«Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է․ 92-ամյակ
Մհեր Մկրտչյանի արվեստի երկրպագու Շուշանիկ ՍԱՀԱԿԼԱՆԸ, ով գործով է ապացուցել իր նվիրումը մեծ Արտիստի արվեստին, ջերմ գրառումով է անդրադարձել նրա ծննդյան տարեդարձին՝ վերհիշելով Հովհաննես Պապիկյանի հետ նկարահանած «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» վավերագրական ֆիլմի ստեղծման օրերի ապրումները։
Մհեր Մկրտչյանի անձի շուրջ կան ձևավորված կարծրատիպեր, որոնք իրականում որևէ ընդհանրություն չունեն նրա կերպարի հետ: Վավերագրական ֆիլմ պատրաստելու գաղափարը մտահղացանք նաև այդ կարծրատիպերն ինչ-որ չափով կոտրելու ցանկությամբ ու ձգտումով, բայց հիմնական նպատակը Արտիստի իրական կերպարի բացահայտումն էր՝ իր ասելիքը բացառապես իր խոսքով ներկայացնելով: Մհեր Մկրտչյանին ինքն իրենով, իր խոսք ու զրույցով, իր մտահոգություններով ու հիասթափություններով, նաև՝ իր լավատեսությամբ ու պայծառ հումորով ներկայացնելու այս կերպը, մեր պատկերացմամբ, ավելի համոզիչ է, իրավացի, դիպուկ ու տպավորիչ, քանզի ցանկացած այլ խոսք, այլ կարծիք կամ այլ հայացք չի կարող ճշմարտացիորեն վերարտադրել նրա ներքին հուզումները, ապրումները, նրա զգացածն ու նրա ասելիքը:
Կարևորել ենք հատկապես դերի պատրաստման նրա ուրույն, զուտ մհերյանական կերպը, անսպասելի լուծումները, միայն իրեն հատուկ բծախնդրությամբ յուրաքանչյուր դրվագը մշակելն ու կատարելագործելը: Շեշտադրել ենք նրա՝ իմպրովիզացիայի մեծ վարպետ լինելու հանգամանքը, որի շնորհիվ նույն դերն ամեն անգամ ներկայացնում էր բոլորովին նոր նրբերանգներով` այդուհանդերձ հավատարիմ մնալով ինքն իրեն: Հայտնի իրողություն է, որ հանդիսատեսի հանդեպ նրա սերն ու ակնածանքը վեր էին ամեն բանից, ուստի մատնանշել ենք յուրաքանչյուր բեմելին ամենայն պատասխանատվությամբ նրա պատրաստվելը:
Մհեր Մկրտչյանը սիրում էր աշխատել դերասան սիրող ռեժիսորների հետ: Դերասան սիրողները մտածող, պրպտուն միտք ունեցող մարդիկ էին և հաճախ իրենք էին լսում և ընդունում Արտիստի առաջարկները: Թատրոնում նրա «թագադիրը» եղավ Վարդան Աճեմյանը, իսկ կինոյում նրա «կնքահայրը» դարձավ Հենրիկ Մալյանը:
Ի հակադրություն հաճախակի հնչող այն մտայնության, թե նա միայն կատակերգու է՝ փաստել ենք կինոյում ու թատրոնում նրա մարմնավորած և՛ կատակերգական, և՛ ողբերգական դերերը: Երկու դեպքում էլ կերպարներն ստացվում էին համոզիչ, տիպական, հյութեղ ու կատարյալ, քանզի այդ երկու հոգեվիճակներն էլ հավասարապես սրտամոտ ու հոգեհարազատ էին իրեն:
Մհեր Մկրտչյանի ստեղծագործության ակունքը ճանաչողությունն էր, իսկ հաջողության բանալին՝ սեփական խառնվածքի առանձնահատկություններից շռայլորեն օգտվելու շնորհը: Մեծ արվեստն անթարգմանելի է, առեղծվածային, անվերծանելի: Աներկբա է միայն, որ դրամատիկական արվեստում առկա ու նաև իր գտած կատակերգական ու ողբերգական արտահայտչամիջոցներից Մհեր Մկրտչյանը խմորեց բոլորովին նոր, մինչ այդ չտեսնված մի բան` բեմական արվեստը դուրս բերելով բոլոր շրջանակներից, ներկայանացավ անզարդ ու համարձակ, առանց ավելորդ սեթեւեթանքների, անգամ արդարացվող համարձակությամբ շրջանցելով իրենից առաջ արդեն ձեւավորված բեմական օրենքներն ու կանոնները: Արվեստի այդ մեծագույն գյուտը հենց նրա բնախոսությունն էր, արտիստական ինքնաճաչողությունն ու դերասանի բնատուր կարողությունները: Շարունակ ջանացել է բացահայտել իր մարմնի ու հոգու մեջ եղած, դեռ չուսումնասիրված տեղերը: Արվեստում այդ անկաշկանդ սլացքը նրան բերեց համաշխարհային ճանաչում ու համաժողովրդական սեր:
Ֆիլմը պատրաստելիս մեզ համար ամենադժվարն իրեն հասկանալն էր, իր ասելիքը վերծանելն էր, որը հետո բարձրաձայնեցինք մեր սիրելի հանդիսատեսին: Վստահ ենք, որ Էլի շատ գրքեր են գրվելու նրա մասին, ֆիլմեր են նկարահանվելու, ռադիո և հեռուստահաղորդումներ են պատրաստվելու, քանզի Մհեր Մկրտչյան թեման անսահման է, Մհեր Մկրտչյան երեւույթը՝ տիեզերքի պես անվերծանելի: Ուստի, համահեղինակությամբ պատրաստած մեր ֆիլմերն ու գրքերն ընդամենը մի վեհերոտ փորձ ենք համարում նրա առեղծվածի բացահայտման ճանապարհին:
Մեր ստեղծագործական խումբն այս ֆիլմի վրա աշխատել է շուրջ չորս տարի: Թե ինչպիսին է ստացվել մեր աշխատանքը՝ կգնահատեք Դուք, հարգարժան հանդիսատես, հավելեմ միայն որ մենք ամենայն սիրով ու նվիրումով ենք արել մեր գործը, քանզի Մհեր Մկրտչյանի արվեստին հաղորդվելը մեծագույն երանություն է եղել մեզ համար: