ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ «ԻՄ ԱՐՏԻՍՏԸ»

Тот другой Фрунзик Тот другой Фрунзик«ԻՄ ԱՐՏԻՍՏԸ»

հեղինակ՝ Հովհաննես Պապիկյան
Խմբագիր՝ Շուշանիկ Սահակյան
Կոլաժները Հրածին Վարդևանյանի
Տպագրությունը՜ օֆսեթ։ 
Ծավալը՝ 180 էջ։
Երևան, 2021թ․




ՄԱՅԻՍԻ 21-ին, ժ. 15:00-ին Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ Հովհաննես Պապիկյանի «Իմ ԱՐՏԻՍՏԸ» գրքի շնորհանդեսը:
21 мая с.г. в 15:00 в здании библиотеки им.Исаакяна состоялась презентация книги Оганеса Папикяна "Мой Артист"

Սիրելի ընկերներս, ահա ֆեյսբուքից իմ բացակայության առիթը: Հաճելի՛ առիթը: Նոր անդրադարձ իմ եւ ձեր սիրելի Արտիստի՝ ուրախ ու տխուր կյանքին:
...Քեզ հետ կապված, Արտիստ, ես այնքա՜ն բան ունեմ հիշելու: Հիշելու հպարտությամբ, որ հաճախ առիթներ եմ ունեցել հանդիպելու, զրուցելու քեզ հետ որպես մի «պնդերես» լրագրող: Սա քո ձևակերպումն է, Ախուրյանում ասացիր, երբ նկարահանումից հետո իմ հարցազրույցով «հարամ արեցի» քո մի բաժակ սուրճը: Հանդիմանությանդ հակադարձեցի Համո Սահյանի խոսքերով. «Շիրազի գրավոր խոսքը կա, մնում է նրա հյութեղ բանավոր խոսքը փրկել»: Սա նույնությամբ վերագրում եմ Ձեզ: Դե, հիմա Դուք մտածեք՝ արժե՞ զրուցել, թե՞ չէ»:
Զորեղ փաստարկ էր, ու դու ընդառաջեցիր ինձ, և քեզ հետ ունեցած այդ քիչ, այդ հազվադեպ զրույցները դարձել են իմ խոսակցության թեման, երբ պատեհ առիթներ են լինում՝ իմ միջավայրում խոսելու քո մասին:
...Ու հիմա վաստակի ծիրանին ուսած` դու մեզ ողջունում ես Երկնային թագավորության հեռուներից, ուր հայտնվեցիր ճակատագրիդ հարվածներին չդիմանալով` մի քիչ խռով, մի քիչ զարմացած, որ ընամենը 63 տարի վայելեցիր այս արեւի լույսը: Դրանք ճակատագրով քեզ բաժին հասածի ա՛յն մասն էին, որ դու երբևէ չբարձրաձայնեցիր` կրեցիր որպես քո բաժին խաչ, կրեցիր խաչուսյալի հավատարմությամբ ու լռությամբ: Դրանք դու քո մեջ պահեցիր ու մնացած ամեն-ամեն ինչը տվեցիր մեզ` «Վայելեք»:
Եվ մենք շարունակում ենք վայելել քո ներկայությունը... Երկրային կյանքին քո հրաժեշտից հետո էլ ամենօրյա է մեր կապվածությունը քեզ հետ: Քո ծիծաղի մեջ մեր ուրախությունն է, քո տխուր աչքերի մեջ` մեր թախիծը, մենք քեզանով թեթեւացնում ենք մեր ապրումները, քո մարմնավորած կերպարների մեջ տեսնում մեզ ու ինքներս մեզ ավելի լավ ճանաչում: Աշխարհը քեզ ճանաչեց ու սիրեց ու քեզանով մեզ ճանաչեց ու երանի է տալիս մեզ, որ այդպիսի արտիստ ունենք:
Բոլորս կարծում էինք, թե դու աշխարհիս ամենաերջանիկ մարդն ես` կոլեկտիվ թե անհատական ամեն հանդիպում քեզ հետ վերածվում էր տոնի: Եթե ծիծաղ էր` տեղը տեղին հումոր էր ու սրամիտ պատմություն, եթե լուրջ ասելիք էր` իմաստուն դատողությունների անսպառ հորդացում էր, որ խրատական էր, մտապահելի ու սերտելի: Այդ հանդիպումներում ցանկացած դահլիճի պատերը նեղ էին թվում մարդկանց, ովքեր իրենց սիրելի արտիստի լեցուն ու տարածուն ներկայության բերկրանքն էին ապրում: Այդպես էր` հարյուրավոր կինոնկարների ուրախ ու տխուր դերասանդ համայն ճանաչումի տեր էիր ու միշտ պահանջված Արտիստ, պահանջված զրուցակից, պահանջված ընկեր:

Հ.Գ. Քո արվեստի երկրպագուներից յուրաքանչյուրն իր մեջ ունի այս ներքին երկխոսությունը, որ նաև մտահոգություն է, թե Արտիստի կենդանության տարիներին, թող թույլ տրվի ասել, այնքան էլ սրտալի չեղանք նրա հանդեպ, այնինչ նրան պետք էր պահել այնպես, ինչպես սերն ենք պահում մեր սրտում:
Այս մի նոր գիրքը՝ քեզանով քո մասին, համարե՞մ քեզ սրտումս պահելու եւս մի միջոց: Դու դա ուզես, թե չուզես, հավանես, թե չհավանես, ա՛յս է, այսքանն է, այսչափ է՝ ընդամենը մի փշուր պատասխան է քո ծո՜վ տվածին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ

Печать