Թամար Հովհաննիսյան. Տագնապալի դար, կամ ինչպես չխելագարվել ինքնության կորստից

Միացյալ Նահանգներից հայրենիք է վերադարձել դերասանուհի Թամար Հովհաննիսյանը: Մհեր Մկրտչյանի այրին մենակ չի եկել: Նրա հետ Հայաստանում կբնակվեն նաև որդին, հարսը և երկու տարեկան թոռնիկը:

Թամար ՀովհաննիսյանԹամար Հովհաննիսյանը 17 տարի առաջ շատ արագ ստացավ ամերիկյան վիզա, իսկ Միացյալ Նահանգներում ապրելու որոշումն ընդունեց միայն օդանավում: Դերասանուհին սցենարիստ է, ռեժիսոր, բայց կոչումներ չունի: ժամանակին, երբ այդ կոչումները կշիռ ունեին, երիտասարդ էր, չի ստացել, իսկ հիմա նոր է վերադարձել, հայկական թատրոնում դեռ ոչինչ չի արել, բայց կոչումներ ստանալ չի էլ ուզում. դրանք հին, իմաստ չունեցող ու նույնիսկ ավելորդ բան են:

Հայտնի դերասանուհին Միացյալ Նահանգների երկու ափերում էլ ապրել է: Սկզբում՝ Նյու Յորքում, հետո տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ ապրում է հարազատ քույրը, որտեղ հայերը շատ են: Մինչև Կալիֆոռնիա տեղափոխվելը դերասանուհին փող աշխատելու համար ամեն ինչ է արել. աշխատել է դեղատանը, լվացքատանը, պատրաստել է ամերիկյան սենդվիչներ: Հիմա` տարիներ անց, խոստովանում է, որ գիտեր` հեշտ չի լինելու: Միացյալ Նահանգներում մինչև բնակություն հաստատելը եղել էր, բայց միայն հյուրախաղերով: Հիշում է, որ գնալիս չի մտածել, թե վատ երկրից գնում է լավ երկիր՝ լավ ապրելու ու հարուստ լինելու համար:

Երկար խորհել է` վերադառնա՞լ, թե՞ ոչ, բայց հանգամանքները միշտ ստիպել են մնալ:
Ու այդպես՝ 17 տարի:

Թամար ՀովհաննիսյանԻսկ վերադարձի ազդակները մի քանիսն են եղել: Նախ՝ Հայաստան վերադառնալու որոշումն ընդունել է որդին, հարսն էլ դեմ չի եղել, ավելին, որոշել են, որ երկամյա փոքրիկ տղան պետք է խոսի հայերեն:
Այնուամենայնիվ, ինչո՞ւ վերադարձան: Դերասանուհին խոստովանում է, որ Ամերիկայում հայտնվելուց հետո ոչ բոլորն են տենդագին կարոտ ապրում, բայց ինքը կարոտում էր: Մի բան հաստատ գիտի. եթե որոշեին մնալ, պետք է ձուլվեին, այլապես չձուլվել ու ապրել հնարավոր չէր լինի, իսկ դա ողբերգություն է: Դերասանուհին հիշում է, որ անտանելի դժվար է եղել երկու մասի բաժանված կյանքը, երբ գիշերը երազում ապրում ես Հայաստանում, բայց լույսը բացվելուն պես նորից օտար երկրում ես հայտնվում: Թամար Հովհաննիսյանը դա միայն կարոտ չի համարում. դա ուղեղի, նյարդային համակարգի, բույրերի, զգացողությունների խառնուրդ է: Հասկանում է, որ կան մարդիկ, որոնք այդ բոլոր զգացումները չեն ապրում, բայց նաև վստահ է, որ

Բոլորն էլ, ովքեր ապրում են հայրենիքից հեռու, երկատված են քիչ կամ շատ, խեղդված կամ արտահայտված, գիտակից կամ անգիտակից:

Թամար ՀովհաննիսյանԹամար ՀովհաննիսյանՇատ անգամ էլ ինֆորմացիոն հոսքն է ստիպում մնալ: Լրատու կայքերում, սոցցանցային քննարկումների ժամանակ հաճախ են խոսում, թե Հայաստան վերադառնալը վատ միտք է: Գանգատները շատ են. դրանք դերասանուհուն նյարդայնացնում են:
Միացյալ Նահանգներում ու հիմա էլ, երբ արդեն վերադարձել է, գիտեր ու գիտի, որ դրախտում չի հայտնվելու, մանավանդ որ մարդիկ, հարաբերություններն ու հասարակությունը շատ են փոխվել:

Այսօրվա հայաստանյան բարքերն են ուրիշ, հարաբերությունները դեռ անսովոր են, ավելին, կան բաներ, որոնք սարսափելի են թվում: Բայց ոչ մի տեղ էլ հեշտ չէ:

Թամար ՀովհաննիսյանԹամար ՀովհաննիսյանԹամար Հովհաննիսյանին դուր չեն գալիս ու երբեք էլ դուր չեն եկել խոսակցությունները, որ գնացողները ծանր տարիներին ընտրել են հեշտ կյանքը: Դերասանուհին դա անարդար է համարում, քանի որ դրսում հայտնված հայերը այնպիսի դժվարութունների են հանդիպել, այնպիսի հարվածներ են ստացել, որ դժվար է նկարագրել: Նա գտել էր դժվարությունները հաղթահարելու ձևերը: Պարտադիր աշխատանքին զուգահեռ արել է նաև այն, ինչ սիրում է:
Թեքեյան կենտրոնին կից թատերական խումբ է ստեղծել, բեմադրություններ է արել, հենց դա էլ թույլ է տվել չխելագարվել ինքնության կորստից: Թամար Հովհաննիսյանը ոչ միայն աշխատել է, այլ նաև փորձել է ճանաչել երկիրը, սովորել լեզուն, իմանալ օրենքները, շփվել մարդկանց հետ:

Հիմա, երբ վերադարձել է, ամեն ինչ մի քիչ այլ է, Երևանի օդն ավելի ծանր է թվում, կենտրոնը փոխվել է, կառուցվել են նոր շենքեր, որոնց դերասանուհու աչքը գուցե մի օր սովորի:

Բայց մարդիկ լավն են, խոստովանում է դերասանուհին: Հայրենիքն ու հայերը Թամար Հովհաննիսյանին ստիպել են կրկին արտասվել: Տեղափոխվելուց հետո երթուղային տաքսու ուղևորներից մեկը սպանել է պատուհանին կպած մեղվին: Դերասանուհին չի զսպել իրեն, բարկացել է, թե ինչու է սպանում, եթե կարելի էր դուրս ուղղել, ուղևորն էլ կատակել է, որ նույնիսկ գրավոր է դուրս հրավիրել, բայց մեղուն չի գնացել: Թամար Հովհաննիսյանը հիշում է, որ հենց երթուղային տաքսիում սկսել է լացել, որովհետև շատ չեն մարդիկ, որ ապրում են այդքան դժվար, բայց շարունակում են կատակել:
Թամար Հովհաննիսյանը մի տարբերություն ու փոփոխություն է նկատել մարդկանց մեջ. հայաստանցիները դարձել են ավելի պրագմատիկ, խոսակցությունները հիմնականում կենցաղային են` զգեստների ու դրանց գնի մասին: Թամար Հովհաննիսյանը Միացյալ Նահանգներում ապրելու տարիներին լսել է, տեսել է, թե ինչպես են ամեն անգամ՝ Մհեր Մկրտչյանի անունը տալիս, շոշափում նաև իր անունը, իր հարաբերությունները դերասանի հետ: Հաճախ զայրացել է, երբ լսել է, որ խեղաթյուրված լուրեր են պտտվում, բայց շարունակել է լռել: Հիմա, երբ եկել է, շարունակելու է լռել:

Մհեր Մկրտչյանի եղբոր` Ալբերտ Մկրտչյանի հետ հարաբերությունները լարված չեն, պարզապես ոչ մի հարաբերություն չկա էլ: Մհեր Մկրտչյանի թատրոն վերադառնալ էլ չի պատրաստվում, քանի որ թատրոնը այն չէ, ինչ որ ծրագրել էին ինքն ու Մհերը:

Թամար ՀովհաննիսյանԹամար Հովհաննիսյանը հիշեցնում է Մհեր Մկրտչյանի խոսքը, որ թատրոնը շենքը չէ, բեմը չէ, դահլիճը չէ, թատրոնը մտածելակերպ է, իսկ այդ թատրոնը, ըստ Մհեր Մկրտչյանի, այլ կերպ պետք է լիներ: Նա վստահ էր, որ երկու փողոցների խաչմերուկում կարող է լինել թատրոն:
Դերասանուհին դեռ չի որոշել, թե ինչ է անելու: Կլինի թատրոնում. բեմի՞ն, թե՞ դահլիճում՝ ռեժիսորական աթոռին՝ դեռ չգիտի: Ինչ էլ որոշի անել, պետք է չարչարվի, ներկայացնի, ներկայանա, դռներ ծեծի ու սպասի: Դերասանուհին սովոր է ամեն ինչ սկսել նորից, տրտնջացողներին հիշեցնում է Թումանյանի խոսքը.

«Էս էլ կերթա՝ հանց երազում, թասդ բե՛ր:
Կյանքն անցնում է տիեզերքում զնգալեն,
Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր»:

Դերասանուհին գիտի, որ անընդհատ սպասելը և ոչ թե ապրելը դժվար է, դա պետք է սովորեն բոլոր հայերը: Մինչդեռ տագնապը բնորոշ է այս դարին, հայ մարդուն՝ առավել ևս: Պատճառը դերասանուհին համարում է ազգի կենսագրությունը: Իրեն՝ դերասանուհուն, Ամերիկան շատ բան է սովորեցրել: Ինչ կլինի վաղը՝ չգիտի, կմեկնի՞ նորից Միացյալ Նահանգներ՝ չգիտի, բայց նաև չի բացառում: Հնարավո՞ր է, որ նորից բեմում լինի. պատասխանում է՝ այո՛: «Երջանի՞կ է» հարցին, մի քիչ տատանվելով, պատասխանում է՝ այո՛, երջանիկ է:

newmagՀեղինակ Մանու Իրիցյան
Ֆոտո Ռուբեն Մարտիրոսյան
Նկարազարդում Հասմիկ Ստեփանյան
https://newmag.am/2016/tamarhovhannisyan/
 N43. FEBRUARY 11, 2016

Печать

Ֆրունզապատումներ. Մհեր Մկրտչյանն` իր ու մեր բոլորի մասին

Ինքնաճանաչողությունը քեզ պետք է նաև որպես քաղաքացի, որպես հայրենասեր: Մարդն իր ազգը, իր ազգի պատմությունը չիմանա…չիմացավ՝ չի էլ կարող ստեղծագործել, որովհետև նա իր արժեքը չգիտի:

***

Անիմաստ ծիծաղեցնելը ոչինչ է: Ես ավելի եմ սրտնեղում, երբ տեսնում եմ անիմաստ բանի վրա ծիծաղողի: Եթե մարդը չի կարող առանց պատճառի լաց լինել, ուրեմն տարօրինակ ու անհետաքրքիր է, երբ առանց պատճառի ծիծաղում է:

***

Ես ահավոր շատ սիրում եմ փորձը, քան թատրոնում խաղալը: Չտեսնված գեղեցիկ բան է փորձը, մանավանդ լավ փորձը, որն, ափսոս, հանդիսատեսը չի տեսնում:

***

Արվեստում չի կարելի պատճենահանել, իսկ կինոյում դա առավել վտանգավոր է: Էկրանը կեղծիք չի ընդունում, բայց և չի կարելի այն հայելի դարձնել:

***

Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չի։

***

Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…

***

Ինձ հետ ապշելու բաներ են կատարվել, շուրջս լիքը չուզողներ եմ ունեցել: Մի անգամ, երբ «Եզովպոս»-ում խաղում էի Վաղարշյանի հետ, մարդիկ եմ տեսել, որ բեմի հետևից ասում էին` չի ստացվի, չի՛ ստացվի, չի՛ ստացվի: Էս իմ լեգենդն է, ոչ մեկի հետ դա չի եղել: Ես նույնիսկ կարող եմ եզրակացնել, թե ինչումն է բանը, որ իմ համբերությունը չի հատնում, որ իմ հումորը չի կորչում… Չի կորչում… Դա ինձ միշտ փրկել է… Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի:

***

Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ: Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը:

***

Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին:

***

Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց:

Հիշողություններ Մհեր Մկրտչյանի մասին

Արդեն աշխատում էինք թատրոնում, բայց դեռ ուսանող էինք: Ես Ստեփանավանից եկա, դու՝ Լենինականից: Երկու գավառացի երիտասարդ մայրաքաղաքում: Ամեն ներկայացման մասնակցելու համար ստանում էինք տասը ռուբլի: Մի օր երկուսով ունեինք ընդամենը մի ռուբլի, հիմիկվա տասը կոպեկը: Քաղցած էինք, որոշեցինք մի բաժակ արևածաղիկ առնել, որ ուտելու պատրանքը երկարի: Թատրոնի այգում հեծնեցինք նստարանին՝ թղթե փոքրիկ տոպրակը դրինք մեջտեղ: Հիշո՞ւմ ես ինչից էինք խոսում, Ֆրունզ: Իհարկե հիշում ես՝ թատրոնից, Ստանիսլավկուց, մեր դերասաններից, զրուցում էինք՝ աշխարհը մոռացած, քաղցը մոռացած, թատրոնով զմայլված ու հմայված… Թատրոն, դերասանություն, թատրոն, թատրոն… Խոսելը մեր արևածաղիկ չրթելը երկարացնում էր, և դա կարծեմ մեր կարծեմ մեր կախարդական օրերից էր…
Նոր թատրոն ես սարքում: Ամեն անգամ հիշելիս ժպտում եմ: Տնաշեն, ոտից գլուխ թատրոն ես, թատրոնը քո հոգում սարքած պրծած է, էդ ի՞նչ ես տանջվում: Բա դու ափսո՞ս չես, մեխ ու տախտակով զբաղվես: Աստված քեզ ազատ է ստեղծել: Դու անսանձ ու անթամբ ձի հեծնող, քո արվեստը կաղապար չունեցող, ինքդ քեզ ինչո՞ւ ես կապանում: Թող ծառա լինի ձիդ, խրխնջա զրնգուն… մրցանակներ շահես ազգիդ համար…Ուրիշի գործով թող ուրիշը զբաղվի, բարձունքներին սովո՛ր մարդ…

Կեսկատակ, կեսլուրջ մի համեմատություն անեմ: Ռուս երեխան կրպակից գնում է լուսանկարդ, ինքնագիր է խնդրում, վրացին քեղ համբուրելու թույլտվություն է խնդրում, ադրբեջանցին և ուզբեկը հեռվից քեզ մատով են ցույց տալիս հարևաններին, հնդիկը նայում է, ինչպես անշունչ առարկայի, առանց թույլտվության ձեռքդ բռնում, նայում է զարմացած: Հայ երեխան չի էլ մոտենում, հեռվից գոռում է. «Ֆրո՜ւնզ»:

(Սոս Սարգսյանի հուշերից)

***

-Եթե դերասան չդառնայիք, ինչո՞վ կզբաղվեիք:
-Լավ կոշիկ կկարեի, թե թատրոնի չափ սիրեի: Լավ գյուտեր կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի: Մսագործ էլ որ լինեի, ատաղձագործ էլ որ լինեի, հանցագործ էլ որ լինեի, պոեմներ կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի…

***

Հեռախոսով Լոս Անջելեսից Ֆրունզիկ Մկրտչյանին հարցնում են.

