կամ ամսագրից, կամ էլ հատված՝ որևէ ֆիլմից: Պատկերացնո՞ւմ եք որքան ժամանակ կպահանջվի, եթե ուղղակի ֆիլմը գտնենք ու սկսենք ծայրից-ծայր նայել, չհաշված, որ այդքան երիզների մեջ այդ ֆիլմը փնտրելն էլ ժամանակատար է: Եվ, քանի որ մի քիչ նաև ծրագրավորմամբ եմ զբաղվում՝ պատրաստել եմ որոնողական համակարգ, որը շատ է հեշտացնում որոնողական աշխատանքը: Համակարգում էլեկտրոնային պատկերի կողքին նշված է նաև բնագիր նյութի պահման հասցեն: Արխիվը թվայնացնելու առավելությունն էլ հենց հնարավորություն է տալիս կիրառել որոնողական համակարգը: Դեռևս շատ քիչ բան է՝ ունանալ նյութեր, պետք է նաև կարողանալ այդ նյութերի հետ աշխատել:
- Այս ծավալուն և պատասխանատու աշխատանքի ընթացքում որևէ ֆինանսական, հոգեբանական, ֆիզիկական կամ այլ տիպի օժանդակություն ցուցաբերվե՞լ է Ձեզ: Բացի Ալբերտ Մկրտչյանի տրամադրած արխիվային նյութերից, Դուք ինչպե՞ս եք հայթայթել մնացածը, որևէ մեկը Ձեզ օգնե՞լ է:
- Թույլ տվեք Ձեր հարցին պատասխանել այնպես, ինչպես ժամանակին պատասխանել եմ Ալբերտ Մկրտչյանին: Մի անգամ Ալբերտ Մկրտչյանին Ֆրունզիկ Մկրտչյանի որոշ լուսանկարներ էին պետք, բայց ո՛չ թե էլեկտրոնային տարբերակով, այլ՝ թղթի վրա տպված: Ես, իհարակե, չէի կարող դա անել, գնացի ծառայություն, որտեղ էլեկտրոնային տարբերակից տպեցին պահանջված նկարները՝ մեծ, փոքր, շրջանակի մեջ և այլն: Երբ ներկայացրի նկարները, Ալբերտ Մկրտչյանը զարմացած թևերը տարածեց՝ էս ի՞նչ ես արել, ուզում էր ասել՝ ծախս ես արել, էլի: Հարցրեց, թե որքան գումար եմ ծախսել, ես էլ պատմեցի, թե ինչպես, երբ ֆայլերը փոխանցեցի, աշխատողը մի ստացական տվեց, որ հաջորդ օրը գնամ պատվիրված լուսանկարները վերցնելու: Հաջորդ օրը որ գնացի, հերթ կանգնեցի, հանեցի ստացականը, ինչպես որ ինձ ասել էին: Երբ այդ աշխատողն ինձ տեսավ, էլ ստացականին չնայեց ու ձայնեց. «Սուրե՜ն, էն նկարները բեր, է՜ն Ֆրունզի մարդը եկել է»: Երբ որ ասաց Ֆրունզի մարդը, բոլորը շրջվեցին իմ կողմն ու սկսեցին հետաքրքրությամբ նայել, թե էս Ֆրունզի մարդը ո՞վ է: Ասացի՝ Ալբերտ Մուշեղիչ, կարող ե՞ս դա վերածել գումարի, ասաց՝ լավ, դու ինձնից խելառ ես, պետք չէ:
- Այո, հաճախ են լինում նման դեպքեր: Տարիներ առաջ էլ frunzik.com կայքի մեր գործընկերների հետ Ֆրունզիկ Մկրտչյանի գծանկարի մրցույթ էինք հայտարարել և հաղթողներին իմ ու Հովհաննես Պապիկյանի հեղինակած գրքերն էինք նվիրելու: Մրցույթի հաղթողների հետ հանդիպումը «Տղամարդիկ» ֆիլմի հերոսների հուշարձանախմբի մոտ էր: Խանութում խնդրեցի լավագույն ծաղկեփունջը տալ: Իմանալով, թե ում համար են ծաղիկները՝ գումար չվերցրին, ասացին թող մեր նվերը լինի սիրելի Արտիստին: Հասկանալի է, որ այս դեպքերը վկայությունն են Ֆրունզիկ Մկրտչյանի համազգային երևույթ լինելուն, վկայությունն են այն մեծ սիրո ու ճանաչումի, որ նա վայելում է բնակչության բոլոր շերտերում:
- Այո, միանշանակ այդպես է:
- Ե՞րբ եք սկսել հավաքել Ֆրունզիկ Մկրտչյանի արխիվը:
- 2005 թվականից: Ի դեպ, վկայեմ, որ արխիվը շարունակ համալրվում է նոր լույս տեսած գրքերով, նկարահանված վավերագրական ֆիլմերով, տպագրված հոդվածներով: Ձեր և Հովհաննես Պապիկյանի համահեղինակությամբ տպագրված «Ո՞ւմ համար ես վառվում, լույս…» գիրք-օրացույցը, «Լույս…», որը թարգմանվել է նաև ռուսերեն լեզվով և «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» գրքերն ու Ձեր պատրաստած «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը», և «Я так думаю» վավերագրական ֆիլմերը, ինչպես նաև հայաստանյան ու արտասահմանյան մամուլում հրատարակած Ձեր բազմաթիվ հոդվածները նույնպես ներառված են արխիվում, և մեծապես նպաստում են սիրելի արվեստագետին հանրությանը ներկայացնելու կարևոր գործին: Պետք է նկատել որ մի քանի տարի առաջ էլ Մոսկվայում Լույս տեսավ Կորա (Կարինա) Ծերեթելիի գիրքը՝ «Фрунзик Мкртчян. Я так думаю…»: Հեղինակը սկզբում մի քանի լուսանկար խնդրեց, ես ուղարկեցի, հետագայում գրքի հետ միասին մի քանի լուսանկար էլ ինքը ուղարկեց:
- Ամենասկզբում, երբ նախաձեռնեցիք արխիվը հավաքելու աշխատանքը, ֆիզիկական կամ հոգեբանական ի՞նչ արգելքներ, ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել:
- Որևէ արգելք կամ , առավել ևս, դժվարություն չեմ ունեցել, մեծ սիրով արված աշխատանք է: Ես հիմնականում տանն եմ աշխատել ՝ մեծ բավականություն ստանալով իմ արած գործից, և որևէ գումարի չես կարող վերածել դա: Շփումն այդ մարդկանց հետ, իմացությունն այդ մարդկանց մասին, նույնիսկ է՜ն փոքրիկ դեպքերը, որ տեղի են ունեցել և ինձ հասանելի են դառնում, Սանամ մայրիկի ասածները Ֆրունզիկի մասին, շատ ավելի արժեքավոր են, քան ցանկացած գումար, որը որևէ մեկը կվճարի:
- Արխիվում կան բազմաթիվ հարցազրույցներ, տեղական և արտասահմանյան մամուլի արձագանքներ, ժամանակակիցների կարծիքներ, իր ասելիքը այս կամ այն ներկայացման վերաբերյալ, հյուրախաղերից ստացած տպավորություններ և էլի բազմաթիվ նյութեր, հետագայում՝ նաև հուշեր: Այս բոլորը Դուք կարդացել և յուրացրե՞լ եք:
- Բացի Վենետիկի հայտնի ֆեստիվալի մասին, որտեղ «Մեր մանկության տանգոն» ֆիլմը շահեց մրցանակ և Գալյա Նովենցը արժանացավ լավագույն կանացի դերի համար մրցանակի, տպագրված բազմաթիվ նյութերի, որոնք արխիվում իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուներով են, մնացած բոլոր նյութերը կարդացել եմ: Բաներ կան, որ մի քանի անգամ եմ կարդացել: Ուզում եմ հիշել նաև, որ Հնդկաստան մեկնելուց առաջ էլ Ֆրունզիկ Մկրտչյանին Էլդար Ռյազանովն էր հրավիրել մասնակցելու իր «Գարաժ» ֆիլմի կինոփորձերին, և միայն Հնդկաստան ուղևորությունը խանգարեց, որ նա Ռյազանովի ֆիլմում նկարահանվեր:
- Դուք Ձեր ունեցած բոլոր տեսասկավառակներն է՞լ եք նայել:
- Իհա՜րկե: Հայտնի է, որ Ֆրունզիկ Մկրտչյանը պատմելու մեծ տաղանդ ուներ: Ես բազմաթիվ անգամներ նայել եմ Ֆրունզիկ Մկրտչյանին ՍՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանն արժանացնելու առիթով 1986 թվականի լենինականյան հանդիպումը, նրա մեծարման երեկոն: Ինքը պատմում էր շատ հետաքրքրաշարժ դրվագներ, մասնավորապես, թե մի անգամ, ինչպես տակավին երիտասարդ , խաշ ուտելուց անմիջապես հետո բեմ է ելել, խաղացել Վահրամ Փափազյանի հետ…, զվարճալի պատմություն է: Առանձին թեմա է թատրոնում և կինոյում Ֆրունզիկ Մկրտչյանի երգելը: Հաճախ հանդիպումների, հուշ-երեկոների կամ որևէ հուշարձանի բացման ժամանակ ցանկություն է լինում հնչեցնել նրա կատարած որևէ երգ, բայց, դե, ֆիլմում է երգել և դժվար է ֆիլմից հանելը: Շատ եմ աշխատել այդ ուղղությամբ, որ երգն առանձնանա ու լսենք պարզապես երգը՝ Ֆրունզիկի կատարմամբ:
- Եթե հիշում եք, «Ղազարը գնում է պատերազմ» ներկայացման մեջ ինքը հրաշալի է երգում «Որսկան ախպերը»: Շատ եմ փնտրել, բայց որևէ տեղ կարծես չի պահպանվել այդ ներկայացումը: Ցանկություն ունեմ Ֆրունզիկ Մկրտչյանին նվիրված մեր հաջորդ միջոցառումներից մեկում դահլիճի մուտքը ապահովել այդ երգի հնչյունների ներքո:
- Ես էլ չունեմ այդ ներկայացումը, ափսոսում եմ, բայց կփորձեմ գտնել:
- Կ՞ան եզակի գործեր, որ միայն դուք ունեք և հպարտությամբ եք նշում, թե միայն Ձեր արխիվում կան այդ նյութերը:
- Այն փաստը, որ որևէ նյութ կա ինձ մոտ, որը երբեմն անհրաժեշտ է լինում տրամադրել մամուլին, կամ որևէ ստեղծագործող մարդու՝ Ֆրունզիկ Մկրտչյանի մասին որևէ բան գրելու կամ նկարելու համար, արդեն հպարտանալու առիթ է ինձ համար: Նորից եմ սիրով հիշում պատմածս՝ է՜ն Ֆրունզիկի մարդն եկավ:
- Դուք ցանկություն կունենա՞ք Ձեր ունեցած հարստությունը պահ տալ որևէ ինստիտուտի, որևէ թանգարանի, որևէ մշակութային կենտրոնի, որտեղ վստահ կլինեք, որ դա պահպանելու են այնպես, ինչպես Դուք եք սիրով հավաքել: Ըստ իս, դա կարևոր է նաև այն պատճառով, որ հասարակությանը հասանելի լինի արխիվը, որովհետև վստահաբար կարելի է ասել, որ Ֆրունզիկ Մկրտչյան արտիստի մասին սերունդները դեռ շատ գրքեր, հոդվածներ, պատմություններ են գրելու, ռադիո-հեռուստահաղորդումներ են պատրաստելու, ֆիլմեր են նկարելու, քանզի Ֆրունզիկ Մկրտչյան թեման անսահման է և Ֆրունզիկ Մկրտչյան երևույթը տիեզերքի պես անվերծանելի: Միանշանակ է, որ հետագայում անդրադարձներ շատ են լինելու, ուստի, եթե դրանք չպահվեն այդպիսի վայրում, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում արխիվի հետ մարդկանց աշխատելու հեռանկարը:
- Այո, միանշանակ է, որ դրանք կգտնեն իրենց արժանի հանգրվանը կամ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կամ կինոյի թանգարանում կամ որևէ այլ հարգի հաստատությունում, հատկապես, որ արխիվն ամբողջովին թվայնացված է, և որոնողական համակարգն այդ նյութերը հասանելի կդարձնի յուրաքանչյուր ուսումնասիրողի ու կհեշտացնի դրանց հետ աշխատելը:
- Ինչի՞ մասին կուզենաք պատմել, որ շատ հայտնի չէ հասարակությանը: -Ասելիքս Ֆրունզիկ Մկրտչյանի մասնակցությամբ ֆիլմի մասին է: Երբ Ալբերտ Մկրտչյանի հետ խոսում էինք իր նկարած ֆիլմերի մասին, նա պատմեց, որ ցանկացած ֆիլմի համար սովորաբար պատրաստվում է գեղարվեստական սցենար և ռեժիսորական սցենար: «Մեր մանկության տանգոն» ֆիլմի գեղարվեստական սցենարի վերնագիրը եղել է «Մանկության կապույտ սարը», և, քանի որ մի քիչ էլ ինքնակենսագրական ֆիլմ է, սկզբում այդպես են անվանել, ինչն իմ կարծիքով, շատ տպավորիչ էր: Հետո փոխել, դարձրել են «Մեր մանկության տանգոն»: Ես համարում եմ, որ այս ֆիլմը երևույթ է կինոյի աշխարհում: Չգիտեմ, կարող է միայն հայկական, կարող է ոչ հայկական, որովհետև այն մեծ ընդունելություն գտավ նաև Իտալիայում և ամբողջ աշխարհում: Ինքը, ֆիլմը երևույթ է, և կան բաներ, որ չես սովորի ոչ մի ինստիտուտում, որովհետև դա ներսից ճառագող անբացատրելի տաղանդի ու վարպետության փայլուն օրինակ է, որն այս ֆիլմում հանճարեղ պարզությամբ ներկայացնում են շա՜տ մեծ դերասաններ Ֆրունզիկ Մկրտչյանը և Գալյա Նովենցը: Ես շատ կուզենայի, որ հանճարեղ դերասանները մահ չունենային, որովհետև ինչ-որ միստիկա կա, որովհետև նրանց ստեղծած կերպարները, միևնույն է, շարունակում են մնալ և ապրել դահլիճից և կինոթատրոնից էլ դուրս: Ուզում եմ նկատել նաև, որ բոլոր թատրոններում որոնց հետ համագործակցել եմ, փորձերն ավելի շատ եմ նայել, քան ներկայացումները, սիրո՛ւմ եմ փորձերը նայել: Մի առիթով Վիգեն Չալդրանյանն ասել է՝ …թատրոնը այն խորանն է, որով Աստված հաղորդակցվում է մարդկանց հետ: Իմ պատկերացմամբ դա իրոք այդպես է: Մի հետաքրքիր դրվագ էլ կա «Հին օրերի երգը» ֆիլմում: Այն տեսարանն է, որտեղ ներկայացման ընթացքին Ֆրունզիկ Մկրտչյանը շտապելով բեմ է ընկնում և ասում՝ …ժողովու՜րդ, վերջացա՜վ, պատերա՛զմը վերջացավ: Այդ «վերջացա՜վ»-ը լացի, ծիծաղի, ուրախության, տխրության, սգի, հաղթանակի, սպասումի արտահայտություն էր՝ ամեն ինչը կուտակած, խտացրած մեկ բառի մեջ: Դա համաշխարհային կինոյի շատ մեծերից առավել մեծ Արտիստի մենաշնորհն է, եզակի կադր՝ իր տեսակի մեջ: Ես կարծում եմ, որ նրանք միայն ֆիզիկապես մեզ հետ չեն, այդ կերպարների այդպիսի կատարումները մնում են թատրոնում, դրանց շունչը մնում է: «Ղազարը գնում է պատերազմ» ներկայացման մեջ Ֆրունզիկը չի խաղում, նրա մեջ ճառագում է այդ խաղը, իսկ որ ճառագում է՝ դա հետո մնում է հանդիսատեսի մեջ: Մեր սերունդը դերասանական արվեստի փայլատակումներ տեսած սերունդ է, իսկ դերասանական արվեստը դրանով է արվեստ, որ ճառագում է իրենցից այդ էներգիան: Ես, ընդհանրապես, հայկական արտիստական դպրոցը բոլորովին ցածր չեմ համարում որևէ եվրոպական՝ ուզում է անգլիական լինի, ուզում է ֆրանսիական լինի, ուզում է գերմանական, որևէ դպրոցից, որովհետև ունեցել ենք և այսօր էլ ունենք շատ բարձր վարպետություն ունեցող դերասաններ: Ասելիքս ամբողջացնելով, ուզում եմ մեկ անգամ էլ նկատել, որ ուրախ եմ, որ հիմա էլ կան նվիրյալ մարդիկ, ովքեր շարունակում են ստեղծել մնայուն արժեքներ, հարստացնում են սերունդների համար պահվող արխիվային նյութերը՝ Ֆրունզիկ Մկրտչյան արվեստագետի մասին պատմող գրքերով, ֆիլմերով, հոդվածներով, ռադիո և հեռուստահաղորդումներով: Հավելեմ, միայն, որ այսպիսի աշխատանք կատարել եմ նաև այլ արվեստագետների համար, բայց այդ մասին՝ ուրիշ անգամ:
- Շնորհակալ եմ:
- Եկեք մենք երկուսով շնորհակալ լինենք Ֆրունզիկ Մկրտչյանին:

Զրուցեց՝ Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Печать

Ծննդյան 70-ամյակի առիթով

Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թ. հուլիսի 4-ին: Մեծ արտիստի ծննդյան 7Օ֊ամյակն այդ օրը կամ այդ օրերին պետք է նշվեր: Սակայն հետաձգվեց մինչեւ նոյեմբեր: Բայց հիմա էլ հետաձգվում է մինչեւ 2001 թ. գարուն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն 3 մլն դրամ է հարկավոր մեծ արտիստի հոբելյանը նշելու համար: Եթե ուրիշ կերպ հնարավոր չէ ճարել գումարը կամ հարցը միայն ֆինանսներին է վերաբերվում՝ գուցե ազգովին հավա­քենք այդ 3 մլն դրամը...
Ամեն դեպքում ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ ԱԱ ակադեմիկոս ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ վերլուծությունը:

 Մհեր ՄկրտչյանՄհեր Մկրտչյանը գովքի ու գովեստների կարիք չունի: Կեն­դանության օրոք էլ չուներ:
Մենք ունեցել ենք համազգային սեր ու համբավ վայելող նշանավոր կատակերգակներ՝ Համբարձում Խաչանյան, Ավետ Ավետիսյան, Լեվոն Զոհրաբյան, Գուրգեն Գաբրիելյան, Թաթիկ Սարյան... Ես նրանց վարպետ խաղն էլ տեսել եմ, վայե­լած մեծ համբավն էլ, բայց չեմ կարող ասել, թե իրենց ժողովրդականությամբ նրանք հասնում էին Մհեր Մկրտչյանին: Մհերինն ուրիշ էր՜ բուռն համակրանք ու հիացում ամենուրեք, ամեն տեղ, փողոցում՝ ամեն քայլափոխի...
Ասել, թե Մհերն իր վարպետությամբ գերազանցում էր իր մեծ նա­խորդներին արդար չի լինի: Տաղանդով էլ, վարպետությամբ էլ նրանք առաջնակարգ դերասաններ էին:
Ո՞րն էր, ուրեմն, Մհեր Մկրտչյանի անօրինակ ժողովրդականության գաղտնիքը, այղ գաղտնիքը բացելու բանալին:
Մհերը (ինչպե՜ս ես չէի սիրում նրա Ֆրունզե անունը, - ռուս զորավարի ազգանունը հայ մարդու անուն, - այն էլ բավական տարածված Ֆրունզիկ, Ֆրունզ) շատ, չափազանց շատ է գովաբանվել, բայց երեւի թե փորձ չի արվել պարզելու, պարզաբանելու նրա տաղանդի ու ստեղծագործու­թյան գլխավոր հատկանիշը, բնույ­թը, էությունը:
Այս փոքրիկ հոդվածը, որ գրում եմ իր ծննդյան 70-ամյակի առիթով, նման մի փորձ է ընդամենը: Ոչ ավելին. Նրա մեծ տաղանդի ու վաս­տակի հանդեպ իմ ընկերական եւ մասնագիտական պարտքը կատարե­լու մի ուշացած փորձ:
Ափսոս, շատ ափսոս, որ իր մա­հից հետո: Ի՜նչ տխուր բառ է՝ «հետ­մահու»:
Հիմա մի քիչ էլ ուրախ բան ասեմ: Մի անգամ Մհերն ինձ մի բան պատ­մեց շատ զվարճալի (նա լավ պատ­մող էր): Ամերիկայում մի օր սեղան է նստում մեծատունների հետ: Իմա­նալով, որ նրանցից մեկը միլիոն­ներ ունի. Մհերը դառնում է նրան. «Մի միլիոնը տուր ինձ»: Մարդը կա­տակն ընդունում է ամենայն լրջու­թյամբ: Օրեր անց նույն մարդիկ հայտնվում են սեղանի շուրջը Մհերի հետ (ո՞վ չէր ուզենա նրա սեղանակիցը լինել): Եվ Մհերը նույն մե­ծահարուստից լսում է այս խոսքը. «Ես երկար խորհեցի քո ըսածի վրա եւ տեսա. որ քեզի մեկ միլիոն տալու պատճառ չունիմ»:
Հիմա իմն է՝ ես երկար միտք արի Մհերի անօրինակ ժողովրդականու­թյան բանալին գտնելու համար եւ տեսա, որ գաղտնիքն այն է (եթե միայն դա կարելի է գաղտնիք հա­մարել), որ Մհերն իր ամբողջ դերա­սանական կյանքում անձնավորել է բացառապես ժողովրդի մարդկանց եւ այնպիսի անդիմադրելիորեն վարակիչ տաղանդով, արվեստով եւ վարպետությամբ, որ մատչելի ու սիրելի էին ժողովրդին:
Մտաբերենք Մհերի ամենից հայտ­նի թատերական եւ կինոդերերի մի շարք. Հայրապետ («Նամուս»), Գվիդոն («Սրտի արատ»), Գարսեւան («01-99»), Գասպար («Եռանկյու­նի»), Ղազար («Ղազարը գնում է պատերազմ»), Հովիվ («Մենք ենք, մեր սարերը»), Սիմոն («Տերն ու ծառան»), Պաղտասար աղբար, Ռուբեն («Մեր մանկության տանգոն»). Զինվոր («Զինվորն ու փիղը»), Ռուբիկ («Միմինո»), Ջաբրաիլ («Կովկասի գերուհին»), հացթուխ («Հացթուխի կինը»)...
Ոչ մի մտավորական, գիտության կամ արվեստի ոչ մի մարդ, բոլորն էլ պարզ, հասարակ, բայց խելացի, ժողովրդական իմաստությամբ, հու­մորով օգտված մարդիկ:
Ոմանք սա կարող են վիրավորական համարել Մհերի համար: Ես իսկույնեւեթ կփարատեմ այդ հնարավոր մտայնությունը մի համաշխար­հային մեծության՝ Չարլի Չապլինի հետ առաջարկածս համեմատու­թյամբ. մտաբերենք նրա խաղերը, եւ դերացանկում ոչ մի զարգացած, ակներեւորեն կիրթ կամ հարուստ մարդու կերպար չեք գտնի: Պատահակա՞ն է սա: Բնավ: Մի առիթով Չարլի Չապլինը բերել Է այսպիսի մի օրինակ. տուն են նորոգում, վերեւից ներկ Է թափվում եթե ներկը թափվի մայթով անցնող առոք-փառոք հա­գած հաքուստ կնոջ վրա՝ ծիծաղը կպայթի, իսկ եթե անցորդը խեղճ ու կրակ մի մարդ է ոչ մի ծիծաղ. Գյոթեն զուր չի ասում. «Ոչինչ այնպես չի բնութագրում մարդուն, քան այն, թե նա ինչի վրա է ծիծաղում»:
Ոչ թե վերնախավի, այլ խոնարհ դասի մարդկանց գաղափարա­խոսն ու երգիչն էր Չապլինը: Մհեր Մկրտչյանը նույնպես:
Հանճարեղ կատակերգակը «փոքր մարդու» հանդեպ սեր ու կարեկ­ցանք էր արթնացնում իր մեծ արվես­տի բոլոր միջոցներով, իր բովան­դակ ստեղծագործությամբ: Մեր Մհերը նույնպես:
Մհեր ՄկրտչյանԱյսպես մենք մոտենում ենք Մհեր Մկքտչյանի արվեստի գլխավոր յուրահատկությանը: Ծիծաղը (գեղագիտական տերմինով ասած՝ կատա­կերգակի կատեգորիան) տարատե­սակներ շատ ունի:
Կա մեղադրող, դատապարտող, այսպես ասած սատիրական ծի­ծաղ: Դրա անվիճելի վարպետն էր Ավետ Ավետիսյանը: Նա խաղաց վա­ճառական Զամբախովի դերը (Սունդուկյան «Խաթաբալա») եւ քանդակեց թանձր սատիրական կերպար՝ մեծահարուստ գիշատիչ, որ պատրաստ է կլանել ամեն մեկին, ով ձեռքն Է ընկնում:
Մհեր Մկրտչյանն էլ խաղաց: Եվ ի՞նչ: Եվ այն, որ նրա Զամբախովը ծիծաղաշարժ, բայց բավականաչափ համակրելի մի մարդ էր, ոք ուզում էր լավա­գույնս տնօրինել իր համակրելի, բայց անգեղ աղջկա բախտը թե­կուզ եւ խաբելու գնով, ի՜նչ մի մեծ մեղք է որ: Դրա համար ար­ժե՝ ատել մարդուն:
Ատելության ծիծաղը Մհերինը չէր:
Արհամարհանքի, հեգնանքի ծի­ծաղն էլ նրանը չէր. նա չէր արհա­մարհում նույնիսկ Գվիդոնին («Սրտի արատ») կամ Գարսեւանին («01-99»): Հերոսականի ծիծաղն էլ իրենը չէր («Եզովպոս» եւ«Սիրանո դը Բերժերակ» հերոսական կա­տակերգություններում սա սպաս­ված հաջողությունը չունեցավ): Մհերինը սիրո, կարեկցանքի, բարության ծիծաղն էր: Բայց ոչ հենց այնպես, այլ իբրեւ կենսափիլիսոփայություն, աշխարհայացք, վերաբերմունք կյանքի ու մարդկանց հանդեպ: Մարդիկ պարզ, հասարակ, սովորական մարդիկ, որոնք մեծամասնություն են կազմում բոլոր ժողովրդների մեջ, կարեկցանք ու բարություն են սիրում, ոչ թե արհամարհանք եւ ատելություն, քանի որ կյանքը մարդուն տրվում է բարության, սիրո, կարեկցանքի համար: Ճշմարիտ քրիստոնեական մոռալ:
Մհերն այս ժողովրդական, քրիս­տոնեական կենսափիլիսոփայու­թյան մարմնացումն էր իր մեծ արվեստով եւ անփույթ կյանքով: Ահա սա է, իմ կարծիքով, նրա համաժողովրդական փառքի գաղտնիքն ու բանալին:
Մհերը նաեւ վշտանալ գիտեր («Վշտի ծիծաղ»՝ այս վերնագիրն է կրում Առանծարի պատմվածքներից մեկը): Նրա վիշտն էլ համակող էր, ինչպես ծիծաղը, իրոք որ «ծիծաղ արցունքի միջից»:
Ես հիշում եմ Մհերի փայլուն խաղը Գեւորգ Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ» կատակերգության մեջ: Առիթը եկավ մտաբերելու, որ թատերագիր ժորան (Գեւորգը) եւ դերասան Ֆրունզիկը (Մհերը) իրենց տաղանդով եւ ստեղ­ծագործության բնույթով եղբայրներ էին: Հիշում եմ, թե այնքան ծիծաղաշարժ Ղազարը ինչպես էր խոնա­վացնում հանդիսատեսների (նաեւ իմ) աչքերը, երբ վշտի պահին եր­գում էր «Որսկան ախպերը» (Մհերը հիանալի երգիչ էր նաեւ):
Դերասան, որ իր վշտով կարող էր խորապես հուզել դիտողին այն­պես, ինչպես զվարճացնել իր ծիծաղով:
Հենց դա էլ Մհերի համար մատ­չելի դարձրեց թատերագրական այն բարձրագույն ժանրը, որ տրագիկո­մեդիա է կոչվում (հայերեն շատ եր­կար ու ծանր՝ ողբերգակատակեր­գություն): Վշտի եւ ծիծաղի այդ հա­մադրությամբ նրա տաղանդն ամե­նից վառ երեւաց «Պաղտասար աղ­բար» եւ «Հացթուխի կինը» (հեղի­նակ Մարսել Պանյոլ) ներկայա­ցումներում, «Մեր մանկության տանգոն» կինոնկարում: Երեքն էլ մեծ տաղանդի կնիքը կրող, հայ դե­րասանական արվեստի մեջ իրենց կշիռն ունեցող անձնավորումներ: «Հացթուխի կինը» Մհերի վերջին խաղը եւ վերջին մեծ հաղթանակը եղավ:
Բախտավոր դերասանական կյանք ապրեց Մհեր Մկրտչյանն իր արվեստի մեծ հաղթանակով: Նաեւ այն պարագայով, որ աշխատեց այնպիսի հմուտ, իր տաղանդը հասկացող ու գնահատող բեմադրիչների հետ, ինչպիսիք էին Ալեքսանդր Աբարյանը (Լենինականում). Վարդան Աճեմյանը, Հենրիկ Մալյանը, Հրաչյա Ղափլանյանը, Ալբերտ Մկրտչյանը:
Եվ ավելի քան բախտավոր այն համաժողովրդական սիրով, որ իր ուղեկիցը եղավ կյանքի սկզբից մինչեւ վերջ: Խանգարող հանգամանքներ էլ եղան նրա ճանապարհին, իր անփույթ, անխնամ կյանքն ու կենցա­ղը. երկփեղկումը թատրոնի եւ կինո­յի միջեւ, որ խանգարում էր կենտրո­նացման, մղում էր շատ բան անել ոտքի վրա, հենց միայն տաղանդին ապավինելով, երբեմն առանց ռե­ժիսորական հսկողության, որ շատ պետք էր իրեն:
Մի խոսքով՝ հայոց անկարգ կյանք լավով էլ, վատով էլ: Ափսոսալու շատ բան կա Մհեր Մկրտչյանի կյանքում, ափսոսալու իր մեծ տաղանդն էլ, բարի սիրտն էլ, պարզ, ներողամիտ, մատչելի բնավորությունն էլ:
Բայց ավելի, շատ ավելի հպարտանալու բան կա, ամենից ավելի այն, որ նա իր տաղանդով ու վաս­տակով պատվավոր տեղ գրավեց հայ բեմական արվեստի մեծերի, ամենից մեծերի շարքում:

azg-logoԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
«Ազգ»
23.11.2000

Печать

ՄԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

frunzik nersisyan
Երբ Շողիկ մայրիկը խաշլաման բերեց, մենք արդեն լավ քաղցած էինք:
– Տաք-տաք կերեք. չթողեք սառի, Ֆրո՛ւնզ ջան,- ասաց Շողիկ մայրիկը:
– Խանգարում ես, Շողի՛կ,- գոռաց Ներսիսյանը.- տեսնում ես՝ խոսում ենք:
– Ձայնազուրկ ե՞նք,- նեղացավ Շողիկ մայրիկը:
– Իզուր ես Մհերին շողոքորթում,- ասաց Ներսիսյանը:
– Ի՞նչ Մհեր,- զարմացավ Շողիկ մայրիկը:
– Ֆրունզի իմաստով ա ասում,- բացատրեց Շերենցը:
– Ֆրունզի իմաստով ի՞նչ ա ասում,- հարցրեց Շողիկ մայրիկը:
– Ասում եմ՝ իզո՛ւր ես իրեն շողոքորթում. միեւնույն է՝ մանրը չի պահանջելու,- ասաց Ներսիսյանը:
– Ի՞նչ մանր,- զարմացավ Շողիկ մայրիկը:
– Էն տասանոցի զդաչին,- ասաց Ներսիսյանը:
– Էն տասանոցից զդաչի ա՞ մնացել, որ պահանջի կամ չպահանջի: Համ էլ՝ ես ու Ֆրունզն իրար լավ ենք հասկանում. ոչ մի անգամ չի էղել, որ ես ու Ֆրունզն իրար չհասկանանք,- ասաց Շողիկ մայրիկը:
– Ժե՛նշինա,- անսպասելի գոռաց Ներսիսյանը:
– Ի՞նչ,- հարցրեց Շողիկ մայրիկը:
– Ոչինչ,- ասաց Ներսիսյանը:
– Օղորմածիկ հերդ ինձ շատ լավ էր վերաբերվում,- ասաց Շողիկ մայրիկը:
– Դու բացառություն չես,- ասաց Ներսիսյանը:
– Ի՞նչ,- հարցրեց Շողիկ մայրիկը:
– Ասում եմ՝ լուսահոգին բոլորի՛ն էր լավ վերաբերվում,- ասաց Ներսիսյանը:
– Իմ ասածն ես հաստատում,- ասաց Շողիկ մայրիկը.- ասում եմ՝ հեչ հորդ չես քաշել: Արտաքինով, ճիշտ ա, իրան շատ նման ես, բայց խասյաթով շատ ես տարբեր:
– Ճիշտ ես ասում,- ասաց Ներսիսյանը.- ես չեմ կարողանում բոլորին լավ վերաբերվել:
– Շատ իզուր,- ասաց Շողիկ մայրիկը:
– Ժե՛նշինա,- գոռաց Ներսիսյանը:
– Ի՞նչ,- հարցրեց Շողիկ մայրիկը:
– Շագոմ մա՛րշ,- գոռաց Ներսիսյանը:
– Կծա՛ն,- ճչաց Շողիկ մայրիկն ու նեղացած գնաց:
– Իզուր ես ջղայնանում, Լեւոն ջան,- ասաց Շերենցը:
– Ոչ թե ջղայնանում եմ, այլ պրոֆիլակտիկ միջոցառում եմ անցկացնում,- ասաց Ներսիսյանը.- ժամանակ առ ժամանակ այդ կնոջը պետք է հասկացնենք, որ հավ չենք. մի քիչ մենք է՛լ ենք թվաբանություն հասկանում:
– Լեւոնը ճիշտ ա ասում,- ասաց Ֆրունզիկը:
– Լեւոնը ճիշտ ա ասում, բայց էդ կնկան միշտ դո՛ւ ես էրես տալի,- ասաց Շերենցը:
– Էդ էլ մե՛ր թերությունն ա,- ասաց Ֆրունզիկը:
– Վերադառնանք մեր կենացին,- ասաց Ներսիսյանը.- ես այսօր ուզում եմ ոչ թե Մհերի թերություններից խոսենք, այլ, ընդհակառակը, առավելություններից:
– Ֆրունզը ոտից գլուխ առավելություն ա,- ասաց Շերենցը:
– Մանավանդ քիթս,- ծիծաղեց Ֆրունզիկը:
– Այսօր Մհերը մեզ ճշմարիտ ընկերության իսկական դաս տվեց,- ասաց Ներսիսյանը.- ընդորում՝ միանգամայն բաց դաս:
– Լեւոն ջան, շատ ես ուռացնում,- ասաց Ֆրունզիկը.- ընդամենը մի հատ զանգել եմ:
– Շատ հնարավոր է, որ քո այդ մի զանգով որոշվի Շերենցի թոռնիկի ճակատագիրը,- ասաց Ներսիսյանը:
- Շատ հնարավոր է, որ առանց քո զանգի՝ դասախոս հորջորջվող այդ գիշատիչները երեխային կտրեին:
 – Լեւոնը ճիշտ ա ասում,- ասաց Շերենցը:
– Կենա՛ցդ, Մհե՛ր,- ասաց Ներսիսյանը:- Ցանկանում եմ, որ ցանածդ բարի սերմերի պտուղները լիուլի վայելես:
– Կենացդ, Ֆրո՛ւնզ ջան,- ասաց Շերենցը:- Փաստորեն, էսօր թոռանս հաշվին մի հատ ավել բարի սերմ ցանեցիր:
– Բարի սերմ ասելով՝ նաեւ Մհերի արվեստը նկատի ունեմ,- ասաց Ներսիսյանը:
– Ձեր կենացը,- բաժակս Ֆրունզի բաժակին խփելով՝ ասացի ես: Ես Ֆրունզիկին ո՛չ Ֆրունզիկ կարող էի ասել, ո՛չ Մհեր եւ ոչ էլ արդեն Ֆրունզիկ ձյաձյա՝ ինչպես տարիներ առաջ հորս արհեստանոցում էի ասել:
– Մհերի արվեստն ուղնուծուծով բարություն է,- ասաց Ներսիսյանը:
– Հորիցդ շատ բան եմ սովորել, Լեւոն ջան,- ասաց Ֆրունզիկը:- Փափազն ասում էր, որ ես Հրաչյա Ներսիսյանի շկոլայի դերասան եմ:
– Փափազն անհեթեթություն է ասել,- ասաց Ներսիսյանը, հետո մի քիչ մտածեց, ավելացրեց.- դու տեղով մեկ շկոլա ես:
– Մերսի՛, տղե՛րք ջան,- իր բաժակը մեր բաժակներին խփելով՝ ասաց Ֆրունզիկը.- ես էլ ձե՛ր կենացն եմ խմում: Վաղը որ Շերենցի թոռը վերջնական ընդունվի՝ արդեն մարդավարի կնշենք: – Հըլը վերջնական չի, հա՞,- խեղճացավ Շերենցը:
– Կարծում եմ՝ թոռնիկիդ հարցն արդեն կարելի է վերջնականապես լուծված համարել,- ասաց Ներսիսյանը:- Մհերին Դեմիրճյանն անգամ չէր մերժի:
– Դերենի՛կ Դեմիրճյանը՞,- ժպտաց Շերենցը:
– Կարեն Սերոբի Դեմիրճյանը,- ասաց Ներսիսյանը:- Այդ ռեկտոր կոչեցյալը քանի՞ գլուխ ունի, որ Մհերի զանգից հետո երեխային կտրեն:
– Կտրեցին՝ կտրեցին. իրանց շատ չկա,- ասաց Շերենցը:
– Դա լինելու բան չէ,- ասաց Ներսիսյանը:
– Բա դու ո՞նց ես կտրել, Լեւո՛ն ջան,- հարցրեց Շերենցը:
– Ես ո՞ւմ եմ կտրել,- զարմացավ Ներսիսյանը:
– Հենց նոր չէիր ասո՞ւմ, որ մի հատ սիրուն աղջկա կտրել ես,- ասաց Շերենցը:
– Չի կարող պատահել,- ասաց Ֆրունզիկը.- ես հազար հոգուց լսել եմ, որ Լեւոնը կյանքում մի հատիկ ուսանող կտրած չկա:
– Դու իրանից լավ գիտե՞ս, ա՛յ Ֆրունզ,- ասաց Շերենցը.- հենց նոր ինքը չասե՞ց, որ մի հատ սիրուն աղջկա կտրել ա:
– Ճիշտ ա՞ ասում, Լեւո՛ն,- հարցրեց Ֆրունզիկը:
– Ցավոք սրտի, այդպիսի մի դեպք եղել է,- ասաց Ներսիսյանը:- Այդ սիրունատես օրիորդը, փաստորեն, ցավալի բացառություն էր իմ կյանքում:
– Որ ասում էի՞,- ասաց Շերենցը:- Բա էդ սիրուն աղջիկը մեղք չէ՞ր, ա՛յ Լեւոն:
– Ես ավելի՛ մեղք էի,- ասաց Ներսիսյանը.- հազար ու մի լրացուցիչ հարցեր տվեցի, բայց այդ անխիղճը չկարողացավ որեւէ հարցիս պատասխանել:
– Գրականությունից էի՞ր հարցեր տալի,- հարցրեց Շերենցը:
– Ո՛չ միայն գրականությունից,- ասաց Ներսիսյանը:
– Ախր քո առարկան շատ բարդ ա, Լեւոն ջան,- ասաց Ֆրունզիկը.- էդ արտասահմանյան գրականության մեջ ինչ ասես մտնում ա:
– Տվյալ քննությունն անտիկ գրականությունից էր,- ասաց Ներսիսյանը:
– Էդ անտիկն ավելի բարդ կըլնի,- ասաց Շերենցը:
– Այդ չարաբաստիկ օրիորդին պարզագույն հարցեր տվեցի,- ասաց Ներսիսյանը:
– Օրինակ՝ ի՞նչ հարց տվիր,- հարցրեց Շերենցը:
– Հարցերը ո՞նց կհիշի,- ասաց Ֆրունզիկը:
– Շատ լավ եմ հիշում,- ասաց Ներսիսյանը.- ինչպե՞ս կարող եմ մոռանալ, եթե դա իմ կյանքում միակ դեպքն է, երբ որեւէ մեկին «անբավարար» եմ նշանակել:
– Անբավարարն էրկուսն ա, չէ՞,- հարցրեց Շերենցը:
– Լեւոնի ձեռն ընկնեիր, վայ թե քեզ էլ «անբավարար» նշանակեր,- ասաց Ֆրունզիկը:
– Ոչ մի համեմատություն,- ասաց Ներսիսյանը.- այդ օրիորդն աներեւակայելի անգրագետ էր:
– Այսինքն, ես գրագետ ե՞մ,- ժպտաց Շերենցը:
– Դու տաղանդավոր մարդ ես,- ասաց Ներսիսյանը:
– Տաղանդավորը հանճարեղը չի, չէ՞, Ֆրունզ,- հարցրեց Շերենցը:
– Հորոխպոր տղերք են,- ասաց Ֆրունզիկը:
– Լեւոն ջան, էդ խեղճ աղջկան հեչ ի՞նչ հարց տվիր,- հարցրեց Շերենցը:
– Աշխարհի ամենահեշտ հարցերը,- ասաց Ներսիսյանը:
– Օրինակ,- ասաց Շերենցը: – Երբ այդ օրիորդը տոմս քաշեց եւ, իհարկե, տոմսի հարցերից որեւէ մեկի վերաբերյալ որեւէ ծպտուն չհանեց, ես սկսեցի լրացուցիչ հարցեր տալ:
– Ի՞նչ լրացուցիչ հարցեր,- հարցրեց Շերենցը:
– Ամենահեշտ հարցերը,- ասաց Ներսիսյանը.- օրինակ, Անակրեոնի մասին հարցրի՝ էլի ծպտուն չհանեց:
– Էդ Անակրեոնն ի՞նչ ա,- հարցրեց Շերենցը:
– Ասում եմ, չէ՞. Լեւոնի մոտ դու էլ մի հատ չաղլիկ «էրկուս» կշալակեիր,- ասաց Ֆրունզիկը:
– Հետո Հոմերոսի մասին հարցրի, բայց այդ օրիորդին Հոմերոսի անունն էլ որեւէ բան չէր ասում,- ասաց Ներսիսյանը:
– Հոմերոսի անունը քեզ բան ասում ա՞,- Շերենցին հարցրեց Ֆրունզիկը:
– Էդքան էլ անգրագետ չենք,- ասաց Շերենցը.- Հոմերոսն էն կույր գրողը չի՞:
– Մալադե՛ց, Շերե՛նց. դու քո «բավարարը» փաստորեն ստացար,- ծիծաղեց Ֆրունզիկը:
– Մնաց դո՛ւ ստանաս,- ասաց Շերենցը:- Հետո՞, Լեւոն. էդ խեղճ աղջկան էլի հարցեր տվի՞ր:
– Իհա՛րկե: Ինձանից կախված ամեն ինչ անում էի, որ այդ օրիորդին գոնե մի քոսոտ «բավարար» նշանակեմ: Ստիպված սկսեցի արտածրագրային հարցեր տալ:
– Ի՞նչ արտածրագրային հարցեր,- հարցրեց Շերենցը:
– Այդ չարաբաստիկ քննությունը, լավ եմ հիշում, յոթանասուն թվականի հունվարին էր, եւ դրանից ընդամենը մի քանի ամիս առաջ ամերիկացիք Լուսին էին լռել:
– Հա,- ասաց Շերենցը.- փաստորեն, ամերիկացիք մերոնցից առաջ ընկան: Հետո՞, Լեւոն ջան: – Երբ տեսա, որ այդ օրիորդն ամենատարրական հարցերիս չի կարողանում պատասխանել, մտածեցի՝ միգուցե Լուսին թռած այդ ամերիկացու անունը կիմանա. չէ՞ որ՝ այդ շրջանում բոլոր թերթերն այդ ամերիկացու անունն էին հոլովում, ավելի ճիշտ՝ ազգանունը: Մտածեցի՝ հնարավոր չէ, որ այդ օրիորդն այդ ամերիկացու ազգանունը լսած չլինի:
– Էդ ամերիկացու անունը լսել է՞ր,- հարցրեց Շերենցը:
– Իհարկե՝ ոչ,- ասաց Ներսիսյանը:- Այդ օրիորդն ամբողջ քննության ընթացքում ձկան պես լուռ էր: Անմեղ ու ապուշ հայացքով աչքերիս մեջ էր նայում, ու դրանից ավելի էի չարանում:
– Իզուր էլ չարանում էիր,- ասաց Շերենցը:
– Դու որ իմ տեղը լինեիր, երեւի ավելի չարանայիր,- ասաց Ներսիսյանը:
– Ինքը քո տեղը չէր կարա ըլներ,- ասաց Ֆրունզիկը.- ինքն ավելի շուտ էդ օրիորդի տեղը կարար ըլներ:
– Այսինքն՝ ո՞նց,- զարմացավ Շերենցը:
– Ուզում եմ ասեմ՝ դու էլ երեւի էդ Լուսին թռածի ազգանունը չգիտես,- ասաց Ֆրունզիկը: – Թոռանս հարցը որ չըլներ, պատասխանդ կտայի, Ֆրո՛ւնզ տղա,- նեղացած ասաց Շերենցը: – Ուզում ես ասես՝ էդ Լուսին թռածի ազգանունը գիտե՞ս,- հարցրեց Ֆրունզիկը:
– Ես հանրագիտարան չեմ, որ էդ բաներն իմանամ,- նեղսրտեց Շերենցը:
– Մենք որ գիտենք, ուրեմն հանրագիտարան ե՞նք,- ասաց Ֆրունզիկը:
– Ուզում ես ասես՝ դու գիտես, հա՞, էդ Լուսին թռածի ազգանունը,- ասաց Շերենցը:
– Դրա էղածն ի՞նչ ա, որ չիմանամ,- ծիծաղեց Ֆրունզիկը:
– Դե որ գիտես՝ ասա՛ էդ մարդու ազգանունը,- ասաց Շերենցը:
– Արմսթրոնգ,- հանգիստ ասաց Ֆրունզիկը:
– Ճիշտ ա՞ ասում, Լեւո՛ն,- հարցրեց Շերենցը:
– Անտարակույս,- ասաց Ներսիսյանը:
– Մալադե՛ց, Ֆրո՛ւնզ,- ասաց Շերենցը: - Օղորմածիկ Փափազը մի անգամ ասեց, որ իսկական դերասանը շատ մեծ գիտելիքներ պիտի ունենա:
