ժողովուրդը կարոտում է Մհեր Մկրտչյանին
Հուլիսի 4-ին լրացավ Մհեր Մկրտչյանի ծննդյան 75-ամյակը: Իսկ հունիսի սկզբին մեծանուն արտիստի անունը կրող թատրոնը դարձավ մեկ տարեկան: Դերասանի մահվանից հետո, 1993 թ. ի վեր, նրան արժևորելու առումով առանձնապէս պատշաճ հանդիսություններ չեն կազմակերպվել, այս առիթով զրուցեցինք «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար, հայտնի կինոգործիչ Ալբերտ Մկրտչյանի հետ.
«Երկար մտածելուց հետո, թե իր անունը կրող թատրոնը հոբելյանի առթիվ ինչ կարող է անել, մտածեցի մի շատ համարձակ քայլի դիմել: Որոշեցի բեմաղրել Մ. Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացումը, ուր գլխավոր դերում հանդես էր գալիս ինքը' Մհեր Մկրտչյանը: Դա հրաշալի ներկայացում էր, որը փաստորեն իր կարապի երգը դարձավ: Նրա այդ վերջին բեմադրությունը հիմա երիտասարդների հետ ես եմ բեմադրում: Երիտասարդ դերասանները մեծանուն դերասանի ծննդյան օրը հացթուխ են խաղում և հուլիսի 4-ին Մ. Մկրտչյանի հետ միասին նաև երիտասարդության, իր թատրոնի ծնունդը եղավ», - ասում է Ալբերտ Մկրտչյանը: Ի դեպ արտիստի 75-ամյակին նվիրված բեմադրությունը բարեգործական էր՝ հուլիսի 2-ին՝ Վանաձորում, 3-ին՝ Գյումրիում, 4, 5-ին՝ Երեանում, 7, 8-ին՝ Գորիսում, Կապանում:
- Նրա 75-ամյակին նվիրված այդ բեմադրության համար տոմս վաճառելը հանցագործություն կլիներ: Այսինքն՝ մարդկանց ուզում ենք ասել, որ Մհեր Մկրտչյանն իր թատրոնով եկել է ձեզ մոտ: Ի դեպ, Մ. Մկրտչյանի լուսանկարով շատ գեղեցիկ հրավիրատոմս էր պատրաստված, որի վրա կար նրա ինքնագիրը և դրանք բաժանվեցին հանդիսատեսներին:
֊ Ինձ համար կարևորն այն է, որ որքան հեռանում է Մհեր Մկրտչյանը, այնքան ժողովուրդը կարոտում է նրան: Ինձ համար կարևորը դա է: Ես հենց այնպես չեմ ասում: Ես դա տեսնում ու զգում եմ, - ասաց Ալբերտ Մկրտչյանը:
Վերջում ավելացնենք, որ հոբելյանի առթիվ կառավարությունը հատկացրել էր մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամ:
«Հոգևոր Հայրենիք»
07.2005