-Ֆրունզ ջան, ո՞նց է եղանակը Հայաստանում:
-Էնքան շոգ է, որ Լենինի արձանի հաքից պալտոն հանել, կարճաթև սառոչկա են հագցրել:

***

Ֆրունզիկ Մկրտչյանը օդանավակայանում պատահական տեսնում է Յուրի Վարդանյանին ու հարցնում.
-Յուր ջան, ու՞ր կերթաս:
-Կանադա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, -պատասխանում է Յուրի Վարդանյանը:
Ֆրունզը փորձում է սիրտ տալ Յուրիկին.
-Յուր ջան, մի մտածե, առխային գնա, կըսեն Կանադայի շտանգեքը լավ թեթև են:

***

Նստած ենք մեր ընդնանուր ընկերոջ գեղանկարիչ Ֆերդինանդ Մանուկյանի արվեստանոցում: Գյումրիի մթնոլորտը, ընկերական անկեղծ զրույցը բացում է բոլորիս տրամադրությունը: Խոսում ենք դեսից դենից: Բայց Ֆերդինանդը լուռ խզբզում է: Մի թուղթ նկարելուց հետո պատառոտեց, երկրորդը պատառոտեց, երրորդը ձեռքը վերցրեց և ոչ մի գիծ չքաշած՝ շպրտեց մի կողմ:
– Էդ ի՞նչ ես անում ախպեր, թերթերդ ներքև դիր, խոսենք,— ասում է ընկերոջը Մհերը:
– Քեզ եմ ուզում նկարել ախպեր, բայց ո՛չ ընկերական շարժ է ստացվում, ո՛չ էլ ծաղրանկար:
– Ի, միամիտ մարդ, ծաղրանկարից ծաղրանկար ոչ էլ կստացվի, որ չարչարվում ես,— հումորով նկատեց Մհեր Մկրտչյանը:

(Միշա Մանուկյանի հուշերից)

***

Մհեր Մկրտչյանը՝ տաղանդի մասին
– Ի՞նչ է տաղանդը,— հարցրեցի մի անգամ Մհեր Մկրտչյանին:
– Հիվանդություն,— կարճ պատասխանեց նա:
– Իսկ հնարավո՞ր է, որ մարդ լինի տաղանդավոր, բայց տաղանդը մինչև նրա մեռնելը այդպես էլ չարտանայտվի, չդրսևորվի:
– Չէ: Եթե մի տեղից դուրս չգա, երեսին ցանի պես դուրս կտա: Հետո՝ էդ որ ասում են «տաղանդը պարգև է, բան…», չէ, տաղանդը բեռ է, պարտավորություն, պատասխանատվություն, «աբիզալովկա»: Պիտի անես: Հանգիստ չկա:

(Անահիտ Սղասարյանի հարցազրույցից)

***

Մհեր Մկրտչյանը՝ սիրո մասին
– Ինչին է մարդ սիրանարվում, երբ սիրում է մեկին,— մի օր անկապ հարցրեցի նրան, — ի՞նչն ենք մենք սիրում ուրիշի մեջ:
– Թերությունները: Բարությունը, ազնվությունը, խիղճը գնանատելի արժեքներ են: Սիրած մարդու մեջ թերություններն են սիրում: Սիրած մարդը քեզ համար եզակի մարդ է, իսկ նրան այղպիսին դարձնում է հենց էն թերությունը, որը դու սիրում ես նրա մեջ ու չգիտես, թե ինչի:
– Իսկ արտաքինը, մարմինը, գեղեցկությունը, կապ չունի:
– Չէ,— ասաց նա,— երբ մեկի հետ քնում ես, բնավորության հետ ես քնում:

(Անահիտ Սղասարյանի հարցազրույցից)

https://newmag.am/2016/mhermkrtchyan/