– Փափազն էդ բանը որտե՞ղ ասեց,- հարցրեց Ֆրունզիկը:
– Լեննական,- ասաց Շերենցը:- Փաստորեն, ինքը ճիշտ էր ասում:
– Արմսթրոնգին իմանալու համար առանձնապես գիտելիք հարկավոր չէ,- ասաց Ներսիսյանը.- ընդամենը տարրական հիշողություն է հարկավոր:
– Է՜, Լեւոն ջան, հիշողություն ա՞ մնացել,- հոգոց հանեց Շերենցը:
– Բա էդ օրիորդի հիշողությա՞նն ինչ էր էղել. ինքն էլ հո Շերենցի տարիքին չէ՞ր,- ասաց Ֆրունզիկը:
– Քսան տարեկան հազիվ լիներ,- ասաց Ներսիսյանը:- Ավարտե՞մ պատմությունս, թե՞ արդեն ձանձրացաք:
– Քու խոսալուց ձանձրանալ կըլնի՞, ա՛յ Լեւոն,- ասաց Շերենցը:
– Լեւո՛ն, էդ աղջկան էլի հարցեր տվի՞ր,- հարցրեց Ֆրունզիկը:
– Որ այդ օրիորդն Արմսթրոնգի անունն էլ չիմացավ, մտածեցի՝ հուշող հարց տամ, գործը հեշտացնեմ,- ասաց Ներսիսյանը:
– Ի՞նչ հուշող հարց տվիր,- հարցրեց Ֆրունզիկը:
 Մտածեցի՝ հագած-կապած, ժամանակակից օրիորդ է. եթե այդ լուսնագնաց Արմսթրոնգին չիմացավ, գոնե նրա աշխարհահռչակ անվանակցի՝ Լուի Արմսթրոնգի մասին լսած կլինի:
– Էն տրուբաչը՞,- հարցրեց Ֆրունզիկը:
– Այո՛,- ասաց Ներսիսյանը.- հանճարեղ շեփորահար ու երգիչ Լուի Արմսթրոնգին նկատի ունեի: Մտածեցի՝ գոնե նրա անունը լսած կլինի:
– Լուի Արմսթրոնգի անունը կարող ա նույնիսկ Շերենցը լսած ըլնի,- ասաց Ֆրունզիկը:
– Էդ էն նեգրը չի՞,- ոգեւորվեց Շերենցը:
– Այո՛, սեւամորթ է,- ասաց Ներսիսյանը:
– Թոռս դրա պլաստինկեն ունի,- ասաց Շերենցը:- Առավոտից իրիկուն էդ նեգրի երգերն էր քոքում, փոխանակ էդ անտեր թելադրությունը պարապեր ու ինձ էլ Ֆրունզի լավության տակ չդներ:
– Չես ամաչո՞ւմ, ա՛յ Շերենց,- ասաց Ֆրունզիկը.- հազար տարվա ընկեր ենք, լավության տակ դնելը ո՞րն ա:
– Մի ժամ էլ չկա լավություն ես արել, արդեն հետս ձեռ առնելով ես խոսում,- նեղսրտեց Շերենցը: – Հանաքն ու ձեռ առնելն իրարից չես ջոկո՞ւմ,- ասաց Ֆրունզիկը:- Որ նեղանում ես, էլ հետդ հանաք չեմ անի:
– Երեւի սխալ եմ հասկացել,- ասաց Շերենցը:- Երեւի որ լավություն արիր ու էդ դիրեկտորին զանգեցիր, դրա համար ա հանաքդ ձեռ առնել թվում:
– Կարող ա՞ առաջին անգամ եմ քեզ լավություն անում,- ծիծաղեց Ֆրունզիկը:
– Հազար անգամ լավություն ես արել, բայց էդ չի նշանակում, որ հիմի պիտի էրեսով տաս,- ասաց Շերենցը:- Համ ասում ես՝ հազար տարվա ընկեր ենք, համ էլ լավություններդ էրեսով ես տալի:
– Դե լավ. էլ ո՛չ էրեսով կտամ, ո՛չ էլ՝ հետդ հանաք կանեմ,- նեղացավ Ֆրունզիկը:
– Իզուր ես նեղանում, Ֆրո՛ւնզ ջան,- ասաց Շերենցը:- Մեծ մարդ եմ. կարող ա մի էրկու բառ էլ սխալ կամ ավել ասեմ:
– Հետո՞, Լեւո՛ն,- հարցրեց Ֆրունզիկը:- Ասում ես՝ էդ աղջիկը Լուի Արմսթրոնգին էլ տեղը չբերե՞ց:
– Թողնո՞ւմ եք, որ պատմությունս ավարտեմ,- նեղսրտեց Ներսիսյանը:- Եթե հետաքրքիր չի՝ չշարունակեմ:
– Շատ հետաքրքիր ա, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը:- Ասում ես՝ էդ խեղճ աղջիկն էդ նեգրին էլ չճանաչե՞ց:
– Իհա՛րկե չճանաչեց: Երբ իրեն հարցրի, թե ո՞վ է աշխարհի ամենահռչակավոր ջազմենն ու շեփորահարը, այդ տհաս օրիորդը հաղթական ժպտաց, ասել է թե՝ այդ հարցին արդեն կպատասխանեմ:
– Հետո՞,- հարցրեց Շերենցը:
– Հաղթական նայեց ինձ ու ուրախացած ճչաց. «Գուրգեն Միսակյա՜նը»:
– Գուրգեն Միսակյա՞նն ով ա,- զարմացավ Ֆրունզիկը:
– Ես է՛լ այդ դատարկամիտ օրիորդին այդ հարցը տվեցի, եւ նա ասաց՝ «հորոխպորս տղեն ա», եւ երբ հարցրի, թե իր հորեղբոր որդին ո՞վ է, այդ չարաբաստիկ օրիորդը նայեց աչքերիս մեջ ու շատ հանգիստ ասաց. «Օրբելյանի արկեստրի տրուբաչն ա, ընկե՛ր Ներսիսյան»:
– Ա՜յ քեզ խայտառակությո՛ւն,- ասաց Ֆրունզիկը:- Հետո՞:
– Ես ականջներիս չհավատացի եւ այդ օրիորդին հարցրի՝ «մի՞թե ձեր հորեղբոր որդին այդքան նշանավոր շեփորահար է»:
– Ի՞նչ ասեց,- հարցրեց Շերենցը:
– Լկտիաբար ժպտաց ու ասաց. «Հա՛, ընկե՛ր Ներսիսյան. սաղ Էրեւանն իրան ճանաչում ա»:
– Բա դո՞ւ ինչ ասիր, ա՛յ Լեւոն,- հարցրեց Շերենցը:
– Ի՞նչ պիտի ասեի,- ասաց Ներսիսյանը:- Մի պահ կարկամեցի ու հետո անկախ ինձանից աղաղակեցի՝ «դո՛ւրս կորե՜ք»:
– Գոռացի՞ր վրեն,- հարցրեց Շերենցը:
– Անկախ ինձանից ստացվեց: Աղաղակիս վրա մյուս լսարաններից մարդիկ դուրս թռան միջանցք,- ասաց Ներսիսյանը:
– Խե՜ղճ աղջիկ,- ասաց Շերենցը:- Փաստորեն, խայտառակ ես արել:
– Լեւոնը, փաստորեն, իրանից կախված ամեն ինչ արել ա, որ էդ անխելք աղջիկը չկտրվի,- ասաց Ֆրունզիկը:
– Այո,- ասաց Ներսիսյանը.- ավելին անկարող էի անել:
– Հետո՞, Լեւո՛ն. ասում ես՝ էդ խեղճին կտրեցի՞ր,- հարցրեց Շերենցը:
– Լավ խեղճ գտար,- ասաց Ֆրունզիկը:
– Խեղճ չի, բա ի՞նչ ա. Լեւոնը փաստորեն սաղ կյանքում մենակ էդ աղջկան ա կտրել,- ասաց Շերենցը:
– Այո՛. ուրիշ դեպք չեմ հիշում,- ասաց Ներսիսյանը:
– Հետո՞, Լեւոն. էդ խեղճ աղջկան որ կտրեցիր, ըտենց կտրված էլ մնա՞ց,- հարցրեց Շերենցը: – Ընդամենը մի գիշեր կտրված մնաց,- ասաց Ներսիսյանը:- Ամբողջ ամբիոնն իրար էր խառնվել. բոլորն ապշել էին, որ ես ուսանող եմ կտրել:
– Հետո՞. էդ խեղճ աղջկա վերջն ի՞նչ էղավ,- հարցրեց Շերենցը:
– Խեղճը Լեւոնն ա, որ ստիպված կտրել ա էդ անգրագետին,- ասաց Ֆրունզիկը:
– Իզուր ես ըտենց ասում, Ֆրունզ ջան,- ասաց Շերենցը.- էդ անգրագետների մեջ էլ կարգին մարդիկ կան:
– Հետո՞, Լեւոն,- հարցրեց Ֆրունզիկը.- որ կտրեցիր, էդ աղջիկը համալսարանից դուրս մնա՞ց:
– Ի՞նչ դուրս մնալ,- զարմացավ Ներսիսյանը:- Էդ գիշեր աչք չկպցրի. ոչ մի կերպ չկարողացա քնել:
– Խիղճդ տանջում էր, չէ՞,- հարցրեց Շերենցը:
– Ինչի՞ պիտի խիղճը տանջեր,- զարմացավ Ֆրունզիկը.- որ ճիշտն ուզում ես իմանաս՝ էդ աղջկան Լեւոնը ոչ թե էրկու պիտի նշանակեր, այլ՝ զրո:
– Ըտենց մի՛ ասա, Ֆրո՛ւնզ ջան,- ասաց Շերենցը.- վերջիվերջո, էդ աղջկան էլ ա ծնող բերել:
– Ճիշտն ասած, բացարձակապես խղճի խայթ չէի զգում, բայց ահավոր անհանգիստ էի,- ասաց Ներսիսյանը.- մտածում էի՝ այդ դատարկամիտ օրիորդի պատճառով անվանս բիծ պիտի կպչի. մարդիկ ու հատկապես համալսարանի դասախոսներն աջուձախ չարախանդալու էին, թե՝ Լեւո՛նն էլ վերջապես ուսանող կտրեց:
– Դրա մեջ ի՞նչ զարմանալի բան կա,- զարմացավ Ֆրունզիկը.- իրանք հեչ չեն կտրո՞ւմ:
– Իրենք գիտեն, որ ես սկզբունքորե՛ն չեմ կտրում,- ասաց Ներսիսյանը.- ո՛չ թե պարզապես խղճում եմ ուսանողներին, այլ իմ այդ վարմունքով, փաստորեն, ակնարկում եմ, որ սովետական կրթությունն ու կրթական համակարգը գրոշ չարժեն, որպեսզի մարդկանց կտրես ու տրամադրությունները փչացնես: Այնպես որ, այդ անուղեղ օրիորդի պատճառով, փաստորեն, դավաճանել էի իմ իսկ որդեգրած սկզբունքին:
– Շատ հետաքրքիր սկզբունք ա, Լեւոն ջան,- ասաց Շերենցը:
– Ես Լեւոնի էդ սկզբունքի մասին շուտվանից էի լսել,- ասաց Ֆրունզիկը:
– Ումի՞ց ես լսել,- հարցրեց Ներսիսյանը:
– Էս մեր նկարիչ տղերքից,- ասաց Ֆրունզիկը.- վայ թե Խորոզն էր ասում:
– Հետո՞, Լեւո՛ն. էդ խեղճ աղջկա վերջն ի՞նչ էղավ,- հարցրեց Շերենցը:
– Հաջորդ առավոտ մտա դեկանատ ու էդ օրիորդին «բավարար» նշանակեցի,- ասաց Ներսիսյանը:
– «Անբավարարը» «բավարար» դարձնելն էդքան հեշտ ա՞,- հարցրեց Շերենցը:
– Հեշտ չի,- ասաց Ներսիսյանը,- բայց ես նախորդ օրն այդ «անբավարարը» միայն այդ օրիորդի ստուգարքային գրքույկում էի գրանցել, իսկ կուրսի ընդհանուր քննաթերթիկում նրա անվան դիմաց ոչինչ չէի նշանակել:
– Շատ էլ ճիշտ էիր արել,- ասաց Շերենցը:
– Հավանաբար,- ասաց Ներսիսյանը:
– Համ էլ՝ էդ տարիքը շատ վտանգավոր տարիք ա,- ասաց Շերենցը:- Մի թվանշանի համար, ասում են, մոստից քցվելու դեպքեր են էղել:
– Այդպիսի դեպքեր իրո՛ք եղել են,- ասաց Ներսիսյանը:
– Ընենց որ՝ էդ խեղճ աղջիկն իրա գլխին կարող ա մի քյալագ բերեր,- ասաց Շերենցը:
– Հնարավոր է,- ասաց Ներսիսյանը:- Այդ անուղեղ օրիորդից ամեն ինչ կարելի էր սպասել:
– Հետո սաղ կյանքում խիղճդ տանջելու էր,- ասաց Շերենցը:
– Ըտենց որ ըլնի՝ էդ «անբավարարը» վաբշե պիտի վերացնեն,- ասաց Ֆրունզիկը:
– Գիտես սխալ կանե՞ն,- ասաց Ներսիսյանը:- Խեղճ երեխաներին նորմալ գիտելիք չեն տալիս, բայց «անբավարար» նշանակելու համար խելքներն իրենցը չի:
– Լեւոն ջան, դու էդ աղջկան գիտելիք չէիր տվե՞լ,- հարցրեց Շերենցը:
– Չգիտեմ՝ գիտելիք տվել էի, թե՝ ոչ, բայց ես այդ օրիորդից գիտելիք չեմ էլ պահանջել. ես նրան ընդամենը տարրական հարցեր եմ տվել,- ասաց Ներսիսյանը:
– Էդ Լուսին թռնելն էնքան էլ տարրական հարց չի,- ասաց Շերենցը:
– Լեւոնն էդ աղջկանից հո չի՞ պահանջել, որ Լուսին թռնի,- ծիծաղեց Ֆրունզիկը:
– Համենայնդեպս, Լեւոնն էդ աղջկան էնքան էլ հեշտ հարցեր չի տվել. ծուռ նստենք՝ դուզ խոսանք,- ասաց Շերենցը:
– Ես ոնց էլ նստեմ՝ դուզ եմ խոսում,- ասաց Ֆրունզիկը:- Լեւոնն էդ աղջկան, փաստորեն, ամենահասարակ հարցերն ա տվել. նույնիսկ դո՛ւ էդ հարցերից էրկուսն իմացար:
– Ես կյանք տեսած մարդ եմ, ա՛յ Ֆրունզ. ինձ ո՞նց ես էդ խեղճ աղջկա հետ համեմատում,- վիրավորվեց Շերենցը:- Համ էլ՝ թոռս որ էդ նեգրի պլաստինկեքն առավոտից իրիկուն չքոքեր, ես ո՞նց պիտի իմանայի, որ աշխարհի էրեսին էդ տեսակ երգիչ կա:
– Դա նշանակում է, որ թոռնիկդ իսկական ժամանակակից երիտասարդ է,- ասաց Ներսիսյանը:- Եթե նույնիսկ վաղը թելադրությունից կտրվի, մեծ դժբախտություն չի:
– Բերանդ խերո՛վ բաց, ա՛յ Լեւոն,- ցնցվեց Շերենցը:
– Բարձրագույն կրթության մարմաջն էս ազգի գլխին իսկական փորձանք է,- հոգոց հանեց Ներսիսյանը:- Ինչ վերաբերում է օրիորդներին, ապա նրանց համար դիպլոմն օժիտին հավասար բան է դարձել:
– Ըտենց մի՛ ասա, Լեւոն ջան,- ասաց Շերենցը:- Հերդ որ քեզ կրթության տված չըլներ, ո՞նց պիտի ըսենց խելոք բաներ խոսայիր: Որ ձեր էդ համալսարանական գիտնականների հետ ամեն օր չշփվեիր, հո էսօրվա էս մակարդակիդ հասած չէի՞ր ըլնի:
– Էդ հըլը մեծ հարց ա՝ Լեւո՞նն ա դրանց հետ շփվելով իրա մակարդակը բարձրացրել, թե՞ էդ համալսարանականներն են իրա հետ շփվելով խելոքացել,- ասաց Ֆրունզիկը:
– Ես այդ մարդկանց հետ համարյա չեմ շփվում. լավագույն դեպքում մի բարեւ եմ տալիս, այն էլ՝ ո՛չ բոլորին,- ասաց Ներսիսյանը:

logo_aravotԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 
ՀՈՒՆՎԱՐ 14 2006 
http://www.aravot.am/2006/01/14/322900/ 

Печать

Խաչատուր Ավագյանի «Ժողովրդական արտիստը. Մհեր Մկրտչյանը ժամանակիցների հուշերում» գրքից

Печать

ՊԱՐԶ Չէ՞...

Ֆրունզիկ ՄկրտչյանՊարտադիր կարգ էր՝ պետական թատրոնների բոլոր նոր ներկայացումները պետք ՝ նախատես «ընդունվեին» կուլտուրայի մինիստրությւսն կողմից: Ու ահա ես այս անգամ որոշեցի տաքսիով գնալ Լենինական: «Ռոսիա» կինոթատրոնի մոտ մեքենայի էի սպասում, ու մեկ էլ լսում եմ Ֆրունզիկի ձայնը.
- Մինայիչ, էդ ո՞ւր կերթաս...
- Լենինական, ներկայացում ընդունելու...
- Տաքսիո՞վ... Արի նստի քովս...
Ու բաց արեց իր «Վոլգայի» դուռը:
- Բայց դու գործ չունե՞ս...
- Ըսի՝ նստիր... էսօր ազատ եմ... Գյումրուն էլ կարոտել եմ... Նստիր...
Նստեցի, մեքենան շարժվեց, ու սկսվեց նրա համով-հոտով երգն ու զրույցը... Երգն ընդհատում էր խոսքով, խոսքը՝ երգով: Իսկ ես գերված լսում էի ու... մտածում՝ շատ լավ է, միայն թե ճանապարհին Ֆրունզին ծանոթ մարդկանց չհանդիպենք, ժամանակին տեղ հասնենք:
Բայց դա հնարավոր բա՞ն էր...
Առաջին «հանդիպումը» Աշտարակի Գետափի ոեստորանի մոտ էր: Մեքենան կանգնեցրեց ու դույլն աոած գնաց «ջուր բերելու»: Սպասեցի՝ չկա: Փոխարենը մեկը եկավ թե' Ֆրունզը կանչում է...
Մտանք ռեստորան, տեսնեմ տասնյակ մարդիկ Ֆրունզին մեջներն առած պարում են... Հեստ ինձ էլ տարան սեղան նստացրին... «Տեսահանդեսն» ավարտվեց ժամ ու կես անց: Ճանապարհը շարունակեցինք: Մռայլ նստել էի.
- Մինայիչ ջան, ես մեղք չունեմ, չտեսա՞ր էդ մարդիկ ինչքան անկուլտուրական էին, ընձի բա՞ց կթողնեին,- խիստ նեղացած ձևանալով բողոքեց նա ու էդպես նեղացած- ջղայնացած էլ սկսեց երգել:
Լսում եմ, նայում իրեն ու չեմ կարենում ծիծաղս զսպել:
Երկրորդ «հանդիպումը» եղավ Թալինում: Մեր աոջևից գնացող մեքենան հանկարծ կանգնեց, ու պատահանից մեկը գոռաց
- Ֆրունզ, իջիր..
Մեզ իջեցրին, Ֆրունզին փաթաթվելով քարշ տվին ոեստորան: Ինձ վրա ոչ մի ուշադրություն: Բայց Ֆրունզը մեկ-մեկ ետ էր նայում «Մինայիչ, ընձի մենակ չթողնե՜ս...»:
- Ոեստորանում հարսանիք եր: Հարսանքավորները Ֆրունզին տեսնելով խառնվեցին իրար, մոռացւսն հարս ու փեսին, անմիջապես պատվավոր քավոր ընտրեցին Ֆրունզին ու նրա իսկ թամադւսյությամբ հարսանիքն սկսեցին սկզբից... Դա քիչ Էր, եկավ նաև շրջկոմի առաջին քարտուղար Պայքար Խաչատրյանը իր «ակտիվով»...
Ֆրունզին տեսնելով աշխարհով մեկ եղավ...
Թե երբ, ինչպես դուրս պրծանք ձեռներից, չեմ հիշում...
Ֆրունզիկ ՄկրտչյանՎերջին «հանդիպումը» կայացավ Ազատան գյուղում: Մեզ «բռնեցին» հենց զյուղի մուտքի մոտ զտնվող սրճարան-խորտկարանում: Այստեղ էլ նույն պատմությունը... Մոտ երկու ժամ «սուրճ էինք խմում»...
... Մութն ընկել էր: Գինովցած, օրորվելով մի կերպ մտանք թատրոն: Ֆրունզը երգո՜ւմ է...
Թատրոնի հույժ պահանջկոտ տնօրեն Մարիամ Գեորգյանը չգիտի բարկանա, թե ծիծաղի... Ախր, ներկայացումը ցերեկը պիտի «ընդունվեր», բայց մենք երեկոյան ներկայացման կեսին ենք տեղ հասել.
- Ինչո՞ւ ուշացաք, ճանապարհին բան հո չի՞ պատահել,- հարցնում է:
- Չէ, ողջ-առողջ տեղ ենք հասել... Ուրախ չե՞ք...
- Շատ ուրախ ենք, բայց...
- էլ ի՞նչ բայց,- բացատրում է դերասան Վարդան Թերզիբաշյանը,- պարզ չէ՞, թե ինչ է պատահել.
- Իսկ Ֆրունզը դիմում է ինձ.
- Մինայիչ, ներկայացումը համարիր ընդունված, գնանք քնենք. առավոտ շուտ խաշի ենք գնալու... Ու հետո ճամփա կընկնենք..
- Նույն ճանապարհո՞վ...
- Ոնց էլ գնաք, մեկ է...,- նկատում է Թերզիբաշյանը..

Արտաշես Բաբայան
Խաչատուր Ավագյանի «Ժողովրդական արտիստը. Մհեր Մկրտչյանը ժամանակիցների հուշերում» գրքից

Печать

Качество сайта согласно www.cys.ru

качество сайта frunzik.com

Мы на Контакте

Мы на ФЕЙСБУКЕ